«ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ». 3 ՏԱՐԻ ԱՌԱՋ ՄԵԶ ՄՈՏ ԱՐՑԱԽ ԿԱՐ։ 3 ՏԱՐԻ ՀԵՏՈ Ի՞ՆՉ ԵՆՔ ԱՍԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ
Արցախի 120 հազար բնակիչների ցեղասպանության և բռնի տեղահանության երրորդ տարելիցը դիմավորում ենք երկու առանցքային դեմքերի բացակայությամբ։ Թափուր են Արցախի Հանրապետության նախագահի և խորհրդարանի նախագահի պաշտոնները։ Երկրորդ հայկական հանրապետության պետնախարար Նժդե Իսկանդարյանը հայտարարել է, որ տեսանելի ապագայում այդ հարցի շուրջ խորհրդակցություններ կանցկացվեն Արցախի խորհրդարանի պատգամավորների հետ…
2023 թվականի սեպտեմբերի 19-ին ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍԿՍԵՑ ՌՄԲԱԿՈԾԵԼ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ,և կրակը դադարեց միայն այն ժամանակ, երբ երկրորդ հայկական հանրապետության իշխանությունները ստիպված եղան ընդունել ագրեսորի պայմաններն ու վայր դնել զենքը։ Այդ օրերին Երևանում զբաղված էին Նիկոլ Փաշինյանի գավաթի համար զանգվածային մարզական միջոցառում կազմակերպելով։ Սեպտեմբերի 20-ին ԿԳՄՍ նախարարությունը միջոցառման կազմակերպիչներից մեկի հետ այդ առիթով պայմանագիր կնքեց՝ ինչ որ ընկերության փոխանցելով 39 միլիոն 656 հազար դրամ։
Նույն այդ օրը կամավորների խումբը շտապ մեկնեց Կոռնիձոր՝ փախստականներին ընդունելու և տեղավորելու համար, իսկ բարեգործական կազմակերպությունները շարքային քաղաքացիներից սկսեցին ստանալ հագուստի, կոշիկի և հիգիենայի պարագաների պարկեր։ Սյունիքում, Լոռիում և այլ մարզերում արցախցիներին արդեն բնակարաններ էին տրամադրում, օգնում էին աշխատանքի տեղավորվել, սնունդ ու դեղորայք էին հասցնում։ Մարդասիրական օգնության ընդունման կետերում կուտակվում էին անկողնային պարագաների և կենցաղային այլ իրերի սարեր, իսկ կամավորները հոգնածությունից ուժասպառ՝ տեսակավորում ու ուղարկում էին արցախցիներին հասցեագրված օգնությունը…
Երեք տարի առաջ՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը կապվեց Ադրբեջանի ԱԱԾ պետի տեղակալի հետ՝ առաջարկելով անհապաղ դադարեցնել կրակը և սկսել բանակցություններ՝ բանակցողների ընտրությունը թողնելով ադրբեջանական կողմին։ Իր հերթին նա առաջարկեց այդ կարգավիճակում հանդես գան գեներալներ Սամվել Բաբայանն ու Վիտալի Բալասանյանը։ Ադրբեջանական կողմը հրաժարվեց բանակցություններից և որպես ցեղասպանությունը դադարեցնելու պայման պահանջեց Արցախի Հանրապետության լուծարման մասին հայտարարություն։ Այդպես ծնվեց փաստաթուղթը, որով նախատեսվում էր 2024 թվականի հունվարի 1-ից լուծարել երկրորդ հայկական հանրապետության պետական կառույցները։
Հետագայում տեղեկություններ հայտնվեցին, որ 2023 թվականի վերջին աշխատանքային օրերին Շահրամանյանը Փաշինյանին է ուղարկել Արցախի Հանրապետության լուծարման մասին փաստաթուղթը չեղարկելու որոշումը։ Այստեղից էլ հետևում է, որ դե յուրե երկրորդ հայկական հանրապետությունը գոյություն ունի նաև այսօր…
2023 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ Արցախից Հայաստան բռնի տեղահանվել էր 68 հազար 386 մարդ՝ երկրորդ հայկական հանրապետության բնակչության կեսից ավելին։ Արդեն ձերբակալվել էին Ռուբեն Վարդանյանը և արցախցի այլ գործիչներ…
