ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱՏՎԵԼՈՒ ԵՆ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը 168 TV-ի «Օրախնդիր» հաղորդման եթերում կտրուկ քննադատել է իշխանությունների քաղաքականությունը՝ միաժամանակ միանշանակ կանխատեսում անելով, որ գործող վարչախումբն անխուսափելիորեն ենթարկվելու է դատական հետապնդման։
Աբրահամյանը «Չորրորդ Հանրապետության» հռչակումը որակել է որպես ռազմավարական ձախողման («պրավալի») քողարկում, իսկ Տիգրանաշենի հանձնումը՝ հակասահմանադրական քայլ: Եկեղեցու դեմ արշավն էլ նա անվանել է «մարտնչող անհավատություն» և հիշեցրել Աննա Հակոբյանի կողմից հնչեցված «սուտ մատնության» մասին։
Հարցազրույցի ամենաուշագրավ հատվածում Աբրահամյանը վստահ հայտարարել է.
«Ինձ մի բարձրաստիճան ոստիկան ասել է. հենց որ սրանք գնան, տասնյակ հարյուրավոր քրեական գործեր են հարուցվելու այդ գործերը, իրենց գործերը հարուցելու վերաբերյալ, այսինքն՝ ինչպես են նրանք մարդկանց բռնել, ինչպես են նրանք մարդկանց դեմ գործեր սարքել և այլն, որովհետև այդ ամենը անօրինական է»:
Ըստ նրա՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով «տասնյակ, եթե ոչ հարյուրավոր քննիչներ, դատախազներ ու դատավորներ են կալանավորվելու»: Աբրահամյանն ընդգծել է, որ իշխանությունները գիտակցում են իրենց արարքների հակաիրավական լինելը, սակայն հույս ունեն «գլխարկը փոխելով» խուսափել պատասխանատվությունից։ Նրա համոզմամբ՝ «այս անգամ շատ ավելի ծանր կլինի նրանց գլխարկ փոխելը»։
Ամփոփելով՝ լրագրողը պատմական զուգահեռներ է տարել (Ֆրանսիական հեղափոխություն, խորհրդային բռնակալություն)՝ նշելով, որ պատմության օրինաչափությունները չեն շրջանցում ոչ մի իշխանության։ Նա Փաշինյանի կառավարման ոճը որակել է որպես «Լուկաշենկոյի մոդել»՝ վստահեցնելով, որ այն վաղ թե ուշ կործանվելու է, և օրենքը, ի վերջո, կհաղթի։


