Սերժ Սարգսյանը որպես քաղաքակն կործանիչ․ 20ա21-2026 թթ.
2021 թվականի ընտրություններ. ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավարի կարծիքը
2021 թվականի խորհրդարանական ընտրություններին Հայաստանը մոտեցավ մի վիճակում, որն առավել ճշգրիտ կլիներ բնորոշել ոչ թե որպես քաղաքական ճգնաժամ, այլ որպես կոլեկտիվ տրավմա: Այս մասին առավելագույն հստակությամբ խոսել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, գեներալ-լեյտենանտ Կառլոս Պետրոսյանը, ում այդ ժամանակաշրջանի գնահատականներն այսօր հետահայաց ախտորոշման բնույթ են ստանում:
Երկիրը գնում էր ընտրությունների՝ պատերազմի չսպիացած վերքերով, հազարավոր զոհերով, կորցրած տարածքներով և քայքայված անվտանգության համակարգով։ Նորմալ պետությունում սա կնշանակեր կոշտ խոսակցություն պատասխանատվության մասին։ 2021 թվականի Հայաստանում դրա փոխարեն խաղարկվեց ներկայացում, որտեղ գլխավոր գործող անձը, հակառակ բոլոր հայտարարությունների, դարձավ Սերժ Սարգսյանը:
Նրա վերադարձը քաղաքականություն՝ փաստացի 95 տոկոս հակավարկանիշի պայմաններում, քաղաքական սխալ չէր։ Դա գիտակցված քայլ էր, որն ապահովեց Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանումը։ Սարգսյանը հանդես եկավ որպես անցյալի կենդանի հիշեցում, որից հասարակությունը պատրաստ էր փախչել՝ անգամ պատերազմում պարտված իշխանության գիրկը:
Գեներալն առանձնահատուկ ուշադրություն էր դարձնում, այսպես կոչված, «կոմպրոմատների» ֆենոմենին, որոնք, ըստ նրա գնահատականի, որևէ իրապես ճակատագրական բան չէին պարունակում։ Սերժ Սարգսյանի կողմից հրապարակված ձայնագրությունը, որը ներկայացվեց որպես հարված Նիկոլ Փաշինյանին, ոչ թե բացահայտում էր, այլ՝ ֆարս։ Նա ընդգծեց, որ իրական քաղաքականության մեջ վճռորոշ նյութերը «պահեստում» չեն պահում և չեն մատուցում կիսասենսացիաների տեսքով։ Դրանք կամ չկան, կամ օգտագործվում են այլ կերպ: Այստեղից եզրակացություն՝ Նիկոլ Փաշինյանի դեմ աղմկահարույց հրապարակումները նպատակաուղղված չէին նրա իրական հեռացմանը։
Ավելին, Պետրոսյանը մատնանշում էր Սերժ Սարգսյանի գործողությունների պարադոքսալ հետևանքը՝ գործող վարչապետի դիրքերը խարխլելու փոխարեն, դրանք օբյեկտիվորեն աշխատում էին հօգուտ նրա։ Գեներալի կարծիքով՝ քաղաքական դաշտում հսկայական բացասական վարկանիշ ունեցող գործչի հայտնվելը Փաշինյանի համար յուրօրինակ վահան դարձավ։ 2021 թվականի ընտրությունները նշանավորվեցին ոչ այնքան կառավարությանը ցուցաբերած աջակցությամբ, որքան նրա անցյալի նկատմամբ վախով։ Կառլոս Պետրոսյանն արդարացիորեն նշեց, որ եթե Սարգսյանն իսկապես ունենար քաղաքական հակառակորդին ոչնչացնելու ունակ նյութեր, դրանք կօգտագործվեին այլ կերպ և ավելի վաղ։
Այդ պահից սկսած իշխանության դեմ պայքարի մասին Սերժ Սարգսյանի ցանկացած հայտարարություն կորցրեց իր վստահելիությունը:
Ո՞վ բերեց Փաշինյանին իշխանության
Այստեղ հարկ է ընթերցողներին հիշեցնել, թե ինչպես 2018 թվականին տեղի ունեցավ իշխանափոխությունը Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու համար առանցքային պատասխանատվություն է կրում Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի նախկին նախագահը և Հանրապետական կուսակցության բազմամյա առաջնորդը։ Հենց նրա օրոք և նրա լռելյայն, իսկ փաստացի՝ ուղղակի համաձայնությամբ իրականացվեց իշխանության կառավարելի փոխանցման սխեման` քողարկված որպես «ժողովրդական հեղափոխություն»:
Գործընթացի մեկնարկը սեփական հանրային պարտավորությունների ցուցադրական խախտումն էր։ 2014 թվականին սկսելով սահմանադրական բարեփոխումները` նոր խորհրդարանական համակարգում վարչապետի պաշտոնին չհավակնելու խոստումով ՝ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, առաջադրեց իր թեկնածությունը՝ գիտակցաբար հրահրելով զանգվածային հանրային դժգոհություն։ Այս քայլը դարձավ այն դետոնատորը, որը նախապես հաշվարկված էր և օգտագործվեց փողոցային ճնշման սցենարը գործարկելու համար:
