BND-ԻՑ ՄԻՆՉԵՎ ԲԱՔՈՒ․ ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՏՔԸ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության (BND) նախկին ղեկավար, 80-ամյա Աուգուստ Հանինգը ձերբակալվել և կալանավորվել է լրտեսության, օտարերկրյա կողմի օգտին հետախուզական գործունեություն իրականացնելու, պետական գաղտնիքներ բացահայտելու և պետական դավաճանության փորձի կասկածանքով։ Հետաքննության վարկածով՝ 2010 թվականից նրա նախկին աշխատակից Մանֆրեդ Դ.-ն նրան է փոխանցել BND-ի շուրջ 2 հազար փաստաթուղթ, որոնցից շատերը նախատեսված էին բացառապես ներքին օգտագործման համար։ Փաստաթղթերի մի մասն էլ պատրաստվել էր Գերմանիայի կանցլերի գրասենյակում անցկացվող փակ հետախուզական խորհրդակցությունների համար։

Կարևոր նրբություն․ դատախազության վարկածով՝ մի դեպքում Հանինգն օգտագործել է գաղտնի տեղեկությունը՝ օտարերկրյա հետախուզական ծառայության աշխատակցի համար վերլուծական նյութ պատրաստելու նպատակով։ Թե արդյոք այդ նյութը հասել է հասցեատիրոջը, հետաքննությունը դեռ չի կարողացել պարզել։ Թե կոնկրետ որ հատուկ ծառայությունն է կանգնած եղել այդ կապի հետևում, պաշտոնապես նույնպես չի բացահայտվել։

Հենց այստեղ էլ սկսվում է մի պատմություն, որը գերմանական լրտեսական սկանդալը Բեռլինի սահմաններից շատ հեռու է տանում։

ՀԵՏՔԸ ՏԱՆՈ՞ՒՄ Է ԲԱՔՈՒ

Գերմանական լրատվամիջոցները հաղորդել են Հանինգի՝ Ադրբեջանի ներկայացուցչի հետ հնարավոր շփման մասին։ Ուշադրության արժանացավ նրա մասնակցությունը Գերմանա-ադրբեջանական ֆորումին (Deutsch-Aserbaidschanisches Forum)՝ մի կառույցի, որը կապվում է ադրբեջանական քաղաքական և գործարար լոբբիի հետ։ Այս հանգամանքի հիման վրա հրապարակումներում առաջ եկավ այն վարկածը, որ տեղեկությունները կարող էին փոխանցվել Բաքվին։

Ադրբեջանը կտրականապես հերքում է դա։ Բաքուն հայտարարել է, որ Հանինգի՝ ադրբեջանական հետախուզության հետ կապի մասին հաղորդումներն անհիմն են, իսկ ադրբեջանցի ներկայացուցիչները, իրենց պնդմամբ, գերմանական կողմից տեղեկություն են ստացել, որ հետաքննությունը կապված է այլ պետությունների հետ։

Սակայն Բաքվի հերքումը չի պատասխանում գլխավոր հարցին․ եթե խոսքն իսկապես այլ երկրի մասին է, ապա ինչո՞ւ BND-ի նախկին ղեկավարի հետաքննությունը կապվեց կոնկրետ ադրբեջանական ուղղության հետ։

Ի՞ՆՉԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԼԻՆԵԼ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ

Շուրջ 2 հազար փաստաթուղթը պատահական արտահոսք չէ։ Գերմանական հետաքննության տվյալներով՝ խոսքը հետախուզական տեղեկություններ և BND-ի ղեկավարության համար նախատեսված նյութեր պարունակող փաստաթղթերի մասին էր։ Գերմանական լրատվամիջոցների պնդմամբ՝ Բաքվին փոխանցված տվյալները ներառում էին, ի թիվս այլ տեղեկությունների, Ռուսաստանի և Իրանի վերաբերյալ տեղեկություններ։

Առանձնահատուկ մտահոգության տեղիք է տալիս այն փաստը, որ փաստաթղթերի թվում եղել են BND-ի կողմից գործընկեր երկրների հետախուզական ծառայություններից ստացված նյութեր՝ ենթադրաբար ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից և «Հինգ աչքեր» դաշինքի այլ անդամներից։ Ադրբեջանի համար դա նշանակում էր հասանելիություն տարածաշրջանի վերաբերյալ արևմտյան վերլուծություններին, այդ թվում՝ ռիսկերի փակ գնահատականներին, կանխատեսումներին և ռազմավարական փաստաթղթերին։ Դա Բաքվին հնարավորություն էր տալիս ոչ միայն ավելի լավ հասկանալ Արևմուտքի դիրքորոշումը, այլև, հնարավոր է, սեփական գործողությունները հարմարեցնել այդ գնահատականներին։

