ԲԱՔՎԻ ԹԵԼԱԴՐԱՆՔՈՎ ԳՐՎԱԾ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ. ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԱՅՐ ՕՐԵՆՔԻՑ ԴՈՒՐՍ Է ՄՂՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում պատրաստվում են փոխել երկրի մայր օրենքը, և նոյեմբերի 23-ին հրապարակված սահմանադրական նախագիծը կարդալիս դժվար է անտեսել մի զարմանալի հանգամանք. փաստորեն, այն դրույթները, որոնք իշխանությունն առաջարկում է հանել կամ վերաշարադրել, գրեթե նույնությամբ կրկնում են Իլհամ Ալիևի՝ տարիներ շարունակ հնչեցրած պահանջները։ Պատահականությունների այսպիսի կուտակումն արդեն բացատրության կարիք ունի։
Այստեղ գործ ունենք և՛ Անկախության հռչակագրից հրաժարվելու, և՛ Սփյուռքի քաղաքական մասնակցությունը սահմանափակելու, և՛ Հայ Առաքելական Եկեղեցու հետ հարաբերությունները կարգավորելու նոր կանոններ սահմանելու, և՛ "հայ ժողովրւդ" հասկացությունը փոխելու հետ։ Մեկ հիմնական օրենքի համար չափազանց շատ են այսպիսի «պատահական» համընկնումները, հատկապես եթե հավատանք Նիկոլ Փաշինյանի հավաստիացումներին, թե նոր Սահմանադրությունը պատրաստվում է բացառապես հայ ժողովրդի շահերից ելնելով։
Նոյեմբերի 19-ին Հայաստանի վարչապետը խոստովանեց, որ Դուբլինում Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ քննարկել է Հայաստանի նոր Սահմանադրության հարցը։ Ավելին՝ Փաշինյանի խոսքով՝ այս հարցով Երևանը համագործակցում է Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի և Վրաստանի հետ։ Հանդիպումը կայացել էր նոյեմբերի 12-ին, իսկ այդ շփումների բնույթը պարզաբանելու լրագրողների հարցերին վարչապետն անդրադարձավ միայն հաջորդ օրը՝ փաստացի հաստատելով, որ Հայաստանի նոր Սահմանադրության հարցը քննարկման առարկա է դարձել նաև հարևան երկրների հետ։
Դժվար է պատկերացնել, որ որևէ այլ երկրի ղեկավարը սեփական երկրի հիմնական օրենքի բովանդակությունը քննարկի մեկ այլ պետության նախագահի հետ, որը տարածքային և քաղաքական պահանջներ է ներկայացնում։ Սակայն Հայաստանում, կարծես, նման բաներն արդեն սովորական են դարձել։
Առավել ևս, որ 2025 թվականի հունվարի 7-ին Ալիևը բացահայտ հայտարարել էր՝ առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագիր չի ստորագրվի։ Նրա պահանջներից մեկը Անկախության հռչակագրին հղումը Սահմանադրությունից հանելն է։ Նոյեմբերի 23-ին՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվելուց հետո, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ողջունեց այն հանգամանքը, որ նախագծում բացակայում են Բաքվի կողմից տարածքային պահանջներ համարվող դրույթները։ Նա նաև հայտարարեց, որ այդ հարցի լուծումից հետո հնարավոր կլինի ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
Այսպիսով, Փաշինյանը սահմանադրական բարեփոխումը ներկայացնում է որպես ներքին օրակարգի հարց՝ պնդելով, թե դրա շուրջ քննարկումները սկսվել են դեռևս 2018 թվականից։ Սակայն ինքն էլ հաստատել է, որ նոր Սահմանադրության հարցը քննարկել է Ալիևի հետ։ Իսկ հրապարակված նախագծի բովանդակությունն ու Բաքվի արձագանքը շատ ավելի խոսուն են, քան Փաշինյանի բոլոր հավաստիացումները։
Ի՞նչ են առաջարկում հանել Սահմանադրությունից։
Առաջին հերթին՝ 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրի հետ սահմանադրական կապը։ Գործող Սահմանադրության նախաբանում հայ ժողովուրդը հայտարարում է, որ ընդունում է երկրի հիմնական օրենքը՝ առաջնորդվելով հայկական պետականության հիմնարար սկզբունքներով և Անկախության հռչակագրում ամրագրված ազգային նպատակներով։ Նոր նախագծում այս ամենն այլևս չկա։ Հռչակագրի հետ սահմանադրական կապը վերացվում է, իսկ դրա հետ մեկտեղ՝ Սահմանադրությունից դուրս է մնում նաև այն պատմական ու քաղաքական հիմքը, որի վրա հռչակվել է Հայաստանի անկախ պետականությունը։
Միաժամանակ փոխվում է նաև պետականության սուբյեկտի բուն ընկալումը։ «Հայ ժողովուրդ» հասկացության փոխարեն առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» ձևակերպումը, որը սահմանվում է որպես երկրի քաղաքացիների ամբողջություն։
Ոմանց այս փոփոխությունը կարող է թվալ զուտ իրավաբանական ձևակերպման հարց։ Սակայն հայ ժողովուրդը գոյություն է ունեցել Հայաստանի ներկայիս Հանրապետությունից շատ առաջ և երբեք չի սահմանափակվել նրա սահմաններով։ Արտերկրում ապրող միլիոնավոր հայեր չեն դադարել հայ ժողովրդի մասը լինելուց միայն այն պատճառով, որ նրանց տները Փարիզում են, Մոսկվայում, Բեյրութում կամ Լոս Անջելեսում։ Հենց այդ պատմական ընդհանրությունն է թույլ տվել հայերին պահպանել իրենց ազգային ինքնությունը նույնիսկ այն ժամանակաշրջաններում, երբ սեփական պետականություն չեն ունեցել։
Այլ կերպ ասած՝ Հայ ժողովուրդը՝ որպես պատմական ազգ, Սահմանադրության նախաբանում դադարում է հանդես գալ որպես պետականության հիմնադիր սուբյեկտ և իր տեղը զիջում է պետության սահմաններով սահմանափակված քաղաքացիական հանրությանը։
Անկախության հռչակագրի հետ միասին սահմանադրական նախաբանից անհետանում է նաև 1989 թվականի դեկտեմբերի 1-ի՝ Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշման հիշատակումը, որին ուղղակիորեն հղում է անում Հռչակագիրը։ Բաքուն այդ որոշումը տարիներ շարունակ ներկայացրել է որպես Հայաստանի տարածքային հավակնությունների ապացույց։ Եվ ահա այժմ հայկական իշխանություններն իրենք են պատրաստվում այն դուրս թողնել մայր օրենքից՝ փաստորեն վերացնելով նաև դրա սահմանադրական հիշատակումը։
Սփյուռք․ Սահմանադրության մեջ՝ գեղեցիկ խոսքեր, քաղաքական կյանքում՝ փակ դռներ
Իշխանություններից Սփյուռքի հետ կապերն ամրապնդելու մասին բազմաթիվ հայտարարություններ ենք լսել։ Նոր Սահմանադրության նախագիծն էլ նախատեսում է զարգացնել հարաբերությունները Սփյուռքի հետ, պահպանել հայկական ինքնությունը և խրախուսել հայրենադարձությունը։ Փաշինյանն առանձին պարզաբանել է, որ այդ հարաբերությունների վերջնական նպատակը Հայաստանն արտերկրում ապրող հայրենակիցների կյանքի ու գործունեության կենտրոն դարձնելն
Սակայն այդ խոստումների կողքին դրված է նախագծի 20-րդ հոդվածը, որը համապետական ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանում է վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում առնվազն մեկ տարի մշտապես բնակված լինելու պահանջ։
Ահա և Սփյուռքի հանդեպ իշխանությունների ողջ հոգածությունը։ Տասնամյակներ շարունակ պատմական հայրենիքի հետ կապը պահպանած, Հայաստանին աջակցած և այն իր երկիրը համարող հայը կարող է զրկվել Հայաստանի խորհրդարանի ընտրություններին մասնակցելու և քվեարկելու հնարավորությունից, եթե չի բավարարում սահմանված բնակության ցենզին։ Նույն սահմանափակումը տարածվում է նաև այն քաղաքացիական նախաձեռնություններին մասնակցելու վրա, որոնց համար ընտրողների ստորագրություններ են պահանջվում։
Միևնույն ժամանակ, նախագիծը նախատեսում է, որ օտարերկրյա քաղաքացիներն ու քաղաքացիություն չունեցող անձինք, օրենքով սահմանված պայմանները բավարարելու դեպքում, կարող են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և տեղական հանրաքվեներին։ Ստացվում է, որ տեղական մակարդակում քաղաքական մասնակցության նման հնարավորություն նախատեսված է, մինչդեռ արտերկրում բնակվող հայերի՝ համապետական քվեարկությանը մասնակցելու իրավունքը սահմանափակվում է։
Սակայն սա դեռ ամենը չէ։ 2026 թվականի սեպտեմբերի 8-ին ՆԳՆ-ն ներկայացրել է թիվ 10602 օրինագիծը, որով պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ստանալ ցանկացող ազգությամբ հայերից պահանջվում է երկու տարի օրինական բնակվել երկրում և փաստացի գտնվել այնտեղ առնվազն 366 օր։ Սա դեռ օրենսդրական նախաձեռնություն է, բայց դրա ուղղությունն ակնհայտ է․ պատմական հայրենիքի քաղաքացիություն ստանալն ավելի ու ավելի է կապվում նրա տարածքում պարտադիր բնակվելու պահանջի հետ։
Իսկ հիմա համեմատենք սա Բաքվի քաղաքականության հետ։ Դեռևս 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Ալիևը խոսում էր Հայաստանից, իբր, վտարված 300 հազար ադրբեջանցիների մասին և պահանջում պայմաններ ստեղծել նրանց վերադարձի ու վերաինտեգրման համար։ 2025 թվականի հունվարի 7-ին նա Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անվանեց խաղաղության պայմանագրի ստորագրման պայման։
Այսպիսով, Բաքուն առաջ է մղում հարյուր հազարավոր մարդկանց Հայաստան վերադարձնելու հարցը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները միաժամանակ սահմանափակում են սեփական Սփյուռքի քաղաքական մասնակցությունը և խստացնում ազգությամբ հայերի՝ քաղաքացիություն ստանալու պայմանները։
Ինչպե՞ս բացատրել այս հակասությունը։ Եվ, ի վերջո, ո՞ւմ համար է նախատեսված հայկական պետականության նոր մոդելը՝ աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի՞, թե՞ այն բնակչության, որին իշխանությունը պատրաստվում է հաշվի առնել միայն իր սահմանած կանոնների շրջանակում։
Եկեղեցի․ պետության հետ հարաբերություններն այսուհետ կկարգավորվեն օրենքով
Գործող Սահմանադրության մեջ ասվում է, որ պետության և Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով։ Նոր նախագծում «կարող են» բառերը փոխարինվել են «կարգավորվում են» ձևակերպմամբ։
Փոփոխությունը էական է, և դրա համար ընտրված ժամանակն էլ բավական խոսուն է։ Փաշինյանը բացահայտ հակամարտության մեջ է Եկեղեցու ղեկավարության և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ։ Եվ հենց հիմա Սահմանադրության մեջ ամրագրվում է ազգային Եկեղեցու հետ պետության հարաբերություններն օրենքով կարգավորելու պարտադիր պահանջը։
Դժվար է պատահական համարել, որ Եկեղեցու հետ հարաբերությունների առավել խիստ օրենսդրական կարգավորման հարցը բարձրացվում է իշխանության և եկեղեցական ղեկավարության քաղաքական առճակատման պայմաններում։ Դարեր շարունակ հենց Եկեղեցին է պահպանել հայ ժողովրդի ինքնությունը, երբ հայկական պետականություն գոյություն չի ունեցել։ Իսկ այժմ պետությունը ձգտում է սահմանել այդ հարաբերությունների շրջանակն այն պայմաններում, երբ հակամարտության մեջ է Եկեղեցու ղեկավարության հետ։
Դատական համակարգ․ ո՞վ է որոշելու, թե դատավորներից ով է մնալու
Նախագծի 85-րդ հոդվածը նախատեսում է գործող դատավորների միանվագ ստուգում՝ հինգ տարվա ընթացքում։ Բացառություն են կազմում Սահմանադրական դատարանի դատավորները։ Մյուսները նոր Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո ժամանակավորապես շարունակելու են պաշտոնավարել՝ մինչև վերագնահատում անցնելը։
Ստուգումն իրականացնելու է հինգ հոգուց բաղկացած հանձնաժողովը, որի անդամներին ընտրելու է խորհրդարանը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Հանձնաժողովը պետք է գնահատի դատավորների բարեվարքությունը, մասնագիտական կարողություններն ու գույքային դրությունը։ Նրա եզրակացությունները ենթակա չեն դատական վերանայման։ Բողոքարկել կարելի է միայն դատավորին պաշտոնում չնշանակելու կամ նրա լիազորությունները դադարեցնելու որոշումը՝ Սահմանադրական դատարանում։
Փոխվում է նաև Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը։ Այժմ դրա անդամների կեսին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը, մյուս կեսին՝ խորհրդարանը։ Նոր նախագծով բոլոր տասը անդամներին ընտրելու է խորհրդարանը, իսկ դատավորների համայնքին մնում է միայն դատավորների կազմից թեկնածուներ առաջադրելու իրավունքը։
Կարելի՞ է արդյոք այս պայմաններում խոսել դատական համակարգի լիարժեք անկախության մասին։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ գործող դատավորներին ստուգող հանձնաժողովի կազմն էլ է կախված լինելու խորհրդարանական մեծամասնությունից։ Երբ դատավորի մասնագիտական ճակատագիրը կախված է քաղաքական ուժերի ձևավորած մարմնից, նրա անկախությունն անխուսափելիորեն խոցելի է դառնում։
Քաղաքացիություն․ պետությունն իրեն իրավունք է վերապահում հրաժարվել սեփական քաղաքացուց
Նախագծի ամենաանհանգստացնող նորամուծություններից մեկը, թերևս, ամրագրված է 24-րդ հոդվածում։ Գործող Սահմանադրության 47-րդ հոդվածը միանշանակ սահմանում է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի զրկել քաղաքացիությունից։ Նոր տեքստում այս երաշխիքն անհետանում է։ Դրա փոխարեն նախատեսվում է քաղաքացիությունից զրկելու հնարավորություն՝ դատարանի որոշմամբ, օրենքով սահմանված դեպքերում, սահմանադրական կարգի հիմունքների կամ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։ Թե կոնկրետ ինչ արարքներ են համարվելու նման հանցագործություններ, պետք է սահմանվի առանձին օրենքով։
Նոյեմբերի 24-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խոստովանեց, որ նախաձեռնությունը հենց իր գերատեսչությանն է պատկանում, և չբացառեց դրա կիրառումը նույնիսկ այն մարդկանց նկատմամբ, որոնք ունեն բացառապես Հայաստանի քաղաքացիություն։
Եվ հենց այստեղ է սկսվում ամենավտանգավորը։ Որտե՞ղ է անցնելու պետության դեմ հանցագործության և իշխանության քաղաքականության հետ անհամաձայնության սահմանը։ Ո՞վ է երաշխավորելու, որ Փաշինյանին քննադատելը չեն ներկայացնի որպես սահմանադրական կարգի դեմ ուղղված սպառնալիք, իսկ ընդդիմադիր գործունեությունը՝ որպես ոտնձգություն պետական անվտանգության դեմ։ Նախագծում նման երաշխիքներ չկան։ Կա միայն մարդուն քաղաքացիությունից զրկելու հնարավորություն, իսկ դրա կոնկրետ հիմքերը իշխանությունը մտադիր է սահմանել ավելի ուշ։
Այսօր մարդը քննադատում է վարչապետին, վաղը նրա խոսքերը կարող են փորձել ներկայացնել որպես պետության դեմ ուղղված հանցագործություն։ Իսկ դրանից հետո՝ դատարան և սեփական երկրի քաղաքացիությունից զրկվելու հեռանկար։ Մի՞թե հենց այսպիսի պաշտպանություն է քաղաքացիների իրավունքներին առաջարկում նոր Սահմանադրությունը։
Քաղաքացիությունը կառավարության անձնական բարեհաճությունը չէ։ Այն իշխանություններին հավատարիմ լինելու համար տրվող պարգև չէ։ Դա մարդու և իր երկրի միջև իրավական կապն է։ Եվ Փաշինյանն իրավունք չունի խզելու այդ կապը։
Արարա՞տն էլ է ավելորդ դարձել
Փոխվում է նաև պետական զինանշանի սահմանադրական նկարագրությունը։ Գործող Սահմանադրության մեջ մանրամասն նշված են Նոյյան տապանով Արարատ լեռը և հայկական չորս պատմական արքայատոհմերի զինանշանները։ Նոր նախագծում այդ նկարագրությունն այլևս չկա․ 16-րդ հոդվածը զինանշանի, դրոշի և օրհներգի սահմանումը թողնում է հանրաքվեով ընդունվող օրենքին։
Ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ այս տեղեկությունները հանել հիմնական օրենքից։ Մի՞թե Արարատն ու հայկական չորս արքայատոհմերը խանգարում են «իրական Հայաստանի» կառուցմանը։
Իսկ ի՞նչ կմնա Հայաստանից, եթե նրանից խլեն հիշողությունը, պատմական արժանապատվությունն ու սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը։ Անցյալից զրկված երկիր, ձայնազուրկ ժողովուրդ, պետություն, որին պարտադրում են հարևաններին նայել, նախքան սեփական անունը բարձրաձայնելը։ Հայերը չափազանց թանկ են վճարել հայ կոչվելու իրավունքի համար, որպեսզի հիմա կառավարության կաբինետներում ինչ-որ մեկը որոշի, թե ազգային ինքնությունը կարելի է փոխանակել Բաքվի բարեհաճության հետ, իսկ դարավոր պատմությունը մի կողմ դնել, որպեսզի չգրգռեն նրանց, ովքեր երազում են Հայաստանը տեսնել թույլ ու հնազանդ։ Պետականություն կորցրած, բռնագաղթ ու ցեղասպանություն վերապրած ժողովրդից չափազանց շատ բան են խլել, որպեսզի նա հիմա կամովին հրաժարվի նաև սեփական հիշողությունից ու կամքից։


