ԱՐՏԱԿ ԲԵԳԼԱՐՅԱՆ․ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ․ ՆՐԱՆՔ ԲԵՆԶԻՆ ԵՆ ՆԵՐԿՐՈՒՄ, ՏԱՐԱԾՔՆԵՐ ՀԱՆՁՆՈՒՄ ԿԱՄ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը քննադատել է հայ գերիներին նամակներ փոխանցելու հարցում Հայաստանի իշխանությունների արձագանքը։ Նրա խոսքով՝ կառավարությունն ունի Բաքվում ապօրինի պահվող հայ գերիներին նամակներ հասցնելու հնարավորություններ, սակայն անհրաժեշտ հետաքրքրվածություն չի ցուցաբերում։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ Բեգլարյանը 168.am-ի հետ զրույցում նշել է, որ գերիների հարցը դուրս է մնացել Հայաստանի գործող իշխանությունների իրական առաջնահերթություններից։

«Գերիների հարցը իշխանությունների համար այնքան անկարևոր է, որ նրանք բենզին են ներկրում, տարածքներ հանձնում կամ փոխանակում, պարգևներ ստանում կամ Ալիևի հետ միմյանց մրցանակների առաջադրում։ Բնականաբար, այս կարևոր հարցով զբաղվելու ժամանակ չունեն», — նշել է նա։

Բեգլարյանի խոսքով՝ իշխանությունները կարող են ոչ միայն նամակներ փոխանցել, այլև անձամբ այցելել գերիներին ու նպաստել նրանց հայրենադարձությանը։ Սակայն, նրա գնահատմամբ, այդ հարցերը չեն մտնում գործող իշխանությունների շահերի ու ընդհանուր նպատակների շրջանակում։

Նա թվարկել է նաև նամակները Բաքու հասցնելու հնարավոր տարբերակները։ Դրանք կարելի է անձամբ փոխանցել, հանձնել Հաջիևին կամ Հայաստան այցելող այլ հյուրերի միջոցով ուղարկել հասցեատերերին։ Բեգլարյանի խոսքով՝ նամակները կարող են փոխանցվել նաև բենզինի ներկրմամբ կամ կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերություններին, որպեսզի դրանք հասցնեն հայ գերիներին։

Եթե նամակներն անմիջապես Բաքու հասցնելը դժվար է, կարելի է դիմել այլ պետությունների կամ կազմակերպությունների միջնորդությանը։ Բեգլարյանի համոզմամբ՝ ցանկության դեպքում նամակները կարելի է ուղարկել անգամ «Հայփոստի» միջոցով։

«Բայց արդյո՞ք նրանք ընդհանրապես ցանկություն ունեն որևէ կերպ օգնելու գերիներին։ Եթե այդ ցանկությունը չկա, նրանք կդիմեն ամեն տեսակ մանիպուլյացիաների ու շահարկումների, կեղծիքներ կտարածեն ինչ-որ ձայնագրությունների ու զրպարտության մասին», — հայտարարել է Բեգլարյանը։

Նա գործող իշխանությունների գործելաոճն անվանել է հայտնի մեթոդ՝ ոչինչ չանել, միայն թե պատահմամբ չշեղվել գլխավոր նպատակից՝ իշխանությունը պահելուց։

Միևնույն ժամանակ Բեգլարյանն ակնկալում է, որ կառավարությունը սահմանված՝ մեկամսյա ժամկետում գրավոր կպատասխանի իր դիմումին։ Նա հույս է հայտնել, որ իշխանություններն առնվազն կպահպանեն օրենքով նախատեսված վարչական ընթացակարգը։

«Պատասխանը ստանալուց հետո դրա բովանդակությանը համապատասխան կարձագանքեմ։ Ինչ վերաբերում է բանավոր արձագանքին, ապա դրանից ավելի դրական պատասխան չէի էլ սպասում։ Միշտ էլ հույս կա, որ պատասխանը կառուցողական կլինի, բայց, հաշվի առնելով նախորդ փորձը, հենց այսպիսի արձագանքն էր առավել սպասելի», — ընդգծել է Արտակ Բեգլարյանը։