ՃԱՂԵՐԻ ՀԵՏևՈՒՄ՝ ԱՌԱՆՑ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ
Բանտում մարդու մահը միշտ արտակարգ դեպք է։ Բայց երբ նման դեպքերը կրկնվում են, երբ դրանց նախորդում են բժիշկների զգուշացումները, փաստաբանների դիմումները, ազատ արձակելու միջնորդություններն ու անպատասխան մնացած հարցերը, այլևս գործ չունենք առանձին միջադեպերի հետ։ Խոսքը պետության և մարդկային կյանքի նկատմամբ նրա վերաբերմունքի մասին է։
ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ՄԱՀԱՑԵԼ Է «ՆՈՒԲԱՐԱՇԵՆ» ՔԿՀ-ՈՒՄ՝ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼՈՒՑ ԸՆԴԱՄԵՆԸ ՔՍԱՆ ՕՐ ԱՆՑ։ Նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության թեկնածուն էր Ստեփանավանում կայացած ընտրություններում։ Նրան ձերբակալել էին հոկտեմբերի 21-ին՝ քվեարկությունից ընդամենը չորս օր առաջ՝ ընտրակաշառք բաժանելու մեղադրանքով։ Գևորգյանը մեղադրանքը չէր ընդունում։ Հիմա նա այլևս չկա, իսկ քրեական գործը, որով նախընտրական քարոզարշավի ամենաթեժ օրերին նրան զրկեցին ազատությունից, այդպես էլ դատարանում չի քննվի մեղադրյալի մասնակցությամբ։
Քրեակատարողական ծառայության հաղորդմամբ՝ նոյեմբերի 10-ին՝ ժամը 07։55-ին, կալանավորի ինքնազգացողությունը վատացել է։ Շտապօգնություն են կանչել, իսկ ժամը 08։30-ին բժիշկներն արձանագրել են նրա մահը։ Գերատեսչությունը շտապել է տեղեկացնել նաև մի հանգամանքի մասին. «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվելու ամբողջ ընթացքում Գևորգյանը առողջական գանգատներ չի ունեցել։
«Ուժեղ Հայաստանում» Գևորգյանի ձերբակալությունը քաղաքական ճնշում էին համարել։ Հակակոռուպցիոն կոմիտեն իր հերթին ներկայացրել էր մեղադրանքի վարկածը՝ թեկնածուին մեղադրելով ընտրողներին գումար բաժանելու մեջ։ Բայց ո՛չ մեղադրանքները, ո՛չ քաղաքական հայտարարությունները չեն փոխում գլխավոր իրողությունը. մարդը մահացել է՝ գտնվելով պետության վերահսկողության տակ։ Իսկ առողջական գանգատներ չունենալու մասին պաշտոնական հղումը չի պատասխանում ամենակարևոր հարցին՝ ինչո՞ւ է նա մահացել։
ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՄԱՀԸ ՀԻՇԵՑՆՈՒՄ Է ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՈՔ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԱՅԼ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ։ Տարբեր են հանգամանքները, անուններն ու ներկայացված մեղադրանքները, բայց բոլոր դեպքերում նույն պատկերն է. նախ պետությունը մարդուն զրկում է ազատությունից, ապա հանրությունը տեղեկանում է նրա մահվան, առողջական ծանր վիճակի կամ բժշկական ցուցումներով ազատ արձակվելու համար մղվող պայքարի մասին։
2019 թվականի հունվարի 26-ին նույն «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մահացավ «Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի տեղակալ, Haynews.am լրատվական կայքի ղեկավար Մհեր Եղիազարյանը։
ԱԱԾ աշխատակիցները նրան ձերբակալել էին 2018 թվականի դեկտեմբերի 3-ին՝ խարդախության և կաշառքի միջնորդության մեղադրանքներով։ Եղիազարյանը հետապնդումն ապօրինի էր համարում և հացադուլ հայտարարել։ Այն տևել էր 44 օր։ Հունվարի 17-ին հացադուլը դադարեցնելուց հետո նա մնացել էր «Նուբարաշենի» բուժմասում։
