TRIPP-Ը ՄՏՆՈՒՄ Է ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՓՈՒԼ. Ի՞ՆՉ Է ԹԱՔՆՎԱԾ ՆՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԵՎՈՒՄ ԵՎ Ի՞ՆՉ ՎՏԱՆԳՆԵՐ ԵՆ ՄԱՏՆԱՆՇՈՒՄ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Անմիջապես մեր հոդվածի հրապարակումից հետո, որտեղ Նիկոլ Փաշինյանի՝ Խուստուփ լեռ բարձրանալը գնահատվել էր որպես հայկական պետականության համար մտահոգիչ խորհրդանիշ և չարագուշակ ազդակ, իրադարձությունները սկսեցին զարգանալ անսպասելի արագությամբ։ Երկու օր էլ չէր անցել, երբ Հայաստանի կառավարությունը հաստատեց ԱՄՆ-ի հետ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը։
Ինչպես հայտնում է Sputnik Արմենիան, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը և Միացյալ Նահանգները հիմնում են TRIPP զարգացման ընկերություն, որը լիազորված կլինի հանրապետության տարածքում իրականացնել ենթակառուցվածքային խոշոր ծրագրեր։
Ներկայացված պայմանների համաձայն՝ ընկերության բաժնետոմսերի 74 տոկոսը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետությանը։ Միաժամանակ ընկերությունը 49 տարի ժամկետով կստանա կառուցապատման և հողօգտագործման իրավունք, որը հետագայում հնարավոր կլինի երկարաձգել ևս 50 տարով։ Այժմ համաձայնագիրը պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում, իսկ դրական եզրակացության դեպքում ներկայացվի Ազգային ժողովի վավերացմանը։
Այս ֆոնին առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում APRI Armenia հետազոտական կենտրոնի գիտաշխատող Սերգեյ Մելքոնյանի հարցազրույցը, որտեղ նա առաջարկում է տեղի ունեցող գործընթացները դիտարկել ոչ թե որպես առանձին ենթակառուցվածքային նախաձեռնություն, այլ որպես Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերաձևավորման մաս։ Նրա գնահատմամբ՝ TRIPP-ը պարզապես տրանսպորտային նախագիծ չէ։ Խոսքը լոգիստիկ, առևտրային, էներգետիկ և հաղորդակցական նոր համակարգի ձևավորման մասին է, որը պետք է Կենտրոնական Ասիան կապի Հարավային Կովկասի, ապա նաև Եվրոպայի շուկաների հետ։
Մելքոնյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի համար նախատեսված նոր ամերիկյան ներդրումային հիմնադրամի ստեղծումը ժամանակային առումով համընկել է TRIPP-ի առաջմղման հետ։ Փորձագետի համոզմամբ՝ Վաշինգտոնը ձգտում է տարածաշրջանում ամրապնդել իր ներկայությունը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական մակարդակում՝ ստեղծելով առանցքային տրանսպորտային ուղիների և ենթակառուցվածքային նախագծերի վրա երկարաժամկետ ազդեցություն ապահովող մեխանիզմներ։
Այս ամբողջ կառուցվածքում առանձնահատուկ դեր է վերապահված Իրանին։ Մելքոնյանի խոսքով՝ Թեհրանը նման նախաձեռնություններն դիտարկում է ոչ թե որպես տնտեսական ծրագրեր, այլ որպես ազգային անվտանգության հետ անմիջականորեն առնչվող հարցեր։ Եթե նախկինում իրանական կողմը շեշտը դնում էր հաղորդակցային բաղադրիչի վրա, ապա այժմ առաջնային է դարձել երկրի սահմանների անմիջական հարևանությամբ արտաքին ազդեցության նոր կենտրոնների ձևավորման անթույլատրելիությունը։ Հենց այս հանգամանքով էլ, ըստ փորձագետի, պայմանավորված է վերջին ամիսներին Թեհրանից հնչող կոշտ հռետորաբանությունը։