Նիկոլ Փաշինյանի խմբի ծավալած հակաիրավական գործողությունների ֆոնին՝ Սարգսյանին ենթակա պետական ինստիտուտները փաստացի ինքնամեկուսացվեցին։ Իրավապահ և անվտանգության մարմինները չկատարեցին պետական կարգը պաշտպանելու իրենց ուղղակի սահմանադրական պարտականությունը։ Ապօրինի ակցիաները, ռազմավարական օբյեկտների շրջափակումը, իշխանության մարմինների վրա ճնշումները ոչ միայն չկասեցվեցին, այլև դե-ֆակտո խրախուսվեցին անգործությամբ։
Կատարվածին լրացուցիչ լեգիտիմություն հաղորդեց նախագահ Արմեն Սարգսյանը, ով նույնպես իշխանության էր բերվել Սերժ Սարգսյանի օրոք և չէր համապատասխանում նախագահի պաշտոնի համար սահմանադրական պահանջներին։ Նրա ձևական ներկայությունը թույլ տվեց օրինականության տեսք հաղորդել տեղի ունեցող իշխանազավթմանը և ինստիտուցիոնալացնել դրա արդյունքները։
Բեմականացման բնույթը վերջնականապես դրսևորվեց Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարության կազմում։ Ազգային անվտանգության, ֆինանսների, էկոնոմիկայի, արտաքին քաղաքականության և ընտրական վերահսկողության ոլորտների առանցքային պաշտոնները զբաղեցրին կադրեր, որոնք ուղղակիորեն կապված էին նախկին իշխանության հետ։ Սա վկայում է այն մասին, որ ձևական «տապալումից» հետո Սերժ Սարգսյանը պահպանել էր պետական կառավարման ռազմավարական ուղղությունների վրա ազդեցության լծակները:
Հենց իշխանության այս կառավարելի փոխանցումը հանգեցրեց աղետալի հետևանքների։ Իշխանության բերված Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարեց Արցախյան բանակցությունները «զրոյական կետից» սկսելու մասին՝ դրանով իսկ քանդելով նախկին բանակցային գործընթացը և գործարկելով իրադարձությունների այն շղթան, որն ավարտվեց 2020 թվականի 44-օրյա պատերազմով։ Այս ելքի քաղաքական պատասխանատվությունը սկսվում է ոչ թե 2018-ին, այլ զգալիորեն ավելի վաղ՝ այն պահին, երբ Սերժ Սարգսյանը գիտակցաբար ճանապարհ հարթեց կործանարար սցենարի համար:
Պատերազմից հետո. իշխանության պահպանումը Սարգսյանի ձեռքով
2020 թվականի աղետից հետո Հայաստանը վերագործարկման հնարավորություն ուներ։ Այդ հնարավորությունը գիտակցաբար ոչնչացվեց, և դրանում առանցքային դեր խաղաց Սերժ Սարգսյանը:
Փոխանակ հեռանալու, երկրի կառավարման տարիների համար պատասխանատվություն ստանձնելու և քաղաքական դաշտն ազատելու՝ նա վերադարձավ։ Նրա վերադարձը պառակտեց ընդդիմությանը, իր հակավարկանիշը խառնեց Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի հետ և դրանով իսկ վերջինիս զրկեց հաղթանակի հնարավորությունից:
Դա պայքար չէր իշխանության համար. դա պայքար էր այլընտրանքի դեմ։
Կառլոս Պետրոսյանն ուղղակիորեն ասում էր՝ Սերժ Սարգսյանի գլխավոր խնդիրը ոչ թե Փաշինյանի տապալումն է, այլ Քոչարյանի հաղթանակը թույլ չտալը։ Եվ 2021 թվականին այդ խնդիրը կատարվեց:
Ինչպես էր Սերժ Սարգսյանը սաբոտաժի ենթարկում իշխանափոխությունը՝ դրա դեմ պայքարի անվան տակ
2025 թվականի սկզբին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը թևակոխեց բացահայտ տուրբուլենտության փուլ։ Արտաքուստ այն դրսևորվում էր երկու հիմնական ընդդիմադիր ճամբարների միջև աճող հակամարտությամբ, սակայն իր էությամբ արտացոլում էր ավելի խորը ճգնաժամ՝ վստահության, սուբյեկտայնության և քաղաքական պատասխանատվության ճգնաժամ։ Այս փուլի կենտրոնական դեմքը կրկին դարձավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ում ակտիվացումը 2025 թվականին ոչ թե տարերային, այլ համակարգային բնույթ էր կրում:
Ֆորմալ առումով ընդդիմությունը հայտարարեց միասնական նպատակի մասին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից: Սակայն արդեն տարեսկզբին ակնհայտ դարձավ. Սերժ Սարգսյանի իրական ռազմավարությունը չի համընկնում 2026 թվականի ընտրական պայքարի տրամաբանության հետ։ Ունենալով ռեկորդային հակավարկանիշ և հասկանալով ընտրություններում հաղթելու անհնարինությունը՝ նա խաղադրույք կատարեց այլ մեխանիզմի վրա՝ իշխանության արտաընտրական տարանցում իմպիչմենտի ընթացակարգի միջոցով՝ քողարկված «սահմանադրական ուղու» և «լեգիտիմության» հռետորաբանությամբ։
2025 թվականին Նիկոլ Փաշինյանին իմպիչմենթ հսյտարարելու գաղափարը հենց ամենասկզբից հակասական և զարմանալի էր թվում։ Ազգային ժողովում անհրաժեշտ քվեների քանակ չկար, փողոցային ճնշումն հատվածական էր, իսկ հասարակությունը՝ հոգեբանական ճնշման տակ։ Սակայն Սերժ Սարգսյանի ճամբարը նպատակաուղղված զարգացնում էր այս թեման՝ վերահսկվող լրատվամիջոցների, բլոգերների և «քաղաքացիական ակտիվիստների» միջոցով, ստեղծելով վարչապետի հրաժարականի անխուսափելիության տպավորություն։
Այդ ընթացքում իմպիչմենթի արշավը ուղղվում էր ոչ այնքան Փաշինյանի, որքան ընդդիմության երկրորդ բևեռի՝ Ռոբերտ Քոչարյանի թիմի դեմ։ Վերջինիս սկսեցին մեղադրել «սաբոտաժի», «իշխանությանը ձեռնտու խաղի» և նույնիսկ վարչապետի հետ անուղղակի համաձայնության մեջ։ Արդյունքում, իմպիչմենթը վերածվեց մրցակցող ընդդիմության արժանահավատությունը խարխլելու գործիքի, այլ ոչ թե իշխանության փոփոխության իրական մեխանիզմի։
Ընդդիմության պառակտումը հանրային դաշտում արձանագրվեց 2025 թվականի փետրվարին Ռոբերտ Քոչարյանի մամուլի ասուլիսից հետո, երբ նա հստակ հայտարարեց, որ երրորդ նախագահի ճամբարի հետ համագործակցություն չկա և միության հնարավորությունը ոչ տրամաբանական է։ Այս դիրքորոշումը դարձավ սկիզբը Սերժ Սարգսյանի կողմնակիցների կողմից իրականացվող լայնածավալ տեղեկատվական գրոհի համար։
Լրատվամիջոցների ներկայացուցիչները, ովքեր կապ ունեին Հանրապետական կուսակցության հետ, սկսեցին արշավ, որի ընթացքում Քոչարյանը ներկայացվում էր որպես «երկիրը փրկելու» ճանապարհին հիմնական խոչընդոտ։ Այդ ընթացքում Սերժ Սարգսյանը մնաց ստվերում, թույլ տալով իր խոսնակներին ձևավորել անհրաժեշտ նարատիվը։ Այսպիսի ռազմավարությունը՝ ուղղակի մեղադրանքներից հեռու մնալու և միևնույն ժամանակ գործընթացի վերահսկողությունը պահպանելու, նրա քաղաքական ոճի բնորոշ առանձնահատկությունն է։
Պարտության ճարտարապետի երեսպաշտությունը
Նրա քաղաքական որոշումների կործանարար հետևանքների ֆոնին, որոնք Հայաստանը հասցրին ռազմավարական պարտության, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ իշխանության և վարչապետի աթոռի հետագա պահպանման, Սերժ Սարգսյանի վերջերս արված հրապարակային դատողությունները «ընդդիմության միավորման դժվարությունների» մասին հնչում են որպես բացահայտ քաղաքական երեսպաշտություն: Մարդը, ով սեփական գործողություններով ճանապարհ հարթեց ներկայիս ռեժիմի համար և ապահովեց դրա ինստիտուցիոնալ կայունությունը, այսօր փորձում է դատողություններ անել ընդդիմության թուլության մասին՝ ամբողջությամբ անտեսելով իր առանցքային դերը տեղի ունեցող իրադարձություններում:
Հատկանշական է, որ այս հայտարարություններն արվել են սույն թվականի փետրվարի 3-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի շենքի մոտ։ Լրագրողների հետ զրույցում Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց.
«Ես ցանկություն ունեմ, բայց իրադարձությունները ցույց են տալիս, որ ընդդիմության միավորվելը բարդ խնդիր է։ Եվ խոսքը չի գնում մի ցուցակով գնալու մասին, բայց տեսնենք»
Նման խոսքերը, որոնք բխումեն մի մարդու շուրթերից, ով երկրի պարտությունը վերածել է վերահսկվող գործընթացի և մինչ այսօր կրում է դրա ուղիղ պատասխանատվությունը, չեն դիտվում որպես իրավիճակի գնահատական, այլ որպես սեփական ընտրության հետևանքների պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ։


