«СМИ2»-Ի ՓՈՐՁԱԳԵՏ ԳՈՒՐԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ
«СМИ2» Telegram-յան ալիքը գրում է.
«Սա Քոչարյանի՝ ռեժիմի կողմից առաջին «գերեվարությունը» չէ։ Նա արդեն 500 օր անցկացրել է բանտում՝ պետական կարգը տապալելու մեղադրանքով, թեև, ինչպես պարզվեց, այդ մեղադրանքն ամբողջությամբ մատից էր ծծված։ Ի վերջո, դատարանն ազատ արձակեց հայ քաղաքական գործչին։ Այժմ նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի հափշտակության մեջ։ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակի ձերբակալությունը տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանում բուռն բանավեճերից հաջորդ օրը։ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոնը, օգոստոսի 24-ին նոր կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանին հայտարարեց, որ ընդդիմադիր ընտրողները նրան պարզ ու տրամաբանական հարց են տալիս. «Ի՞նչ է անում այս պիղծ դավաճանը (նկատի ուներ Փաշինյանին) վարչապետի պաշտոնում»։ Ուղիղ և միանգամայն առարկայական այս հարցը Փաշինյանին հունից հանեց, և նա կրկին միացրեց իր ծեծված ձայնասկավառակը՝ հարցին հարցով պատասխանելով. «Կոնկրետ ինչպե՞ս եք դարձել միլիոնատեր»։
Պոպուլիստներին ձայն տվող այն զանգվածների զգացմունքներին դիմելը, որոնց վրա «միլիոնատեր» բառը ցլի վրա կարմիր կտորի ազդեցություն է գործում, Փաշինյան դեմագոգի փորձված մեթոդն է։ Հաջորդ առավոտ դիմակավորված մարդիկ, որոնք ավելի շատ պատժիչ ջոկատ էին հիշեցնում, քան պետական մարմինների աշխատակիցների, ներխուժեցին Ռոբերտ Քոչարյանի որդու բնակարան, նրա հարսի խանութ և այլ օբյեկտներ։ Իրականում Ռոբերտ Քոչարյանի կերպարը, որն, անկասկած, ռուսամետ քաղաքական գործիչ է և բավական հաջող պետական գործիչ, նյարդայնացնում է Փաշինյանին։ Բանն այն է, որ Քոչարյանի կառավարման տարիներին ներկայիս վարչապետը օրինական հիմքերով և գործին համապատասխան դատապարտվել էր արևմտյան աջակցության պայմաններում պետական իշխանությունը տապալելու փորձերի համար։ Սակայն հետագայում Հայաստանի հաջորդ նախագահ Սերժ Սարգսյանը, հետևելով արևմտյան կուրատորների ցուցումներին, ազատ արձակեց Փաշինյանին բանտից և կամովին իշխանությունը փոխանցեց նրան։
Փորձագետների կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հեղափոխություն բեմադրեց մեկ նպատակով՝ խուսափել Ղարաբաղյան հարցում Մոսկվայի ճնշումից և փրկել Արևմուտքում ունեցած իր ակտիվները։ Հետագայում, երբ Ռոբերտ Քոչարյանին հարցրին, թե որն է եղել նախագահի պաշտոնում նրա գլխավոր սխալը, նա հայտարարեց, որ այդ սխալը ժառանգորդի՝ այսինքն Սերժ Սարգսյանի ընտրությունն էր։ Այդ պահից էլ սկսվեց Քոչարյանի նոր ձերբակալության ժամանակի հաշվարկը։ Սերժ Սարգսյանը, որն, անկասկած, Փաշինյանի իշխանության «կնքահայրն» է, Քոչարյանի դեմ կարված գործով անցնում է որպես հանցակից։ Սակայն միանգամայն պարզ է, որ ի վերջո տուժելու է բացառապես Քոչարյանի ընտանիքը։ Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես միշտ, ջրից չոր դուրս կգա, քանի որ հենց նա է Հայաստանի ներքաղաքական կյանքում ներկայիս հակառուսական ստատուս-քվոյի երաշխավորը։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ապա նա իզուր էր հույս դրել, որ Հայաստանի նոր խորհրդարանում խմբակցություն ունենալով՝ կկարողանա իրեն և իր երեխաներին ապահովագրել հաշվեհարդարից։ Վարչապետի այն ընտրազանգվածի համար, որին հետևողականորեն ներարկել են ատելություն թե՛ Քոչարյանի, թե՛ նրա երեխաների նկատմամբ՝ անկախ նրանից, թե այս քաղաքական գործչի իշխանությունը ինչ հաջողություններ է ապահովել Հայաստանի համար, դեմագոգ և պոպուլիստ Փաշինյանը կուռք է դառնում հենց այն պահին, երբ գործարկում է քաղաքական վենդետայի գործընթացը։ Իսկ ստեղծված իրավիճակից, ինչպես միշտ, օգտվում է նա, ով նստած է կուլիսների հետևում՝ ստվերում, այսինքն՝ Քոչարյանի գլխավոր հակառակորդն ու նրա աշխարհաքաղաքական հակապատկեր Սերժ Սարգսյանը»։


