ՓԱՇԻՆՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՓԼՈՒԶՄԱՆ ՄԵՂԱՎՈՐԻ ԴԵՐ Է ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ինչի էր Հայաստանին պետք եվրաինտեգրման մասին օրենքը։ Ինչո՞ւ անհրաժեշտ եղավ վավերացնել Հռոմի ստատուտը։ Ի՞նչ նպատակով են Նիկոլ Փաշինյանն ու նրա նախարարները հետևողականորեն հակառուսական հռետորաբանությամբ հանդես գալիս՝ քայլ առ քայլ փչացնելով Մոսկվայի հետ հարաբերությունները։

Աշխարհաքաղաքական բացատրությունն ակնհայտ է․ Արևմուտքն ու Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրսմղմամբ։ Սակայն կա նաև մեկ այլ՝ շատ ավելի առօրեական բացատրություն։ Փաշինյանի և նրա թիմի անձնական շահերը։

2018 թվականից ի վեր Հայաստանի պետական պարտքը հասել է բոլորովին այլ չափերի։ Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2018 թվականի վերջին պետական պարտքը կազմում էր շուրջ 6,92 միլիարդ դոլար։ Իսկ 2027 թվականի բյուջեի հրապարակված նախագծի համաձայն՝ հաջորդ տարվա վերջին այն կարող է հասնել 17,83 միլիարդ դոլարի։ Կառավարությունը պարտք էր վերցնում, ավելացնում ծախսերը, պարգևավճարներ բաժանում, գնումներ կատարում մեկ անձից, արտոնություններ տալիս իշխանությանը մերձավոր օլիգարխներին և ֆինանսավորում կասկածելի ծրագրեր։ ANIF-ի պատմությունը, որի առնչությամբ ԱՄՀ-ն պետական ներդրումների կառավարման վերաբերյալ դժգոհություններ էր ներկայացրել, պետական միջոցների տնօրինման այդ գործելակերպի ընդամենը մեկ օրինակն է։

Թե այս քաղաքականության տնտեսական շահաբաժիններն ում գրպանն են գնացել՝ հայտնի է։ Իսկ դրա հաշիվը վճարելու են բոլորը։ 2027 թվականին միայն պետական պարտքի տոկոսավճարները պետք է կազմեն շուրջ 1,15 միլիարդ դոլար։ Մայր գումարի մարումները ներառյալ՝ պետությունը վարկատուներին կվճարի մոտ 2,73 միլիարդ դոլար։

Հայաստանի նման փոքր տնտեսության համար սա արդեն հաշվապահական մանրուք չէ։ Սա տարիներ շարունակ պարտքով երկիր կառավարելու գինն է։

Այս ֆոնին Կենտրոնական բանկը մատնանշում է գնաճային ռիսկերը, առանձին ոլորտներում առկա խնդիրներն ու արտահանման հեռանկարների հետագա վատթարացման վտանգը։ Հատկապես խոցելի է կախվածությունը ռուսական շուկայից։ Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը նվազում է, ռուսական սահմանափակումներն անդրադառնում են հայ արտադրողների վրա։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ պետական պարտքի սպասարկումը բյուջեից ավելի ու ավելի մեծ միջոցներ է պահանջում։

Ահա այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը։

Մոսկվայի հետ հարաբերությունների վատթարացումը Փաշինյանի համար կարող է դառնալ բավական հարմար քաղաքական գործիք։ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը, սակայն իշխանությունը համառորեն ցույց է տալիս, որ ցանկանում է ազատվել այդ կախվածությունից։ Տնտեսության ինքնիշխանության մասին գեղեցիկ խոսքերի ներքո խզվում են կապերը մի շուկայի հետ, որը տասնամյակներ շարունակ ապահովել է հայկական արտադրանքի իրացումը։

Նոր շուկանե՞ր։ Եկամտի այլընտրանքային աղբյուրնե՞ր։ Տուժող արտադրողներին փոխհատուցե՞լ։ Այս ամենի մասին խոսքերը շատ ավելի անհամոզիչ են հնչում, քան եվրոպական հռչակագրերն ու անկախության մասին ճառերը։

Ավելին՝ սահմանափակումները հենց Մոսկվան էլ կիրառում է, իսկ Երևանը հնարավորություն է ստանում սեփական արտաքին քաղաքականության հետևանքները ներկայացնել որպես ռուսական ճնշման արդյունք։ Կառավարության ապագա արդարացումների համար հիանալի հող է նախապատրաստվում։ Փաշինյանը գործում է բավական խորամանկ, բայց միաժամանակ պարզունակ սխեմայով․ Ռուսաստանի հետ հարաբերությունները միտումնավոր բերվում են առճակատման, ապա դրանից բխող տնտեսական կորուստները ներկայացվում որպես ռուսական թշնամանքի ապացույց։

Հռոմի ստատուտը, եվրաինտեգրումը, հակառուսական հայտարարությունները տեղավորվում են քաղաքական այս գծի մեջ։ Արևմուտքին անհրաժեշտ է Ռուսաստանի հեռացումը Հարավային Կովկասից։ Թուրքիան շահագրգռված է սեփական ազդեցության ընդլայնմամբ։ Իսկ Փաշինյանին քաղաքական ապահովագրություն է պետք այն դեպքի համար, երբ իր տնտեսական փորձարկումներն ավարտվեն միանգամայն կանխատեսելի ձախողմամբ, և քաղաքացիները սկսեն հարցեր տալ՝ «ո՞ւր են գնացել այդքան գումարները»։

Պետական պարտքի բեռը կդառնա անտանելի, արտահանումը կշարունակի նվազել, իսկ բյուջեն կխեղդվի պարտքի սպասարկման վճարների ծանրության տակ։ Այդ ժամանակ Փաշինյանն, իր սովորության համաձայն, կասի, թե պատասխանատվությունն իր վրա է վերցնում, բայց մեղավոր կհռչակի Ռուսաստանին։ Ճիշտ այնպես, ինչպես 2020 թվականից ի վեր բոլոր դժբախտությունների մեղավոր էին հռչակվում «նախկինները»։

Ոչ ոք այլևս չի հիշի բյուջետային մսխումների, պաշտոնյաներին բաժանված պարգևավճարների, կասկածելի գործարքների, անթափանց ներդրումային ծրագրերի, մրցույթներից դուրս՝ «յուրայիններից» կատարված պետական գնումների, անարդյունավետ պետական ծրագրերի ու տարիներ շարունակ կուտակված պարտքերի մասին։ Ոչ ոք չի փորձի պարզել, թե ուր են գնացել այդ գումարները և ովքեր են դրանց հաշվին հարստացել։

Մեղավորներ կհռչակվեն Մոսկվան ու նրանից տնտեսական կախվածությունը։ Իսկ երկիրը պարտքային կախվածության հասցրած կառավարությունը կրկին կսկսի խոսել «դժվար որոշումների» անհրաժեշտության և աշխարհաքաղաքական հերթական շրջադարձի մասին։

Աշխարհաքաղաքականությունը՝ աշխարհաքաղաքականություն, բայց թալանածն էլ է պետք փրկել, սեփական քաղաքական կաշին էլ։