«ՄԵԾ ԱՊԱՄՈՆՏԱԺՈՒՄ». ԻՆՉՈ՞Ւ Է ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՒՐԻՇԻ ԽԱՂՈՒՄ ՄԱՆՐԱԴՐԱՄ ԴԱՌՆՈՒՄ

Ներկա դարաշրջանի ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկն այն է, որ դիմակներն ի վերջո ամբողջությամբ ընկնում են։ Մինչ Հայաստանի Ազգային ժողովում Գեղամ Մանուկյանն ու Էդգար Ղազարյանը փորձում են թվերի, փաստերի և ողջամտության մնացորդների միջոցով խոսել, նիստերի դահլիճում արդեն հստակ լսվում է այն ճռռոցը, որով երկրի պետական մեքենան մետաղաջարդոնի է ուղարկվում ։ Լսելով նրանց ելույթները՝ հասկանում ես՝ այսօր Հայաստանը չունի «Մեծ խաղ»-ի տեսլական, այլ ունի միայն «Մեծ ապամոնտաժման» ռազմավարություն։ Իսկ եթե Երևանում ինչ-որ մեկը դեռ հույս ունի «արևմտյան փարոսների» կամ միջազգային գործընկերների իմաստության վրա, ապա նրա համար վատ լուր ունեմ. Ֆուկույաման կրկին սխալվեց, իսկ Հանթինգթոնը, ինչպես միշտ, ճիշտ դուրս եկավ։

Բանակային պասյանսը և «արդյունավետ մենեջերները»

Բանակի հետ կատարվողը ժանրի դասական օրինակն է՝ ինչպես սուբյեկտը դարձնել օբյեկտ։ Գեղամ Մանուկյանը միանգամայն իրավացիորեն մատնացույց է անում Սու-30 ինքնաթիռների ձեռքբերման պատմությունն ու պաշտպանական բնագծերի անկումը։ Մանուկյանի պնդմամբ՝ այդ ինքնաթիռները ձեռք բերելու որոշումն ընդունվել է առանց անհրաժեշտ համակողմանի մասնագիտական քննարկման, ինչից հետո փոփոխության են ենթարկվել նաև սպառազինության այլ ծրագրեր, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և անօդաչու համակարգերի հետ կապված ծրագրերը։

 

Հայաստանի պաշտպանության նախարարության կայքից «ծրագրային խափանման» պատրվակով ազատագրական պայքարի մասին նյութերի անհետացման պատմությունը գաղափարական անդամահատման դասական օրինակ է, երբ բանակին միտումնավոր զրկում են այն հիմքից, որի վրա կանգնած է ցանկացած ինքնիշխան պետություն։ Որովհետև այս դեպքում պատմությունը պարզապես արխիվային հնություն չէ, այլ այն ողնաշարն է, առանց որի զինված ուժերը զինված մարդկանց անիմաստ հավաքականության են վերածվում, որոնք չեն հասկանում ո՛չ իրենց առաքելությունը, ո՛չ էլ այն, թե ում փորձի վրա պետք է կառուցեն ապագա պաշտպանությունը։ Իսկ երբ ոլորտային գերատեսչությունը տարիներ շարունակ «չի կարողանում» վերականգնել ջնջված էջերը, ակնհայտ է դառնում, որ գործ ունենք ոչ թե տեխնիկական վրիպակի, այլ ազգային ռազմական ժառանգության գիտակցված ապամոնտաժման հետ։ Դրանից հետո ցանկացած բանակ, որը զրկված է հիշողությունից և սեփական հաղթանակների նկատմամբ հարգանքից, դառնում է չափազանց հեշտ թիրախ յուրաքանչյուրի համար, ով կգա սրով՝ իր ճանապարհին ոչինչ չհանդիպելով, բացի գաղափարական դատարկությունից։

