ՀԱՅԱՑՔ ՄԵՐ ԿԻՍԱՎԵՐ ԵԿԵՂԵՑՈՒ ԳՄԲԵԹԻՑ․ ԻՆՉՈՒ՞ ԵՆ ՄՈԼՈՐԵՑՆՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Վերջին օրերին Հայաստանի հանրային դաշտում, մասնավորապես CivilNet-ի հարթակով, միանգամայն անպատասխանատու «վերլուծություն» է տարածվում, որի էությունը հանգում է հետևյալին. Մոլդովան, երբ Ռուսաստանը գազի հարցը բարձրացրեց, կառուցեց 150 կմ գազատար Ռումինիայից և «ազատվեց» ռուսական ազդեցությունից, հետևաբար Հայաստանն էլ պետք է նույնն անի: Այս փաստարկը, սակայն, աշխարհագրական տարրական գրագիտության բացակայության ցայտուն օրինակ է, որը, ավելին, կրում է խորապես ապակողմնորոշիչ և վտանգավոր բնույթ:
Իհարկե, CivilNet-ի լրագրողներն ու վերլուծաբանները ռուսական գազից հրաժարվելու ուղղակի կոչերով հանդես չեն գալիս: Բայց ենթատեքստն ակնհայտ է, քանի որ այս հրապարակումը տեղավորվում է ընդհանուր հայկական տեղեկատվական դաշտում առկա տենդենցների և իշխանության բացահայտ հակառուսական քաղաքական կուրսի տրամաբանության մեջ: Գլխավոր նպատակն այստեղ ոչ թե գազատարի կառուցման տեխնիկական հնարավորությունների քննարկումն է, այլ Ռուսաստանի նկատմամբ բացասական հանրային ընկալման աստիճանական ձևավորումը, ինչը պետք է օգտագործվի այդ երկրի Հարավային Կովկասից դուրսմղման և Արևմուտքի աշխարհաքաղաքական ու լոգիստիկ ծրագրերի իրագործման համար: Այսինքն՝ Մոլդովայի օրինակը պարզապես պատրվակ է, մի գեղեցիկ փաթաթան, որի ներքո թաքնված է Հայաստանը արևմտյան աշխարհաքաղաքական նախագծերի մեջ ներքաշելու հստակ օրակարգ:
Անկատար երազանքնե՞ր, թե՞ տեղեկատվական դիվերսիա
Բայց վերադառնանք CivilNet-ի հրապարակմանը: Մոլդովան գտնվում է Արևելյան Եվրոպայում և անմիջականորեն սահմանակցում է Ռումինիային` Եվրամիության և ՆԱՏՕ-ի լիիրավ անդամին: Այն եվրոպական մայրցամաքային ենթակառուցվածքների անբաժան մասն է, որտեղ էներգետիկ այլընտրանքները ոչ թե երազանք են, այլ քաղաքական իրողություն:
Իսկ Հայաստա՞նը: Այն փակված է երկու կողմից՝ Թուրքիա, Ադրբեջան: Դեպի արտաքին աշխարհ տանող միակ ճանապարհը Վրաստանն է, և Իրանը, որը հիմա գտնվում է խորապես անկայուն վիճակում: Ուրեմն, որտեղի՞ց եք պատրաստվում գազ բերել: Իրանի՞ց, որը գտնվում է միջազգային պատժամիջոցների ճնշման տակ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի հարվածների ներքո: Թե՞ Ադրբեջանից, որը մեր բացահայտ թշնամին է և տարածքային հավակնություններ ունի մեր երկրի հանդեպ: Թերևս այս «վերլուծաբանները» կարծում են, որ Ադրբեջանից կախվածությունն ավելի ցանկալի է, քան Ռուսաստանից: Իսկ գուցե նրանք հույս ունեն, որ Իրանը, որը վերջին շրջանում Հայաստանի արտաքին քաղաքական մի շարք քայլերից, մասնավորապես TRIPP-ի հետ առնչվող ակցենտներից հետո, մեր ճակատը կհամբուրի և էժան գազ կմատակարարի:
Մենք հեռու ենք այն մտքից, որ CivilNet-ի աշխատակիցները չեն հասկանում, թե ինչ են անում: Ավելին, մենք համոզված ենք, որ նրանք գիտակցաբար են մոլորեցնում մեր ժողովրդին: Դա ակնհայտ է դառնում, երբ համեմատության մեջ բաց են թողնում հիմնարար աշխարհաքաղաքական տարբերությունները, երբ լռում են այն մասին, որ Մոլդովայի «հաջողությունը» հնարավոր էր դարձել բացառապես Եվրամիության հետ անմիջական սահմանի և արևմտյան ֆինանսական ու լոգիստիկ աջակցության շնորհիվ: Երբ Հայաստանի պարագայում այս բաղադրիչներից ոչ մեկը գոյություն չունի, այս համեմատությունը դադարում է լինել «վերլուծություն» և դառնում է կա՛մ անհավանական սիրողականություն, կա՛մ գիտակցված ապատեղեկատվություն:
«Էյֆելյան աշտարակի» պատրանքը. դասեր Եղեռնից
Այս անհեթեթ համեմատություններն ավելի քան մեկ դար առաջ արդեն արժանացել էին սուր քննադատության այն մարդու կողմից, ով իրավունք ուներ խոսելու պատմության ամենաողբերգական դասերից ելնելով: Խոսքը Շահան Նաթալիի մասին է՝ «Նեմեսիս» օպերացիայի կազմակերպիչներից մեկի, ով Հայոց Եղեռնից հետո իր «Թուրքերը և մենք» աշխատության մեջ կտրուկ նախազգուշացնում էր. «Հերիք է թուրքին նայենք Էյֆելյան աշտարակի բարձրությունից և ծաղրենք նրա մինարեթի բարձրությունը: Էյֆելը ֆրանսիական է, մենք պետք է թուրքական մինարեթին նայենք մեր կիսավեր եկեղեցու գմբեթից, որպեսզի հասկանանք, որ այդ բարձրությունն էլ է բավական, որ գլխիկոր ջարդվենք: Դրա մասին են վկայում մեր զոհվածների ոսկորները»:
Այս փոխաբերությունը այժմ արդիական է ավելի քան երբեք: Այն ախտորոշում է այն մահացու սխալը, որն այսօր էլ կրկնում են Մոլդովայի և նմանատիպ օրինակներ բերող «առաջադեմ» մտավորականները: Նրանք նայում են եվրոպական չափանիշների «բարձրությունից», անտեսում են մեր սեփական աշխարհագրական, ռազմական և քաղաքական հնարավորությունները, հրաժարվում են նայել իրականությանը «մեր կիսավեր եկեղեցու գմբեթից»:
Նաթալին գրում էր զոհվածների ոսկորների մասին, քանի որ նա արդեն գիտեր, թե ինչի է հանգեցնում աշխարհաքաղաքական միամտությունը և արկածախնդրությունը: Նույն միամտությունը, երբ Արևմտյան Հայաստանը համեմատվում էր ազատատենչ Բուլղարիայի հետ, ինչը արդյունքում բերեց ցեղասպանության: Արդյո՞ք այսօրվա «վերլուծաբանները» ցանկանում են նույն ճակատագիրը Հայաստանի Հանրապետության համար:
Հետևանքներն ու նպատակները․ 2022-ի փորձը
Հատկանշական է, որ այս ամբողջ արշավը չի սահմանափակվում միայն էներգետիկ համեմատություններով: Ողջ հայկական համացանցն այսօր ողողված է «վերլուծություններով», որոնք բոթում են Ռուսաստանի մոտալուտ անկման մասին: Ոգրորությամբ են տարածվում ուկրաինական հարվածների լուսանկարները Ռուսաստանի տարածքին, որոնք մատուցվում են որպես «Ռուսաստանի թուլության» անվիճելի ապացույց: Եվ այդ ամենը համեմվում է միանշանակ եզրահանգմամբ՝ Ռուսաստանն ի վիճակի չէ նույնիսկ ինքն իրեն պաշտպանել, ուստի մեր տարածաշրջանում նրա ներկայությունն այլևս անարժանահավատ է:
Սա ոչ թե վերլուծություն է, այլ հստակ մշակված տեղեկատվական-հոգեբանական գործողություն, որի նպատակն է միջին վիճակագրական հայի ենթագիտակցության մեջ արմատավորելն այն համոզմունքը, որ հայերն այս իրողությունից ելնելով պետք է «իրենց գլխի ճարը տեսնեն»՝ այսինքն՝ շտապ վերակողմնորոշվեն դեպի արևմտյան կենտրոններ:
Սա առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում նման արշավի: 2022 թվականին հենց նույն տրամաբանությամբ, նույն շեշտադրումներով ու նույն ճնշմամբ տեղի ունեցավ տեղեկատվական դիվերսիյա, որը զուգորդվեց քաղաքական քայլերով: Այն ժամանակ Հայաստանի վարչապետ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Ալիևի համատեղ ջանքերով Ռուսաստանը կամաց-կամաց դուրս մղվեց Արցախի հակամարտության շուրջ բանակցային գործընթացից, և որոշումները տեղափոխվեցին եվրոպական հարթակներ, որտեղ, իբր թե, «ավելի քաղաքակիրթ» պետք է որոշվեր Արցախի ճակատագիրը:
Արդյունքը բոլորիս հայտնի է: Այն աղետալի էր: Այն աղետը, որն այսօր մենք անվանում ենք Արցախի կորուստ, հենց այդ քաղաքականության և դրան նախորդած տեղեկատվական արշավի անմիջական արդյունքն է:
Այսօր կատարվում է նույնը: Մեզ նորից համոզում են, որ Ռուսաստանն «ավարտված» է, նորից առաջարկում են «այլընտրանքային» ուղիներ, նորից փորձում են պոկել մեզ մեր իրականությունից՝ խոստանալով պայծառ ապագա, որը, ինչպես ցույց տվեց 2022-ի փորձը, ոչ այլ ինչ է, քան գեղեցիկ փաթեթավորված կործանում:
Դավաճանությունը պոզով-պոչով չի լինում
Ամենավտանգավորն այն է, որ այս «գաղափարները» ներկայացվում են ոչ թե որպես բացահայտ հակահայկական քայլ, այլ որպես «բարեկամական խորհուրդներ», «փորձագիտական վերլուծություններ» և նույնիսկ «հայրենասիրական» մղումներ: Սա նենգության գագաթնակետն է:
Դավաճանությունը միշտ չէ, որ բացահայտ է լինում: Այն հաճախ քողարկված է «ազատ և անաչառ» լրատվության, քննադատական մտքի և եվրոպական արժեհամակարգի շքեղ զգեստով: Սակայն դրա էությունը մնում է անփոփոխ` աստիճանաբար, կաթիլ-կաթիլ, ներարկել ժողովրդի գիտակցության և ենթագիտակցության մեջ հակառուսության թույնը, քանդել Հայաստանի ռազմավարական կապը իր պատմական դաշնակցի հետ, մեկուսացնել երկիրը և դարձնել այն անպաշտպան ու խոցելի:
Նրանք, ովքեր դա անում են, ովքեր օգտագործում են իրենց լրագրողական կամ «փորձագիտական» կարգավիճակը՝ ազգային ինքնագիտակցությունը խարխլելու համար, հայ ժողովրդի ամենավտանգավոր թշնամիներն են: Նրանք ավելի վտանգավոր են, քան բացահայտ ռազմական սպառնալիքը, քանի որ գործում են անտեսանելի, բայց անողոք կերպով՝ քայքայելով ազգի պաշտպանական կամքը, նույնիսկ՝ բնական ինքնապահպանողական բնազդը:
Եզրակացություն
Ավարտելով՝ պետք է միանշանակ արձանագրել. նրանք, ովքեր իրենց «վերլուծություններով» ու «բարեկամական խորհուրդներով» գիտակցաբար մոլորեցնում են հայ ժողովրդին, համեմատելով անհամեմատելին ու խոստանալով անիրականանալին, կրում են լիակատար պատասխանատվություն ինչպես անցյալի, այնպես էլ ապագայի հնարավոր աղետների համար։ Պատասխանատվությունն այստեղ ոչ միայն քաղաքական է, այլև քրեական և բարոյական, և այն չի կարող անպատիժ մնալ, քանի որ ազատ մամուլի քողի ներքո գոյաբանական հարցերում ժողովրդին մոլորեցնելը նշանակում է վտանգել ազգային անվտանգությունը՝ հանուն օտարի շահերի։


