ՈՒԹ ՏԱՐԻ ԱՆՑ․ «ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՄԱՐԳԱՐԵԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

2018 թվականի օգոստոսի 20-ին EADaily-ում հրապարակված հոդվածն այսօր հնչում է որպես նախազգուշացում, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը։

Կան կանխատեսումներ, որոնք ժամանակի հետ մոռացության են մատնվում, և կան հրապարակումներ, որոնց տարիներ անց վերադառնում ես բոլորովին այլ հայացքով։ EADaily-ի՝ 2018 թվականի օգոստոսի 20-ին լույս տեսած «Հայկական «թավշյա հեղափոխությունը». նպատակները, ուժերն ու հնարավոր հետևանքները» հոդվածը պատկանում է հենց այդ երկրորդ տեսակին։ Ութ տարի առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, հրապարակման հեղինակները նախանշել էին մի սցենար, որն այսօր՝ 2020 թվականի պատերազմից, Արցախի հայաթափումից և Երևանի արտաքին քաղաքականության կտրուկ շրջադարձից հետո, գրեթե մարգարեական է թվում։

Այն ժամանակ դեռ կարելի էր բանավիճել, թե իրականում ինչ էր թաքնված «թավշյա հեղափոխություն» անվան տակ, ում շահերն էր սպասարկում իշխանափոխությունը, և ինչ խնդիրներ էին լուծելու իշխանության բերած ուժերը։ Այսօր այդ հարցերի մեծ մասին պատասխանել են արդեն իսկ տեղի ունեցած իրադարձությունները։ Եվ պատասխանել են այնպես, որ 2018 թվականի հոդվածի որոշ հատվածներ այժմ բոլորովին այլ իմաստ ու կշիռ են ստացել։

ՄԵԿ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ԵՐԵՔ ԽՆԴԻՐԸ

EADaily-ի հեղինակներն առանձնացրել էին երեք հիմնական խնդիր, որոնք, իրենց գնահատմամբ, հետապնդում էին հայկական հեղափոխության կազմակերպիչներն ու մասնակիցները։ Առաջինը նոր ազգային խորհրդանիշ ստեղծելն էր, որը պետք է աստիճանաբար դուրս մղեր հանրային գիտակցությունից հայ ազգային ինքնության երկու նախկին խորհրդանիշները՝ Հայոց ցեղասպանությունն ու Լեռնային Ղարաբաղը։ Երկրորդը Մոսկվայի հետ հարաբերություններում նախկին քաղաքական միջնորդներին ասպարեզից հեռացնելն ու նրանց փոխարեն նոր դեմքեր առաջ բերելն էր, որոնց միջոցով պետք է կառուցվեին հայ-ռուսական հարաբերությունները։ Երրորդը Ղարաբաղյան բանակցային գործընթացը խափանելն էր, դրա հիմքերը վերանայելը և կարգավորման ձևաչափը փոխելը։

Հոդվածի հեղինակները հատուկ ուշադրություն էին դարձրել նաև պատերազմի հավանականությանը։ Նրանք զգուշացնում էին, որ Ղարաբաղում նոր ռազմական բախումը փորձություն կդառնա ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների համար՝ միաժամանակ վտանգներ ստեղծելով Իրանի անվտանգության համար։ Նրանց նկարագրած սցենարով՝ Մոսկվան հայտնվելու էր բարդ կացության մեջ. Հայաստանի պաշտպանությունը կսրեր հարաբերությունները Բաքվի և Անկարայի հետ, իսկ Երևանին չաջակցելը լուրջ հարված կհասցներ Ռուսաստանի հարաբերություններին Հայաստանի և ռուսահայ համայնքի հետ։

Եվ ընդամենը երկու տարի անց սկսվեց 44-օրյա պատերազմը։ Հայաստանը ծանր պարտություն կրեց, կորցրեց իր վերահսկողության տակ գտնվող տարածքների զգալի մասը։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրեցին եռակողմ հայտարարությունը։ Դրանից երեք տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանի ռազմական գործողությունն ավարտվեց Արցախի նկատմամբ Բաքվի լիակատար վերահսկողության հաստատմամբ։ Ավելի քան 120 հազար հայ հարկադրված լքեց հայրենիքը։ Արցախի հայկական բնակչության անվտանգությունն ու քաղաքական ներկայությունն ապահովող նախկին համակարգն այլևս գոյություն չունի։

Ահա թե ինչի մասին էին նախազգուշացնում EADaily-ի հեղինակները՝ խոսելով նոր պատերազմի վտանգի և այն վերջին պաշտպանական գծի փլուզման մասին, որը դեռ զսպում էր իրավիճակի սահումը դեպի աղետ։

ՀԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻՆ ԴՈՒՐՍ ՄՂԵՑԻՆ, ՆՈՐԵՐԸ՝ ԱՌԱՋ ԲԵՐԵՑԻՆ

Ոչ պակաս ուշագրավ է հոդվածի երկրորդ կանխատեսումը։ 2018 թվականի հրապարակման մեջ հանգամանորեն քննարկվում էր Հայաստանի քաղաքական դաշտից այն գործիչներին հեռացնելու խնդիրը, որոնք Մոսկվայի հետ կապի և բանակցությունների սեփական խողովակներն ունեին։ Նրանց թվում նշվում էին Ռոբերտ Քոչարյանը, Կարեն Կարապետյանը և նախկին քաղաքական վերնախավի ներկայացուցիչները։ Հեղինակների ենթադրությամբ՝ նրանց փոխարինելու էին գալու նոր միջնորդներ, իսկ ինքը՝ Փաշինյանը, ժամանակի ընթացքում ռուսական ուղղության հարցերում զիջելու էր դիրքերը մարդկանց, որոնց գործունեությունը գնալով ավելի էր բարդացնելու հարաբերությունները Մոսկվայի հետ։

Հոդվածում հեղինակները մի ուշագրավ հանգամանք էին արձանագրել․ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ու պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նոր վարչապետի թիմում էին հայտնվել նախորդ իշխանությունից, սակայն վարչապետի պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ Փաշինյանի կողքին չէին։ Հեղինակների կարծիքով՝ այս դրվագը պատահական չէր․ այն վկայում էր, որ նոր կառավարությունը մեկ միասնական քաղաքական թիմ չէր, այլ տարբեր ուժերի միավորում, որոնցից յուրաքանչյուրը սեփական ներկայացուցիչներին էր գործուղել իշխանության նոր կազմ։

Այսօր արդեն դժվար է չնկատել, թե որքան հեռու է գնացել Երևանի և Մոսկվայի հարաբերությունների խզումը։ 2024 թվականի փետրվարին Փաշինյանը հայտարարեց ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին։ Հետագայում հայկական իշխանությունները հետևողականորեն ընդլայնեցին համագործակցությունը արևմտյան կառույցների հետ՝ այդ ընթացքին զուգահեռ ավելի ու ավելի կոշտացնելով Ռուսաստանի հասցեին հնչող հայտարարությունները։

Դեռ 2018 թվականին EADaily-ի հեղինակները գրում էին, որ Արևմուտքը Փաշինյանից հստակ ընտրություն է պահանջելու՝ խորացնե՞լ հարաբերությունները Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ, թե՞ պահպանել Հայաստանի ներկայությունը Ռուսաստանի ազդեցության գոտում։ Այսօր այդ ընտրությունն այլևս տեսական բանավեճի առարկա չէ։ Երևանը քայլ առ քայլ մերձենում է արևմտյան գործընկերներին, իսկ Հայաստանի ավանդական դաշնակցի հետ հարաբերությունները անկախքւթյան շրջանի ամենածանր ճգնաժամերից մեկն են ապրում։

ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՈՒՄՆԵՐՆ ԱՅԼԵՎՍ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՉԵՆ

EADaily-ի հոդվածում կար ևս մեկ միտք, որն այսօր առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Հեղինակները կարծում էին, որ հայկական հեղափոխությունը կարող է ծառայել Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերադասավորմանը, իսկ արտաքին ուժերի վերջնական նպատակը Ռուսաստանի դիրքերը նրա հարավային ռազմավարական ուղղությամբ՝ դեպի Թուրքիա, Իրան և Մերձավոր Արևելք, թուլացնելն է։

Դրանից հետո Հայաստանում արևմտյան ներկայությունը զգալիորեն ընդլայնվեց։ 2023 թվականի փետրվարին սկսեց գործել Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, իսկ 2024 թվականի հուլիսին ԵՄ-ն առաջին անգամ Հայաստանին աջակցություն տրամադրեց Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցով։ 2026 թվականին Վաշինգտոնի հետ համագործակցությունը նոր գործնական փուլ թևակոխեց TRIPP նախագծով։ Համաձայնագրերով նախատեսված ամերիկա-հայկական ընկերության բաժնեմասերի 74 տոկոսը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։ Ծրագրի իրականացման սկզբնական ժամկետը սահմանված է 49 տարի։ Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը շրջանակային համաձայնագիրը վավերացրեց 63 կողմ և 32 դեմ ձայներով։

Ութ տարի առաջ հոդվածի հեղինակները կանխատեսում էին, որ Վրաստանի միջոցով Հայաստանը աստիճանաբար կհայտնվի Արևմուտքի ազդեցության գոտում։ Այսօր տարածաշրջանում ամերիկյան ներկայությունն արդեն ամրագրվում է կոնկրետ համաձայնագրերով, իսկ Հայաստանի տարածքը ներառվում է աշխարհաքաղաքական նոր նախագծի մեջ։

Անշուշտ, հոդվածի հեղինակները չէին կարող կանխատեսել ապագա իրադարձությունների բոլոր մանրամասները։ Սակայն նրանք բավական ճշգրիտ էին նախանշել այն ուղին, որով շարժվելու էր Հայաստանը, և այն հետևանքները, որոնց կարող էր հանգեցնել այդ ընթացքը։ Հենց դրանում է, ըստ էության, այդ հրապարակման գլխավոր արժեքը։

«ԹԱՎՇՅԱ» ԱՌԱՍՊԵԼԻ ԳԻՆԸ

2018 թվականին հայ ժողովրդին մի գեղեցիկ հեքիաթ էին հրամցնում՝ անարյուն հեղափոխության, ժողովրդի հաղթանակի և նոր դարաշրջանի սկզբի մասին։ Այդ հեքիաթի համար պատրաստի կարգախոսներ կային՝ ազատություն, արդարություն, նախկին համակարգից ազատագրում։ Իսկ նրանց, ովքեր փորձում էին խոսել իշխանափոխության հնարավոր հետևանքների մասին, նախընտրում էին չլսել։ Չէ՞ որ հեղափոխական խանդավառության պահին անհարմար հարցերը միշտ էլ խանգարում են տոնակատարությանը։

Ութ տարի առաջ EADaily-ի հեղինակները զգուշացնում էին, որ Երևանի իշխանափոխությանը կարող են հաջորդել հայ-ռուսական հարաբերությունների թուլացումը, Արցախի շուրջ ձևավորված անվտանգության համակարգի փլուզումը և Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերադասավորումը։ Այսօր այդ երեք կանխատեսումներն էլ այլևս ապագայի հնարավոր սցենարներ չեն. դրանց հետևանքները Հայաստանն արդեն կրում է։

2018 թվականի այդ հրապարակմանը կրկին անդրադառնալը պարզապես հին կանխատեսումների ճշտությունը գնահատելու փորձ չէ։ Այն հիշեցնում է նաև, որ իշխանափոխության հետևանքների մասին նախազգուշացումները ժամանակին հնչել են, բայց դրանց վրա ուշադրություն դարձնելու փոխարեն նախընտրել են հավատալ հեղափոխական խոստումներին։ Իսկ դրա գինը վճարեց ոչ թե իշխանության եկած քաղաքական թիմը, այլ ամբողջ երկիրը։