ԱՂԱՆԴՆԵՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ․ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԻՆՉԵՎ ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆ․ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը դիմեց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ հարցնելով Հայաստանի զինված ուժերում մահվան և ինքնասպանության դեպքերի աճի պատճառների մասին։

Պողոսյանը տեղեկացրեց, որ այդ դեպքերի առթիվ հարուցված քրեական վարույթներն անձամբ իր վերահսկողության տակ են։ Քննչական կոմիտեն ուսումնասիրում է զինծառայողների մահվան հանգամանքները, ինչպես նաև այն գործոնները, որոնք կարող էին հանգեցնել ողբերգական հետևանքների։

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ քննության ընթացքում ի հայտ են եկել դեպքեր, երբ զինծառայողների ինքնասպանությունները կարող էին կապված լինել որոշակի աղանդավորական կազմակերպությունների անդամակցելու հանգամանքի հետ։ Պողոսյանը պատմեց նաև մի անձի մասին, որը, ըստ քննության նյութերի, ինքնասպանության հակումներ ուներ և քարոզում էր ինքնասպանության վարքագիծը։ Նրա մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, որոնք, ներգրավված մասնագետների պնդմամբ, բնորոշ են նման հակումներ ունեցող մարդկանց։

Ի հայտ եկած հանգամանքների կապակցությամբ Քննչական կոմիտեի նախագահը մտադիր է գրություն ուղարկել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին։ Այսպիսով, գերատեսչության ղեկավարը բարձրաձայնել է մի խնդրի մասին, որը դուրս է առանձին քրեական վարույթների շրջանակից․ խոսքը զինծառայողների վրա կրոնական կազմակերպությունների հնարավոր ներգործության և բանակի անվտանգության համար դրանից բխող վտանգների մասին է։

Պողոսյանի հայտարարությունը հատկապես ուշագրավ է Հակակոռուպցիոն ազգային նախաձեռնության (ՀԱՆ)՝ «Գաղտնի եկեղեցի․ ինչպես են աղանդները Հայաստանը վերածում օտարերկրյա ազդեցության հենակետի» խորագրով հետաքննության համատեքստում։

ՀԱՆ-ի հետաքննության մեջ ուսումնասիրվում են Հայաստանում գործող արտասահմանյան կրոնական կազմակերպությունների գործունեությունը, դրանց միջազգային կապերը, հետևորդներ ներգրավելու մեթոդներն ու քաղաքական իշխանության ներկայացուցիչների հետ ունեցած շփումները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվում 2018 թվականին բողոքական «Կյանքի խոսք» կազմակերպության քաղաքական ակտիվությանը, դրա ներկայացուցիչների կապերին Նիկոլ Փաշինյանի շրջապատի հետ, «Եհովայի վկաների» գործունեությանը, ինչպես նաև այն կրոնական համայնքների ձևավորման մեխանիզմներին, որոնք ունակ են հասարակական և քաղաքական մոբիլիզացիայի։

Առանձին ուշադրություն է դարձվում զինվորական ծառայության խնդրին։ 2011 թվականին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռից և 2013 թվականի հաջորդած բարեփոխումից հետո Հայաստանում ներդրվեց այլընտրանքային ծառայության համակարգը։ Միջազգային ճնշումն ու դատական որոշումները դարձան խղճի ազատության պահանջներին համապատասխան ազգային օրենսդրությունը փոփոխելու գործընթացի մի մասը։ Միևնույն ժամանակ, ՀԱՆ-ի հետաքննությունն ուշադրություն է հրավիրում տարբեր կրոնական միավորումների ներկայացուցիչների՝ այլընտրանքային ծառայություն ստանալու հարցում առկա անհավասար գործելակերպի վրա։

Այլընտրանքային ծառայությունն օրենքով նախատեսված ինստիտուտ է և կապված է խղճի ազատության իրավունքի հետ։ Սակայն դրա պատմությունը ցույց է տալիս, թե որքան մեծ ազդեցություն կարող են ունենալ միջազգային կրոնական կառույցներն ու իրավապաշտպան մեխանիզմները պետության ներքին քաղաքականության վրա, այդ թվում՝ այնպիսի զգայուն ոլորտում, ինչպիսին զինվորական պարտականությունն է։

Այժմ ուշադրության կենտրոնում հայտնվել է շատ ավելի մտահոգիչ մեկ այլ թեմա։ Քննչական կոմիտեի նախագահի տեղեկացմամբ՝ քննությունն ուսումնասիրում է այն հանգամանքները, որոնք կարող են վկայել զինծառայողների շրջանում ինքնասպանության քարոզչության մասին։ Խոսքը երիտասարդների հոգեբանության վրա ներգործելու մասին է, որոնցից անմիջականորեն կախված է երկրի պաշտպանունակությունը։

Այս հանգամանքների համադրությունը հիմք է տալիս արտասահմանյան կրոնական ցանցերի գործունեությունը դիտարկել նաև ազգային անվտանգության տեսանկյունից։ Խոսքը դրանց ֆինանսավորման, միջազգային կապերի, քաղաքական ակտիվության և երիտասարդների վարքագծի վրա ներգործելու հնարավորությունների մասին է։ Առանձին քննության առարկա պետք է դառնա նաև այն հարցը, թե արդյոք այդ կառույցները երիտասարդների շրջանում տարածում են զինվորական պարտականության կատարման հետ անհամատեղելի համոզմունքներ և նման գաղափարներ ներմուծում զինվորական կոլեկտիվներ։

Առանձնակի մտահոգության տեղիք է տալիս այն, որ ՀԱՆ-ի հետաքննությունը նկարագրում է արտասահմանյան կրոնական կառույցների՝ Հայաստանում տարիների ընթացքում հաստատվելը, դրանց կազմակերպական հնարավորություններն ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ կապերը։ Այս համատեքստում Քննչական կոմիտեի նախագահի հայտարարությունը՝ ինքնասպանության հնարավոր քարոզչության մասին, առավել մեծ ուշադրություն է պահանջում։

Պետությունը պարտավոր է պարզել, թե որ կազմակերպություններն են հիշատակվում քրեական վարույթներում, ովքեր են տարածել ինքնասպանության գաղափարներ, ինչ մեթոդներով է ներգործություն իրականացվել զինծառայողների վրա, և արդյոք առնչություն ունեցող անձինք կապեր ունեն արտերկրում գործող համակարգող կամ ֆինանսավորող կենտրոնների հետ։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է ստուգի բոլոր այն հանգամանքները, որոնք կարող են առնչվել զինված ուժերի անվտանգությանը։

Միջազգային ճնշման ներքո զինվորական ծառայության կարգի փոփոխության պահանջներից մինչև զինծառայողների շրջանում ինքնասպանության հնարավոր քարոզչության մասին տեղեկությունները՝ պետության ուշադրությունն ու քննությունը պահանջող հարցերի շրջանակը բավական լայն է։ Խնդրի հիմքում արտասահմանյան կրոնական կազմակերպությունների ազդեցության սահմաններն են, հասարակական գործընթացներին դրանց միջամտությունն ու այդ գործունեության հետևանքները Հայաստանի պաշտպանունակության համար։

Հայաստանը չի կարող թույլ տալ, որ զինվորական պարտականության, զինծառայողների հոգեբանական վիճակի և բանակի անվտանգության հարցերը դուրս մնան հատուկ ծառայությունների ուշադրությունից։ Ինքնասպանության գաղափարների տարածման, հոգեբանական ճնշման և ինքնասպանության դրդելու հաստատված փաստերը պետք է հանգեցնեն կոնկրետ մեղավորների բացահայտմանն ու օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելուն։

Այս խնդիրը վաղուց դուրս է եկել կրոնական բանավեճի շրջանակներից։ Խոսքը ազգային անվտանգության, բանակի կայունության և սեփական զինծառայողներին կործանարար ներգործությունից պաշտպանելու պետության կարողության մասին է։