«ԷՐԱՏՈՆ» ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ․ ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՑԻՆԻԶՄԸ ՍԱՀՄԱՆՆԵՐ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ

Պետական արժանապատվությունից խոսող Աննա Հակոբյանը հայտարարում է, թե տեղյակ չէ Անուշ Ապետյանի գերեվարման, խոշտանգումների և սպանության հանգամանքներից, քանի որ դա իր գործառույթների մեջ չի մտնում։ Այդ պատասխանը պարզապես անհավանական է։ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական հարձակման ժամանակ հայ կին զինծառայողի նկատմամբ կատարված վայրագությունների մասին խոսում էր ամբողջ Հայաստանը։ Դրանք ցնցել էին երկիրը, լայնորեն լուսաբանվում էին մամուլում։ Աննա Հակոբյանը չէր կարող չլսել։ Բայց, պարզվում է, հայ կնոջ դաժան սպանությունը նրա ուշադրությանն արժանի թեմա չէ։

Հիշենք, թե ինչով էր զբաղված Հակոբյանը պատերազմի օրերին։ Նա կազմավորեց «Էրատո» կանանց ջոկատը՝ հայտարարելով, որ պատրաստվում են մեկնել սահման և պաշտպանել հայրենիքը։ Պատերազմի օրերին նա հայտնվել էր նաև Արցախի պաշտպանության բանակի հրամանատարական կետում՝ մի վայրում, որտեղ կողմնակի անձանց մուտքն արգելված էր։ Գեներալ Մովսես Հակոբյանը 2020 թվականի նոյեմբերի 19-ին պատմեց, որ այնտեղ տեսել է վարչապետի կնոջը՝ Սամվել Բաբայանի կողքին, ռազմական գործողությունները ցուցադրող էկրանի առջև։ Նա մոտեցել էր Աննա Հակոբյանին և խնդրել հեռանալ։ Մովսես Հակոբյանի խոսքով՝ դրանից չորս ժամ անց իրեն կանչել էին Երևան և հայտնել, որ այլևս չի կարող մեկնել Արցախ։

Ի՞նչ կարգավիճակով էր Աննա Հակոբյանը գտնվում ռազմական հրամանատարական կետում։ Ո՞վ էր նրան թույլատրել մուտք գործել այնտեղ, և ի՞նչ իրավունքով էր նա հետևում ռազմական գործողություններին։ Նա զինվորական չէր, պետական կամ ռազմական պաշտոն չէր զբաղեցնում։ Նիկոլ Փաշինյանը հետագայում կնոջ ներկայությունը բացատրեց նրանով, թե նա բարոյահոգեբանական աջակցություն էր ցուցաբերում հրամանատարությանը։ Քննչական կոմիտեն էլ հաստատել էր, որ միջադեպի հանգամանքները քննվում են։

Պատերազմից հետո՝ 2023 թվականի ապրիլի 1-ին, Աճարկուտում Հակոբյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի ընթացքում 11 հազար դասալիք ենք ունեցել՝ կրկնելով Ալիևի խոսույթը։ Այդպիսի կեղծ մեղադրանք էր հնչում զոհված զինծառայողի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ։ Իսկ Անուշ Ապետյանի ճակատագրի մասին խոսելիս նույն անձը հայտարարում է՝ տեղյակ չէ, իր գործառույթների մեջ չի մտնում։

Պետական արժանապատվության մասին խոսքերն առավել ցինիկ են հնչում Աննա Հակոբյանի շուրթերից, երբ հիշում ենք նրա և ամուսնու քաղաքական գործունեության հետևանքները։ Փաշինյանի իշխանության տարիներին Հայաստանը պարտվեց պատերազմում, կորցրեց Արցախը, իսկ Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել մեր երկրին։ Հայաստանի տարածքային ամբողջականությանն ուղղված ադրբեջանական հավակնությունները, Բաքվի սպառնալիքներն ու Հայաստանի նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունքը դարձել են մեր առօրյա իրականությունը։ Այս ամենի պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը՝ իր քաղաքական թիմով և մերձավոր շրջապատով։

Երևի հենց պետական արժանապատվությունն էր Աննա Հակոբյանին մղում ամենակեղտոտ ձևով հարձակվել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա։ Իշխանությունը հետևողական պայքար է սկսել Եկեղեցու և հոգևորականների դեմ, քրեական հետապնդումներ են հարուցվում, հոգևորականներ են ձերբակալվում, իսկ կառավարության պատվերով պատրաստվում են զեկույցներ՝ Եկեղեցու ղեկավարության դեմ։

Երևի նույն պետական արժանապատվությունից ելնելով է Աննա Հակոբյանի ամուսինը կատարում Իլհամ Ալիևի պահանջները։ Ալիևը պահանջում է Հայաստանի Սահմանադրության փոփոխություն, իսկ Փաշինյանը հայտարարում է նոր Սահմանադրություն ընդունելու մտադրության մասին՝ նախատեսելով դրանում Անկախության հռչակագրին հղման բացակայությունը։ Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովում նա կրկին հաստատել է, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի առաջիկա ամիսներին։ Այսպիսով, Բաքուն պահանջում է, Փաշինյանն էլ իր օրակարգն է դարձնում այդ պահանջի հետ համընկնող փոփոխությունները։

Փաշինյանն ու Աննա Հակոբյանը տարիներ շարունակ հետևողականորեն խորացրել են հասարակության պառակտումը՝ մարդկանց բաժանելով «նախկինների» ու «ներկաների», «արցախցիների» ու «հայաստանցիների», ռուսամետների ու արևմտամետների, իշխանության համակիրների ու հակառակորդների։ Այդ բաժանարար գծերը պատահական չեն առաջացել․ դրանք դարձել են իշխանության քաղաքական գործելակերպի մի մասը՝ սեփական կողմնակիցներին համախմբելու համար մյուսներին թշնամի ներկայացնելու հաշվին։ Հիմա էլ այդ թշնամանքի թիրախում են հայտնվել Հայ Առաքելական Եկեղեցին, հավատացյալներն ու Եկեղեցուն սատարողները։ Երկրում ձևավորված անհանդուրժողականության և փոխադարձ թշնամանքի մթնոլորտի քաղաքական պատասխանատվությունը կրում է հենց այն իշխանությունը, որը տարիներ շարունակ հասարակությանը համախմբելու փոխարեն նորանոր բաժանարար գծեր է քաշել։ Եվ այս ամենից հետո Աննա Հակոբյանը հանդես է գալիս հասարակական պառակտման մասին խոսքերով՝ կարծես մոռանալով, որ ինքը այդ պառակտումը խորացրած քաղաքականության անմիջական մասնակիցն է եղել։

Մինչդեռ Աննա Հակոբյանի հանրային օրակարգում ընտանեկան բռնության դեմ պայքարն է, կրթությունը և իր նախաձեռնած այլ ծրագրերը։ Այդ թեմաները, անշուշտ, կարող են իրենց տեղն ունենալ հասարակական կյանքում։ Բայց ինչո՞ւ է հայ ժողովրդի համար այս օրհասական պահին Հակոբյանի օրակարգը մատուցվում որպես առաջնային, երբ հայ գերիների ճակատագիրը, Անուշ Ապետյանի սպանությունը, Հայաստանի անվտանգությանն սպառնացող վտանգներն ու Ադրբեջանի շարունակական պահանջները մղվում են երկրորդ պլան։ Ինչո՞ւ է նրա համար այդքան կարևոր սեփական նախաձեռնությունների հանրայնացումը, մինչդեռ հայ գերիների և երկրի առջև ծառացած վտանգների մասին խոսելիս նույն ակտիվությունը չի նկատվում։

Գուցե Աննա Հակոբյանի առաջ մղած այս արհեստական օրակարգերն իրենց իրական նպատակի՞ն են ծառայում՝ հասարակության ուշադրությունը շեղելով այն խնդիրներից, որոնց համար պատասխանատու է իր ամուսինը։ Մարդկանց առաջարկվում է զբաղվել ընտանեկան բռնության դեմ արշավներով ու կրթական նախաձեռնություններով, մինչդեռ երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունն ու ազգային շահերը ենթարկվում են շարունակական հարվածների։

Աննա Հակոբյանը կարող է խոսել պետական արժանապատվությունից այնքան, որքան ցանկանում է։ Բայց այդ բառերը չեն կարող ծածկել իր և ամուսնու քաղաքականության հետևանքները։ Պետական արժանապատվությունը չի սկսվում հրապարակային ելույթից և չի ավարտվում այն պահին, երբ խոսքը վերաբերում է հայ գերիներին, զոհվածներին, ազգային Եկեղեցուն կամ Հայաստանի ինքնիշխանությանը։ Իսկ Անուշ Ապետյանի մասին «չեմ լսել» հայտարարությունը շատ ավելի խոսուն է, քան պետական արժանապատվության մասին Հակոբյանի բոլոր ճառերը։