ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՐՄԱՏԱՎՈՐՎՈՒՄ Է 1920 ԹՎԱԿԱՆԻ «ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ» ԱՌԱՍՊԵԼԸ․ ՊԱՏՄԱԲԱՆՆ ՈՒ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԲԱՑԱՏՐՈՒՄ Է՝ ԻՆՉ ԵՆ ԱՍՈՒՄ ԱՐԽԻՎՆԵՐԸ
Հայաստանի տեղեկատվական դաշտում ավելի ու ավելի բարձր է հնչում այն վարկածը, թե Խորհրդային Ռուսաստանը զենք ու գումար է «նվիրել» Թուրքիային՝ Հայաստանի դեմ պատերազմելու համար, ապա «հանձնել» Կարսը, Էրզրումը և մյուս տարածքները, որոնք Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով պետք է անցնեին հայկական կողմին։ Սակայն խորհրդային ժամանակաշրջանի գաղտնազերծված փաստաթղթերը բոլորովին այլ պատկեր են ներկայացնում, որը չի տեղավորվում այս քարոզչական թեզի շրջանակում։
Այս մասին հարցազրույցում պատմել է պատմաբան, դիվանագետ, ՌԴ արտաքին գործերի նախարարության՝ Հայաստանի բաժնի նախկին ղեկավար Նիկոլայ Պլատոշկինը։ Նրա խոսքով՝ բոլշևիկներին «դավաճանության» մեջ մեղադրելու թեզը չի դիմանում արխիվային փաստաթղթերի քննությանը։ Խոսքը ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Գեորգի Չիչերինի հրահանգների, Լենինի գրությունների և Ստալինի հեռագրերի մասին է։
«Առաջին առասպելն այն է, թե քեմալականներն ու Խորհրդային Ռուսաստանը բաժանեցին Հայաստանը։ Սա հերթական առասպելն է։ Ես հենց նոր վերհիշեցի փաստաթղթերը», — հայտարարել է Պլատոշկինը՝ նշելով, որ անձամբ աշխատել է գաղտնազերծված նյութերի հետ։
Ի՞նչ են վկայում փաստաթղթերը
Պլատոշկինի խոսքով՝ 1920 թվականի ապրիլի 26-ին Քեմալ փաշան, որը ներկայացնում էր Անկարայի կառավարությունը՝ այն ժամանակ Արևմուտքի կողմից չճանաչված, դիմել է Լենինին՝ զենք մատակարարելու խնդրանքով։ Փաստարկը պարզ էր․ թուրքերը պատերազմում էին Անգլիայի, Ֆրանսիայի, Հունաստանի և Իտալիայի դեմ՝ նույն պետությունների, որոնց հակառակորդն էր նաև Խորհրդային Ռուսաստանը։
Սակայն, ինչպես ընդգծում է Պլատոշկինը, քաղբյուրոն որոշել էր հետաձգել օգնությունը, մինչև պարզ դառնար քեմալականների դիրքորոշումը Հայաստանի հարցում։ Ավելին՝ Չիչերինն իր հրահանգում ուղղակիորեն նշել էր, որ զենք մատակարարելու դեպքում այն պետք է օգտագործվեր միայն Արևմտյան ռազմաճակատում՝ Թուրքիայի արևմուտքում արևմտյան տերությունների դեմ, ոչ թե հայերի դեմ։
«Այդ զենքն այդպես էլ չմատակարարվեց։ Խորհրդային Ռուսաստանը ձեռնպահ մնաց դրանից», — նշում է պատմաբանը։
Պլատոշկինը հիշեցնում է, որ Չիչերինը Լենինին զեկուցել էր օգնության ձգձգման պատճառով քեմալականների դժգոհության և հարաբերությունների խզման վտանգի մասին։ Բայց նույնիսկ այդ ճնշման պայմաններում Մոսկվան չնահանջեց։ Արտաքին գործերի ժողովրդական կոմիսարն իր հրահանգում գրել էր․ «Ոչ մի դեպքում չօգտագործել «դաշինք» բառը»։Չիչերինի գնահատմամբ՝ պանթուրքիզմը «մահացու վտանգ էր ներկայացնում թե՛ Հայաստանի, թե՛ մեզ համար»։
«Փրկել Հայաստանը»․ խորհրդայնացումը՝ որպես միակ ելք
Պլատոշկինի մատնանշած վճռորոշ հանգրվանը 1920 թվականի նոյեմբերն է, երբ թուրքական բանակն արդեն գրավել էր Կարսը և մոտեցել Ալեքսանդրապոլին՝ ներկայիս Գյումրիին։ Հենց այդ ժամանակ՝ նոյեմբերի 8-ին, Ստալինը շտապ հեռագիր է ուղարկել Լենինին՝ գրելով․ «Հայաստանը փրկելու միակ փորձը Հայաստանի խորհրդայնացումն է»։Դա, նրա համոզմամբ, հնարավորություն կտար կանգնեցնել թուրքական բանակի առաջխաղացումը։
