ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ «ԸՆԿԵՐԸ», ՈՎ ՈՒԶՈՒՄ ԷՐ ՎԿԱՅԻ ԲԵՐԱՆԸ ՓԱԿԵԼ. Ի՞ՆՉ Է ԹԱՔՑՆՈՒՄ ԱՆԴՐԱՆԻԿ ՔՈՉԱՐՅԱՆԸ

,
Андраник Кочарян

Անդրանիկ Քոչարյանի՝ Ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած ելույթը ոչ այլ ինչ է, եթե ոչ անամոթ ստի, կեղծիքի ու քաղաքական շահարկումների մի ամբողջ փաթեթ, որը նա փորձում է ներկայացնել որպես ճշմարտություն: Իրականում սա պատմական փաստերը խեղաթյուրելու, քաղաքական հակառակորդներին զրպարտելու և սեփական մութ անցյալը թաքցնելու հերթական անհաջող փորձն է:

Վերցնենք գոնե Արծրուն Մարգարյանի սպանության վերաբերյալ նրա հնրչեցրած ստերին և դիտարկենք այդ գործում նրա սեփական մասնակցության փաստերի լույսի ներքո:

Գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանությունը, որը տեղի է ունեցել 1999 թվականի փետրվարի 9-ին, երկար տարիներ ներկայացվում էր որպես ինքնասպանություն: Սակայն 2026 թվականին, 27 տարի անց, այս վարկածը պաշտոնապես հերքվել է. դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ կրծքավանդակի շրջանում ստացած ծանր հրազենային վնասվածքի պատճառով Մարգարյանի շարժունակությունը կտրուկ սահմանափակվել է, և նա գործնականում չէր կարող ինքնուրույն զենքն ուղղել գլխին և արձակել մահացու կրակոց: Այսինքն՝ Քոչարյանն իր ելույթում փաստում է մի բան, որը պաշտոնապես հերքվել է, և որի շուրջ ինքը վաղուց ծանրաբեռնված է կասկածներով:

Արծրուն Մարգարյանի գործի առանցքային վկան՝ Հրանտ Պապիկյանը

Արծրուն Մարգարյանի սպանության բացահայտման գործում առանցքային դերակատարում ուներ ներքին զորքերի բժշկական ծառայության պետ, փոխգնդապետ Հրանտ Պապիկյանը: Պապիկյանն էր, որ ուղղակի փաստեց, թե ինքն է եղել 1998 թվականի հունվարի 21-ին Մարգարյանի ոտքերին կրակողը՝ վերջինիս հրամանով: Ըստ Պապիկյանի ցուցմունքի՝ այդ մահափորձի իմիտացիան Մարգարյանը նախաձեռնել էր, որպեսզի խուսափի զորքն ընդդեմ ժողովրդի հանելու հրաման կատարելուց:

Պապիկյանը բազմիցս փորձել է հանդիպել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ՝ նրան պատմելու կատարվող մութ գործերի մասին: Դեռևս 1998 թվականի Նոր տարուց առաջ Պապիկյանը մտահոգություն էր հայտնել Ղուկաս Ուլիխանյանին, որ Արծրուն Մարգարյանի հետ «ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում» և խնդրել էր անհրաժեշտության դեպքում ընդունելության հնարավորություն ընձեռել պաշտպանության նախարարի հետ: Մարգարյանի մահից հետո՝ 1999 թվականի փետրվարի 10-ին, Պապիկյանը զանգահարել է Ուլիխանյանին և խնդրել հանդիպել դրսում՝ հուզված վիճակում:

Վազգեն Սարգսյանի և Հրանտ Պապիկյանի ճակատագրական հանդիպումը

Վերջապես, 1999 թվականի փետրվարի 26-ի գիշերը, Վազգեն Սարգսյանն ընդունել է Հրանտ Պապիկյանին : Այդ հանդիպման ժամանակ Պապիկյանը բացել է «հետաքրքիր փակագծեր»՝ բացահայտելով մանրամասներ, որոնք կարող էր հայտնել միայն Վազգեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Վազգեն Սարգսյանը լսելով Պապիկյանի պատմածը՝ ձեռքը խփել է սեղանին և ասել. «Ինչ ես ասում, ինձ խաբո՞ւմ են, փաստորեն ինձ խաբում են, անընդհատ ասում, թե՝ ղարաբաղցիներն են, Սերժն ա, ինձ ասում են՝ Վազգեն, հասիր, մեզ խփում են»: Այնուհետև նա անհապաղ հեռախոսազրույց է ունեցել այն ժամանակվա ԱԱ և ՆԳ նախարար Սերժ Սարգսյանի հետ և, չնայած ուշ ժամին, գիշերվա ժամը 3-ին հանդիպում է պահանջել:

Սակայն մինչ Սերժ Սարգսյանի հետ հանդիպելը, Վազգեն Սարգսյանն իր աշխատասենյակ է կանչել Անդրանիկ Քոչարյանին և Դավիթ Մաթևոսյանին, որոնք կեսգիշերն անց միասին են եղել՝ ըստ ամենայնի տոնելով ԱԱ և ՆԳ նախարարի պաշտոնում Քոչարյանի հնարավոր-մոտալուտ նշանակումը: Այսպիսով, հենց Պապիկյանի պատմածից հետո է Վազգեն Սարգսյանը կեսգիշերն անց կանչել Քոչարյանին և առանձնազրույց ունեցել նրա հետ:

Անդրանիկ Քոչարյանի դերը. բերանը փակելու փորձ

«Փաստինֆո»-ի հրապարակումներից պարզ է դառնում, որ Քոչարյանը, տեղեկանալով Պապիկյանի պատմածի մասին, միանգամից փորձել է «փակել» նրա բերանը՝ նրան առաջարկելով ՊՆ բուժվարչության պետի պաշտոնը: Սա ամենևին էլ պատահականություն չէր. եթե Պապիկյանը համաձայներ, ապա Քոչարյանը հնարավորություն կունենար համոզելու Վազգեն Սարգսյանին, որ Պապիկյանի պատմածը հորինվածք է՝ բարձր պաշտոն ստանալու համար:

Սակայն Հրանտ Պապիկյանը դիմակայել է այս գայթակղությանը և մերժել առաջարկը: Նա Վազգեն Սարգսյանին պատմել է, որ Մարգարյանի վրա կատարված հարձակումները կեղծ էին և կազմակերպված էին հենց Մարգարյանի կողմից: Ավելին, Պապիկյանը շոշափել է նաև Անդրանիկ Քոչարյանի անունը, որն այն տարիներին խիստ բացասական դերակատարում ուներ տեղի ունեցող արյունոտ իրադարձությունների համատեքստում:

Որտե՞ղ է հիմա Հրանտ Պապիկյանը

2020 թվականի պատերազմի օրերին առանցքային վկա Հրանտ Պապիկյանը գերեվարվել է, ապա բռնի անհետացել: Այժմ, օգտվելով այն հանգամանքից, որ Պապիկյանի ճակատագիրն անհայտ է, փորձում են քննությանը այլ ուղղություն տալ՝ վերաբացելով գործը: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ՝ փորձ է արվում նախկին թիկնապահներին նորից ներգրավել՝ կասկածի տակ դնելով առանցքային վկայի ցուցմունքները:

Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանը, ով այսօր ամբիոնից պահանջում է ճշմարտություն և մեղադրում է ուրիշներին, ինքն է այդ ճշմարտությանը հասնելու ամենամեծ խոչընդոտներից մեկը: Նրա խորհուրդները, վկային ազդելու փորձերը, Վազգեն Սարգսյանի հետ կեսգիշերային առանձնազրույցը և այն փաստը, որ նա եղել է Մարգարյանի «ընկերը»՝ վկայում են այն մասին, որ նա ոչ թե ճշմարտության որոնող է, այլ դրա թաքցնողը: Արծրուն Մարգարյանի գործով նոր բացահայտումները փաստում են, որ տարիներ շարունակ պաշտոնական վարկածը կեղծ է եղել, և այդ կեղծիքի մեջ Անդրանիկ Քոչարյանը, ըստ երևույթին, ունեցել է իր չարաբաստիկ դերը: