ՍՊԱՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ՀԱՆՈՒՆ ՆՐԱ ԲԱՐԳԱՎԱՃՄԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆԸ
Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» գաղափարախոսական հիմքում իշխանության՝ «գիտակցված սխալներ» գործելու իրավունքն է, որոնց հետևանքներն ի սկզբանե համաներված են «հանուն Հայաստանի բարգավաճման» վեհ ձևակերպմամբ։ Այս տրամաբանության պայմաններում նույնիսկ ապագա ազգային աղետը կարող է հռչակվել լուսավոր ապագայի ճանապարհին անհրաժեշտ զոհաբերություն, իսկ դրա պատասխանատվությունը՝ տարրալուծվել քաղաքական հերթական կախարդական բանաձևերի մեջ։
2020 թվականի 44-օրյա պատերազմի նախօրեին Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն առաջարկեց շարունակել դեռևս 2014 թվականին որդեգրած «հետևողական սխալների ճանապարհը»։ Նրա պնդմամբ՝ այդ ճանապարհն է Հայաստանը տանում առաջ։ Կուսակիցներին հորդորվում էր չվախենալ սխալվելուց, եթե սխալները գիտակցված են, համապատասխանում են կուսակցության գաղափարներին և միտված են երկրի բարգավաճմանը։
Այսօր այդ բանաձևն այլևս քաղաքական համարձակության մասին վերացական դատողություն չէ։ Այն փաշինյանական կառավարման ողջ էությունը խտացնող ձևակերպում է։ Անցած տարիներին Հայաստանը պարտվեց պատերազմում, կորցրեց Արցախը, ավելի քան հարյուր հազար հայեր ստիպված եղան լքել հայրենիքը։ Հազարավոր ընտանիքներ սգում են իրենց զոհված հարազատներին, իսկ ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատվության հարցը շարունակում է մնալ հասարակական սուր բանավեճերի առարկա։ Սակայն ազգային աղետի պատճառների համակողմանի վերլուծության փոխարեն մեզ կրկին ու կրկին բացատրում են, թե ինչու է անհրաժեշտ շարունակել ընտրված ուղին։
Այստեղ տեղի է ունենում սկզբունքային խեղաթյուրումը։ Նորմալ քաղաքական համակարգում սխալը շտկում են, պարտությունից՝ դասեր քաղում, իսկ աղետի համար՝ պատասխանատվություն կրում։ Փաշինյանի քաղաքական փիլիսոփայության մեջ, ընդհակառակը, սխալն ինքնին առաջ շարժվելու նախապայման է, իսկ դրա հետևանքներն արդարացվում են հռչակված նպատակի վեհությամբ։
Այս տրամաբանությամբ «Իրական Հայաստանը» ոչ այնքան պետական զարգացման ծրագիր է, որքան գաղափարախոսական մեխանիզմ, որը իշխանությանը նախապես ազատում է պատասխանատվությունից։ Ցանկացած զիջում կարելի է ներկայացնել որպես իրատեսություն, ցանկացած նահանջ՝ որպես պատմական անհրաժեշտություն, ցանկացած պարտություն՝ որպես նոր իրականությանն անցնելու գին։ Ապագա բոլոր գիտակցված սխալները, նույնիսկ եթե դրանք հերթական աղետի բերեն, նախապես համաներված են ձևակերպմամբ՝ «հանուն Հայաստանի բարգավաճման»։
Ազգային աղետից՝ ինքնարդարացման
2019 թվականին Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց. ««Արցախը Հայաստան է, և վերջ»։ 2026 թվականի օգոստոսին, անդրադառնալով սեփական խոսքերին, նա փորձեց բացատրել դրանց պատմական նշանակությունը՝ պնդելով, թե այդ հայտարարությունը պետք է օգներ հայ հասարակությանը գիտակցել ազգային նախկին քաղաքականության փակուղային բնույթը։ Ազգային ժողովում ունեցած ելույթում Փաշինյանը պնդում էր, թե արցախյան շարժմանը նախկինում ունեցած նվիրվածությունն է իրեն ու իր համախոհներին թույլ տվել «բացել վարագույրը» և տեսնել, թե ինչ էր թաքնված դրա հետևում։ Այսպիսով, այն քաղաքական գործիչը, որը 2019 թվականին հրապարակավ Արցախը Հայաստանի մաս էր հռչակում, այսօր սեփական խոսքերն օգտագործում է ազգային նախկին ուղին վերանայելու օգտին փաստարկ ներկայացնելու համար։ Ազգային ժողովում նրա ելույթը ցույց է տալիս, թե ինչպես է Արցախը պաշտպանելու նախկին խոստումն այսօր ներառվում հակառակ քաղաքական կուրսի հիմնավորման մեջ։ Սակայն սեփական հայտարարությունները բացատրելը դեռևս պատասխանատվություն ստանձնել չի նշանակում։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ որոշումներ են ընդունվել, ինչ ռիսկեր են հաշվի առնվել և ինչու երկրի ղեկավարությունը չի կարողացել կանխել աղետը։
2020 թվականի պարտությունից հետո վարչապետը խոսում էր քաղած դասերի մասին։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերը նոր ողբերգություն բերեց. Ադրբեջանի ռազմական գործողությունն ավարտվեց Արցախի կործանմամբ և հայ բնակչության զանգվածային բռնագաղթով։ Ավելի քան հարյուր հազար մարդ լքեց իր տունը, ունեցվածքն ու նախնիների գերեզմանները։ Ըստ Հայաստանի կառավարության պաշտոնական տվյալների, 2023 թվականի հոկտեմբերի սկզբին Հայաստանում արդեն գտնվում էր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 632 մարդ։
Իսկ ի՞նչ հետևեց դրան։ Տեղի ունեցածի պատճառների վերաբերյալ սպառիչ պատասխան տալու փոխարեն Փաշինյանը պահանջեց դադարեցնել արցախյան շարժումը՝ դրա շարունակությունը կապելով նոր պատերազմի սպառնալիքի հետ։ Այսպիսով, պարտության հետևանքները դարձան փաստարկ՝ նույնիսկ Հայաստանի ազգային շահերի և Արցախի ճակատագրի մասին հարցադրումն մերժելու համար։
Այնուհետև տեղի ունեցածը ստացավ գաղափարախոսական նոր փաթեթավորում։ Իբր Հայաստանը դուրս է եկել պետականության ձեռքբերման ու կորստի պատմական շրջապտույտից և կրած զոհողությունների շնորհիվ հայտնվել «աշխարհի կենտրոնում» տանող ճանապարհին։ Փաշինյանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի մամուլի ասուլիսի պաշտոնական սղագրությունը ներկայացնում է պետականության և կառավարության ռազմավարական նպատակների վերաբերյալ նրա պատկերացումները։
Սակայն Հայաստանի Հանրապետության պահպանումն ինքնաբերաբար երկրի ղեկավարության բոլոր որոշումները չի դարձնում հաջողություն։ Արցախը կորցնելը չի դադարում ազգային ողբերգություն լինելուց միայն այն պատճառով, որ այդ կորուստը ներառվել է պատմական շրջափուլը հաղթահարելու մասին պատմության մեջ։ Հայերի զանգվածային բռնագաղթն էլ չի դառնում բարգավաճման համար անհրաժեշտ գին, սոսկ այն պատճառով, որ իշխանությունն առաջարկում է անցյալը համարել հաղթահարված փուլ։
Ո՞վ է պատասխան տալու հաջորդ սխալի համար
Պետական կառավարման մեջ որոշման գիտակցված լինելը չի կարող ազատել պատասխանատվությունից։ Փաշինյանի պարագայում այն ավելի ակնհայտ է դարձնում։ Եթե երկրի ղեկավարը հասկացել է հնարավոր ռիսկերը, բայց, այնուամենայնիվ, ընտրել է որոշակի ուղի, ապա նա պետք է օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի։
Սակայն Փաշինյանի տրամաբանության մեջ սխալները շտկելու կարիք չունեն, իսկ դրանց հետևանքների համար պատասխանատվությունը տարրալուծվում է հռչակված նպատակների վեհության մեջ։ Այս մոտեցումը դարձել է պետական ամբողջ համակարգի գործելակերպը։ Ազգային ժողովը, Գլխավոր դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունն ու դատարանները, որոնք կոչված են սահմանադրական զսպումներն ու հակակշիռները ապահովելու, պետք է կանխեին կործանարար որոշումները, հասնեին դրանց իրավական գնահատականին և պատասխան պահանջեին նրանցից, ովքեր երկիրը ենթարկում են մահացու վտանգների։ Դրա փոխարեն իշխանության բոլոր ճյուղերը գործում են նույն քաղաքական տրամաբանությամբ՝ կրկնել սխալները, արդարացնել դրանք և թույլ չտալ, որ որևէ մեկը պատասխան տա հետևանքների համար։ Իրականում խորհրդարանը չի վերահսկում կառավարությանը, իրավապահ համակարգը անհարմար հարցեր չի տալիս, իսկ դատարանները անկախ դատավորի դեր չեն կատարում։ Այս պայմաններում իշխանությունը հնարավորություն է ստանում անվերջ վերարտադրել սեփական ձախողումները։ Ուստի «հետևողական սխալները» դադարում են լինել որպես Փաշինյանի անձնական փիլիսոփայություն և դառնում են պետական գործելակերպ։
«Իրական Հայաստանի» գաղափարախոսական հիմքը, ըստ էության, ապագա ձախողումների համար նախապես հաստատված համաներումն է։ Դեռ հերթական ռիսկային որոշման ընդունումից առաջ դրա արդարացումն արդեն պատրաստ է. որոշումը գիտակցված էր, համապատասխանում էր կուսակցության գաղափարներին և ընդունվել էր հանուն երկրի բարգավաճման։ Այս տրամաբանությամբ նույնիսկ նոր պատերազմը, տարածքային հերթական կորուստները կամ բնակչության նոր զանգվածային տեղահանումը կարող են ներկայացվել որպես խոստացված ապագայի ճանապարհին անխուսափելի զոհաբերություն։
Հայաստանը չի կարող անվերջ քաղաքական փորձարկումների գինը վճարել իր զավակների կյանքով, քաղաքացիների անվտանգությամբ և ազգային շահերից հրաժարվելով։ Մենք պարտավոր չենք պարտությունն առաջընթաց համարել, իսկ կորցրած հայրենիքի մասին հիշողությունը՝ խաղաղության ճանապարհին խոչընդոտ։ Առավել ևս պարտավոր չենք իշխանությանը նախապես ազատել այն որոշումների հետևանքների պատասխանատվությունից, որոնք դեռ չեն ընդունվել։
Փաշինյանը խոստանում է բարգավաճում։ Բայց եթե այդ խոստման դիմաց երկրին շարունակաբար առաջարկում են համակերպվել կորստի, նահանջի և ազգային նպատակներից ու իդեալներից հրաժարվելու հետ, ապա միանգամայն օրինաչափ է հարցնել՝ ի՞նչ է մնալու Հայաստանից, երբ ավարտվի «հետևողական սխալների» հերթական փուլը։
Հայաստանը հանուն նրա բարգավաճման սպանելը պարտադիր չէ, որ քաղաքական քարտեզից պետության վերացմամբ արտահայտվի։ Բավական է հետևողականորեն զրկել նրան ռազմավարական դիրքերից և արժեզրկել ազգային շահերը։ Եվ Նիկոլ Փաշինյանը դա «մեծ հաջողությամբ» իրականացնում է «ես պատասխանատու եմ, բայց մեղավոր չեմ» կարգախոսի ներքո։


