ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱՊԵՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆԻՑ․ ՏԻԳՐԱՆԱՇԵՆԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ՔՅԱՐՔԻ
Մեր աչքի առաջ տեղի է ունենում մի բան, որը պատմության դասագրքերում կամ պետական ողբերգություն կանվանեն, կամ ազգային դավաճանություն։ Ժամանակը ցույց կտա, թե այս օրերի իրադարձություններն ինչ բնորոշում կստանան։ Բայց այն, ինչ տեղի է ունենում հենց հիմա, պահանջում է անհապաղ արձանագրում, վերլուծություն և, իհարկե, դիմադրություն։
Մի կողմից՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը մեկ-մեկ այնպիսի հայտարարություններ է անում, որ մարդու մազերն են բիզ-բիզ կանգնում։ Բավական չէ, որ նա նախանձելի համառությամբ մեր տարածքներն է բաժանում-բաժանում, դեռ մի բան էլ դա անում է իբր ճշմարտությունը հենց նոր հայտնաբերած մարդու ինքնավստահությամբ։ Օգոստոսի 20-ին ճեպազրույցի ժամանակ նա առանց աչքը թարթելու հայտարարեց, որ մեզ համար ռազմավարական նշանակություն ունեցող Տիգրանաշենը «Հայաստանի տարածք չէ»։ Ավելին՝ նա համառորեն օգտագործում է այդ գյուղի ադրբեջանական անվանումը՝ Քյարքի, կարծես մոռացել է, որ Հայաստանի վարչապետն է, ոչ թե Բաքվի քարոզչության գործակալը։
Նրա տրամաբանությունը պարզ է՝ Ալմա-Աթայի հռչակագիր, 29 743 քառակուսի կիլոմետր, «գործ ունենք փաստի հետ»։ Բայց ո՞ր փաստի։ Իր իսկ հորինած փա՞ստի։ Մի փաստի, որը ոչ մի կապ չունի ո՛չ պատմության, ո՛չ մեր Սահմանադրության, ո՛չ էլ մեր ժողովրդի կամքի հետ։ Տիգրանաշենը պարզապես գյուղ չէ։ Այն մեր երկրի հյուսիսն ու հարավը կապող կենսական զարկերակ է։ Այն մեր անվտանգության բանալին է։ Եվ այդ բանալին ինչ-որ մեկը պատրաստվում է հանձնել թշնամուն։
Մյուս կողմից՝ մեր բանակն է, որը պարտավոր է կանգնած լինել այդ զարկերակի պաշտպանության դիրքերում, բայց մնացել է առանց ղեկավարության։ Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր շտաբում ռազմավարական նշանակության չորս պաշտոն թափուր է։ Հյուսիսարևելյան սահմանագոտու պաշտպանության համար պատասխանատու 3-րդ բանակային կորպուսը հուլիսի 1-ից հրամանատար չունի։ Հատուկ նշանակության ուժերը՝ մեր բանակի էլիտան, նույնպես մնացել են առանց հրամանատարի։ Զինառության և տեխնիկական ապահովման վարչությունը, Բարեվարքության ապահովման վարչությունը՝ բոլորը ղեկավար չունեն։
Պատահականությու՞ն։ Իհարկե՝ ոչ։ Սա համակարգված քայլ է։ Բանակը միտումնավոր թուլացնում են, զրկում ղեկավարությունից, որպեսզի այն չկարողանա դիմադրություն ցույց տալ։ Ինքը՝ Փաշինյանը, հայտարարել է, որ «Զինված ուժերը անվտանգության գլխավոր երաշխավորը չեն»։ Իսկ Ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը մի առիթով Ադրբեջանին Հայաստանի անվտանգության երաշխավոր էր հռչակել։ Մի պահ կանգ առնենք ու մտածենք այս տրամաբանության մասին։ Բանակը՝ երաշխավոր չէ։ Ադրբեջանը՝ երաշխավոր է։ Այսինքն՝ մեր անվտանգությունը պետք է վստահենք նրան, ով երեսուն տարի պատերազմել է մեր դեմ, ով պատանդ է պահում մեր գերիներին, ով ամեն օր մեզ պատերազմով է սպառնում։ Այսինքն՝ բանակն այլևս պե՞տք չէ։ Այսինքն՝ մենք այլևս չենք պատրա՞ստվում զենքը ձեռքին պաշտպանել մեր հողը։ Պատրաստվո՞ւմ ենք «խաղաղության օրակարգով» ամեն ինչ զիջել։
Ավելին, նույն Ալեն Սիմոնյանը նախընտրական բանավեճերի ժամանակ Հանրային հեռուստաընկերության եթերում, ըստ էության, մի խոստովանություն արեց, որը վաղուց պետք է իրավապահ մարմինների քննության առարկա դառնար։ Խոսելով Գորիս–Կապան ճանապարհի մասին՝ նա հայտարարեց, որ 2021 թվականին այն Ադրբեջանին փոխանցելը «մեր պահանջն էր»։ Այսինքն՝ խոսքը Ադրբեջանի կողմից պարտադրանքի, ռազմական իրավիճակի հետևանքների կամ միջազգային հանրության ճնշման մասին չէ։ Խոսքը Նիկոլ Փաշինյանի իշխանության իսկ նախաձեռնությամբ ընդունված որոշման մասին է։
Իսկ հիմա հենց մեր աչքի առաջ ևս երկու դաշույն է խրվում վիրավոր ու արյունաքամ Հայաստանի պետականության մարմնի մեջ։ Մեկը՝ Տիգրանաշենը հանձնելու նախապատրաստությունն է, մյուսը՝ բանակի գլխատումը։ Եվ երկու դաշույնն էլ նույն ձեռքն է պահում։ Նույն իշխանությունը, որը մեր ժողովրդին «խաղաղություն» անունով պատրանք է մատուցում, որի հետևում թաքնված է ազգային անվտանգության փլուզումը։
Տիգրանաշենը մերն է։ Այն դարերով մերն է եղել, այսօր էլ մերն է, և պետք է մերն էլ մնա։ Ոչ մի վարչապետ, ոչ մի քարտեզ, ոչ մի հռչակագիր իրավունք չունի որոշումներ ընդունելու մեր ժողովրդի կամքին հակառակ։ Իսկ բանակը պետք է ունենա ղեկավարություն, որը պատրաստ է պաշտպանել երկիրը, այլ ոչ թե լուռ հետևել, թե ինչպես են հողերը հանձնվում։
Ժամանակն է արթնանալու։ Ժամանակն է հասկանալու, որ այս իշխանությունը մեզ տանում է դեպի աղետ։ Ժամանակն է պատասխաններ պահանջելու։ Ինչո՞ւ են այս պաշտոնները թափուր։ Ինչո՞ւ է վարչապետը հայտարարում, որ մեր հողը մերը չէ։ Ո՞վ է նրան նման հրահանգներ տալիս։
Մենք պետք է դիմադրենք։ Որովհետև եթե լռենք, վաղը կարող ենք արթնանալ մի երկրում, որն այլևս չենք ճանաչի։ Մի երկրում, որտեղ նույնիսկ հայերեն խոսելը կարող է հանցագործություն հայտարարվել։
Տիգրանաշենը մերն է։ Բանակը մերն է։ Եվ մենք չպետք է թույլ տանք, որպեսզի դավաճաններն այն հոշոտեն։