«Ինչպե՞ս կարելի է այս ամենից հետո բոլշևիկներին մեղադրել, երբ նրանք փրկեցին Հայաստանը», — հռետորական հարց է տալիս Պլատոշկինը։
Նրա խոսքով՝ այն ժամանակ անկախ Հայաստանը ղեկավարող դաշնակցական կառավարությունը օգնության խնդրանքով դիմել էր ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ֆրանսիային, բայց պատասխան չէր ստացել։ «Ոչինչ, բացարձակապես զրո»։Միայն խորհրդային կառավարությունն էր քեմալականներից պահանջում դադարեցնել հարձակումը։
Սակայն, ըստ Պլատոշկինի, թուրքերը «հիմարի տեղ էին դնում» խորհրդային կողմին և ձգձգում բանակցությունները՝ հույս ունենալով, որ մինչև ռուսները «ուշքի գան», իրենք կհասցնեն «լուծել խնդիրը», այսինքն՝ բնաջնջել հայ ժողովրդին։
Ինչո՞ւ Կարմիր բանակը մտավ Երևան
Պլատոշկինն ընդգծում է, որ երբ 11-րդ բանակը մտավ Հայաստան, թուրքական զորքերը գտնվում էին Երևանից ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա,իսկ Էջմիածնին՝ «հայկական քաղաքակրթության օրրանին», լուրջ վտանգ էր սպառնում։
«Եթե այդ ժամանակ Կարմիր բանակը Հայաստան չմտներ, հետագայում՝ վեջ… թուրքերը պարզապես կկոտորեին հայերին», — ասում է պատմաբանը։
Նա հիշեցնում է նաև, որ 1920 թվականի դեկտեմբերի 2-ին դաշնակցական կառավարության ստորագրած Ալեքսանդրապոլի պայմանագիրը «խայտառակ» փաստաթուղթ էր․ հայկական բանակը պետք է կրճատվեր՝ հասնելով ընդամենը 1500 զինվորի, Նախիջևանն անցնելու էր Թուրքիայի վերահսկողության տակ, Բաթումն էլ՝ նույնպես։ Հենց դրանից հետո Ստալինը պնդեց 11-րդ բանակը Հայաստան մտցնելու անհրաժեշտությունը։
«Նվիրաբերված» տարածքների մասին
Պլատոշկինի խոսքով՝ թուրքերի հետ բանակցությունների ընթացքում երեք հիմնական հարց էր քննարկվում՝ Նախիջևանի, Կարսի և Բաթումի հարցերը։ Թուրքերը պնդում էին, որ Նախիջևանը պետք է իրենց հովանավորության ներքո լինի, սակայն խորհրդային կողմին հաջողվեց փոխզիջման հասնել․ Գյումրին, Նախիջևանն ու Բաթումը պետք է մաքրվեին թուրքական զորքերից՝ Կարսի դիմաց։.
«Ստալինն ասում էր, որ Խորհրդային Հայաստանը պետք է դարձնենք Նախիջևանի և Ադրբեջանի միջև ընկած սեպը։ Եվ դա Ստալինի անձնական հրահանգն էր», — ընդգծում է Պլատոշկինը։
Նա նշում է նաև, որ Արևմտյան Հայաստանում պլեբիսցիտ անցկացնելու՝ խորհրդային պատվիրակության առաջարկը թուրքերը մերժեցին հենց այն պատճառով, որ այդ տարածքում արդեն իսկ իրականացրել էին էթնիկ զտումներ։
«Պատմությունը հայելային կրկնվում է»
Պլատոշկինը զուգահեռներ է անցկացնում նաև մեր օրերի հետ։ Նրա խոսքով՝ երբ Ռուսաստանը զբաղված է այլ խնդիրներով՝ այն ժամանակ Լեհաստանի և Վրանգելի դեմ պայքարով, իսկ այսօր՝ Ուկրաինայով, Հայաստանի վերնախավի մի մասի մոտ գայթակղություն է առաջանում՝ «խաղաղ-համերաշխ պայմանավորվել թուրքերի և ադրբեջանցիների հետ»։
«Հայաստանի կառավարությունը համաձայնագիր է ստորագրել Սյունիքով տարանցիկ միջանցքի մասին։ Սա վտանգավոր բան է։ Սկզբում տարանցում է, հետո կասեն՝ պետք է ապահովել տարանցման անվտանգությունը։ Իսկ ինչպե՞ս ապահովել։ Ինչ-որ ռազմական ուժի միջոցով», — նախազգուշացնում է պատմաբանը։
Նա հիշեցնում է, որ դեռ 1920 թվականին Քեմալ փաշան բոլշևիկներից պահանջում էր ապահովել Նախիջևանից դեպի Ադրբեջան տարանցիկ կապը։
«Ռուսաստանի բոլոր սխալներով հանդերձ՝ Հայաստանի պարագայում Ռուսաստանին մեջքով շրջվել պետք է միայն այն ժամանակ, երբ թիկունքիդ կանգնելու մեկ ուրիշն ունես», — եզրափակում է Պլատոշկինը։


