ԱՐՄԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՏԱՆՈՒՄ Է ԴԵՊԻ ՆՈՐ ԱՂԵՏ

,

Լիհայի համալսարանի պրոֆեսոր, քաղաքական գիտությունների դոկտոր Արման Գրիգորյանը Հայաստանի արտաքին քաղաքականությունը գնահատում է որպես «շատ սխալ և շատ վտանգավոր հունով» ընթացող քաղաքականություն՝ զգուշացնելով, որ իշխանությունների ռազմավարական հաշվարկները հիմնված են պատրանքների վրա և կարող են երկիրը կանգնեցնել նոր աղետի առաջ։

Գայանե Առաքելյանի հետ հարցազրույցում Գրիգորյանը կասկածի տակ է դրել Նիկոլ Փաշինյանի իշխանության՝ Ռուսաստանի հետ անվտանգության հարաբերությունները թուլացնելու և Արևմուտքի հետ ինտեգրումն առաջ մղելու քաղաքականության հիմնավորվածությունը։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունները ռազմավարական կողմնորոշման փոփոխության մտադրությունը բազմիցս արտահայտել են, սակայն չեն ներկայացրել այն այլընտրանքները, որոնք կարող են փոխարինել Ռուսաստանի հետ գործող անվտանգային համագործակցությանը։

Քաղաքագետը ուշադրություն է հրավիրել մի հակասության վրա․ Հայաստանի իշխանությունները դժգոհում են ՀԱՊԿ-ից, հայտարարում կազմակերպության գործունեությանը մասնակցությունը չվերսկսելու մասին, սակայն միաժամանակ չեն դիմում կառույցից վերջնականապես դուրս գալու քայլին։ Գրիգորյանի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հիմքում ավելի խոր խնդիր է՝ հայ-ռուսական հարաբերությունների վերանայման և երկրի ռազմավարական կողմնորոշումը փոխելու իշխանությունների մտադրությունը։

Նա զգուշացրել է, որ Երևանում հաճախ անտեսում են Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների իրական վիճակը։ Մոսկվան արևմտյան երկրների հետ ռազմաքաղաքական ինտեգրումը դիտարկում է որպես իր անվտանգության շահերին սպառնացող գործընթաց։ Այս պայմաններում Հայաստանի իշխանությունների այն հաշվարկը, թե կարելի է առանց հետևանքների խորացնել համագործակցությունն Արևմուտքի հետ՝ միաժամանակ պահպանելով Ռուսաստանի հետ նախկին հարաբերությունները, Գրիգորյանը համարում է իրականությունը հաշվի չառնող մոտեցում։

Քաղաքագետի համոզմամբ՝ Հայաստանի գլխավոր խնդիրը Ռուսաստանի հետ ունեցած դժգոհությունները չէ, այլ այն, որ իշխանությունները չեն ներկայացնում դրանց իրատեսական այլընտրանքը։ Նա սկզբունքորեն դեմ չէ Ռուսաստանի հետ միակողմանի կախվածությունը նվազեցնելուն և արտաքին քաղաքականությունը հավասարակշռելուն, սակայն պահանջում է կոնկրետ պատասխաններ․ ո՞վ է պատրաստ Հայաստանին տրամադրել անվտանգության այն երաշխիքները, որոնք այսօր կապվում են Ռուսաստանի հետ, և ո՞վ է պաշտպանելու երկիրը Մոսկվայի հնարավոր հակազդեցությունից։

Գրիգորյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև Ռուսաստանի հնարավոր արձագանքը։ Նրա խոսքով՝ կտրուկ շրջադարձի պարագայում Հայաստանը կարող է ստիպված լինել պաշտպանվել միաժամանակ երեք ուղղությամբ։ Այս համատեքստում նա առանձնացրել է նաև Իրանի գործոնը՝ ընդգծելով, որ Հայաստանի ռազմավարական կողմնորոշման փոփոխությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Թեհրանի հետ հարաբերությունների համար։ Այդ հաշվարկների պատասխանատվությունն առաջին հերթին կրում են երկրի իշխանությունները։

Առանձին անդրադառնալով TRIPP նախագծին՝ պրոֆեսորը նշել է, որ դրա իրական բովանդակության, վերահսկողության մեխանիզմների և Հայաստանի ինքնիշխանության պահպանման վերաբերյալ դեռ բազմաթիվ անպատասխան հարցեր կան։ Մի կողմից՝ Երևանը հավաստիացնում է, որ Հայաստանի ինքնիշխանությանը ոչինչ չի սպառնում, մյուս կողմից՝ Ադրբեջանը հայտարարում է, թե հայկական կողմը չի ունենալու մաքսային և սահմանային վերահսկողության լիարժեք հնարավորություն։

Գրիգորյանի գնահատմամբ՝ TRIPP-ը պետք է դիտարկել նաև աշխարհաքաղաքական ավելի լայն համատեքստում։ ԱՄՆ-ում ծրագրի շուրջ նախկինում հնչած հայտարարությունները ցույց են տվել, որ դրա նպատակներից մեկը տարածաշրջանից Ռուսաստանի ազդեցությունը դուրս մղելն է, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի միջև անխափան կապի ապահովումը։ Նա չի բացառել, որ Մոսկվան և Վաշինգտոնը կարող են համաձայնության գալ նախագծի շուրջ, սակայն ընդգծել է, որ դրա սկզբնական աշխարհաքաղաքական տրամաբանությունը չի կարող չանհանգստացնել Ռուսաստանին և Իրանին։

Հարցազրույցի ամենակոշտ գնահատականը հնչել է Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր ուղղության վերաբերյալ։ «Շատ սխալ, շատ վտանգավոր հունով է գնում»,– հայտարարել է Գրիգորյանը՝ հավելելով, որ իշխանությունների քաղաքականությունը հիմնված է պատրանքների վրա, և ինքը խիստ մտահոգված է, որ այն կարող է Հայաստանին նոր աղետի առաջ կանգնեցնել։

Պրոֆեսորի խոսքում առանձնահատուկ է նաև այն դիտարկումը, որ 2020 թվականի պատերազմից հետո Հայաստանը կորցրել է իր նախկին դիրքերը, իսկ արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունները կտրուկ սահմանափակվել են։ Այս պայմաններում իշխանությունները պարտավոր են բացատրել՝ ինչ են ակնկալում Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումից, ինչ կոնկրետ երաշխիքներ են ստացել և արդյոք արևմտյան երկրների շահերից իսկապես բխում է Հայաստանի անվտանգությունը։

Արման Գրիգորյանի զգուշացումները ակամա հիշեցրին Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմից հետո արտասանած հայտնի արդարացումը․ «Ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ»։ Երևի այս անգամ էլ նույն բանաձևը կփրկի վարչապետին։ Այսօր նա Հայաստանը դեպի աշխարհաքաղաքական արկածախնդրության է տանում։ Իսկ վաղը, եթե Գրիգորյանի կանխատեսած աղետը իրականություն դառնա, Փաշինյանը դարձյալ կարող է կանգնել տեսախցիկների առաջ, լուրջ դեմքով հայտարարել, որ պատասխանատու է, բայց մեղավոր չէ։ Մնում է հասկանալ՝ այս անգամ էլ ո՞վ է լինելու մեղավորը։ Էլի՞ նախկինները։