Եղիազարյանն ուներ սրտանոթային հիվանդության հետ կապված հաշմանդամություն։ Փաստաբան Վահե Արմենակյանի խոսքով՝ կալանավորը տառապում էր փսխումներից և չէր կարողանում նորմալ սնվել։ Այսինքն՝ նրա առողջական վիճակը գաղտնիք չէր։ Դրա մասին գիտեին ոչ միայն փաստաբանն ու հարազատները։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը գրավոր տեղեկացրել էր դատախազությանը Եղիազարյանի սրտանոթային հիվանդության մասին և բարձրացրել խափանման միջոցը փոխելու հարցը։ Մարդու իրավունքների պաշտպանը ուշադրություն էր հրավիրել նաև կալանավորի՝ հարազատների հետ շփվելու սահմանափակումների վրա։
ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԵՐԺԵՑ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ԳՐԱՎՈՎ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ։ Արդյունք չտվեցին անգամ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Սերգեյ Բաղրատյանի անձնական երաշխավորությունները։ Տասը օր անց Եղիազարյանը մահացավ։
Փաստաբանը պնդում էր, որ 44-օրյա հացադուլից հետո իր պաշտպանյալին պետք էր տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ լիարժեք բուժում ստանալու համար, այլ ոչ թե պահել բանտի բուժմասում։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն, ընդհակառակը, պնդում էր, թե քրեակատարողական ծառայության աշխատակիցներն արել են հնարավոր ամեն ինչ՝ կալանավորի կյանքը փրկելու համար։
Հասարակական դիտորդական խումբը, սակայն, Արդարադատության նախարարությունից պահանջել էր պարզաբանել՝ արդյոք Եղիազարյանի պահման պայմանները համապատասխանել են նրա առողջական վիճակին, և արդյոք «Նուբարաշենն» ունեցել է անհրաժեշտ բժշկական հնարավորություններ։
Այստեղ կա մի հանգամանք, որը շրջանցել հնարավոր չէ. Մարդու իրավունքների պաշտպանը դեռևս Եղիազարյանի մահից առաջ պետական մարմիններին զգուշացրել էր նրա առողջական վիճակի մասին։ Խափանման միջոցը փոխելու միջնորդություն եղել էր, հիվանդության մասին տեղեկություն կար, պաշտպաններն էլ դիմումներ էին ներկայացրել։ Չեղավ միայն այն որոշումը, որը կարող էր փրկել մարդու կյանքը։
ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ ՄԵՆՔ ԱԿԱՆԱՏԵՍ ԵՂԱՆՔ ԵՎՍ ՄԵԿ ՄԱՀՎԱՆ, որը կապված էր իշխանության քննադատությամբ հայտնի մարդու քրեական հետապնդման հետ։
2022 թվականի հուլիսի 15-ին դատարանի դահլիճում մահացավ կինոպրոդյուսեր, հասարակական գործիչ Արմեն Գրիգորյանը։ԱԱԾ աշխատակիցները նրան ձերբակալել էին մայիսի 17-ին՝ Շիրակի մարզի և Արարատյան դաշտավայրի բնակիչների հասցեին կոշտ արտահայտություններ պարունակող հարցազրույցներից հետո։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու և ազգային թշնամանք հարուցելու համար։ Դատարանը Գրիգորյանին երկու ամսով կալանավորել էր։
Գրիգորյանը հայտնի էր որպես Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության քննադատ։ Նրա ձերբակալությունը վրդովմունք էր առաջացրել ընդդիմադիր գործիչների և իրավապաշտպանների շրջանում, որոնք քրեական հետապնդման հիմքում քաղաքական շարժառիթներ էին տեսնում։
Երկու ամիս անց՝ դատական նիստի ընթացքում, Գրիգորյանն ուշագնաց եղավ։ Ներկաները փորձեցին առաջին օգնություն ցուցաբերել նրան։ Ժամանած բժիշկները վերակենդանացման միջոցառումներ իրականացրին, սակայն փրկել նրան չհաջողվեց։ Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ կանչից ինը րոպե անց ժամանած բրիգադը հիվանդին հայտնաբերել էր ծանր վիճակում։
Առանձնապես դառն է մի հանգամանք. հենց այդ օրը Գրիգորյանի փաստաբանը միջնորդում էր փոխել նրա խափանման միջոցը։ Պետության կողմից հրապարակային արտահայտությունների համար կալանավորված մարդը մահացավ դատարանի շենքում, որտեղ վճռվում էր նրա հետագա ճակատագիրը։
Կարելի է երկար վիճել Գրիգորյանի այս կամ այն արտահայտության թույլատրելիության, քրեական պատասխանատվության սահմանների և նրա քաղաքական հայացքների շուրջ։ Բայց այդ վեճերից ոչ մեկը չի փոխում մի պարզ իրողություն. մարդուն ազատությունից զրկելով՝ նրա կյանքն ու անվտանգությունն ապահովելու պատասխանատվությունն իր վրա է վերցնում պետությունը։
2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻՆ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ԴԵՊՔ,որի հանգամանքները ստիպեցին միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությանը պահանջել հետաքննել ոստիկանության և բուժանձնակազմի գործողությունները։
Արմեն Հովհաննիսյանը ձերբակալվել էր նախընտրական պաստառի հետ կապված միջադեպից հետո։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի խոսքով՝ նա պոկել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաստառը։ Իրավապահները քրեական վարույթ էին նախաձեռնել նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեղադրանքով։
Տղամարդուն տեղափոխել էին ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայր։ Մայիսի 16-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցները նկատել էին նրա վարքագծում այնպիսի դրսևորումներ, որոնք բնութագրել էին որպես հոգեկան անհավասարակշռություն։ Շտապօգնություն էին կանչել։ Բժշկի ցուցումով Հովհաննիսյանին ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել էին «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն։ Ժամը 18։07-ին հաղորդագրություն էր ստացվել, որ նա ինքնասպանություն է գործել։
Human Rights Watch-ը պահանջել էր պարզել, թե ինչ հիմքով էր անհրաժեշտություն առաջացել ձերբակալելու Հովհաննիսյանին, որքան ժամանակ էր նա անցկացրել ոստիկանության պահման վայրում, արդյոք բժիշկը զննել էր նրան, հնարավորություն ունեցել էր կապ հաստատելու փաստաբանի հետ, և ինչ անվտանգության միջոցներ էին ձեռնարկվել հոգեբուժական կենտրոն տեղափոխելուց հետո։
Կազմակերպությունն ուշադրություն էր հրավիրել նաև ավելի ընդհանրական խնդրի վրա. Հայաստանում հոգեբանական և ճգնաժամային օգնությունը շարունակում է բավարար չափով հասանելի չլինել, իսկ հոգեսոցիալական խնդիրներ ունեցող մարդկանց հաճախ մեկուսացնում են՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու փոխարեն։