Նման նյութերի արժեքը միայն Ռուսաստանի կամ Իրանի վերաբերյալ կոնկրետ տվյալների մեջ չէ։ Շատ ավելի կարևոր է հասկանալ, թե Արևմուտքն ինչպես է գնահատում Մոսկվայի մտադրությունները, Իրանի հնարավորությունները և կողմերից յուրաքանչյուրի համար թույլատրելիի սահմանը։.

Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող պետության համար, որը միաժամանակ փորձում է ընդլայնել սեփական ազդեցությունը Հարավային Կովկասում, նման տեղեկությունը կարող է ռազմավարական նշանակություն ունենալ։

Հատկապես եթե խոսքը Արցախի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի մասին է։

ԱՐՑԱԽԸ՝ ՈՐՊԵՍ ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿ

Գլխավոր հարցը հետևյալն է․ կարո՞ղ էր Հանինգի միջոցով տեղի ունեցած տեղեկատվության արտահոսքն ազդել Բաքվի՝ 2023 թվականի սեպտեմբերին Արցախը գրավելու գործողություն սկսելու որոշման վրա։

Հանրային տրիբունալի փորձագետների կարծիքով՝ կարող էր։ Ռուսական բանակի, նրա հնարավորությունների և, որ առավել կարևոր է, Հարավային Կովկասում էսկալացիայի պատրաստակամության վերաբերյալ Արևմուտքի գնահատականների մասին փաստաթղթերը ռիսկերը գնահատելու համար կարող էին ադրբեջանական ղեկավարությանը տալ չափազանց կարևոր տեղեկություն։ Եթե Բաքվի տրամադրության տակ եղել է վերլուծություն, որը հաստատում էր, որ Ռուսաստանը պատրաստ չէ Արցախի համար մտնել ուղղակի հակամարտության մեջ, իսկ Արևմուտքը պատրաստ չէ վճռական քայլերի, դա կարող էր ամրապնդել գործողության անպատժելիության նկատմամբ վստահությունը։

Իհարկե, այս պահին ուղղակի ապացույցներ, որ Հանինգի փոխանցած նյութերն անմիջականորեն օգտագործվել են սեպտեմբերյան գործողության պլանավորման ժամանակ, հետաքննությունը չի ներկայացրել։ Սակայն ժամանակագրությունը հարցեր է առաջացնում։ Դատախազության տվյալներով՝ փաստաթղթերի փոխանցման մասին պայմանավորվածությունը գործել է մոտավորապես մինչև 2022 թվականի հունիսը։ Մինչև 2023 թվականի սեպտեմբերը Բաքուն բավական ժամանակ ուներ ստացված տեղեկությունը վերլուծելու և այն ռազմավարական պլանավորման մեջ ներառելու համար։

2020 թվականի պատերազմից հետո Արցախում մնացել էր շուրջ 2 հազար զինծառայողից բաղկացած ռուսական խաղաղապահ զորախումբը։ Նրա ներկայությունը էապես սահմանափակում էր Բաքվի գործողությունների ազատությունը և տարածաշրջանում պահպանում էր ռազմաքաղաքական այլ դասավորություն։ Սակայն 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, Եվրամիության միջնորդությամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ փաստացի Արցախը ներառելով Ադրբեջանի՝ միջազգային ճանաչում ունեցող սահմանների մեջ։ Հենց այդ որոշումն էլ դարձավ կարևորագույն քաղաքական-դիվանագիտական գործոնը, որը Բաքվի հետագա գործողությունների համար ստեղծեց միջազգային լեգիտիմացման հիմք։ Մեկ տարի անց՝ 2023 թվականի սեպտեմբերին, Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց, որից հետո Արցախից իրենց տները ստիպված եղավ լքել ավելի քան 120 հազար հայ։ 2024 թվականի ապրիլին ռուս խաղաղապահները վերջնականապես լքեցին տարածաշրջանը։

Իրադարձությունների հաջորդականությունն ակնհայտ է․ նախ վերացավ Արցախի հայկական ռազմաքաղաքական համակարգը, ապա տարածաշրջանից հեռացավ ռուսական խաղաղապահ զորախումբը։

