ՓԱՇԻՆՅԱՆԸ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կարելի՞ է դեմ լինել խաղաղությանը։ Իհարկե՝ ոչ։ Ցանկացած նորմալ մարդ խաղաղություն է ուզում։ Բայց հարցն այն է, թե ինչ է իրականում թաքնված «խաղաղություն» բառի հետևում, ով է վճարում դրա գինը, և ի՞նչ է մնում այն պետությունից, որը որոշել է գնել այդ խաղաղությունը։ Մի բան է հարևանների հետ բանակցել՝ պաշտպանելով սեփական շահերը, և բոլորովին այլ բան՝ մեկը մյուսի հետևից զիջել դիրքերը, ապա սեփական ժողովրդին համոզել, թե այլընտրանք չկա։ Հատկապես երբ խոսքը Ադրբեջանի մասին է, որի թիկունքին կանգնած է Թուրքիան, իսկ բանակցություններն ընթանում են պատերազմից, ռազմական պարտությունից և Արցախը կորցնելուց հետո։
Բայց պետությունը վարչապետի անձնական նախագիծը չէ։ Ազգային անվտանգությունն էլ քաղաքական փիարի առարկա չէ։
Նիկոլ Փաշինյանն արդեն տարիներ շարունակ ղեկավարում է Հայաստանը։ Հետևաբար նրա քաղաքականությունը վաղուց պետք է գնահատել ոչ թե խոստումներով, ճառերով կամ հերթական հայտարարություններով, թե ընտրված ուղին անխուսափելի է, այլ կոնկրետ արդյունքներով։ Ի՞նչ է պահպանել Հայաստանը։ Ի՞նչ է կորցրել։ Ի՞նչ իրական երաշխիքներ է ստացել։ Եվ ինչո՞ւ բանակցությունների յուրաքանչյուր նոր փուլից հետո Հայաստանի կորուստների ցանկն ավելանում է։
Սեփական երկրի ճակատագրով մտահոգ հայ մարդու համար սա դիվանագիտության շուրջ վերացական վեճ չէ։ Խոսքը մի պարզ, բայց ճակատագրական հարցի մասին է՝ Հայաստանը կմնա՞ պետություն, որն իր ապագան ինքնուրույն է որոշում։
ՍԱՀՄԱՆԸ՝ ՔԱՐՏԵԶՈՎ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ՝ ԽՈՍՏՈՒՄՈՎ
Սահմանազատումն ինքնին բնական պետական գործընթաց է։ Սահմանները պետք է հստակեցվեն, համապատասխան փաստաթղթերը պետք է իրավական ուժ ունենան, իսկ քարտեզի վրա գծված սահմանագիծը պետք է համապատասխանի ձեռք բերված պայմանավորվածություններին։ Բայց Հայաստանը դատարկ տարածության մեջ բանակցող երկիր չէ։ Մենք միջազգային իրավունքի տեսական հարցեր քննարկող ակադեմիական սեմինարում չենք։ Մեր թիկունքում պատերազմ է, Արցախի նկատմամբ վերահսկողության կորուստ և Ադրբեջանի ուժային քաղաքականության հետ բախման դառը փորձը։ Այս պայմաններում սահմանազատումը զուտ գեոդեզիական խնդիր չէ։ Խոսքը երկրի անվտանգության, հաղորդակցության ուղիների, պաշտպանության և նոր սպառնալիքները կանխելու՝ պետության կարողության մասին է։
2024 թվականի ապրիլին Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները պայմանավորվեցին նախնական համաձայնություն ձեռք բերել սահմանի առանձին հատվածների շուրջ՝ Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի և Բերքաբերի շրջանում։ Արդյունքում ադրբեջանական կողմին անցան դիրքեր ու ամրություններ, ականապատ տարածքներ և ռազմավարական բարձունքներ։ Որպես պաշտոնական հիմք նշվեց ԽՍՀՄ փլուզման պահին խորհրդային հանրապետությունների միջև գոյություն ունեցած սահմանը, իսկ որպես սկզբունքներից մեկը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը։ Այս ամենը ներկայացված է ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ 2024 թվականի ապրիլի 19-ի պաշտոնական հաղորդագրության մեջ։.