Մենք հաճախ ենք հիշում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը՝ Արցախը ներառյալ։ Հիշում ենք նաև, որ այդ ճանաչումից երկու ամիս անց՝ դեկտեմբերի 12-ին, սկսվեց Արցախի շրջափակումը, որը հանգեցրեց ավելի քան 120 հազար հայերի սովի, ցեղասպանության և ապարտեիդի։ Երեք տարի անց տեղին է հիշեցնել այն քայլերի մասին, որոնք անմիջականորեն նախորդեցին այս ողբերգական իրադարձություններին, որպեսզի ընթերցողը հասկանա դրանց կապը այն ամենի հետ, ինչ այսօր տեղի է ունենում հենց Հայաստանում և նրա շուրջը…
Այսօր քչերն են հիշում, որ 2023 թվականի մարտի 25-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ Ադրբեջանի զինված ստորաբաժանումները, խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, հատել են շփման գիծը և դիրքավորվել Եղցահողում՝ Սարի Բաբա լեռից 2,9 կիլոմետր հյուսիս-արևելք գտնվող բարձունքում։ Հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ ադրբեջանցիներն անմիջապես սկսել են ինժեներական աշխատանքներ։
Մարտի 13-ին Արցախի խորհրդարանի խմբակցությունները պաշտոնական Երևանին կոչ էին արել կասկածի տակ չդնել Արցախի ինքնորոշման իրավունքը։ Մարտի 22-ին Արարատ Միրզոյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, որ Հայաստանը Լաչինի անցակետերի շուրջ բանակցություններ չի վարում։ Ապրիլին ռուս խաղաղապահները Արցախի տարածք չէին թողել հայկական ընդդիմադիր խմբակցությունների մի խումբ պատգամավորների…
ՆՇՎԱԾ ԲԱՐՁՈՒՆՔԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՎ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱՆ ԱՐՑԱԽ–ՀԱՅԱՍՏԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ։Այդ ճանապարհով երթևեկությունն այլևս վտանգավոր դարձավ։ Այդ ժամանակ դեռ պահպանվում էին կապող այլ ուղիներ, սակայն դրանք դժվարանցանելի էին։ Նույնատիպ քայլեր այսօր ադրբեջանցիները փորձում են իրականացնել հենց Հայաստանում։ Դատեք ինքներդ։ 2021 թվականի մայիսի 12-ից սկսած՝ ներխուժման հետևանքով, առանց մեկ կրակոցի Իշխանասարը և Սև լճի շրջակայքը վերահսկողության տակ վերցնելուց, իսկ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ագրեսիայի հետևանքով՝ հայ-ադրբեջանական սահմանի հինգ ուղղություններում ռազմավարական բարձունքները գրավելուց հետո, Ալիևը նախ պահանջեց Տավուշի տարածքների հանձնումը՝ այն քողարկելով սահմանազատման անվամբ։ Դրանով ոչնչացվեց հզոր պաշտպանական գոտին, որտեղից դուրս էր բերվել 3-րդ բանակային կորպուսը։ Այժմ նա պահանջում է հանձնել Տիգրանաշենը՝ Քյարքին։ Դրա հետևանքով Երևանը կկտրվի Հայաստանի Հանրապետության ռազմավարական նշանակության տարածքներից։ Այսինքն՝ խոսքը երկրի մասնատման մասին է…
Հայաստանում Ալիևը գործում է նույն մեթոդներով, որոնք կիրառեց Արցախում 44-օրյա պատերազմից հետո, երբ երկրորդ հայկական հանրապետության տարածքի 75 տոկոսն անցավ ադրբեջանական վերահսկողության տակ։ Սկզբում մի քանի անգամ փակեցին գազը, իսկ այսօր Փաշինյանի կառավարությունը Ադրբեջանին դիտարկում է որպես էներգակիրների հնարավոր մատակարար։ Այնուհետև փակեցին հաղորդակցությունները՝ հարուցելով սով, որպեսզի զանգվածային սպանությունների և բռնի տեղահանության համար ճանապարհն ավելի հեշտ լինի։ Այն ժամանակ ադրբեջանցիները ձգտում էին տիրանալ Քաշենի հանքավայրին՝ փորձելով ոչնչացնել Արցախի Հանրապետության արդյունաբերությունը, իսկ այսօր արդեն սկսել են շահագործել Սոթքի ոսկու հանքի իրենց «մասը»։
Հատկապես պետք է հիշեցնել, որ Արցախի Հանրապետության հայերի ցեղասպանությունն ու բռնի տեղահանությունը ոչ միայն նախապես՝ քայլ առ քայլ, պատրաստվել էին, այլև ուղեկցվել էին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ առաջարկների փոխանակմամբ։ 2023 թվականի մարտի 16-ին Փաշինյանը հայտարարեց կողմերի միջև փաստաթղթի վերաբերյալ առաջարկների փոխանակման չորրորդ փուլի մասին։ Արցախում սովն արդեն թափ էր հավաքում, մինչդեռ Փաշինյանն ու Ալիևը քննարկում էին խաղաղության առաջարկները։ Արդյո՞ք անհրաժեշտ են այլ վկայություններ՝ ցույց տալու համար, որ այդ ժամանակ Փաշինյանն արդեն տեղեկացված էր Արցախի Հանրապետությունից վերջնական հրաժարման հետևանքների մասին։
ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆ ՊԱՏԿԵՐԸ ԿՐԿՆՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-ԻՆ ՎԱՇԻՆԳՏՈՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ խաղաղության նախնական համաձայնության պայմաններում, որը միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ իրավական կշիռ չունի։ Հիշեցնեմ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայում ստորագրված եռակողմ հայտարարությունը նույնիսկ ենթակա չէր ստորագրած երկրների խորհրդարանների վավերացմանը։ Միևնույն ժամանակ Փաշինյանն ու ՔՊ-ի վերնախավը ժողովրդին կոչ են անում հավատալ խաղաղությանը՝ թուլացնելով զգոնությունը։ Բանն արդեն հասել է նրան, որ Տիգրանաշենը՝ Քյարքին, հանձնելուն նախապատրաստվելով՝ ժողովրդին փորձում են համոզել, թե իբր Արարատի մարզում նույն անունով մեկ այլ բնակավայր է լինելու։ Նիկոլը, ճիշտ է, դեռ չգիտի, թե այդ նոր Տիգրանաշենը որտեղ է լինելու, բայց մի բան հաստատ գիտի՝ «Քյարքին պետք է հանձնել», հակառակ դեպքում պատերազմ կլինի։
Տավուշի գյուղերն էլ «պետք էր հանձնել»՝ պատերազմից խուսափելու համար։ Շուտով նա կասի, որ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարվում է ՔՊ-ին օգնել վեց ձայնով, որպեսզի Ալիևյան Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի, հետևաբար հենց ընդդիմությունն է պատերազմ հրահրում։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներին էլ, որոնք Տիգրանաշենի բարեկարգման ծրագիր են առաջարկում, Փաշինյանը պատերազմի հրձիգներ անվանեց։ Իշխանական վերնախավի առաջնորդը շարունակում է գյուղեր հանձնել՝ այն պայմաններում, երբ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր ինքնիշխան հայկական հող գտնվում է օկուպացիայի տակ։ Այն մասին, որ նա հանձնում է Տիգրանաշենը, արդեն բոլորը գիտեն։ Մարդիկ ամենուր փոխանցում են Փաշինյանի այն խոսքերը, թե ինքը «այդ հարցի նյարդը պոկել է»։
Ինչպես էլ նայենք, Հայաստանի հանձնումը՝ չնչին շեղումներով հանդերձ, կրկնում է Արցախի Հանրապետության հանձնման սցենարը։ Միայն նրանք, ովքեր, ինչպես ասում է հին հայկական ասացվածքը, «ավանակի ականջում քնած են», կարող են չնկատել պատմության կրկնությունը։ Երեք տարի առաջ մեզ մոտ Արցախ կար։ Երեք տարի հետո ի՞նչ ենք ասելու Հայաստանի մասին։