Անդրադառնալով Թուրքիային՝ Մելքոնյանը նշում է, որ ներկայիս գործընթացների գլխավոր շահառուներից մեկը հենց Անկարան է։ Հարավային Կովկասում Թուրքիայի ազդեցությունը հետևողականորեն ընդլայնվում է՝ հաճախ չբախվելով տարածաշրջանի պետությունների լուրջ դիմադրությանը։ Նրա կարծիքով՝ Մոսկվայում միայն վերջին շրջանում են սկսել լիարժեք գիտակցել թուրքական ներգրավվածության իրական ծավալներն ու դրա կապը ավելի լայն արևմտյան ռազմավարությունների հետ։
Ոչ պակաս ուշագրավ է նաև Ֆրանսիայի դիրքորոշումը։ Մելքոնյանի համոզմամբ՝ Փարիզի կողմից հայ-թուրքական սահմանի բացման գաղափարի ակտիվ աջակցությունը պայմանավորված է բացառապես գործնական հաշվարկներով։ Եթե Հայաստանը դիտարկվում է որպես եվրոպական տարածքի ապագա բաղկացուցիչ, ապա ամենահարմար ցամաքային կապն անցնում է հենց Թուրքիայի տարածքով։ Այդ պատճառով եվրոպական մայրաքաղաքները շահագրգռված են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ՝ անկախ նրանից, թե որքան զգայուն է այդ թեման հայկական հանրության համար։
Հարցազրույցի զգալի հատվածը նվիրված էր հայ-ռուսական հարաբերություններին։ Փորձագետի գնահատմամբ՝ առևտրատնտեսական ոլորտում այսօր կիրառվող սահմանափակումները չպետք է ընկալել որպես Մոսկվայի ազդեցության հնարավորությունների առավելագույն սահման։ Ռուսաստանը շատ ավելի լայն գործիքակազմ ունի։ Միևնույն ժամանակ ռուսական քաղաքական շրջանակներում աստիճանաբար ամրապնդվում է այն համոզմունքը, որ արևմտյան կառույցների հետ համագործակցությունը խորացնելու Երևանի քաղաքականությունը կրում է ոչ թե ձևական, այլ գործնական բնույթ։ Այդ պատճառով էլ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը Ռուսաստանում նկատելիորեն փոխվում է։
Մելքոնյանի կարծիքով՝ գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ Երևանը հետևողականորեն հեռանում է նախկին ինտեգրացիոն համակարգերից՝ միաժամանակ չունենալով հստակ պատկերացում, թե դրա դիմաց անվտանգության ինչ երաշխիքներ և տնտեսական ինչ առավելություններ կարող է ստանալ։ Հենց այդ պատճառով էլ նա վտանգավոր է համարում գործող դաշինքներից դուրս գալը ինքնանպատակ քաղաքականության վերածելը։
Առանձին անդրադառնալով Ադրբեջանին՝ փորձագետը նշում է, որ Բաքվի պահանջները՝ կապված հաղորդակցությունների, անկլավների և այլ վիճահարույց հարցերի հետ, ավելի լայն ռազմավարության բաղկացուցիչ տարրեր են։ Նրա համոզմամբ՝ Ադրբեջանը շարունակելու է հետևողականորեն առաջ տանել սեփական օրակարգը՝ օգտվելով միջազգային բարենպաստ իրավիճակից և տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխությունից։
Այսպիսով, կառավարության կողմից TRIPP-ի վերաբերյալ համաձայնագրի հաստատումը փաստում է ծրագրի իրականացման նոր փուլի մեկնարկը։ Միևնույն ժամանակ այն նոր թափ է հաղորդում քննարկումներին այն մասին, թե ինչ տեղ և դեր է վերապահված Հայաստանին ձևավորվող հարավկովկասյան նոր ճարտարապետության մեջ, ովքեր են լինելու ապագա տրանսպորտային երթուղիների հիմնական շահառուները, և որքանով են այսօր ստանձնվող երկարաժամկետ պարտավորությունները համահունչ Հայաստանի ազգային շահերին։


