ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՉԿԱ
Մենք արդեն սովորել ենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմի պատկերացումներում «օրենսդիր իշխանություն» հասկացությունը յուրատեսակ պառլամենտարիզմ է, որն իր մեջ ներառում է այնպիսի դրվագներ, ինչպիսիք են կուսակցության խորհրդի փակ նիստերը, որտեղ որոշվում են բոլոր հարցերը, և խորհրդարանի բաց նիստերը, որտեղ այդ որոշումները պարզապես հաստատվում են, ինչպես նաև բազմաթիվ այլ երևույթներ։ Մի օր այս փոխհարաբերությունները կարժանանան մանրակրկիտ նկարագրության և վերլուծության, և այդ ժամանակ, հավանաբար, ավելի լավ կհասկանանք վարչապետի, նրան շրջապատող մարդկանց և նրան ուղղորդող ուժերի գործունեության էությունն ու նպատակները։
Այսօր, սակայն, բավական է նայել 2026 թվականի օգոստոսի 2-ի իրադարձություններին՝ այն օրվան, երբ, բացի Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստի պաշտոնական բացումից, տեղի ունեցավ հայոց պատմության մեջ աննախադեպ մի իրադարձություն. խորհրդարանը սկսեց աշխատանքը առանց Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցության։ Սակայն սա միայն այսբերգի գագաթն է։ Որովհետև այդ օրը բացված խորհրդարանը ոչ այլ ինչ է, քան դեկորացիա։ Եվ սա բնավ խոսքի պատկերավոր ձև չէ։
Խորհրդարան, որը չկա
Երբ 81-ամյա պատգամավոր Կնյազ Հասանովը, որն արդեն չորրորդ անգամ արժանացավ առաջին նիստը նախագահելու պատվին, ընդդիմության՝ «ինչո՞ւ Կաթողիկոսին չեն հրավիրել» հարցին պատասխանեց իր անզուգական տրամաբանությամբ. «Նա կարող էր ինքնուրույն գալ, ոչ ոք չէր կարող նրան խոչընդոտել», ինքն էլ չգիտակցելով՝ մերկացրեց ողջ համակարգի էությունը։ Քանի որ այն գործում է նույն սկզբունքով. խորհրդարանը նույնպես կարող էր լինել ինքնուրույն, ոչ ոք նրան չի խանգարում։ Բայց ինքնուրույն չէ։ Որովհետև նրա ինքնուրույնությունը նախատեսված չէ սցենարով։ Իսկ այդ սցենարի գլխավոր բեմադրիչը ոչ թե նա է, ով նստած է նախագահությունում, այլ նա, ով նստած է կառավարությունում։ Նիկոլ Փաշինյանը։
Այն ամենը, ինչ տեղի է ունենում Ազգային ժողովում, ընդամենը ծիսակարգ է։ Ինչպես հին հեթանոսների մոտ. խոնարհվեցին կուռքին, անձրև խնդրեցին, հետո ստացան հրահանգ՝ ինչպես քվեարկել։ Միայն թե մեր կուռքն այլևս փայտից չէ, այլ լիովին նյութական է։ Նա հեռուստատեսությամբ խոսում է «իրական Հայաստանի» մասին, իսկ նրա հպատակները խորհրդարանում հնազանդորեն ձեռք են բարձրացնում։
Օրակարգը հայտնի էր դեռևս բացումից շատ առաջ։ Խորհրդարանի նախագահի թեկնածուն՝ Ռուբեն Ռուբինյան։ Փոխնախագահների թեկնածուները՝ Հայկ Կոնջորյանը և Վահագն Ալեքսանյանը։ Հայտնի էին նաև մշտական 12 հանձնաժողովների նախագահները։ Իսկ որտե՞ղ էին նրանք ընտրվել։ Ոչ թե Ազգային ժողովի նիստերի դահլիճում, այլ կուսակցության խորհրդի փակ նիստում, ուր կողմնակի անձանց մուտքն արգելված էր։ Խորհրդարանին մնում է միայն հաստատել։ Եվ նա կհաստատի, կամ առնվազն կձևացնի, թե հաստատում է։
Գործի դրվեց ամեն ինչ՝ Արուսյակ Մանավյանի գովասանական խոսքերը Ռուբինյանի՝ «հրաշալի, սկզբունքային, պարկեշտ, համեստ և ազնիվ» լինելու մասին, պատգամավորների խիստ դեմքերը, որոնք ձեռք էին բարձրացնում, և, իհարկե, ծափահարությունները։ Ծափահարություններ՝ հրամանով։ Ժպիտներ՝ հրամանով։ Քվեարկություն՝ հրամանով։ Եվ ամենակարևորը՝ որ ոչ ոք ռիթմից դուրս չգա։ Իսկ եթե որևէ մեկը դուրս է գալիս, ինչպես, օրինակ, ընդդիմությունը, որը համարձակվում է հարցեր տալ Տիգրանաշենի, Թուրքիայի, պատերազմի մասին, ապա նրա խոսափողը կամ անջատում են, կամ պարզապես չեն պատասխանում։ Որովհետև այս թատրոնում իմպրովիզացիա նախատեսված չէ։
Այսպիսի ցինիզմ Ազգային ժողովը չէր տեսել նույնիսկ միակուսակցական համակարգի տարիներին։
Սահմանադրություն, որը չկա
Եթե խորհրդարանը դեկորացիա է, եթե իշխանությունների տարանջատումը կեղծիք է, եթե դատական համակարգը հնազանդորեն կատարում է գործադիր իշխանության կամքը, ապա Սահմանադրությունը, որտեղ ամրագրված է իշխանության ճյուղերի հավասարակշռության սկզբունքը, ընդամենը ձևականություն է։ Գեղեցիկ թուղթ՝ բարձրագոչ բառերով, որը կարելի է ցույց տալ օտարերկրյա գործընկերներին, բայց որը ոչ մի առնչություն չունի իրական կյանքի հետ։
Պետություն, որը չկա
Եվ ահա մոտենում ենք ամենագլխավորին։ Եթե խորհրդարանը ընդամենը դեկորացիա է, եթե նրա որոշումները նախապես կանխորոշված են, եթե դատարանները հնազանդորեն կատարում են գործադիր իշխանության ցուցումները, եթե Սահմանադրությունը պարզապես ձևականություն է, ապա ի՞նչ է մեզ մնում։
Ցանկացած պետություն հենվում է հետևյալ հիմնասյուների վրա՝ անկախ դատարան, անկախ խորհրդարան, Սահմանադրության անխախտություն, մարտունակ բանակ և հոգևոր-բարոյական այն հենարանը, որը մեզ համար միշտ եղել է Եկեղեցին։ Երբ այդ հիմնասյուները քայքայվում են, երբ դատարանները դառնում են գործադիր իշխանության կցորդ, Սահմանադրությունը ոտնահարվում է, բանակը վերածվում է քաղաքական շահարկումների առարկայի, իսկ Եկեղեցին՝ հալածանքի թիրախի, փլուզվում է ամեն ինչ։ Այսօր փորձում են վարկաբեկել հենց պետականություն հասկացությունը։ Այն վերածել պատրանքի։ Ծիսակարգի։ Թատրոնի։
Որովհետև պետությունը տարածք չէ։ Ոչ էլ 29 743 քառակուսի կիլոմետր։ Պետությունը ինստիտուտներ են։ Դա իշխանությունների տարանջատումն է։ Դա անկախ դատարաններն են։ Դա գործող Սահմանադրությունն է։ Դա խորհրդարանն է, որը որոշումներ է ընդունում, այլ ոչ թե հաստատում ուրիշների որոշումները։ Դա իշխանությունն է, որը հաշվետու է ժողովրդին, ոչ թե մեկ մարդու։
Սակայն մեզ մոտ այս ամենը չկա։ Կա ապարատ։ Կա բյուրոկրատիա։ Կան կառույցներ, որոնք իրենց պետական են անվանում։ Բայց հենց պետությունը՝ իր զսպումների և հակակշիռների համակարգով, իշխանության ճյուղերի իրական անկախությամբ, գործող Սահմանադրությամբ, չկա։ Կա Նիկոլ Փաշինյանը, որը որոշում է ամեն ինչ, և կան բոլոր մնացածները, որոնք կատարում են նրա որոշումները։ Ինչպես լավ միջնադարյան միապետությունում։ Կամ վատ ժամանակակից բռնապետությունում։ Ինչը, ըստ էության, նույնն է։
Շատերը կասեն. «Իսկ ինչո՞վ է սա տարբերվում ՀՀԿ-ի ժամանակներից։ Այն ժամանակ էլ ամեն ինչ կախված էր Սերժ Սարգսյանից»։ Կպատասխանեմ։ Այո՛, կախված էր։ Եվ ոչ միայն կախված էր։ Մենք ապրում ենք այն Սահմանադրությամբ, որը Սերժ Սարգսյանը կախեց մեր պետության վզից ՝ ստեղծելով գերվարչապետության ինստիտուտը, ամբողջ իշխանությունը կենտրոնացնելով մեկ ձեռքում և խորհրդարանը վերածելով դեկորացիայի։ Հենց 2015 թվականին ընդունված այդ Սահմանադրությունն էլ ստեղծեց այն մեխանիզմը, որից այսօր այսքան հմտորեն օգտվում է Նիկոլ Փաշինյանը։ ՀՀԿ-ն այդ ականը դրեց մեր պետության տակ դրեց, իսկ ներկայիս իշխանությունը հաճույքով պարում է դրա վրա։ Ոչ ոք չի ասում, թե Սերժ Սարգսյանի օրոք ամեն ինչ լավ էր։ Հենց դա էլ մեզ հասցրեց այսօրվա իրավիճակին։ Միայն թե այժմ արդեն առանց նույնիսկ նվազագույն պատշաճության պահպանման։
Ընդդիմությունը՝ որպես հայելի
Ընդդիմությունը, որն այսօր այսքան կրքոտ ելույթներ է ունենում, պատասխաններ է պահանջում, օրհնություն ստանալու համար գնում է Էջմիածին, չէ՞ որ եղել է նաև նախորդ գումարման խորհրդարանում։ Եվ ի՞նչ փոխվեց։ Այն ժամանակ նույնպես «պայքարում» էր, նույնպես հարցեր էր տալիս, նույնպես բողոքի ակցիաներ էր կազմակերպում։ Արդյունքը՞։ Արցախը զավթված է։ Հայաստանի տարածքները գրավված են։ Տավուշի գյուղերը հանձնվել են Ադրբեջանին։ Բոլոր ռազմավարական բարձունքները հանձնվել են թշնամուն՝ այն հիմնավորմամբ, թե «այնտեղ կես տարուց ավելի ձյուն է նստած, ինչո՞ւ պահենք այդ դիրքերը»։ Եվ այդ ընդդիմությունը, որն այդքան բարձրաձայն գոռում էր, այդքան համառորեն պահանջում և բողոքում էր, ինչ-որ բան փոխե՞ց։ Ո՛չ։ Այն ընդամենը դարձավ իշխանության հակապետական և հակազգային գործողությունների վիճակագիրը։
Ուրեմն ի՞նչ սպասել այս խորհրդարանից։ Այս մարդկանցից, որոնք եկել են նույն բեռով, նույն մեթոդներով, նույն անօգնականությամբ։ Կկարողանա՞ն արդյոք նրանք կանխել Սյունիքի հանձնումը «միջազգային հաղորդակցությունների ապաշրջափակման» անվան տակ։ Կամ Տիգրանաշենի հանձնումը։ Կամ կկանխե՞ն Հայաստանի տնտեսության անկումը Նիկոլ Փաշինյանի արկածախնդիր քաղաքականության հետևանքով։ Կամ կհասնե՞ն գերիների վերադարձին։ Իհարկե՝ ոչ։ Նրանց այսօրվա դերը ոչնչով չի տարբերվում նախորդ գումարման խորհրդարանի ընդդիմության դերից։
Ի՞նչ ունենք արդյունքում
Այսպիսի «անիծյալ հարցերի» ցանկը կարելի է շարունակել անվերջ։ Բայց ասվածն էլ բավական է։ Քանի դեռ գոյություն ունի այս համակարգը՝ ավտորիտար, հակախորհրդարանական, հակասահմանադրական, հակապետական, որտեղ ամեն ինչ կախված է մեկ մարդու կամքից, մենք չենք ունենա ո՛չ Սահմանադրություն, ո՛չ իրական խորհրդարան, ո՛չ պետություն։ Մենք կունենանք միայն թատրոն։ Նախապես բաշխված դերերով, գրված սցենարով և հաստատված դերակատարների ցանկով։
Եվ երբ Ռուբեն Ռուբինյանը խոսում է ընդդիմության հետ հարաբերություններում «զրոյական կետի» մասին, նա չի կատակում։ Նա իսկապես առաջարկում է սկսել զրոյից։ Զրոյական Սահմանադրությունից։ Զրոյական խորհրդարանից։ Զրոյական պետությունից։ Որովհետև այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ, նրա համար նշանակություն չունի։ Որովհետև նա, ինչպես և իր տերը, իրեն համարում է նոր իրականության ստեղծողը։ Իրականության, որտեղ խորհրդարանը բանավեճերի վայր չէ, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումներին միաձայն «ԿՈՂՄ» քվեարկելու տեղ։ Որտեղ պետությունը ոչ թե ինստիտուտ է, այլ սեփական շահերը սպասարկելու և սեփական գրպանները լցնելու ապարատ։


