«ԵԼՔԻ ՆԱԽՕՐԵԻՆ». ԱՇՈՏ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ

«Գոլոս Արմենիի» թերթում հրապարակվել է Աշոտ Բեգլարյանի «Ելքի նախօրեին» հոդվածըորը նվիրված է 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախի բնակչության զանգվածային ելքին նախորդած վերջին օրերին։

Հեղինակը ընթերցողին վերադարձնում է սեպտեմբերի վերջի Ստեփանակերտ՝ քաղաք, որն արդեն անցել էր ադրբեջանական հարձակման միջով, ամիսներ շարունակ ապրել շրջափակման ու գնդակոծությունների պայմաններում և կորցրել իր պաշտպաններին։ Բեգլարյանը առօրյա կյանքի մանրամասների միջոցով ներկայացնում է այդ վերջին օրերի մթնոլորտը՝ ավերված փողոցները, փաստաթղթերից ու ունեցվածքից զրկված մարդկանց, որոնք հայտնվել էին հրապարակում, ապագայի մասին շրջանառվող լուրերն ու հայրենի տանը մնալու փորձի և այն լքելու հարկադրանքի միջև կանգնած տանջալից ընտրությունը։

Առանձնահատուկ հուզականությամբ է նկարագրված տների հետ հրաժեշտի պահը․ մարդիկ վերցնում են փաստաթղթերը, լուսանկարներն ու հիշարժան իրերը, այրում ընտանեկան արխիվները, իսկ բնակարանները լքելիս, սովորության ուժով, կողպում են դռներն ու իրենց հետ տանում բանալիները՝ որպես մի օր վերադառնալու վերջին հույս։ Առանձին անդրադարձ կա Արցախի զոհված պաշտպաններին, ինչպես նաև սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունին, որը բնակչության քաոսի ու ելքի ֆոնին դարձավ հերթական ողբերգությունը։

Բեգլարյանի հոդվածը սեպտեմբերյան իրադարձությունները ներկայացնում է ոչ միայն որպես ռազմական աղետ, այլև որպես հազարավոր մարդկանց անձնական ողբերգություն․ մարդիկ մեկ ակնթարթում զրկվեցին իրենց տներից, ունեցվածքից, սովորական կյանքից և անգամ հարազատների գերեզմաններին հրաժեշտ տալու հնարավորությունից։ Հեղինակի եզրահանգումը միանշանակ է․ Արցախի բնակչության զանգվածային ելքը ստեղծված հանգամանքների անխուսափելի հետևանքն էր, իսկ տեղի ունեցածը նա բնութագրում է որպես էթնիկ զտման օրինակ, որը, իր գնահատմամբ, մինչ օրս չի ստացել պատշաճ իրավական և բարոյական գնահատական։