ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ՝ ԻՆՔՆԻՇԽԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ, ԹԵ՞ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍԱՅԻՆ ՓՐԱՅՄ-ԹԱՅՄԻ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ԾԱՂՐԱԾՈՒ

Այսօր պատերազմ ապրած, տարածքներ կորցրած և արտաքին շարունակական ճնշումների պայմաններում գտնվող երկրում իշխանությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խանդավառությամբ հասարակությանն առաջարկում է մրցել դպրոցական ճշմարտությունների իրենց գիտելիքներով, օրինակ՝ ասել, թե ո՞րն է Իսպանիայի մայրաքաղաքը, և ուղիղ եթերում ցուցադրել ֆիզիկական պատրաստվածությունը:

Վերջերս, օրինակ, Հայաստանի վարչապետը փայլեց իր «էրուդիցիայով»՝ ուղիղ եթերում իր ընդդիմախոսներին, որոնց նա անփոփոխ հեգնանքով անվանում է «ուժեղ տղերք», ուղղելով «պետական կարևորության հիմնարար հարց»: Այս անգամ կառավարության ղեկավարը՝ ռազմավարական բարձունքների հանձնման մասին արձանագրությունների ստորագրման և Ադրբեջանի հետ «խաղաղության» պայմանների քննարկման արանքում, ազգին կանգնեցրեց երկընտրանքի առաջ՝ «քարաքոսը միրգ ա՞, թե՞ կենդանի»:

««Ուժեղ տղերք», դուք կարող ա՞ կենսաբանությունից եք ուժեղ: Մտեք ուղիղ եթեր ու ասեք՝ քարաքոսը միրգ ա՞, թե՞ կենդանի»,- իրեն հատուկ պաթոսով հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ ըստ երևույթին կարծելով, թե լուծում է «լինել, թե չլինելու» մակարդակի գլուխկոտրուկ ինքնիշխանության կորստի եզրին գտնվող երկրի համար:

Սա, իհարկե, համաքաղաքացիների ինտելեկտուալ մակարդակի առաջին նման «ստուգումը» չէ։ «Մեծարգո» առաջնորդը, որի դիվանագիտական հաղթանակները հանգեցրել են Երևանի ինքնիշխանության ներքո այնպիսի պատմական տարածքների վերադարձին, ինչպիսիք են…ներեցեք, ցանկը դեռ դատարկ է, արդեն իսկ առաջարկել էր ժողովրդին փայլել իր գիտելիքներով՝ նշելով Իսպանիայի մայրաքաղաքը կամ ճիշտ գրելով «արհամարհել» բառը։ Ըստ ամենայնի, բուսաբանության, ուղղագրության ու աշխարհագրության հենց այս գիտելիքներն են պարոն Փաշինյանի տեսանկյունից առանցքային Հայաստանի գոյատևման համար՝ այն պայմաններում, երբ ադրբեջանական հենակետերը տեղակայված են իր հայրենի բարձունքներում՝ Տավուշում, Գեղարքունիքում, Վայոց ձորում և Սյունիքում, իսկ «ապառազմականացման» շուրջ բանակցությունները հիշեցնում են ոչ թե երկխոսություն, այլ կապիտուլյացիայի պայմանների թելադրանք:

Մնում է միայն զարմանալ ոչ այնքան առաջարկվող «փորձությունների» մակարդակով, որքան այն անկման խորությամբ, որին հասցվել է պետական կառավարման գաղափարը։ Թվում է, թե մեր առջև ընդամենն անմեղ զվարճանքներ են, պատահական արարքներ կամ հանրային օրակարգը «աշխուժացնելու» անհաջող փորձեր։ Բայց չափազանց համառորեն, չափազանց համակարգված կերպով է կրկնվում այս մոտիվը, որպեսզի այն վերագրենք պարզ պատահականությանը:

Եվ, իրոք, եթե հետևենք այս անընդհատ հոսքին, եթե փորձենք որսալ դրա ներքին տրամաբանությունը, ակնհայտ կդառնա՝ մեր առջև ոչ թե զվարճանք է, այլ փոխարինում: Երկրի ճակատագրի մասին խոսակցության փոխարինում մանրուքների մասին զրույցներով, պատասխանատվության փոխարինում՝ աղմուկով, բովանդակության փոխարինում՝ արտաքին էֆեկտով։ Եվ որքան ակնհայտ են դառնում ձախողումները, այնքան ավելի բարձր է հնչում այդ աղմուկը։ Փոխանակ խոսելու բոլոր գերիների վերադարձի, Ադրբեջանի կողմից օկուպացված ինքնիշխան տարածքների ազատագրման մասին, ինչպես օրինակ՝ Սև լճի շրջակա հատվածները կամ Տավուշի ռազմավարական բարձունքները, նույն այդ ձայնը, առանց տոնայնությունը փոխելու, բացատրում է, թե մայրաքաղաքների իմացությունն ինտելեկտուալ գերազանցության նշանը է՝ կարծես խոսքը ոչ թե պետության ղեկավարի, այլ դպրոցական մրցութավարի մասին լինի։ Եվ եթե սա լիներ եզակի դրվագ, կարելի էր ժպտալ ու մոռանալ։ Բայց երբ նման երևույթը դառնում է նորմ, հարցն այլևս ոչ թե ճաշակի, այլ դիտավորության մասին է:

Բայց այս նոր իրականության մեջ թերևս ամենաուշագրավը նույնիսկ դա չէ: Ամենազարմանալին այն հեշտությունն է, որով իշխանությունը հանրությանը բացատրում է սեփական պարտությունների պատճառները։ Պարզվում է՝ մեղավոր են ոչ թե որոշումները, ոչ թե սխալ հաշվարկները կամ հետևողական զիջումները, այլ հենց մարդիկ։ Այն նույն մարդիկ, ովքեր կռվել են, զոհվել, կորցրել տներ, այժմ հանկարծ հայտարարվում են ոչ բավարար տոկուն, ոչ բավարար նվիրված կամ ոչ բավարար պատրաստված։ Մենք լսել ենք, թե ինչպես են այս իշխանության ներկայացուցիչները պնդում, թե արցախցիները չեն կռվել, Արցախի ռազմաքաղաքական էլիտային և մեր գեներալներին վախկոտներ էին անվանում, տարածում էին թեզեր հազարավոր դասալիքների մասին, որոնք գրեթե բառացիորեն համընկնում էին Իլհամ Ալիևի հայտարարությունների հետ։ Զարմանալի պատկեր է ստացվում. պետությունը, որը չի լուծել իր առջև դրած խնդիրները, մեղադրում է նրանց, ովքեր դրա համար վճարել են ամենաբարձր գինը։ Եվ անում է դա ոչ թե պատահականորեն կամ սխալմամբ, այլ համառորեն ու հետևողականորեն՝ կարծես ստուգելով թույլատրելիի սահմանը։ Եվ ամեն անգամ այդ սահմանը տեղաշարժվում է։

Ոչ պակաս խոսուն է նաև այս տարիներին տեղի ունեցած մյուս կերպափոխումը։ Եթե նախկինում ցանկացած պետական տրամաբանության հիմքում ընկած էր արտաքին սպառնալիքի գիտակցումը, ապա հիմա, ընդհակառակը, վտանգի աղբյուրը համառորեն փնտրվում է ներսում։ Յուրաքանչյուր ոք, ով հարց է տալիս, հայտնվում է կասկածի տակ։ Յուրաքանչյուր ոք, ով չի համաձայնում, դառնում է թշնամի։ Ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում բացահայտ հայտարարում է ընդդիմադիր պատգամավորներին. «Ինչո՞ւ եք եկել ինձ հարցեր տալու», իսկ խոսնակ Ալեն Սիմոնյանը, քննադատությանն ի պատասխան, իրեն թույլ է տալիս հրապարակային հայհոյանք։ Եվ որքան ակնհայտ են դառնում արտաքին մարտահրավերները, այնքան իշխանությունն ավելի ագրեսիվ է փնտրում հակառակորդներ երկրի ներսում՝ լինեն դրանք նախկին նախագահներ, ինչպես Ռոբերտ Քոչարյանը, նախկին գեներալներ, թե պարզապես այլ կարծիք ունեցող քաղաքացիներ։

Չենք կարող շրջանցել նաև կոռուպցիայի դեմ պայքարի ավանդական թեման, որից էլ, ինչպես հայտնի է, ամեն ինչ սկսվեց: Այն ժամանակ խոստանում էին վերադարձնել թալանվածը, պատժել մեղավորներին, մաքրել համակարգը։ Այսօր, սակայն, կոնկրետ արդյունքների փոխարեն առաջարկվում է հավատ։ Հավատ առ այն, որ ինչ-որ տեղ, ինչ-որ կերպ, ինչ-որ բան վերադարձվում է։ Ընդ որում, առանձին՝ չափազանց աչքի զարնող դրվագներ, ինչպիսիք են՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի կողմից Վահագնի թաղամասում մեկուկես միլիոն դոլար արժողությամբ առանձնատան ձեռքբերումը կամ մաքսային արտոնությունների տրամադրման պատմությունն այն ընկերություններին, որոնց սեփականատերերը հետագայում նվիրատվություններ էին կատարում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կամ «Իմ քայլը» հիմնադրամին, մնում են առանց հստակ բացատրության՝ լուծվելով նույն այն աղմուկի մեջ, որը կոչված է խլացնելու ցանկացած հարց։