Մի տարածաշրջանում, որտեղ պլանավորման սխալների համար վճարում են տարածքով և մարդկային կյանքերով, նման «նորարարությունները» կա՛մ կլինիկական ապուշության դրսևորում են, կա՛մ պաշտպանունակությունը ոչնչացնելու գիտակցված աշխատանքի արդյունք։ Իսկ նայելով հատուկ ծառայություններում տիրող կադրային խառնաշփոթին, որտեղ ԱԱԾ տնօրեններին փոխում են ձեռնոցներից ավելի հաճախ, հասկանում ես. այս մարդկանց խնդիրը պետությունը պաշտպանելը չէ, այլ դրա անխոչընդոտ վերաձևակերպումն ապահովելը։

Էդգար Ղազարյանն իր ելույթի համար ընտրել էր այլ ռազմավարություն, որից ցանկացած գործող վարչապետի մոտ նյարդային ցնցումներ պետք է լինեին։ Նա չսկսեց մեղադրանքներ շռայլել, այլ պարզապես վերցրեց Նիկոլ Փաշինյանի՝ 2018–2020 թվականների ելույթների ժողովածուն և դրեց իրականության կողքին։ Պատկերը, մեղմ ասած, ճնշող ստացվեց։ Երբ մարդը, երկու տարի ղեկավարելով կառավարությունը, տեսախցիկների առաջ երդվում է հայկական բանակի անպարտելիության և տարածաշրջանում նրա՝ որպես վճռորոշ ուժի դերի մասին, իսկ հետո երկիրը հայտնվում է 44-օրյա մղձավանջի մեջ՝ այդ նույն բանակը վերածելով պատմական հիշողության, «ռազմավարական հանճարի» հասցեին ուղղված հարցերն արդեն հռետորական են դառնում։ Իշխանությունը որքան ուզում է՝ կարող է մեղքը բարդել «նախկինների», արտաքին ուժերի խարդավանքների կամ նույնիսկ լուսնի փուլերի վրա, բայց քո իշխանության օրոք տեղի ունեցածի համար պատասխանատվությունը հաստատուն ցուցանիշ է, որից ոչ մի քննչական հանձնաժողովի հետևում չես թաքնվի։

 

Իսկ 44-օրյա պատերազմի արդյունքներով անվերջ «քննչական հանձնաժողովների» ստեղծումը նույնիսկ ծխածածկույթ չէ։ Սա ազգային աղետը հերթական սովորական խորհրդարանական սկանդալի վերածելու միջոց է։ Եվ մինչ ընդդիմությունը փորձում է տրամաբանություն գտնել իշխանության գործողություններում, իշխանությունը զբաղված է միակ բանով, որը կարողանում է անել՝ սեփական պետության ապամոնտաժման գործընթացը սպասարկելով։ Նրանց պետք չէ ապացուցել իրենց իրավացիությունը. նրանց պետք է պարզապես սպասել մինչև գործընթացի ավարտը։

Առանձին հիշատակման է արժանի ականազերծման աշխատանքների և ականադաշտերի քարտեզների փոխանցման թեման։ Եթե Ղազարյանի այն խոսքերը, թե հայկական մասնագետներին ստիպել են ականազերծել տարածքները թշնամու համար, հաստատվեն, ապա խոսքն արդեն պետական դավաճանությանը սահմանակից երևույթների մասին է։

Հասկանում եք՝ այստեղ որն է խնդիրը։ Նորմալ պետությունում նման ծանրության մեղադրանքներն իրենք իրենց չեն լուծվում տեղեկատվական աղմուկի մեջ։ Կա ընդամենը երկու ճանապարհ. կա՛մ ապացուցել, որ ընդդիմությունը ստում է, և դրանից հետո խստագույն պատասխանատվության ենթարկել զրպարտողին, կա՛մ, եթե մեղադրանքները ճիշտ են, պատասխանատվության ենթարկել այն մարդկանց, ովքեր ստորագրել են այդ որոշումների տակ։ Երրորդ տարբերակ բնության մեջ գոյություն չունի, եթե, իհարկե, մենք խոսում ենք պետության, այլ ոչ թե մանկական ավազախաղի մասին։ Բայց առայժմ տեսնում ենք միայն ձևացնելու փորձեր, թե ոչինչ չի կատարվում, և փաստերի ստուգումը փոխարինվում է անվերջանալի հռետորական աճպարարությամբ։ Իսկ եթե այս համակարգն ի վիճակի չէ ինքն իրեն մաքրել նման ծանր մեղքերի կասկածներից, ապա մեր պետականության կենսունակության հարցը դառնում է ընդամենը ժամանակի խնդիր, ընդ որում՝ խիստ սահմանափակ ժամանակի։

Հավասարակշռությունը անդունդի եզրին

Ակնհայտ է դառնում մի բան. Հայաստանին ստիպում են խաղալ «խաղաղասիրության» խաղը, մինչդեռ նրա շուրջ ձևավորվում է այնպիսի աշխարհաքաղաքական ճարտարապետություն, որտեղ հայկական պետականության համար ներկա իր տեսքով պարզապես տեղ նախատեսված չէ։ Անհնար է դիվանագիտություն անվանել տարածաշրջանից դուրս հավասարակշռություն գտնելու փորձերը, երբ կողքիդ Թուրքիան է՝ իր նեոօսմանական հավակնություններով, և Ադրբեջանը, որը Անկարայի աջակցությամբ չի թաքցնում իր ծրագրերը։ Սա արկածախնդրություն է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այսօր փորձում է նստել երկու, իսկ երբեմն էլ երեք աթոռի վրա՝ չհասկանալով, որ ներկայիս «խողովակաշարային», «լոգիստիկ» և աշխարհաքաղաքական պատերազմում այդ աթոռներш ոտքերը վաղուց սղոցված են։

Եվրոպան, որի օգտին այդքան եռանդով հանդես են գալիս մեր որոշ «եվրաինտեգրատորներ», ինքն է ընդհարվում լուրջ փորձությունների՝ միգրացիոն հոսքերի և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային քաղաքականությամբ հրահրված տնտեսական ճգնաժամի ճնշման տակ։ Իսկ, անկեղծ ասած, նրա համար խորապես միևնույն է հայկական ամրաշինությունը, Սարդարապատի հերոսական պատմությունը կամ Առաջին Արցախյան պատերազմը։

Ամերիկացինե՞րը։ Նրանք ներքաշվում են տեղային հակամարտությունների մեջ, որպեսզի իրենց հետևից քաոս թողնեն ու հեռանան՝ բոլոր ծախսերը բարդելով ավերակների վերածված երկրների վրա։ Այս կոորդինատային համակարգում Հայաստանը վտանգում է դառնալ «Մեծ խաղի» հերթական փոխանակման մետաղադրամը, որտեղ կանոնները թելադրում են ԱՄՆ-ը, Եվրոպան, Թուրքիան, Իրանը և Ռուսաստանը, այլ ոչ թե նրանք, ովքեր այսօր նստած են Երևանի կաբինետներում ու հարցազրույցներ են տալիս «լուսավոր ապագայի» մասին։

Ի՞նչ ունենք արդյունքում

Չնայած իրավիճակի ողջ ծանրությանը՝ Հարավային Կովկասը դեռևս «հանգստության օազիս» է՝ համեմատած Մերձավոր Արևելքում կամ Ուկրաինայում կատարվողի հետ։ Բայց այդ օազիսը սրընթաց չորանում է։ Եվ այդ գործընթացում արագացնող դեր է խաղում Նիկոլ Փաշինյանն իր «ուսապարկերի» թիմով։ Քանի դեռ ուշ չէ, պետք է ընդունել մի պարզ ճշմարտություն. ներկայում Հայաստանի իշխանությունը ազգային շահերի պաշտպանության ինստիտուտ չէ։ Այն օտար ձեռքերում ինքնիշխանության ապամոնտաժման գործիք է դարձել։ Այս իմաստով Մանուկյանի և Ղազարյանի ելույթները բժշկական ախտորոշում են այն պետությանը, որն ինքնակամ որոշել է, թե ինքնիշխան լինելը չափազանց թանկ հաճույք է։

Մինչ հայկական խորհրդարանում շարունակվում է դատարկ բանավեճը, դրսում՝ սահմաններին, վերագծվում են քարտեզները։ Իսկ այդ նոր քարտեզներում հայկական պատրանքների համար տեղ չկա։ Ընդհանրապես չկա: