ԳԱՌՆԻԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ. «ՈՉ ՈՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՓԱԿԵԼ ԱՐՑԱԽԻ ԷՋԸ»
Եռաբլուր պանթեոն կատարած այցի ժամանակ Գառնիկ Դանիելյանը հարցազրույց է տվել, որում հիմնականում անդրադարձել է Արցախին՝ վերադարձի գաղափարին, Արցախի էջի փակման անհնարինությանը և արցախցիների նկատմամբ վերաբերմունքին։
Նա նշել է, որ զոհված տղաների հիշատակը վառ պահելը և Արցախ վերադառնալը մեր կյանքի գլխավոր նպատակն է։ Ըստ նրա՝ ինքը հույս ու հավատ ունի, որ մի օր լավ նորությամբ կգա զոհվածների շիրիմներին։ «Լավ նորությունը դա հայրենիքի ազատագրումն է այս իշխանություններից, առաջին հերթին՝ Արցախի վերադարձը»,- ասել է նա։
Դանիելյանը վստահ է, որ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ որևէ այլ իշխանություն չի կարող փակել Արցախի էջը։ «Իրենց քաղաքական էջը ինչ-որ մի պահի փակվելու է, բայց երբեք ու երբեք Արցախի էջը չի փակվելու, քանի կան մարդիկ, որոնք ամեն օր արթնանում են Արցախ վերադարձի գաղափարով»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով՝ հասարակության մեծամասնությունը ապրում է Արցախ վերադարձի գաղափարով։ «Հանեք այդ գաղափարը և տակը ոչ մի բան չի մնալու։ Մեր բոլորիս կյանքի նպատակը Արցախ վերադարձն է։ Ուրիշ այլ տարբերակ կոնկրետ ես չեմ ունենա»,- ընդգծել է Դանիելյանը։
Անդրադառնալով Արցախի կորստին՝ նա պնդել է, որ Արցախը հանձնվել է դավադիր պայմանավորվածությունների արդյունքում։ Ըստ նրա՝ այժմ պետք է գործադրել բոլոր հնարավոր գործիքները՝ Արցախ վերադառնալու համար՝ լինի դա բանակցությունների, թե նախկինում գոյություն ունեցած ֆորմատների միջոցով։
«Վերադարձի իրավունքը ոչ մեկի ձեռքից չեն վերցրել, այդ վերադարձի իրավունքը պատկանում է յուրաքանչյուր հայ մարդու»,- ասել է նա։
Դանիելյանը կտրուկ քննադատել է իշխանությանը արցախցիներին «փախածներ» ու «թռածներ» անվանելու համար։ Նա հիշեցրել է, որ նրանք ստիպված են եղել թողնել իրենց բնակավայրերը էթնիկ զտումների և ցեղասպանության արդյունքում, թողել են իրենց շիրիմները։
«Իմ տունը Արցախում է, իմ շիրիմները Արցախում են, իմ պապական գյուղը գերության մեջ է, որտեղ ազերիները քանդում և ավերում են իմ գերեզմանները։ Ինչպե՞ս կարող է մարդը հրաժարվի իր շիրիմներից, իր հազարամյակներով հայրենիքից, իր հողու ջրից, իր տնից»,- հարցրել է նա։
Նա նաև նշել է, որ հասարակության մի մասը չի արձագանքում այս ամենին, քանի որ վախեցած է պատերազմով։ Սակայն, ըստ Դանիելյանի, Արցախի հարցը չի կարող մոռացվել, և վերադարձի գաղափարը շարունակելու է ապրել։
«Քանի կան մարդիկ, որոնք ամեն օր արթնանում են Արցախ վերադարձի գաղափարով, Արցախի էջը չի փակվի»,- եզրափակել է նա։


