ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԻՑ ԴԵՊԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ․ ԻՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ» ԳԱԶԻ ՀԵՏևՈՒՄ
Ներկայիս իրավիճակը շատ նման է 2017 թվականին՝ մի կարևոր տարբերությամբ․ եթե այդ շրջանում Ռուսաստանը ներքին խողովակներով էր Սերժ Սարգսյան-ին զգուշացնում, թե ինչ տեղի կունենա, եթե վերջինս Հայաստանը վերջնական տանի արևմտյան ուղղությամբ, ապա այսօր Ռուսաստանը արդեն բարձր պաշտոնյաների շուրթերով է զգուշացնում Նիկոլ Փաշինյան-ին այն, ինչը Սերժի իշխանությանը նախկինում փոխանցվում էր փակ ուղիներով։
Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին, երբ Հայաստանը ակնհայտորեն վարում էր դեպի Արևմուտք ինտեգրման քաղաքականություն, նրա խոսափողները մշտապես օրակարգ էին բերում հետևյալ թեզը․ եթե Ռուսաստանը գազ չվաճառի Հայաստանին, ապա այն կարելի է գնել Իրանից։ Քարոզչությունը ներկայացվում էր այնպես, կարծես հենց Ռուսաստանն է խանգարում Իրանից էժան գազ ձեռք բերելուն։
Սակայն թվերով հիմնավորված իրականությունը այլ էր․ Հայաստանը տարեկան սպառում է մոտ 2–2.5 մլրդ խմ գազ։
Հայաստան–Իրան գազատարով տրամադրվում էր միայն 0.3–0.6 մլրդ խմ, այսինքն՝ պահանջարկի ընդամենը 15–25%-ը, իսկ հնարավոր առավելագույնը՝ 30–40%։
Իրանական գազի միավորային արժեքը (էլեկտրաէներգիայով փոխարինվող) Հայաստանի համար կազմում էր 300–400 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց, այսինքն՝ մոտ 1.5–2 անգամ ավելի թանկ, քան ռուսական գազը։
Այս թվերը ցույց են տալիս, որ այն չէր կարող լինել Հայաստանում ռուսական գազի լիարժեք այլընտրանք։
Ավելին՝ հետագայում պարզվեց, որ Իրանը, իր հյուսիսային շրջանները գազով ապահովելու համար, պայմանագիր կնքեց Ռուսաստանից գազ գնելու վերաբերյալ։
Սերժի տարիներին այդ քարոզչության նպատակը պարզ էր՝ մոլորեցնել հասարակությանը և ձևավորել հանրային տրամադրություն, թե Ռուսաստանը խանգարում է մեզ, և պետք է ազատվել ռուսական կախվածությունից։
Սակայն Սերժ Սարգսյանին չհաջողվեց հասնել իր նպատակին և Ռուսաստանի առաջ պայմաններ առաջադրել, քանի որ այնտեղից եկան հստակ ազդակներ՝ կտրուկ քայլերի պատրաստակամության վերաբերյալ, որոնք կարող էին լուրջ խնդիրներ ստեղծել տրանսֆերների, հայ միգրանտների և հայ բիզնեսմենների, ինչպես նաև Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման համար։
Ներկայումս Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի ոճով, փորձում է հայ հասարակությանը համոզել, թե ռուսական գազի այլընտրանքը կարող է լինել արդեն ադրբեջանական գազը։
Նույնիսկ եթե մի կողմ դնենք հարցի բարոյական կողմը, ակնհայտ է, որ սա ևս բլեֆ է՝ ինչպես ժամանակին ներկայացվող իրանական գազի տարբերակը։
2023–2024 թվականներին Ադրբեջանը Եվրոպա է արտահանել մոտ 11–12 մլրդ խմ գազ և ծրագրում է այդ ծավալը հասցնել շուրջ 20 մլրդ խմ-ի մինչև 2027 թվականը։ Միևնույն ժամանակ, եվրոպական շուկայում գազի գինը տատանվում է՝ միջինում կազմելով մոտ 300–500 դոլար՝ 1000 խմ-ի դիմաց՝ կախված պայմանագրերից և շուկայի տատանումներից։
Այս պայմաններում ակնհայտ է հակասությունը․ եթե նույն գազը Եվրոպային վաճառվում է զգալիորեն ավելի թանկ, քան Հայաստանը գնում է Ռուսաստանից, ապա տնտեսական որևէ տրամաբանություն չկա, որ այն Հայաստանին վաճառվի զգալիորեն ավելի էժան։
Պետք է չափազանց հեռու լինել մաթեմատիկայից, որպեսզի հավատալ այդ քարոզչությանը։
Եթե նույնիսկ մի կողմ դնենք, թե ինչ տնտեսական վնասներ կարող է կրել Հայաստանը, եթե Ռուսաստանը իր լծակները կիրառի՝ փակելով օդային ճանապարհը, խոչընդոտներ ստեղծելով հայ արտահանողների, փոխանցվող տրանսֆերների, հայ միգրանտների և հայ բիզնեսմենների համար, ապա նույնիսկ միայն գազի մատակարարման դադարեցումը բավարար է, որպեսզի Հայաստանը հայտնվի տնտեսական ճգնաժամի մեջ՝ սկսած սպասարկման ոլորտից մինչև արտադրական։
Հայ հասարակությանը պետք է նախապես տեղեկացնել, թե ինչպիսի աղետալի հետևանքներ կարող են լինել, եթե Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի։


