TRIPP․ ԱԼԻԵՎԸ ՍՏԱՆՈՒՄ Է ԻՐ ՈՒԶԱԾԸ, ԻՍԿ Ի՞ՆՉ Է ՄՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Քրիստինե Վարդանյանի հայտարարությունը TRIPP-ի մասին բացահայտում է մի տհաճ իրողություն․ Ադրբեջանի պահանջները համաձայնագրում հստակ գրված են, իսկ Հայաստանի ստանալիք օգուտները մնում են անորոշ։
«Հայաստան» խմբակցության պատգամավորի խոսքով՝ Բաքվի պահանջով Հայաստանը պետք է ապահովի անխոչընդոտ կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։ Նախատեսվում է նաև այնպիսի համակարգ, որի դեպքում ադրբեջանցի ուղևորներն ու բեռները սպասարկող ծառայությունը տարանջատվելու է սահմանային վերահսկողությունից։ Ալիևի ուզածը, փաստորեն, ստացել է իր ձևակերպումը։ Իսկ Հայաստանի շահերի մասին խոսվում է ընդհանուր բառերով։
Վարդանյանը մատնանշում է նաև անհամաչափությունը․ Սյունիքով անցնող ճանապարհի համար նախատեսվող ռեժիմը նույնությամբ չի տարածվում Ադրբեջանի տարածքով անցնող հատվածի վրա։ Հայ ուղևորների համար համարժեք պայմաններ ու երաշխիքներ փաստաթղթով ամրագրված չեն։ Այսինքն՝ ադրբեջանցիների անցման կարգը հստակեցվում է, իսկ հայերի համար նույն պայմանները դեռ պետք է փնտրել։
Իշխանությունը, հավանաբար, կրկին կխոսի խաղաղության, ապաշրջափակման և տնտեսական հնարավորությունների մասին։ Միայն թե գեղեցիկ խոսքերով պետության շահը չես պաշտպանի։ Եթե գործարքը փոխշահավետ է, թող հրապարակեն այն դրույթները, որոնք երաշխավորում են Հայաստանի օգուտը։ Հակառակ դեպքում մնում է հավատալ, որ մի օր այդ օգուտն ինքն իրեն կերևա։
Անորոշ են նաև TRIPP-ի կառավարման ընկերությունում Հայաստանի 26 տոկոս մասնակցության, ներդրումների ու ճանապարհի ընդգրկման մանրամասները։ Իսկ 26 տոկոս բաժնեմասը դեռ չի նշանակում, որ Հայաստանը համապատասխան ազդեցություն կունենա որոշումների վրա։ Դա որոշվում է կառավարման կանոններով, իրավունքներով և պարտավորություններով, ոչ թե տոկոսը բարձրաձայնելով։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է բացատրի, թե ինչ պայմաններով է պատրաստվում իրականացնել այս ծրագիրը և ինչպես է պաշտպանելու Հայաստանի ինքնիշխանությունը։ Արցախի կորստից ու դրա աղետալի հետևանքներից հետո հերթական հավաստիացումները բավարար չեն։ Երկիրը չափազանց թանկ գին է վճարել իշխանության սխալների համար, որպեսզի հիմա էլ ստիպված լինի վստահել չբացատրված պայմանավորվածություններին։


