ԺՈՂՈՎՐԴԻ ՁԱՅՆԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ․ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵՆ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ

Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգի առանցքում է Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի օրինականության հարցը։ Կառավարությունը պնդում է, որ գործընթացը վերաբերում է ոչ թե «տարածքի փոփոխությանը», այլ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա «պետական սահմանի վերարտադրմանն ու որոշմանը»։ Ըստ իշխանությունների այս տրամաբանության՝ խոսքը ընդամենը նախկին խորհրդային հանրապետությունների վարչական սահմանների ամրագրելու մասին է, ինչը, նրանց համոզմամբ, համաժողովրդական հանրաքվեի անցկացում չի պահանջում։ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շեշտել է, որ որևէ նոր սահման ստեղծելու անհրաժեշտություն չկա․ երկու երկրների միջև սահմանները 1991 թվականին ճանաչված սահմաններն են, որոնք պարզապես անհրաժեշտ է վերարտադրել։ Վարչապետի պնդմամբ՝ դրա իրավական հիմքն արդեն իսկ գոյություն ունի և ամրագրված է երկկողմ պայմանագրերով։

Ընդդիմադիր խմբակցությունները, մասնավորապես՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, մատնանշել են այս դիրքորոշման հիմնարար անհամապատասխանությունը Սահմանադրության թե՛ տառին, թե՛ ոգուն։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 205-րդ հոդվածը միանշանակ սահմանում է․ «Հանրաքվեների միջոցով լուծվում են ... Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը»։ Այս դրույթում որևէ վերապահում չկա «տարածքների փոխանակման» կամ «վերարտադրման» վերաբերյալ։ Սա խիստ իմպերատիվ նորմ է, որը չի կարող մեկնաբանվել ընդլայնական եղանակով՝ կախված քաղաքական նպատակահարմարությունից։ Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարել է, որ տեղի ունեցողն ապօրինի քայլ է, և Ազգային ժողովն իրավունք չունի վավերացնելու սահմանազատման վերաբերյալ փաստաթղթերը՝ առանց դրանք հանրաքվեի դնելու։

Հասկացությունները մեկը մյուսով փոխարինելու փորձը՝ պնդելով, թե հանրաքվեն անհրաժեշտ է միայն «տարածքների փոխանակման» դեպքում, իրավական կազուիստիկա է, որն արդեն սահմանակցում է սահմանադրական սկզբունքների ուղղակի խախտմանը։ Պետական սահմանի ուրվագծի ցանկացած փոփոխություն, նույնիսկ եթե այն հիմնված է կեսդարյա վաղեմության քարտեզների վրա, դե յուրե հանգեցնում է պետական տարածքի փոփոխության։ Ընդդիմությունը պնդում է, որ իշխանությունները միտումնավոր խուսափում են հանրաքվեի ընթացակարգից՝ ձգտելով հնարավորինս արագ ստորագրել միջազգային պայմանագիր, որը հետագայում այլևս հնարավոր չի լինի չեղարկել կամ վերանայել ժողովրդի համաժողովրդական կամարտահայտությամբ։

2024-2025 թվականներին խորհրդարանական քննարկումների ընթացքում մտահոգություններ էին հնչում, որ սահմանազատման գործընթացը կարող է օգտագործվել այսպես կոչված «անկլավների» և «էքսկլավների» հարցերը լուծելու համար։ Նիկոլ Փաշինյանը թույլատրելի էր համարում «օպտիմալացման» և նույնիսկ տարածքների «համաչափ փոխանակման» հնարավորութունը ՝ միաժամանակ ընդգծելով, որ նման փոխանակումը հնարավոր է միայն հանրաքվեի միջոցով։ Սակայն ընդդիմությունը մատնանշում է մի էական հանգամանք․ 2024 թվականի գարնանը, երբ Հայաստանի իշխանությունները միակողմանիորեն Ադրբեջանի վերահսկողությանն էին փոխանցում Տավուշի ուղղությամբ գտնվող տարածքները, որևէ հանրաքվե չանցկացվեց։ Ավելին, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ուշադրություն է հրավիրել</a այն հանգամանքի վրա, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ փոխանցման ենթակա տարածքները Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մաս են կազմում, հետևաբար դրանց փոխանցումն առանց հանրաքվեի անթույլատրելի է։

Ոչ պակաս կարևոր է նաև սահմանազատման իրավական հիմքի հարցը։ Փորձագետները վիճարկում են Ալմա-Աթայի հռչակագիրը որպես սահմանների որոշման իրավական փաստաթուղթ օգտագործելու հիմնավորվածությունը, քանի որ դրանում սահմանների քարտեզագրական նկարագրություն չկա։ Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրը չի կարող հիմք հանդիսանալ սահմանագծման գործընթացի համար, քանի որ դրանում սահմանների կոնֆիգուրացիաների վերաբերյալ որևէ խոսք չկա։

Սահմանադրական հանրաքվեն շրջանցելու փորձը, անկախ նրանից՝ այն ինչպես են փորձում հիմնավորել միջազգային պարտավորություններով կամ խաղաղության պայմանավորվածություններով, Սահմանադրության 205-րդ հոդվածի՝ իմպերատիվ նորմի ուղղակի խախտում է։ Տարածքի փոփոխությանն առնչվող միջազգային պայմանագրի՝ առանց նախնական հանրաքվեի Ազգային ժողովի կողմից վավերացումը կարող է վիճարկվել Սահմանադրական դատարանում՝ որպես հակասահմանադրական ընթացակարգ։ Նման փաստաթղթեր ստորագրող պաշտոնատար անձանց գործողությունները կարող են որակվել որպես լիազորությունների գերազանցում։ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ վավերացված միջազգային պայմանագրերի գերակայությունը ներքին օրենսդրության նկատմամբ չի կարող հիմք ծառայել 205-րդ հոդվածը շրջանցելու համար, քանի որ վերջինս ամրագրում է ընթացակարգային պարտադիր պահանջ, որի խախտումը չի կարող օրինականացվել հետագա վավերացմամբ։

Տարածքի փոփոխության հարցերով հանրաքվեի անցկացման սահմանադրական պահանջից ցանկացած շեղում, ինչ միջազգային իրավական կամ պայմանագրային փաստարկներով էլ այն փորձեն քողարկել, ժողովրդավարության հիմնարար սկզբունքների խախտում է և պետական սահմաններին վերաբերող հարցերի լուծման ժամանակ ժողովրդին իր ձայնի իրավունքից զրկելու փորձ։ Սահմանադրությունը չի կարող վերածվել մի փաստաթղթի, որի դրույթները մեկնաբանվում են քաղաքական նպատակահարմարությանը համապատասխան։ Միայն Հայաստանի ժողովուրդն իր ազատ կամարտահայտությամբ իրավունք ունի որոշելու իր հողի ճակատագիրը, իսկ այդ սկզբունքից ցանկացած շեղում խարխլում է պետական որոշումների լեգիտիմությունը։