ԱՇԽԱՐՀԸ՝ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՇԵՄԻՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԴԵՖՈԼՏԻ ՇԵՄԻՆ, ԻՍԿ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԹՄԲՈՒԿ Է ԽՓՈՒՄ
«Հայաստանի անվտանգային, տնտեսական, արտաքին-քաղաքական, ներքաղաքական, սոցիալական վիճակն առավել քան մտահոգիչ է, սակայն Նիկոլ Փաշինյանը փոխանակ դրանցով զբաղվի, շարունակում է պարապ վախտի խաղալիքներով զբաղվել, «Վարչաբենդում» և «Վարչաֆեստում» թմբուկ խփել, «Վարչապետի գավաթ» մրցումներ կազմակերպել, դրանց միջոցով մսխել պարտքերի տակ խրված Հայաստանի պետական բյուջեից զգալի գումարներ։ Ավելի քան 8 տարում այդպես էլ վարչապետ չդարձավ»։
Լրագրող Վոսկան Սարգսյանի այս խոսքերը</a՝ սոցիալական ցանցերում հերթական հարձակում չեն։ Ասվածը կոշտ է։ Եվ, ինչպես ցույց է տալիս փորձը,՝ դիպուկ։ Աշխարհը, պարոնայք, սրընթաց վերադառնում է XIX դարի աշխարհաքաղաքական իրողություններին՝ միայն հրթիռների ու նեյրոցանցերի ուղղումով։ Իսկ Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդից մոտ 179 մլն դրամ է հատկացնում «Վարչաֆեստ 2026» երիտասարդական-երաժշտական փառատոնի անցկացմանը։ Միջոցառումը խոստանում է մասշտաբային լինել․ շուրջ հարյուր երաժշտական խմբեր, այդ թվում՝ օտարերկրյա մասնակիցներ, Սևանի ափին վրանային ճամբար, երեք հազար հանդիսատես և 10 մլն դրամ մրցանակային ֆոնդ։
Հրաշալի է։ Հատկապես այն ֆոնին, որ 2026 թվականի երկրի բյուջեն կազմվել է 537,5 մլրդ դրամ պակասուրդով։ Միայն պետական պարտքի սպասարկման՝ տոկոսների վճարման համար, այս տարի կծախսվի 423 մլրդ դրամ։ Ընդհանուր առմամբ, պարտքի մարման և սպասարկման համար կպահանջվի 1 տրլն 53 մլրդ դրամ, ինչը կազմում է բյուջետային բոլոր ծախսերի 11,7 տոկոսը։ Համեմատության համար՝ առողջապահությանը հատկացված է բյուջեի ընդամենը 5,9 տոկոսը։
Պարտքերի մեջ խրված երկրի դիմանկարը
Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024 թվականի վերջին Հայաստանի պետական պարտքը հասել էր 12 մլրդ 842 մլն դոլարի։ 2025 թվականի ընթացքում այն աճեց՝ հասնելով 13 մլրդ 736 մլն դոլարի՝ անկախության ողջ պատմության բացարձակ ռեկորդի։ Երկրի յուրաքանչյուր բնակիչ, այդ թվում՝ նորածինները, պարտատերերին պարտք է 4458 դոլար։
Միաժամանակ, վերջին 8 տարիներին պարտքի կուտակման տեմպերը նախորդ ժամանակահատվածի համեմատ արագացել են գրեթե երեք անգամ։ Եթե 2017 թվականին՝ «թավշյա հեղափոխությունից» առաջ, պետական պարտքը կազմում էր 6 մլրդ 774,6 մլն դոլար, ապա այժմ այն ավելի քան կրկնապատկվել է։
Ուշագրավ է նաև այն, որ պարտքի աճին զուգահեռ Հայաստանը ստիպված է ավելի բարձր տոկոսներով փոխառություններ վերցնել։ Եթե 2017 թվականին վարկերի միջին տոկոսադրույքը կազմում էր 4,9 տոկոս, ապա 2025-ին արդեն՝ 7,4 տոկոս։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր նոր փոխառություն ավելի ու ավելի ծանր է նստում հարկատուների ուսերին։
Պաշտպանությունը՝ ծվատված, զվարճանքները՝ առաջնահերթ
Առանձնահատուկ ուշադրության է արժանի պաշտպանության ոլորտի ծախսային հոդվածը։ 2026 թվականի բյուջեում այն կրճատվում է 102 մլրդ դրամովв կամ 15,2 տոկոսով՝ 2025 թվականի հաստատված բյուջեի համեմատ։ Փաշինյանը դա բացատրում է նախորդ տարվա «բարձր բազայով»՝ իբր ռազմական վարկերի մի մասը վաղաժամկետ մարվել է։ Բայց սահմաններին պահպանվող լարվածության և չկարգավորված հակամարտությունների պայմաններում նման խնայողությունը, մեղմ ասած, ռիսկային է թվում։
Եվ հենց այստեղ էլ՝ 179 մլն դրամ փառատոնի համար։ Իրավիճակի ցինիզմն այն է, որ այդ ծախսերն արդարացվում են «երիտասարդության ստեղծագործական ներուժի» մասին հոգածությամբ։ Բայց ինչո՞վ պետք է զբաղվի երիտասարդությունը, եթե երկիրը կորցնում է պաշտպանունակությունը, իսկ տնտեսությունը քարշ է գալիս ահռելի պարտքերի ծանրության տակ։ Փառատոնների մեկնի՞։ Դա էլ այն դեպքում, եթե չհասցնի երկրից ընդմիշտ հեռանալ։
Երբ «տոնախմբությունները» դառնում են ախտորոշում
Լրագրող Վոսկան Սարգսյանն արդեն նախազգուշացրել էր․ Փաշինյանի իշխանության վերարտադրման դեպքում «մենք կարող ենք կորցնել մեր պետականությունը»։ Եվ սա խոսքի պատկերավոր արտահայտություն չէ, այլ փաստի արձանագրում։ Նրա իշխանության տարիներին Հայաստանը պարտվել է Ադրբեջանի հետ պատերազմում, կորցրել է վերահսկողությունը Արցախի նկատմամբ, իսկ բնակչությունը հազարներով լքում է երկիրը։
Այն ֆոնին, երբ աշխարհը սրընթաց վերադառնում է XIX դարի իրողություններին, Հայաստանի վարչապետը թմբուկային կատարումներով է զվարճացնում հանրությանը։ Հնարավոր է՝ նա պատրաստվում է փողոցային երաժշտի կարիերայի, բայց երկրին շոումեն չէ պետք, այլ մարդ, որն ի վիճակի է հավասարակշռություն պահել աշխարհաքաղաքական ճնշումների արանքում։ Ժողովուրդը տառապում է, արքան զվարճանում։ Իսկ ինչ-որ մեկը, այս ամենին նայելով, անկեղծորեն հավատում է, թե հայոց պատմության վերջին էջը չի շրջվելու։ Վախենամ հիասթափեցնել բոլոր անուղղելի լավատեսներին։ Կշրջվի, եթե ծաղրածուն շարունակի արքայի դեր խաղալ։


