Ինչի՞ մասին է ստել Սերժ Սարգսյանը Imnemnimi - ին տված հարցազրույցի ժամանակ

,
Սերժ Սարգսյան

2025 թվականի նոյեմբերի 7-ին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց տվեց Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Antifake յութուբյան ալիքով հեռարձակվող «Իմնեմնիմի» փոդքասթի բացառիկ թողարկման ժամանակ։

Ինչպես և սպասվում էր, հարցազրույցի հիմնական նպատակն էր՝ փորձել հերքել Սերժ Սարգսյանի հասցեին հնչող մեղադրանքները, թե նա է Նիկոլ Փաշինյանին իշխանության է բերել 2018 թվականին՝ նախապես նախապատրաստելով նրան 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո։

Իրավիճակի նրբությունն այն է, որ հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը նպատակ չունեին անհարմար հարցերի միջոցով բացահայտել 2018 թ․ իշխանափոխության հանգամանքների իսկությունը։ Նրանք նույնիսկ չփորձեցին թաքցնել իրենց կողմնակալությունը, ավելին՝ «կյանքները չխնայելով» ամեն կերպ օգնեցին իրենց հաղորդման «հյուրին» բոլոր մեղադրանքները ներկայացնել որպես դավադրության տեսություն՝ ծաղրելով և սոցիալական ցանցերի քարոզչության զոհ ներկայացնելով բոլոր նրանց, ովքեր հավատում են այդ մեղադրանքներին։

Հարցազրույցն այնքան լի էր կիսաճշմարտություններով ու կեղծիքներով, որ, անկեղծ ասած, անգամ ցանկություն չկար արձագանքելու դրան։ Բայց այս իրավիճակում լռել ոչ միայն հնարավոր չէր, այլև հանցավոր կլիներ, քանի որ Սերժ Սարգսյանի հայտարարությունները հստակ նպատակ ունեին՝ իր վրայից գցել 2015 թվականին նախաձեռնված սահմանադրական բարեփոխման և 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին իշխանությունը հանձնելու աղետալի հետևանքների պատասխանատվությունը։

Ինչպես ընդունված է համարել, «թավշյա հեղափոխության» տրիգերը Սերժ Սարգսյանի կողմից երկրի նախագահի պաշտոնում չառաջադրվելու և վարչապետի պաշտոնին չհավակնելու խոստման խախտումն էր: Սակայն, պարզվում է, որ Սերժ Սարգսյանը «չհավակնել» ասելով՝ նկատի չի ունեցել «չլինել»։ Հարցազրույցի ընթացքում նա բառացիորեն ասաց հետևյալը․

«Չեմ հավակնելու, չի նշանակում, որ չեմ լինելու»։

Հանրային տրիբունալն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ստում է։ Քանի որ նշված խոստումը նա տվել է 2014թ.ապրիլի 9-ին՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ՝ ի պատասխան հանրության շրջանում ծագած կասկածների, որ նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումները՝ վերջինս նպատակ ունի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո մնալ իշխանության ղեկին՝ որպես վարչապետ։

«Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես` Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում», – սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներին հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Այսպիսով՝ «չեմ հավակնելու» բառերը տրամաբանական շարունակությունն էին «այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում» բառերի և ենթադրում էին, որ Սերժ Սարգսյանն այլևս երբեք չի լինելու Հայաստանի ղեկավարը: Եվ դա ասվել էր հետևյալ արտահայտությունից հետո՝ «եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանը համոզում էր հայ ժողովրդին հանրաքվեում «կողմ» քվեարկել սահմանադրական բարեփոխումներին՝ խոստանալով այլևս ոչ մի կարգավիճակում չառաջադրվել երկրի ղեկավարի պաշտոնում։

Բացի այդ, 2014 թվականին Սերժ Սարգսյանը խաբեց ՝ հայտարարելով, թե խորհրդարանական կառավարման մոդելը չի համապատասխանում իր ցանկություններին։ «Իմնեմնիմի» փոդքասթի ժամանակ հարցազրույցում նա միանգամայն հակառակ կարծիքը հայտնեց՝ ընդգծելով նախագահական կառավարման թերություններն ու անարդարությունը։

«Եվս մեկ պատճառ էլ կա (խմբ․՝ կառավարման նախագահական համակարգից խորհրդարանականի անցման)։ Ես մեծ թերություն եմ համարում նախագահական կառավարման համակարգը։ Կարող է ուրիշների համար դա մեծ նշանակություն չունի։ Նախագահական կառավարման պարագայում ընտրություններում հաղթողին հասնում է ամեն ինչ, պարտվողին՝ ոչինչ։ Մեկը ստացել է 50,5%, իսկ մյուսը՝ 49,5%, բայց ամբողջ իշխանությունն անցնում է 50,5 տոկոս ստացողին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը ։

 

Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքների մի մասն իրականացվել է դոնոր կազմակերպությունների, մասնավորապես՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ֆինանսավորմամբ, ինչի մասին ավելի վաղ գրել էր Հանրային տրիբունալը։