ՁՅՈՒՆԻԿ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ. 2020 Թ․ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ՍՅՈՒՆԻՔԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԻՑ ՄԻՆՉԵՎ «TRIPP» ՆԱԽԱԳԻԾ

,

Politik.am-ի YouTub-յան ալիքում հրապարակված Բորիս Մուրազիի և արտակարգ ու լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի երկարատև զրույցում առանցքային թեմաները վերաբերում էին Հայաստանի արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային զարգացումներին, Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին, այսպես կոչված «TRIPP» նախագծին, ինչպես նաև 2020 թվականի պատերազմի և Սյունիքի հետ կապված իրադարձություններին։ Զրույցի ընթացքում Աղաջանյանը ներկայացրեց իր գնահատականները՝ անդրադառնալով ինչպես աշխարհաքաղաքական գործընթացներին, այնպես էլ Հայաստանի իշխանությունների գործողություններին։

Զրույցի ամենաուշագրավ հատվածներից մեկը վերաբերում էր 2020 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած իրադարձություններին։ Ձյունիկ Աղաջանյանի խոսքով՝ հենց այդ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Սյունիք, որտեղ հանդիպում է ունեցել մարզի համայնքների ղեկավարների հետ։ Նրա ներկայացմամբ՝ այդ համայնքապետերից շատերը միաժամանակ ղեկավարում էին նաև կամավորական ջոկատները, որոնք մարտական գործողություններ էին իրականացնում հարավային ուղղությամբ։ Դեսպանի պնդմամբ՝ հանդիպման ընթացքում վարչապետը հայտարարել է, որ անհրաժեշտ է արդեն պատրաստվել Սյունիքի պաշտպանությանը, մինչդեռ, նրա խոսքով, այդ պահին մարտական գործողությունների հիմնական գիծը գտնվում էր Սյունիքի դարպասներից շուրջ 100 կիլոմետր հեռավորության վրա։

Աղաջանյանը պատմում է, որ հանդիպմանը մասնակցած համայնքային ղեկավարները հաջորդ օրը վերադարձել են իրենց ստորաբաժանումներ և, իր խոսքով, պարզել են, որ իրենց բացակայության ընթացքում արդեն իսկ տրվել էր նահանջի հրաման։ Նրա ներկայացմամբ՝ հայկական ստորաբաժանումները նահանջել են մոտ 20–25 կիլոմետր՝ տեղափոխվելով այնպիսի հատվածներ, որտեղ պաշտպանական գծեր և ինժեներական կառույցներ գոյություն չունեին։ Ըստ նրա՝ հենց այդ հանգամանքն էլ հնարավորություն է տվել ադրբեջանական զորքերին արագ առաջ շարժվել և վերահսկողություն հաստատել տվյալ ուղղության նկատմամբ, քանի որ հայկական կողմը չէր ունեցել նախապես պատրաստված պաշտպանական դիրքեր։

Դեսպանը պնդում է, որ այդ իրադարձությունները պատահական չէին և հետագայում, իր համոզմամբ, կարող են դառնալ ավելի խորը ուսումնասիրությունների առարկա։ Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում կարող են բացահայտվել նոր փաստեր, որոնք, ըստ իրեն, թույլ կտան ամբողջական պատկեր կազմել 2020 թվականի պատերազմի ընթացքում կայացված որոշումների և դրանց հետևանքների վերաբերյալ։ Նա այդ համատեքստում օգտագործում է «դավաճանական ծրագիր» ձևակերպումը՝ նշելով, որ, իր գնահատմամբ, բազմաթիվ գործընթացներ իրականացվել են նախապես մշակված սցենարի շրջանակում։

Սյունիքի թեմայից հետո զրույցը տեղափոխվում է այսպես կոչված «TRIPP» նախագծի քննարկմանը։ Աղաջանյանի գնահատմամբ՝ այդ նախաձեռնությունը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի և ամբողջ տարածաշրջանի համար։ Նա պնդում է, որ նախագծի իրականացումը կարող է ստեղծել ցամաքային ենթակառուցվածք, որն անհրաժեշտ կլինի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Իրանի ուղղությամբ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում։ Նրա խոսքով՝ ամերիկյան մասնակցության մասին խոսակցությունները, ըստ իր գնահատականի, օգտագործվում են նախագծին հանրային ընդունելիություն հաղորդելու նպատակով։

