ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ․ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ Է, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՆ ԱՐԴԵՆ ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է»
Բանաստեղծ և ազատամարտիկ Դավիթ Մշեցին հարցազրույցում խոսել է Հայաստանում քաղաքական հետապնդումների, կալանավայրերում մահերի, ժողովրդավարության կեղծ ընկալման, ազգային հիշողության կորստի և Հայաստանի առջև ծառացած վտանգների մասին։ Նրա խոսքում պատմական օրինակները, գրական մեջբերումներն ու այսօրվա քաղաքական իրականության գնահատականները միավորվում են մեկ մտքի շուրջ․ ժողովուրդը, որը մոռանում է սեփական պատմությունն ու հրաժարվում արժանապատվությունից, վաղ թե ուշ կորցնում է նաև իր պետականությունը։
Հարցազրույցի առաջին իսկ րոպեներին Դավիթ Մշեցին անդրադառնում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու, «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջադրած Արսեն Գևորգյանի մահվանը։ 46-ամյա Գրիգորյանը կալանավորվել էր ընտրություններից ընդամենը օրեր առաջ և մահացել կալանավայրում։ Մշեցու համար սա առանձին ողբերգություն չէ։ Նա հիշեցնում է կալանքի տակ մահացած մյուս մարդկանց և մտահոգություն հայտնում, որ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներն ու կալանավայրերում արձանագրվող մահերն արդեն սովորական լուրի են վերածվել։
Այստեղ նա հիշատակում է Պարույր Սևակի հայտնի միտքը․
«Հայի կյանքում ինչեր չեն եղել, վաղուց է զրկվել նա զարմանալու կարողությունից»։
Ըստ Մշեցու՝ ամենասարսափելին հենց հասարակության այդ անզգայությունն է։ Երբ մարդն այլևս չի զարմանում անարդարությունից, երբ կալանավայրում մահացած քաղաքական գործչի մասին լուրը չի ցնցում հանրությանը, իշխանության համար շատ ավելի հեշտ է շարունակել նույն գործելակերպը։
Բանաստեղծը հիշեցնում է նաև Սևակի մեկ այլ տող՝
«Վախենում եմ վերադարձող քաղաքակիրթ միջնադարից»։
Նրա գնահատմամբ՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների մասին բարձրագոչ հայտարարությունների հետևում այսօր հաճախ թաքնվում են ամենահակամարդկային գործողությունները։
Պլատոնը, Նժդեհը, Անդրանիկը․ մեծամասնության կամքը միշտ չէ, որ ճշմարտություն է
Մշեցու խոսքում առանձին տեղ ունի ժողովրդավարության մասին փիլիսոփայական բանավեճը։ Նա հիշատակում է Պլատոնի հայտնի բնորոշումը՝ ժողովրդավարությունը նախանձ աղքատների իշխանությունն է։ Բանաստեղծի համոզմամբ՝ ժողովրդի մեծամասնության որոշումը դեռևս արդարության կամ պետական իմաստության չափանիշ չէ։
Որպես օրինակ՝ նա հիշեցնում է Սոկրատեսի դատավճիռը, Քրիստոսի խաչելության պատմությունը, ապա դիմում հայոց պատմությանը։ Նժդեհը Սյունիքը փրկեց թուրքական ներխուժումից, սակայն հետագայում ստիպված էր դառնությամբ խոսել այն ժողովրդի մասին, որը մոռացել էր իր վաստակը։ Անդրանիկ զորավարի՝ Նախիջևան մտնելու և տեղի հայությանը պաշտպանելու փորձն էլ, ըստ Մշեցու պատմածի, ավարտվեց բնակչության դիմադրությամբ։ Զորքին նույնիսկ հաց չտվեցին, և Անդրանիկը հեռացավ։ Հետո թուրքերը մտան Նախիջևան ու կոտորեցին հայերին։
Այս պատմությունները նա համադրում է Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի մի դրվագի հետ, որտեղ ցեղասպանության տարիների հայի հոգեբանությունը ներկայացված է դաժան ճշգրտությամբ․
«Հայաստան երկրի ամեն մի մասում անբան անասուն դառնալը թվում էր մի մեծ արժանիք։ Թող կթեն, շորթեն, միայն չմորթեն…»։
Մշեցու կարծիքով՝ այս տողերում նկարագրված հոգեբանությունը ցավալիորեն ծանոթ է նաև մեր օրերում։ Հասարակության մի ստվար հատված պատրաստ է լռել, զիջել հայրենիքի տարածքը, ազգային սրբություններն ու արժանապատվությունը՝ միայն թե անձամբ իրեն վտանգ չսպառնա։
Վեց տարիների բերքը
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի տարելիցին և Եռաբլուրում իշխանության ներկայացուցիչների բացակայությանը՝ Մշեցին այդ վարքագիծը համարում է ազգային հիշողության նկատմամբ իշխանական վերաբերմունքի արտահայտություն։ Նրա համոզմամբ՝ իշխանության ներկայացուցիչներն անգամ մարդկային հարգանքի տուրք մատուցելու համար չեն կարող ազատ գործել, քանի որ իրենց քաղաքական հենարանները չեն հանդուրժի նման քայլը։
Մշեցին վերջին վեց տարիների ընթացքը բնութագրում է մի դիպուկ փոխաբերությամբ․ «Այս վեց տարիները բերքահավաքի ժամանակն էր»։ Նրա ասելով՝ այսօրվա իշխանությունը երկնքից չի ընկել։ Այն վերջին տասնամյակների քաղաքական, մշակութային, գաղափարական և քաղաքակրթական ընտրությունների արդյունքն է։ Մենք ցանել ենք այն, ինչ այսօր քաղում ենք։
Այս մտքի շարունակությունը նա գտնում է նաև գրականության մեջ՝ հիշատակելով Խաչիկ Խաչոյանի ստեղծագործությունը և այն միտքը, որ ռազմական հաղթանակը դեռևս ազգային հաղթանակ չէ։ Եթե հաղթանակից հետո ժողովուրդը չի ձևակերպում իր ազգային նպատակը, չի կառուցում պետականության ամուր հիմքեր, ապա տարիներ անց նույն հաղթանակը կարող է ավարտվել նոր պարտությամբ ու ողբերգությամբ։
Ընդդիմությունը պետք է պատասխանի իր ընտրած ճանապարհի համար
Հարցազրույցում Դավիթ Մշեցին անդրադառնում է նաև ընդդիմադիր 13 քաղաքական ուժերի միասնական հայտարարությանը՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխության և Անկախության հռչակագրից հրաժարվելու վտանգի դեմ։ Նա դրական է գնահատում ընդդիմության համախմբումը, բայց միաժամանակ հիշեցնում է, որ նման միասնությունը շատ ավելի վաղ էր անհրաժեշտ՝ Արցախի ճակատագրի վճռման օրերին։
Նրա քննադատության թիրախում խորհրդարանական ընդդիմության մարտավարությունն է։ Մշեցին համոզված է, որ իշխանության քաղաքականությունը դատապարտող ուժերը չեն կարող իրենց մասնակցությամբ անուղղակիորեն լեգիտիմացնել նույն իշխանության գործողությունները։ Նա կասկածի տակ է դնում այն պնդումը, թե խորհրդարանում աշխատելն ու փողոցային պայքարը հավասարապես արդյունավետ են։
«Եթե մի ճանապարհով առնվազն չորս անգամ գնում ես ու ընկնում ես նույն փոսը, հինգերորդ անգամ պետք է հրաժարվել այդ ճանապարհից»,– ասում է նա։
Մշեցին հիշեցնում է նաև նախորդ տարիների ընդդիմադիր շարժումները, որոնց առաջնորդներից ոմանք հետագայում հայտնվեցին ՔՊ-ի կազմում։ Նրա համար այստեղ ամենացավոտ հարցը հասարակության վստահությունն է։ Քաղաքացին դուրս է գալիս փողոց, մասնակցում պայքարին, ընտրություններում ձայն տալիս ընդդիմադիր թեկնածուին, բայց հետո տեսնում է, որ իր վստահությունը որևէ արդյունք չի տալիս։ Ո՞վ է պատասխան տալու այդ մարդկանց առջև։
«Խաղաղությունը հակաբնական վիճակ է»
Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների մասին խոսելիս Մշեցին չի թաքցնում իր անհամաձայնությունը իշխանության ներկայացրած խաղաղության օրակարգի հետ։
«Խաղաղությունը հակաբնական վիճակ է»,– ասում է նա՝ պնդելով, որ ժողովուրդների պատմությունը պատերազմների և ուժային բախումների պատմություն է։ Նրա համոզմամբ՝ պայմանագիրն ինքնին անվտանգության երաշխիք չէ։ Եթե խաղաղությունը չի հիմնվում ուժերի իրական հավասարակշռության և սեփական շահերը պաշտպանելու կարողության վրա, այն կարող է ընդամենը ժամանակավոր դադար լինել։
Անդրադառնալով Բաքվի պահանջներին՝ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագրից հրաժարվելու և Սյունիքի նկատմամբ ճնշումներին՝ Մշեցին հայտարարում է, որ Հայաստանի կապիտուլյացիան արդեն ընթացքի մեջ է։ Նրա կարծիքով՝ իշխանությունը պարզապես չի ցանկանում կատարվողին տալ իր իրական անունը։
«Մենք հենց հիմա Հայաստանում կապիտուլյացիայի մեջ ենք»,– ասում է նա՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ զիջումները վաղուց դուրս են եկել միայն Արցախի խնդրի շրջանակներից և առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանն ու պետականության հիմքերին։
Մշեցին առանձնակի մտահոգությամբ է խոսում նաև բանակի վիճակի մասին։ Նրա գնահատմամբ՝ մինչ Ադրբեջանը ռազմական համագործակցություն է խորացնում Թուրքիայի և այլ դաշնակիցների հետ, Հայաստանի իշխանությունը չի ձեռնարկում համարժեք քայլեր պաշտպանունակությունն ամրապնդելու համար։ Իսկ այս ամենը խաղաղության անվան տակ հանրությանը ներկայացնելը, նրա համոզմամբ, վտանգավոր ինքնախաբեություն է։
Ազգային ինքնաճանաչումը՝ փրկության ճանապարհ
Հարցազրույցի ավարտին Դավիթ Մշեցին վերադառնում է իր գրականությանը։ Նա 12-13 գրքի հեղինակ է, մասնակցել է Քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Նրա համար պոեզիան երբեք կտրված չի եղել երկրի ու ժողովրդի ճակատագրից։
Բանաստեղծի համոզմամբ՝ հայ ժողովրդի գլխավոր խնդիրներից մեկը սեփական պատմության, մշակույթի և քաղաքակրթական ժառանգության անբավարար ճանաչողությունն է։ Նա խիստ քննադատում է կրթական ու ակադեմիական համակարգերը՝ պնդելով, որ հայ մարդուն դպրոցից ու բուհից լիարժեք չեն փոխանցել սեփական պատմության և գրականության խորքային բովանդակությունը։ Մշեցին առանձնացնում է Խորենացուն, Նարեկացուն, Թումանյանին, Սևակին ու Չարենցին՝ համոզված լինելով, որ նրանց ստեղծագործությունների մեջ թաքնված է ազգային ինքնաճանաչման այն հիմքը, որն այսօր պակասում է հասարակությանը։
Նրա խոսքի վերջում հնչում է ազգային իշխանության գաղափարը։ Մշեցին հիշատակում է Լոուրենս Արաբացու միտքը, ըստ որի՝ հայ ժողովրդին բավական է ընդամենը մեկ սերունդ ազգային իշխանություն, որպեսզի աշխարհին իր հնարավորությունները ցույց տա։
«Հայ մարդուն ավել բան պետք չի, ընդամենը հայ մարդուն պետք է անկեղծ ասել՝ ինքը ով է»,– ասում է Դավիթ Մշեցին։
Այս նախադասության մեջ ամփոփված է ամբողջ հարցազրույցի գլխավոր ասելիքը։ Մշեցին խոսում է մի ժողովրդի մասին, որը մեծ պատմություն ունի, բայց հաճախ չի ճանաչում այն, հերոսներ է ունեցել, բայց չի պահել նրանց պատգամները, հաղթանակներ է տարել, բայց չի կարողացել դրանցից ամուր պետականություն կառուցել։
Իսկ քանի դեռ հայ մարդը չի ճանաչում իր պատմությունը, չի գիտակցում սեփական արժանապատվության գինը, նա շարունակելու է ապրել ուրիշների գծած սահմաններում՝ սեփական ճակատագրի տնօրինումը թողնելով օտար ձեռքերում։ Այդպես էլ շարունակվելու է արատավոր շրջանը, որի ելքը միայն ազգային ինքնագիտակցության, պատմական հիշողության և պետական մտածողության վերականգնման մեջ է։


