ՄԱԿՐՈՆԻ ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՐՑԱԽԸ՝ ՈՐՊԵՍ ԳԻՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ՈՐՊԵՍ ԹԻՐԱԽ
Երբ մեր նախորդ հոդվածը արդեն հրապարակված էր, հայտնի դարձավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մեկ այլ ինքնախոստովանություն։ Եթե նախորդ հայտարարությամբ Մակրոնը պատահաբար բացեց խաղաթղթերը, ապա այս անգամ նա արդեն գրեթե ծրագրային հստակությամբ ձևակերպեց այն, ինչի ուղղությամբ տարիներ շարունակ աշխատում են Փարիզը, Բրյուսելը և նրանց երևանյան մարիոնետները։
Նա հայտարարեց, որ ցանկանում է «օգնել Հայաստանին ազատվել ռուսական զինվորականներից»։
«Հայաստանի տարածքում դեռ գտնվում են 4000 ռուս զինծառայող և ավելի քան 1000 սահմանապահ։ Այդ պատճառով Եվրոպան պետք է օգնի այս երկրին ավելի ինքնուրույն ապահովել իր սահմանների անվտանգությունը», — հայտարարել է Ֆրանսիայի նախագահը։
Այս մի քանի նախադասությունը, թերևս, ավելի շատ բան ասաց, քան եվրոպական բոլոր գագաթնաժողովների ընթացքում հնչած հարյուրավոր ճոխ ելույթները միասին վերցրած։ Եթե մինչ այս Փարիզը և Բրյուսելը փորձում էին իրենց իրական նպատակը քողարկել «ինքնիշխանության ամրապնդման», «անվտանգության դիվերսիֆիկացիայի», «խաղաղության օրակարգի» և այլ նման գեղեցիկ ձևակերպումների տակ, ապա հիմա Մակրոնը փաստացի բաց տեքստով խոստովանեց այն, ինչի ուղղությամբ հետևողականորեն աշխատում են արդեն մի քանի տարի՝ Հայաստանը պետք է վերջնականապես ազատել ռուսական ռազմաքաղաքական ներկայությունից։
Եվ հենց այստեղ վերջնականապես պարզ է դառնում, թե ինչու 2022 թվականին բարձր եվրոպական հովանավորչության ներքո Պրահայում դրվեց այն աղետալի գործընթացի սկիզբը, որը հանգեցրեց Արցախի հանձնմանը Ադրբեջանին։ Որովհետև Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում և ընդհանրապես ռուսական գործոնը Հարավային Կովկասում չեզոքացնում են Հայաստանի համար գլխավոր գոյաբանական սպառնալիքը՝ Թուրքիան։ Քանի դեռ այստեղ կա ռուսական սահմանապահ, ռուսական բազա, ռուսական անվտանգության թեկուզ թուլացած, բայց գոյություն ունեցող մեխանիզմ, Թուրքիան չի կարող իրեն թույլ տալ տարածաշրջանը վերածել բացառապես թուրք-ադրբեջանական ազդեցության գոտու։ Իսկ Արևմուտքի ռազմավարական խնդիրը հենց դա է՝ Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից և այստեղ ձևավորել նոր ուժային ճարտարապետություն՝ սեփական վերահսկողությամբ։
Սակայն ռուսական ներկայությունը պարզապես հրահանգով դուրս չես բերի։ Դրա համար անհրաժեշտ էր նախ փոխել ողջ տարածաշրջանային քաղաքական տրամաբանությունը, ստեղծել հայ հասարակության մեջ կեղծ համոզմունք, թե ռուսական գործոնը այլևս ոչ թե պաշտպանություն է, այլ խոչընդոտ, և Հայաստանին մղել դեպի այնպիսի որոշումներ, որոնք ռուսական ներկայությունը կդարձնեն «անիմաստ»։ Հենց այս պատճառով էլ Եվրոպան ամբողջ ուժով մտավ Հայաստան–Ադրբեջան և Հայաստան–Թուրքիա «խաղաղարար» գործընթացների մեջ։
Պետք է հիշել մի պարզ իրողություն․ Թուրքիան բազմիցս ամենաբարձր մակարդակով հայտարարել էր, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը հնարավոր է միայն Արցախի հարցի լուծումից հետո՝ այն էլ բացառապես Ադրբեջանի օգտին։ Այսինքն՝ Անկարայի համար հայ-թուրքական սահմանների բացումը միշտ պայմանավորված է եղել հայկական կողմի զիջումներով։ Եվ Եվրոպան դա հրաշալի գիտեր։ Գիտեր, բայց ոչ միայն չկանգնեցրեց այդ շանտաժը, այլ ընդհակառակը՝ Պրահայում և հետագա բոլոր հարթակներում ստեղծեց պարտադրված խաղաղության այն պատրանքը, որի ներքո Նիկոլ Փաշինյանը տարավ Հայաստանը դեպի Արցախի լուծարում և էթնիկ զտում։
Այն, ինչ ներկայացվում էր որպես «խաղաղության դարաշրջան», իրականում ռուսական գործոնի իմաստազրկման նախապատրաստական փուլն էր։ Նախ պետք էր հանձնել Արցախը, որպեսզի ռուս խաղաղապահների ներկայությունը դառնա քաղաքականորեն անիմաստ, իսկ միջազգային իրավունքի տեսանկյունից՝ անօրինական։ Հետո պետք էր հայտարարել, որ նոյեմբերի 9-ի տրամաբանությունը սպառված է։ Այնուհետև՝ հասարակությանը ներշնչել, թե ռուս սահմանապահների և ռուսական բազայի կարիքն այլևս չկա։ Եվ հիմա Մակրոնը պարզապես բարձրաձայնում է այդ ամբողջ շղթայի հաջորդ կետը՝ Եվրոպան ուզում է օգնել Հայաստանին ազատվել ռուս զինվորականներից։
Այսինքն՝ վերջապես բացահայտվում է ողջ սցենարը․ Արցախը հանձնվեց ոչ միայն Ադրբեջանի ախորժակը բավարարելու, այլ նաև ռուսական անվտանգության համակարգի տարածաշրջանային հիմքերը թուլացնելու համար։ Պրահայում դրվեց ոչ թե խաղաղության, այլ ռուսական դուրսմղման նախագիծը, և այդ նախագծի առաջին զոհը հայկական Արցախն էր։
Սակայն այսօր նույն այդ Եվրոպան փորձում է նույն մեթոդով երկրորդ անգամ խաբել հայ ժողովրդին։ Այն ժամանակ մեզ խոստանում էին խաղաղություն, եթե զիջենք։ Հիմա խոստանում են ինքնիշխանություն, եթե ազատվենք ռուսական զինվորականներից։ Բայց իրական հարցը մնում է անպատասխան․ ռուսական սահմանապահի փոխարեն ո՞վ է կանգնելու հայ-թուրքական սահմանին։ Ֆրանսիացի զինվո՞րը։ Եվրոպական միության դիտորդնե՞րը։ Դիվանագիտական հայտարարություննե՞րը։ Բոլորն էլ գիտեն՝ ոչ։
Այսինքն՝ մեզ առաջարկվում է ոչ թե ավելի ինքնուրույն անվտանգություն, այլ ամբողջական անվտանգային մերկացում։ Հայաստանը պետք է սեփական ձեռքով քանդի վերջին զսպիչ մեխանիզմները, որպեսզի Արևմուտքը հասնի իր աշխարհաքաղաքական նպատակներին։
Եվ պատահական չէ, որ Ռուսաստանից արդեն հնչում են ուղիղ զգուշացումներ։ Վլադիմիր Պուտինը, Ալեքսեյ Օվերչուկը, Սերգեյ Լավրովը տարբեր առիթներով հասկացրել են, որ Նիկոլ Փաշինյանի հակառուսական վերադասավորումը բերելու է ոչ միայն անվտանգության կտրուկ թուլացման, այլ նաև սոցիալ-տնտեսական ծանր հարվածների՝ էներգակիրների գնի աճ, տնտեսական արտոնությունների կորուստ, ռուսական շուկայի սահմանափակում, տրանսպորտային և մաքսային նոր խնդիրներ։ Այլ կերպ ասած՝ Հայաստանը կարող է միաժամանակ մնալ և՛ առանց պաշտպանական վահանի, և՛ առանց տնտեսական թիկունքի։
Մակրոնի այս խոսքերից հետո այլևս ոչ մի պատրանք չի մնում։ Եվրոպան Հայաստան չի եկել մեզ պաշտպանելու։ Եվրոպան եկել է մեզ օգտագործելու՝ Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու համար։ Եվ այս քաղաքականության ինքնամոռաց առաջ մղողը Նիկոլ Փաշինյանն է իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ։
Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում, սև դրոշի տակ դուռ չի ծեծում և իր մասին նախապես հայտարարություն չի անում։ Այն շատ հաճախ գալիս է ժպիտով, խաղաղության, ինքնիշխանության, եվրոպական ապագայի և նոր դարաշրջանի մասին ճառերով։ Այն գալիս է ծափահարությունների ներքո, բարեփոխումների կարգախոսներով, ազատության ու անկախության խոստումներով։ Բայց փաթեթավորումը փոխվելուց նրա էությունը չի փոխվում․ դավաճանությունը մնում է դավաճանություն, նույնիսկ եթե այն փորձում են ներկայացնել որպես դիվանագիտական հաղթանակ, արդիականացում կամ պատմական ընտրություն։
Եվ հետևաբար, խորհրդարանական ընտրությունների գնալիս հայ ժողովուրդը պետք է հստակ գիտակցի․ «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի օգտին տրված յուրաքանչյուր քվեն ձայն է «հանուն» Հայրենիքի դավաճանության և հայկական պետականության վերջնական մահավճռի։