Զրույցի ընթացքում հաղորդավար Բորիս Մուրազին առանձին անդրադարձ է կատարում ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքի վերջին հայտարարություններին, որոնցում քննարկվում էր Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների ապաշրջափակման հնարավոր տարբերակներից մեկը։ Մուրազին հիշեցնում է, որ արևմտյան մի շարք հեղինակավոր լրատվամիջոցներ վերջին ամիսներին հրապարակումներ էին կատարել այն մասին, որ Վաշինգտոնում քննարկվել է մի մոդել, որի համաձայն Հայաստանի տարածքով անցնող ճանապարհային և երկաթուղային հաղորդակցությունների կառավարումը կամ շահագործումը կարող է որոշակի ժամկետով վստահվել ամերիկյան մասնակցությամբ մասնավոր կառույցի։ Նրա խոսքով՝ այդ տարբերակը միջազգային մամուլում ներկայացվել էր որպես փոխզիջումային լուծում, որը կարող էր ընդունելի լինել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։ Աղաջանյանը համաձայնում է այդ դիտարկմանը՝ հավելելով, որ, իր կարծիքով, նախագծի անվանման շուրջ տարվող քննարկումները նպատակ ունեն քողարկել դրա իրական ռազմաքաղաքական նշանակությունը։ Նրա խոսքով՝ հանրությանը ներկայացվում է այնպիսի պատկեր, թե ճանապարհների կառավարումը կհանձնվի ամերիկյան ընկերության, ինչը պետք է վստահություն ներշնչի, սակայն իրական նպատակը, ըստ նրա, տարածաշրջանում երկարաժամկետ ռազմավարական ներկայության ապահովումն է։

Անդրադառնալով Իրանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Աղաջանյանը պնդում է, որ ԱՄՆ-ը, Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են տարածաշրջանում ավելի լայն ռազմավարական գործողությունների տարբերակներ։ Նրա խոսքով՝ այդ սցենարներում առանձնահատուկ դեր է վերապահվում Սյունիքին և Մեղրիի հատվածին։ Նա նաև հայտարարում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ Մեղրիի շրջանում իրականացվել կամ ավարտին է մոտեցել հողերի ձեռքբերման գործընթաց, ինչը, իր գնահատմամբ, կարող է կապված լինել ենթակառուցվածքային նախապատրաստական աշխատանքների հետ։

Վերջին հատվածում քննարկվում էր նաև նախագծի իրավական կողմը։ Աղաջանյանը նշում է, որ Հայաստանի տարածքին վերաբերող նման համաձայնագրերը պետք է հաստատվեն հանրաքվեով՝ հղում անելով «Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի 15-րդ հոդվածին։ Նա հատկապես ընդգծում է, որ «TRIPP» նախագիծն անմիջականորեն առնչվում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, հետևաբար, սահմանադրական նորմերի անմիջական կիրառման ուժով այն չի կարող որոշվել կառավարության կամ այլ գործադիր մարմնի որոշմամբ, ինչպես նաև Ազգային ժողովի քվեարկությամբ․ նման որոշումը կարող է ընդունվել բացառապես հանրաքվեի միջոցով։ Նրա կարծիքով՝ իշխանությունները կարող են փորձել փոփոխել իրավական կարգավորումները, որպեսզի նման որոշումները հնարավոր լինի ընդունել Ազգային ժողովում պարզ մեծամասնությամբ։ Միաժամանակ նա շեշտում է, որ ընդդիմության կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի նման նախաձեռնությունների նկատմամբ քաղաքական և հասարակական դիմադրության ձևավորումը։

Ամփոփելով՝ Բորիս Մուրազիի և Ձյունիկ Աղաջանյանի զրույցը կենտրոնացած էր Հայաստանի անվտանգության, տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների, Սյունիքի ռազմավարական նշանակության, 2020 թվականի պատերազմի որոշ դրվագների և ապագա հնարավոր զարգացումների շուրջ։ Հատկապես մեր ընթերցողների ուշադրությունը հրավիրում ենք 2020 թվականի հոկտեմբերի 17-ի հանդիպմանը, որի վերաբերյալ դեսպան Աղաջանյանը ներկայացրեց իր գնահատականներն ու իրադարձությունների սեփական նկարագրությունը՝ կապելով դրանք Սյունիքի հետագա զարգացումների հետ։

Մեր գնահատմամբ՝ Ազգային անվտանգության ծառայությունը և Գլխավոր դատախազությունը պարտավոր են անհապաղ իրավական գնահատական տալ հրապարակայնորեն հնչեցված այս հայտարարություններին։ Եթե դրանք պարունակում են հնարավոր հանցագործության հատկանիշների մասին բավարար տվյալներ, իրավապահ մարմինները պարտավոր են օրենքով սահմանված կարգով նախաձեռնել համապատասխան վարույթ և ապահովել դրանց լիարժեք, բազմակողմանի և անաչառ քննությունը։

Հակառակ դեպքում կստեղծվի հիմնավոր տպավորություն, որ պետական իրավապահ համակարգը խուսափում է պատերազմի ընթացքում կայացված որոշումների վերաբերյալ հնչեցված ծանր մեղադրանքներին իրավական ընթացք տալուց, ինչը ևս մեկ անգամ կվկայի այն մասին, որ այդ պետական կարևորագույն ինստիտուտները, որոնք պատասխանատու են այդ թվում ազգային անվտանգության համար, ուղակի գործիք են Նիկոլ Փաշինյանի ձեռքում։ Ի դեպ, այս պարագայում նրանք կցուցաբերեն հանցավոր անգործություն և հանցակից կդառնան Նիկոլ Փաշինյանի դավաճանությանը։