Ի՞ՆՉ Է ՍՏԱՑՎՈՒՄ։ Նախընտրական պաստառի շուրջ միջադեպից հետո մարդուն նախ տեղափոխում են ոստիկանության պահման վայր, այնուհետև՝ հոգեբուժական կենտրոն, իսկ նույն օրը երեկոյան արդեն հայտնում են նրա մահվան մասին։ Մի՞թե իրադարձությունների այս հաջորդականությունը ամենայն մանրամասնությամբ հետաքննելու պահանջ չի առաջացնում։ Մի՞թե կարելի է բավարարվել ինքնասպանության մասին հաղորդագրությամբ՝ առանց սպառիչ պատասխաններ տալու ոստիկանության և բուժանձնակազմի գործողությունների վերաբերյալ։
ԱՌԱՆՁԻՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԻ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ։ Գեներալ-լեյտենանտ, պաշտպանության նախկին փոխնախարար, Ազգային ժողովի պատգամավոր և «Երկրապահ» կամավորականների միության նախագահ։
Նրան ձերբակալել էին 2018 թվականի հունիսին։ Մեղադրանքները վերաբերում էին զենքի ապօրինի պահպանմանը, զինծառայողների համար նախատեսված գույքի յուրացմանը, պետական միջոցների վատնմանը և այլ հանցագործությունների։ Գրիգորյանը չէր ընդունում իր մեղքը։
2018 թվականի դեկտեմբերին դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել, սակայն արդեն 2019 թվականի հունվարին Վերաքննիչ դատարանը բեկանել էր այդ որոշումը, և գեներալը կրկին հայտնվել էր կալանքի տակ։
Նրա առողջական վիճակը ծանր էր։ Գրիգորյանը բուժվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում, առողջական լուրջ խնդիրներ ուներ և ի վիճակի չէր լիարժեք մասնակցելու դատական նիստերին։ 2019 թվականի մայիսից սկսած՝ պաշտպանական կողմը խափանման միջոցը փոխելու ավելի քան տասը միջնորդություն էր ներկայացրել։ Բոլորն էլ մերժվել էին։
ԱՎԵԼԻ ՔԱՆ ՏԱՍԸ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ։ Եվ դրանցից ոչ մեկը չփոխեց ծանր հիվանդ մարդուն կալանքի տակ պահելու որոշումը։ Միայն 2020 թվականի հունվարի 14-ին, երբ Գրիգորյանին տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, դատաբժշկական փորձագետը եզրակացրել էր, որ գեներալի վիճակը կյանքին վտանգ է սպառնում, և նա այլևս չի կարող մնալ քրեակատարողական հիմնարկում։
Հաջորդ օրը դատախազությունը նախաձեռնեց դատարանի արտահերթ նիստ։ Գրիգորյանն ազատ արձակվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ 2020 թվականի նոյեմբերի 19-ին նա մահացավ։
ԵՎ ԱՀԱ ՀԻՄԱ՝ ԱՐՍԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ։ Հոկտեմբերի 21-ին նրան ձերբակալեցին, հոկտեմբերի 25-ին Ստեփանավանում տեղի ունեցան ընտրությունները, իսկ նոյեմբերի 10-ին հայտնի դարձավ, որ նա մահացել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։
Քրեակատարողական ծառայությունը հայտնել է, որ առաջին օգնությունը ցուցաբերել է հերթապահ բուժակը, ապա կանչվել է շտապօգնություն։ Առանձին շեշտվել է նաև, որ կալանավորը առողջական գանգատներ չի ունեցել։
Новость о смерти Арсена Геворгяна одно из провластных СМИ озаглавило следующим образом: «Кандидат в мэры Степанавана, раздававший избирательные взятки в пользу калужского Само, умер в месте заключения».
