ՀԱՂԹԱԿԱՆ ՓՈՂԵՐԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՎԵՐՈՒՄ
Այն, ինչ բացահայտվեց 44-օրյա պատերազմից հետո, կրկին ստիպում է վերադառնալ Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական ու ճակատագրական ժամանակաշրջաններից մեկին՝ 2020 թվականի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսներին։ Հենց այդ օրերին, երբ պատերազմը դեռ չէր սկսվել, սակայն արդեն անխուսափելիորեն մոտենում էր, ծավալվում էին գործընթացներ, որոնց իրական նշանակությունը մինչ օրս ամբողջությամբ չի գնահատվել։
Մի կողմում Տավուշն էր։ 2020 թվականի հուլիսյան ծանր մարտերը։ Հայկական ստորաբաժանումները ոչ միայն պահպանեցին իրենց դիրքերը, այլև լուրջ կորուստներ պատճառեցին հակառակորդին։ Ադրբեջանական բանակը կորցրեց տասնյակ զինծառայողների, այդ թվում՝ 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովին և մի շարք բարձրաստիճան սպաների։ Հայկական բանակը հերթական անգամ ապացուցեց, որ դիրքային մարտերում շարունակում է մնալ արդյունավետ և ունակ է հաջողությամբ իրականացնել իր առջև
Մյուս կողմում Ադրբեջանն էր, որը կատարվածից բոլորովին այլ եզրակացություններ էր անում։ Եթե Երևանում հաղթանակ էին տոնում, ապա Բաքվում արագացված տեմպերով նախապատրաստվում էին հաշվեհարդարի։ Գործի էր դրվում լայնածավալ պատերազմի ամբողջ մեխանիզմը։ Խորանում էր թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցությունը, կազմակերպվում էին զորավարժություններ, ձևավորվում էին հարվածային խմբավորումներ, մշակվում էին հարձակողական գործողությունների սցենարներ։ Ռազմական մեքենան աստիճանաբար անցնում էր գործնական գործողությունների փուլ։
Եվ հենց այստեղ բանակի ու քաղաքական իշխանության ճանապարհները սկսեցին տարանջատվել։
Բանակը կատարեց իր առաքելությունը։ Իշխանությունը որոշեց այդ հաջողությունը ծառայեցնել սեփական քաղաքական շահերին։
2020 թվականի օգոստոսի 10-ին Սարդարապատում կազմակերպվեց հանդիսավոր պարգևատրման արարողություն։ Յոթանասուն զինծառայողներ հուլիսյան մարտերին մասնակցելու համար արժանացան բարձր պետական պարգևների։ Հերոսներին պարգևատրելը, բնականաբար, որևէ առարկության տեղիք չէր տալիս։ Սակայն անհնար էր անտեսել տեղի ունեցածի մասշտաբը։ Անկախ Հայաստանի ամբողջ պատմության ընթացքում բարձրագույն ռազմական պարգևների արժանացածների թիվը ընդամենը մի քանի տասնյակ էր։ Նրանցից շատերը Առաջին արցախյան պատերազմի տարիներին ղեկավարել էին վճռորոշ ռազմական գործողություններ, ազատագրել էին բնակավայրեր, փոխել էին պատերազմի ընթացքը։
Այժմ, սակայն, ստեղծվում էր տպավորություն, որ իշխանությունը փորձում է սահմանային տեղային հաջողությունը դարձնել լայնածավալ քաղաքական ներկայացման։
Մինչդեռ տոնական միջոցառումների շքեղության հետևում զարգանում էին անհամեմատ ավելի վտանգավոր գործընթացներ։
Այսօր արդեն հայտնի է, որ 2020 թվականի ամռանը Ադրբեջանը պատերազմի լայնածավալ պատրաստություն էր տեսնում։ Իրականացնում էր զորքերի տեղափոխություններ, ստեղծում էր նոր հարվածային խմբավորումներ, կազմակերպում էր զորավարժություններ, ընդլայնում էր Թուրքիայի ներգրավվածությունը, իսկ հետախուզական ակտիվությունը օրեցօր աճում էր։