Բայց վերադառնանք «մեր ոչխարներին»: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի որդեգրած ուղեգիծը դրսևորում է մի չարագուշակ օրինաչափություն. որքան ակնհայտ են դառնում կորուստները՝ լինեն դա Ադրբեջանի կողմից օկուպացված Տավուշի բարձունքները, թե Արցախի ամբողջական կորուստը, այնքան ավելի բարձր են հնչում ճառերը «խաղաղության նոր դարաշրջանի» մասին, և այնքան ավելի ագրեսիվ է իշխանությունը ներքին թշնամիներ փնտրում։ Սա համակարգված աշխատանք է՝ աղետի պատասխանատվությունը հիվանդ գլխից առողջի վրա բարդելու և հասարակությանը բարոյալքելու ուղղությամբ, որպեսզի վերջինս լուռ ընդունի նոր «իրողությունները»։

Օրինաչափ հարց է ծագում. ո՞վ է մեր առջև՝ ինքնիշխան պետության վարչապե՞տը, որը պատասխանատու է անվտանգության և տարածքային ամբողջականության համար, թե՞ հեռուստատեսային փրայմ-թայմի հաստիքային ծաղրածու, ում հիմնական խնդիրը ոչ թե կառավարելն է, այլ զվարճացնելը: Եթե առաջինը, ապա ինչո՞ւ նրա հանրային օրակարգում բանակի վերազինման մասին ռազմավարական զեկույցների, գերիների վերադարձի ծրագրերի կամ Սյունիքի վերաբերյալ գոնե հստակ դիրքորոշման փոխարեն տեղ են զբաղեցնում դպրոցական հանդեսի մակարդակի վիկտորինաները: Եթե երկրորդը, ապա ամեն ինչ տրամաբանական է. ծաղրածուի աշխատանքը հանդիսատեսին ծիծաղեցնելն է՝ շեղելով նրան այն ամենից, ինչ կատարվում է կրկեսի կուլիսների հետևում: Եվ այս խնդիրը պարոն Փաշինյանը կատարում է փայլուն կերպով: Քանի դեռ ժողովուրդը գուշակում է՝ քարաքոսը միրգ է, թե՞ կենդանի, իրականության պատուհանից այն կողմ Ալիևը որոշում է, թե հայկական հողի որ կտորն է հաջորդ օրը հայտարարելու իր «պատմական տիրույթը»: Մինչ բոլորը զբաղված են ուղղագրության վարժություններով, Բրյուսելից և Վաշինգտոնից գալիս են զիջումների մասին նոր «հանձնարարականներ», որոնք մատուցվում են որպես «ճանապարհ դեպի կայուն խաղաղություն»:

Այս իրավիճակից ելքը, առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում, ոչ թե պարզապես անձերի փոփոխությունն է, այլ երկիրը անդունդի եզրին հասցրած տրամաբանության հետ արմատական խզումը։ Ընտրությունները պետք է դառնան ոչ թե կանխատեսելի վերջաբանով հերթական ներկայացումը, այլ ժողովրդի իսկական դատավճիռը՝ ընդդեմ ազգային կապիտուլյացիայի քաղաքականության։ Սա վերջին սահմանադրական հնարավորությունն է՝ մերժելու այն ուղեգիծը, որի դեպքում երկրի անվտանգությունը փոխարինվում է հեռուստատեսային պատկերներով, իսկ ինքնիշխանությունը՝ արտաքին թշնամիներին հավատարմության ստրկամիտ հավաստիացումներով։ Քվեարկությունը պետք է լինի միանշանակ դատավճիռ այն համակարգի դեմ, որտեղ պարտությունը ներկայացվում է որպես հաղթանակ, իսկ պետական կառավարումը վերածվել է ուշադրությունը շեղելու տեխնիկայի։ Ներկայիս ուղեգծի այլընտրանքը կարող է լինել միայն այնպիսի իշխանություն, որի համար հայրենի հողի յուրաքանչյուր թիզի պաշտպանությունը և յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվությունը ոչ թե նախընտրական կարգախոս է, այլ միակ և անշեղ հիմքը ցանկացած որոշման։ Հակառակ դեպքում ընտրությունները կարող են վերածվել ձևականության՝ լեգիտիմացնելով վերջնական հրաժարումը հայկական պետականությունից՝ դրա պատմական և ռազմավարական ընկալմամբ։