Սակայն այստեղ մի հարց կա, որը Հայաստանի դիվանագիտությունը չպետք է լռությամբ շրջանցի. որքանո՞վ է Ադրբեջանն ինքը հետևողականորեն ճանաչում խորհրդային ժառանգությունը, եթե իր սահմանադրաիրավական ակտերում խորհրդային իշխանության հաստատումը որակում է որպես օկուպացիա
1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված «Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության մասին» սահմանադրական ակտը 1920 թվականի ապրիլյան իրադարձությունները որակում է որպես անկախ Ադրբեջանի օկուպացիա։ Նույն ակտով ժամանակակից Ադրբեջանը հռչակվում է 1918–1920 թվականների Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ, իսկ ԽՍՀՄ կազմավորման մասին պայմանագիրը Ադրբեջանի մասով ճանաչվում է անվավեր՝ ստորագրման պահից։
Այսպիսով՝ իրավական հակասություն է առաջանում։ Եթե Բաքուն խորհրդային ժամանակաշրջանը համարում է օկուպացիայի հետևանք, ապա ի՞նչ հիմքով է տարածքային վեճերում որպես փաստարկ օգտագործում հենց խորհրդային տարիներին ձևավորված վարչական սահմանները։ Կարո՞ղ է նա ընտրողաբար հղում անել խորհրդային ժառանգությանը՝ ընդունելով դրա մի արդյունքը, բայց մերժելով մյուսը։ Եվ ի՞նչ հիմքով է Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի ԽՍՀ վարչական սահմանները համարում սահմանազատման ու սահմանագծման հիմք։
Կարելի է անվերջ վկայակոչել միջազգային իրավունքն ու Ալմա-Աթայի հռչակագիրը։ Բայց իրավունքը չի փոխում աշխարհագրությունը, իսկ քարտեզը չի երաշխավորում անվտանգություն։ Եթե սահմանագծի փոփոխությունն ազդում է սահմանամերձ գյուղերի բնակիչների կյանքի վրա, դժվարացնում ճանապարհներից օգտվելը կամ նոր խոցելիություններ ստեղծում, մարդիկ իրավունք ունեն իմանալու՝ ինչո՞ւ է ընդունվել հենց այդ որոշումը, և ի՞նչ երաշխիքներ են իրենք ստանում։ Իշխանությունը, սակայն, այս հարցերին հստակ պատասխաններ չի տալիս։ Փոխարենը ցանկացած կասկած ներկայացվում է որպես «խաղաղության» ճանապարհին խոչընդոտ։
Օրինակ՝ 2026 թվականի սեպտեմբերին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը, պատասխանելով Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ փաստաթղթերի մասին հարցմանը,հստակ չհայտնեց՝ արդյոք համապատասխան պաշտոնական փաստաթուղթ գոյություն ունի, և չպարզաբանեց, թե հետագա սահմանազատման ժամանակ ինչ քարտեզներ են կիրառվելու։ Կոնկրետ պատասխանի փոխարեն հղում արվեց կանոնակարգին, որը թույլ է տալիս օգտագործել քարտեզագրական, նորմատիվ իրավական և իրավաբանորեն հիմնավորված այլ նյութեր։
Այսինքն՝ հարցը շատ պարզ էր. կա՞ փաստաթուղթ, որի հիման վրա որոշվում է տվյալ տարածքի կարգավիճակը։ Իսկ պատասխա՞նը։ Կանոնակարգը թույլ է տալիս փաստաթղթեր օգտագործել։ Շնորհակալություն, իհարկե։ Բայց ոչ ոք չէր հարցնում՝ պաշտոնյաներն իրավունք ունե՞ն քարտեզներ ուսումնասիրելու։ Հարցն այն էր, թե կոնկրետ ո՞ր փաստաթղթերն են հիմք ծառայում մի որոշման համար, որը կարող է երկրի համար ռազմավարական հետևանքներ ունենալ։
2026 թվականի սեպտեմբերի 11-ին Փաշինյանը հայտարարեց,որ Ադրբեջանի նախկին անկլավները չեն մտնում Հայաստանի՝ միջազգային ճանաչում ունեցող 29 743 քառակուսի կիլոմետր տարածքի մեջ, մինչդեռ Արծվաշենը ներառված է այդ տարածքում։ Միաժամանակ վարչապետն ընդունեց, որ անկլավների հարցով գործնական համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։
Եվ այստեղ արդեն հետաքրքիր հարցեր են առաջանում, որոնցից հնարավոր չէ ազատվել՝ պարզապես «պրագմատիզմ» բառը կրկնելով։ Եթե համաձայնություն դեռ չկա, ապա ինչո՞ւ է կառավարության ղեկավարը նախկին անկլավների տարածքային կարգավիճակի վերաբերյալ արդեն իսկ նման դիրքորոշում հայտնում։ Ի՞նչ փաստաթղթերի վրա է այն հիմնված։ Ի՞նչ է լինելու Տիգրանաշենի հետ։ Ի՞նչ է լինելու դեպի Վայոց ձոր և Սյունիք տանող ճանապարհների հետ։ Ի՞նչ երաշխիքներ է ստանալու Հայաստանը։ Եվ ինչո՞ւ այս ամենը պետք է համարենք ոչ թե մտահոգվելու պատճառ, այլ խաղաղության կուրսի իմաստության և հեռատեսության հերթական ապացույց։
2026 թվականի օգոստոսի 27-ին Փաշինյանը հայտարարել էր,որ անկլավների և էքսկլավների հարցերը սահմանազատման հետագա գործընթացի սովորական մաս են դառնալու։ Նա նաև նշել էր, որ որոշ հատվածներում կողմերը կարող են զրկվել ճանապարհներից օգտվելու հնարավորությունից։
Սակայն սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար ճանապարհը դիվանագիտական վերացականություն չէ։ Ճանապարհով են մարդիկ հասնում հիվանդանոց, սնունդ տեղափոխում, աշխատանքի գնում և կապ պահպանում մյուս բնակավայրերի հետ։ Պետության համար էլ տրանսպորտային ուղին լոգիստիկայի, պաշտպանության և երկրի կենսունակության հարց է։ Ուստի ճանապարհներից օգտվելու հնարավոր կորստի մասին հայտարարությանը պետք է հաջորդի ոչ թե փոխզիջման անխուսափելիության մասին փիլիսոփայական դատողություն, այլ գործողությունների հստակ ծրագիր։
Բայց Փաշինյանը ոչ մի ծրագիր չունի։ Կա միայն Իլհամ Ալիևի բոլոր հրահանգները կատարելու պատրաստակամություն։
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՆ ԽՆԴԻՐԸ
2025 թվականի օգոստոսին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակեց Ադրբեջանի հետ նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը։Դրանում ամրագրված են նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները որպես միջազգային սահմաններ ճանաչելու, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու, տարածքային պահանջներից հրաժարվելու և ուժ չկիրառելու դրույթները։
Թղթի վրա ամեն ինչ համոզիչ է հնչում։ Ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, սահմանների անձեռնմխելիություն, ուժի կիրառումից հրաժարում։ Ո՞վ կարող է առարկել այս սկզբունքներին։ Բայց խնդիրը գեղեցիկ ձևակերպումները չեն։ Խնդիրն այն է, թե ինչ մեխանիզմներով են դրանք կյանքի կոչվելու և ինչպես են գործելու երկու պետությունների իրական հարաբերություններում, երբ նրանց ռազմական ու քաղաքական կշիռը տարբեր է, իսկ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականության մակարդակի է բարձրացվել։
Խաղաղության փաստաթուղթն ինքնին անվտանգություն չի ապահովում։ Դրա համար անհրաժեշտ են գործուն մեխանիզմներ, կողմերի փոխադարձ պարտավորություններ, երկուսի քաղաքական կամքն ու սեփական շահերը պաշտպանելու պետության կարողությունը։ Եթե բանակցող կողմերից մեկը վստահ է իր ուժերին, իսկ մյուսը սեփական խոցելիությունը փորձում է փոխհատուցել այն հույսով, որ պայմանավորվածությունները կկատարվեն, ապա այդպիսի «հավասարակշռությունն» առանձնապես հուսադրող չէ։
Փաշինյանին ուղղված հիմնական քննադատությունն այն չէ, որ նա խոսում է խաղաղության մասին և բանակցում Ադրբեջանի հետ։ Հայաստանը չի կարող անվերջ ապրել հակամարտության մեջ։ Բայց խաղաղությունն էլ չի կարող դառնալ կառավարության ցանկացած որոշման համընդհանուր արդարացում։
Չի կարելի զիջումներն անխուսափելի հայտարարել՝ առանց բացատրելու, թե անվտանգության ինչ երաշխիքներ է ստանալու Հայաստանը և ինչ գին է վճարելու առաջարկվող պայմաններին համաձայնելու համար։ Փաշինյանը կոչ է անում վստահել իր որդեգրած ուղուն, բայց մի հարց մնում է անպատասխան. ի՞նչ կլինի, եթե զիջումները կայուն խաղաղության չհանգեցնեն, այլ ընդամենը ամրապնդեն Ադրբեջանի դիրքերը։ Արդյոք հետո չի՞ պարզվի, որ Ադրբեջանին ընդհանրապես հաշտություն պետք չէր, իսկ ժամանակավոր զինադադարն ու միակողմանի զիջումները նրան անհրաժեշտ էին՝ Հայաստանին վերջին վճռական հարված հասցնելուն նախապատրաստվելու համար։
Հենց այս պատճառով է «Հանրային տրիբունալը» Փաշինյանի քաղաքականությունը համարում ազգային շահերի դավաճանություն։ Այդ քաղաքականության մեջ չափազանց շատ են որոշումները, որոնք քայքայում են Հայաստանի ազգային անվտանգության համակարգը և ռազմավարական առավելություններ տալիս Ադրբեջանին։