Սակայն առավել մտահոգիչ է մեկ այլ հանգամանք։
Նիկոլ Փաշինյանն ինքն էր հետագայում խոստովանել, որ հայկական կողմին հայտնի էր պատերազմի մեկնարկի հավանական ժամանակահատվածը։ Այլ կերպ ասած՝ խոսքը ամենևին անակնկալի կամ տեղեկատվության պակասի մասին չէր։ Երկրի ղեկավարությունը տեղեկացված էր աճող սպառնալիքի մասին և ուներ դրա վերաբերյալ համապատասխան տվյալներ։
Ավելին, պատերազմից հետո հանրությանը հասանելի դարձած տեղեկությունների համաձայն՝ արդեն 2020 թվականի սեպտեմբերի սկզբին Հայաստանի ղեկավարությունը ՀԱՊԿ-ից ստացել էր երկրի տարածքում հրամանատարաշտաբային զորավարժություններ անցկացնելու առաջարկ։ Այդ զորավարժությունների սցենարը մեծապես համընկնում էր այն իրադարձությունների հետ, որոնք ընդամենը մի քանի շաբաթ անց տեղի ունեցան իրականում՝ լայնածավալ հարձակում, Թուրքիայի անմիջական ներգրավում, ժամանակակից բարձր ճշգրտության խոցման միջոցների կիրառում և վարձկանների օգտագործում։
Այսինքն՝ նախազգուշացումները կային։ Տեղեկատվությունը կար։ Առկա էին ադրբեջանական ուժերի կուտակումների մասին տվյալներ։ Առկա էին զորքերի վերախմբավորումների վերաբերյալ տեղեկություններ։ Առկա էին մոտալուտ պատերազմի գրեթե բոլոր ակնհայտ նախանշանները։
Բացակայում էին միայն Հայաստանի իշխանությունների այն քայլերը, որոնք անխուսափելիորեն թելադրում էր երկրի շուրջ ստեղծված ռազմա-քաղաքական իրավիճակը ։
Չիրականացվեց բանակի լայնածավալ ապակենտրոնացում։ Չկատարվեց ռազմական տեխնիկայի անհրաժեշտ տարաբաշխում։ Չստեղծվեցին պահեստային տեղակայման շրջաններ։ Չձեռնարկվեցին ռազմական ենթակառուցվածքների խոցելիությունը նվազեցնելու և դրանց լրացուցիչ ամրապնդումն ապահովելու միջոցառումներ։ Սպառազինության և ռազմական տեխնիկայի զգալի մասը շարունակում էր մնալ մշտական տեղակայման վայրերում, որոնք վաղուց հայտնի էին ադրբեջանական հետախուզությանը։
Մինչդեռ ապագա պատերազմի բնույթն արդեն իսկ ակնհայտ էր։ Ադրբեջանը պատրաստվում էր պատերազմել ոչ թե 1990-ականների մարտավարական պատկերացումներով, այլ ժամանակակից պատերազմի կանոններով։ Օդում գործելու էին անօդաչու թռչող սարքեր, բարձր ճշգրտության հարվածային համակարգեր, նորագույն հետախուզական համալիրներ։ Նման պայմաններում նախապես հայտնի օբյեկտներում տեխնիկայի և անձնակազմի կենտրոնացումը դառնում էր չափազանց վտանգավոր և ծանր հետևանքներ խոստացող սխալի։
Սակայն իշխանությունը շարունակում էր գործել այնպես, կարծես առջևում դեռ բավական ժամանակ կար, իսկ պատերազմի վտանգը՝ հեռավոր ու անորոշ էր։
Այսօր, հիշելով Տավուշի հուլիսյան մարտերը, անհրաժեշտ է խոսել ոչ միայն հայ զինվորի խիզախության, տոկունության և մասնագիտական պատրաստվածության մասին։ Անհրաժեշտ է նաև խոսել այն մասին, թե ինչպես առաջնագծում ձեռք բերված հուլիսյան հաղթանակը իշխանությունները դարձրին ծխածածկույթ, որի հետևում արդեն հասունանում էին այն իրադարձությունները, որոնք Հայաստանը հասցրին իր նորագույն պատմության ամենածանր և ամենացավոտ փորձություններից մեկին։