Այս վերնագիրն իշխանական քարոզչության բարոյական դեմքի բավական խոսուն բնութագիր է։ Մարդը մահացել է, բայց նրա հասցեին քարոզչական թույնը դեռ չեն սպառել։ Դեռ ավելին՝ մահվան լուրն են օգտագործում՝ նրան հանցագործի պիտակ կպցնելու և հանրության աչքում վարկաբեկելու համար։ Գևորգյանը մեղադրվում էր ընտրակաշառք բաժանելու մեջ, սակայն դատարանը նրա մեղավորությունը չէր հաստատել։ Իշխանությանը սպասարկող լրատվամիջոցի համար, պարզվում է, դատավճիռն ավելորդ մանրուք է. բավական է իշխանական քարոզչական թեզը, և մարդն արդեն հանցագործ է՝ նույնիսկ մահվանից հետո։
Հայ ժողովրդի բարոյական արժեհամակարգում հանգուցյալի հիշատակի հանդեպ հարգանքը սրբազան սահման է։ Կարելի է վիճել մարդու հետ, չընդունել նրա հայացքները, դատապարտել նրա արարքները, բայց մահացածի վրա քար նետելը խոսում է նախ և առաջ այդ քարը նետողի բարոյական նկարագրի մասին։
Նիկոլ Փաշինյանի և նրա մերձավոր շրջապատի քաղաքական ու հանրային խոսքի այս դրվագը դժվար է համատեղել այն արժեքների հետ, որոնց վրա հենվում է հայ հասարակության բարոյական պատկերացումների զգալի մասը։
ՆՐԱՆՔ ԲՈԼՈՐԸ ԴԱՐՁԵԼ ԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ԶՈՀ։Այս ձերբակալություններից յուրաքանչյուրի հետևում Նիկոլ Փաշինյանի կողմից հետևողականորեն սերմանվող քաղաքական անհանդուրժողականության մթնոլորտն է։ Նա հրապարակավ իր ընդդիմախոսներին թշնամի է հայտարարում, նրանց դեմ կոշտ գործողություններ պահանջում, իսկ իրավապահ մարմինները քաղաքական այդ պահանջները վերածում են քրեական հետապնդումների, ձերբակալությունների ու կալանավորումների։ Ահա այսպես է ձևավորվում մի համակարգ, որտեղ վարչապետի հետ անհամաձայնությունն արդեն իսկ հետապնդման առիթ է:
Քաղաքական հետապնդումների այս արշավի ծավալների մասին պատկերացում է տալիս հետապնդվողների անունների ցանկը։ Ներկայումս կալանքի տակ են՝
- Ռոբերտ Քոչարյան — ձերբակալվել է 2026 թվականի օգոստոսի 25-ին՝ պետական անշարժ գույքի օտարման գործով։ Հոկտեմբերի 23-ին կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
- Սեդրակ Քոչարյան — ձերբակալվել է 2026 թվականի օգոստոսի 26-ին՝ նույն քրեական վարույթի շրջանակում։ Հոկտեմբերի 23-ին կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։
- Սամվել Կարապետյան — ձերբակալվել է 2026 թվականի նոյեմբերի 4-ին՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին պատճառված վնասի վերաբերյալ նոր գործով և մեկ ամսով կալանավորվել։
- Անդրանիկ Թևանյան — ձերբակալվել է 2026 թվականի մայիսի 23-ին՝ պետական դավաճանության և պետական գաղտնիք հրապարակելու մեղադրանքներով։
- Գևորգ Ծառուկյան — ձերբակալվել է 2026 թվականի հուլիսի 7-ին՝ առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանքներով։ Նոյեմբերի 5-ին կալանքը երկարաձգվել է ևս երեք ամսով։
- Արթուր Դանիելյան — ձերբակալվել է 2026 թվականի հոկտեմբերի 7-ին՝ համացանցում խուլիգանություն գործելու և ԱԱԾ քննիչի վերաբերյալ արատավորող տեղեկություններ տարածելու մեղադրանքներով։
- Աշոտ Մինասյան — Սիսիանի կամավորական ջոկատի հրամանատար, ձերբակալվել է 2025 թվականի դեկտեմբերի 23-ին։
Քննչական մեկուսարաններից դուրս էլ կան մարդիկ, որոնց ազատությունը սահմանափակված է նախաքննական մարմնի կամ դատարանի որոշմամբ։ Նրանց նկատմամբ կիրառվել է տնային կալանք, երկրից բացակայելու արգելք կամ վարչական հսկողություն՝
- Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան՝ ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 25-ին։ Տնային կալանքը երկարաձգվել է 2026 թվականի սեպտեմբերին։
- Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան՝ ձերբակալվել է 2025 թվականի հունիսի 28-ին։ Ներկայումս նրա նկատմամբ գործում է երկրից բացակայելու արգելք։ Ավելի վաղ նա գտնվել է կալանքի տակ, ապա՝ տնային կալանքում։
- Արեգնազ Մանուկյան՝ ձերբակալվել է 2026 թվականի հուլիսի 9-ին։ Սեպտեմբերի 22-ից գտնվում է տնային կալանքի տակ։
- Արթուր Սարգսյան, «Հայաստան» դաշինքի պատգամավոր՝ ձերբակալվել է 2025 թվականի հուլիսի 9-ին։ Գտնվում է տնային կալանքի տակ։
- Ալիկ Ալեքսանյան՝ 2026 թվականին տեղափոխվել է տնային կալանքի։ Այդ խափանման միջոցը գործում է սեպտեմբերի 30-ից։
- Արմեն Աշոտյան՝ առաջին անգամ ձերբակալվել է 2023 թվականի հունիսի 15-ին, կրկին՝ 2026 թվականի հունիսի 6-ին։ 2026 թվականի հուլիսին կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Նրա հետագա դատավարական կարգավիճակը ճշտման կարիք ունի։
- Արման Սարգսյան՝ 2026 թվականին տեղափոխվել է տնային կալանքի։
- Արսեն Մելիքյան՝ 2026 թվականին տեղափոխվել է տնային կալանքի։
- Լիլիա Սարգսյա՝ 2026 թվականին տեղափոխվել է տնային կալանքի։
- Վահան Չախալյան՝ ձերբակալվել է 2025 թվականի հուլիսի 4-ին։ 2026 թվականի սեպտեմբերի 4-ից գտնվում է վարչական հսկողության տակ։
- Վարդան Ղուկասյան, Գյումրու քաղաքապետ՝ ձերբակալվել է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին։ Գտնվում է տնային կալանքի տակ։
- Դավիթ Համբարձումյան, Մասիսի նախկին քաղաքապետ՝ ձերբակալվել է 2025 թվականի հոկտեմբերի 28-ին։ Վերաքննիչ քննության ընթացքում գտնվում է տնային կալանքի տակ։
- Վազգեն Սաղաթելյան՝ ձերբակալվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին։ Գտնվում է տնային կալանքի տակ։
- Նարեկ Սամսոնյան՝ ձերբակալվել է 2025 թվականի նոյեմբերի 13-ին։ Գտնվում է տնային կալանքի տակ, նրան արգելված է նաև հրապարակումներ անել։
- Արթուր Ավանեսյան՝ ձերբակալվել է 2026 թվականի ապրիլի 27-ին։ Կալանքում և տնային կալանքում գտնվելուց հետո՝ 2026 թվականի սեպտեմբերի 23-ին, նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն։
Այս անուններից յուրաքանչյուրի հետևում խեղված ճակատագիր է, խլված ազատություն, հուսահատության եզրին հայտնված ընտանիք։ Ոմանց Նիկոլ Փաշինյանը բանտ է ուղարկել, մյուսներին պահում է տնային կալանքի կամ վարչական հսկողության տակ՝ պետական կառույցները դարձնելով քաղաքական հակառակորդների հետ հաշվեհարդար տեսնելու գործիք։ Իսկ երբ մարդիկ մահանում են կալանքի տակ, իշխանությունը բավարարվում է չոր, պաշտոնական բացատրություններով՝ ասես խոսքը իրեն չվերաբերող մի դժբախտության մասին է։ Բայց սա ուրիշի դժբախտությունը չէ և հերթական գերատեսչական միջադեպը չէ։ Փաշինյանն անձամբ պատասխանատու է իր ստեղծած քաղաքական հետապնդումների մթնոլորտի համար և քաղաքական պատասխանատվություն է կրում թե՛ իր իշխանության կողմից ազատությունից զրկված մարդկանց ճակատագրերի, թե՛ կալանքի տակ գտնվող մարդկանց մահվան համար։
Քաղաքացիներից օրենքի պահպանում պահանջող պետությունն ինքը չի կարող խուսափել սեփական պատասխանատվությունից։