Սակայն կար նաև երրորդ բաղադրիչը՝ տեղեկատվականը։

Ռազմական իրողությունների փոփոխությանը զուգահեռ հայկական հասարակության մեջ ավելի ու ավելի էր ամրապնդվում այն թեզը, թե տեղի ունեցածի պատասխանատուն Ռուսաստանն է․ Մոսկվան «չպաշտպանեց», «դավաճանեց», «հանձնեց Արցախը»։ Միևնույն ժամանակ, 2023 թվականին եվրոպական դիվանագիտությունն իր հրապարակային օրակարգում առաջին հերթին կենտրոնացած էր Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության հարցերի վրա։

Սա մատնանշում է տեղեկատվական արշավի կառավարման միասնական կենտրոնի գոյությունը, և այստեղ առաջանում է կարևոր հարց․ ո՞ւմ էր ձեռնտու, որ Արցախի անկումից հետո Հայաստանում հասարակական զայրույթի գլխավոր թիրախը դառնար Ռուսաստանը։

ԱՄԵՆԱՀԵՏԱՔՐՔԻՐԸ ՓՈՂԸ ՉԷ

Դատախազությունը պնդում է, որ փաստաթղթերը փոխանցվել են վարձատրության դիմաց և Հանինգի կողմից օգտագործվել մասնավոր խորհրդատվական գործունեության շրջանակում։ Նրա պաշտպանությունը հերքում է հանցավոր մտադրության առկայությունը։

Սակայն մեր վերլուծության համար «օտարերկրյա պետությունից նա փող ստացե՞լ է, թե՞ ոչ» հարցը միակը չէ։

Շատ ավելի կարևոր է պարզել՝

ո՞ւմ համար էր նախատեսված Հանինգի վերլուծությունը, ո՞ւմ հետ էր նա կապի մեջ, ո՞ր երկրներն էին հայտնվում նրա խորհրդատվական գործունեության շրջանակում, կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր էին օգտագործվում, և ինչո՞ւ հետաքննության հնարավոր ուղղությունների շարքում հայտնվեց Ադրբեջանը։

Եթե պարզվի, որ BND-ի գաղտնի գնահատականներն օգտագործվել են Կովկասում Ռուսաստանի վարքագիծը վերլուծելու համար, գործի նշանակությունը կտրուկ կփոխվի։ Այդ դեպքում խոսքը պարզապես գերմանական գաղտնիքների արտահոսքի մասին չի լինի։ Խոսքը կարող է վերաբերել արևմտյան հետախուզական տեղեկատվության օգտագործմանը՝ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը փոխելու պայքարում։

Այստեղ Արցախը դադարում է ֆոն լինելուց։ Այն դառնում է Հանինգի հնարավոր դրդապատճառի տարր։

Առայժմ ապացույց չկա, որ Հանինգն աշխատել է Բաքվի համար։ Բաքուն դա հերքում է, իսկ գերմանական դատախազությունը օտարերկրյա պատվիրատուի անունը չի հրապարակել։

Սակայն եթե գերմանական հետաքննությունը հաստատի Հանինգի, օտարերկրյա հետախուզության և Ռուսաստանի, Իրանի ու Հարավային Կովկասի վերաբերյալ տեղեկությունների միջև կապը, ինքնաբերաբար առաջ կգա մեկ հարց․

վերջիվերջո ո՞վ էր ում օգտագործում՝ BND-ի նախկին ղեկավա՞րը՝ ադրբեջանական կողմին, ադրբեջանական կողմը՞՝ Հանինգին, թե՞ երկուսն էլ ավելի մեծ ու լայնածավալ խաղի մաս էին։

Այդ դեպքում Աուգուստ Հանինգի գործը այլևս չի լինի պարզապես երկու հազար գաղտնի փաստաթղթերի արտահոսքի պատմություն, որոնք հայտնվել էին այնտեղ, որտեղ չպետք է հայտնվեին։

Այդ ժամանակ արդեն խոսքը կլինի այն մասին, թե ինչպես Գերմանիայի՝ Եվրամիության անդամ երկրի հետախուզական կառույցը կարող էր ներգրավված լինել այն աշխարհաքաղաքական խաղի մեջ, որի ավարտը եղավ Ադրբեջանի կողմից Արցախի գրավումը։ Եվ սա այն նույն Եվրոպան է, որին Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն մոտեցնում է Հայաստանը։