ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ. ԻՆՉՈ՞Ւ Է ՍՅՈՒՆԻՔԸ ՀԱՅՏՆՎԵԼ ՄԵԾ ԽԱՂԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Երեկ մենք արդեն անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի՝ Խուստուփ լեռ բարձրանալու թեմային և այդ դրվագը դիտարկել այն խորհրդանշականության համատեքստում, որը վերջին տարիներին դարձել է գործող իշխանության քաղաքական ձեռագրի անբաժանելի մասը։ Քաղաքականության մեջ պատահականություններ հազվադեպ են լինում, իսկ հայկական քաղաքականության վերջին տարիների իրականությունը ցույց է տալիս, որ խորհրդանիշները հաճախ ոչ պակաս կարևոր դեր են խաղում, քան կոնկրետ որոշումները։ Հենց այդ պատճառով էլ վարչապետի հայտնվելը Սյունիքի լեգենդար գագաթին մեզ մոտ առաջացրեց ոչ այնքան գեղագիտական ասոցիացիաներ, որքան Հայաստանի հարավի ճակատագրի վերաբերյալ միանգամայն առարկայական մտահոգություններ։ Ազգային գիտակցության համար Խուստուփը պարզապես լեռ չէ։ Այն դիմադրության, արժանապատվության և պայքարի խորհրդանիշ է։ Սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանավարման պատմությունը լի է դեպքերով, երբ ազգային խորհրդանիշներն պետականությունը ամրապնդելու փոխարեն օգտագործվել են հասարակությանը ցավոտ փոփոխությունների նախապատրաստելու նպատակով։

Առանձնահատուկ անհանգստություն է առաջացնում այն հանգամանքը, որ Փաշինյանի վերելքը տեղի ունեցավ մի շարք իրադարձությունների ֆոնին, որոնք առանձին-առանձին դիտարկելու դեպքում կարող էին պատահականությունների տպավորություն թողնել, սակայն ամբողջության մեջ ձևավորում են բավական մռայլ պատկեր։ Ավելին՝ խոսքը հենց այն տարածաշրջանի մասին է, որով պետք է անցնի այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» երթուղին և որի շուրջ այսօր կենտրոնացած են խոշորագույն աշխարհաքաղաքական դերակատարների շահերը։ Ուստի խնդիրը վարչապետի Խուստուփի գագաթ բարձրանալը չէ, այլ այն, թե ինչ է կատարվում Սյունիքի շուրջ և ինչու են վերջին շաբաթների զարգացումները ստիպում ավելի ու ավելի մեծ անհանգստությամբ նայել այդ տարածաշրջանի ապագային։

Առաջին տագնապալի ազդանշանը դարձավ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականության ակնհայտ կոշտացումը։ Հայկական որոշ ապրանքների ներմուծման սահմանափակումները դարձան ոչ միայն տնտեսական միջոցառում, այլև քաղաքական ուղերձ։ Հայաստանի իշխանություններն ու նրանց մոտ կանգնած մեկնաբանները փորձում են ներկայացնել տեղի ունեցողը որպես Մոսկվայի արձագանք Երևանի եվրոպական ձգտումներին, սակայն նման բացատրությունը չափազանց մակերեսային է թվում։ Ռուսաստանը երբեք Հարավային Կովկասը չի դիտարկել բացառապես առևտրատնտեսական տեսանկյունից։ Մոսկվայի համար այս տարածաշրջանը շարունակում է մնալ ռազմավարական անվտանգության հարց։ Հետևաբար, Կրեմլի ներկայիս քայլերը կարող են վկայել դաշնակիցների միջև առկա շատ ավելի խոր հակասությունների մասին, քան ընդունված է պաշտոնապես խոստովանել։

Այստեղ անհնար է չհիշատակել ևս մեկ ուշագրավ հանգամանք։ Ինչպես մենք նախկինում արդեն նշել ենք, կառավարության վերջին նիստերից մեկի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փաստացի մեկ տարի ժամանակ տվեց հայ արտադրողներին՝ Ռուսաստանի սահմանած սահմանափակումների պայմաններում այլընտրանքային շուկաներ գտնելու համար։ Առաջին հայացքից նման կոչը կարող էր լիովին տրամաբանական թվալ, եթե չլիներ մի կարևոր հանգամանք․ վարչապետը հստակ ժամանակ սահմանեց։ Բնական հարց է առաջանում․ ինչի՞ վրա է հիմնված այդպիսի վստահությունը ժամկետների հարցում։ Ինչո՞ւ հենց մեկ տարի։ Չի՞ նշանակում արդյոք սա, որ երկրի ղեկավարությունը որոշակի տեղեկություններ ունի տարածաշրջանում և ռուս-հայկական հարաբերություններում սպասվող գործընթացների վերաբերյալ՝ առայժմ նախընտրելով չբացել իր խաղաքարտերը հասարակության առաջ։ Մենք նման բան չենք պնդում, սակայն նման կոնկրետության փաստն ինքնին չափազանց արտասովոր է, որպեսզի անտեսվի։

Այս ֆոնին առանձնահատուկ նշանակություն են ստանում Իլհամ Ալիևի հայտարարությունները, որոնք հնչեցին վերջերս կայացած Շուշիի համաժողովում։ Ադրբեջանի նախագահը կրկին խոսեց «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ դա անելով առավելագույնս Վաշինգտոնին հաճո շեշտադրումներով։ Ալիևը չէր խնայում գովեստի խոսքերը Դոնալդ Թրամփի հասցեին՝ նրան անվանելով նոր տարածաշրջանային իրականության ճարտարապետ։ Նման խոսքերը պատահական չեն հնչում։ Դրանց հետևում հստակ տեսանելի է Հարավային Կովկասում ԱՄՆ ազդեցության նոր ձևաչափի լեգիտիմացման ձգտումը։ TRIPP նախագիծը, որը կապվում է ամերիկյան վարչակազմի հետ, արդեն դիտարկվում է ոչ միայն որպես Ադրբեջանն ու Նախիջևանը կապող տրանսպորտային երթուղի։ Փաստացի խոսքը տարածաշրջանում ամերիկյան երկարաժամկետ ներկայության մեխանիզմ ստեղծելու մասին է, այն տարածաշրջանում, որը տասնամյակներ շարունակ գտնվել է Ռուսաստանի գերակշիռ ազդեցության տիրույթում։

Պակաս կարևոր չէ նաև Իրանի դիրքորոշումը։ Թեհրանը բազմիցս զգուշացրել է, որ դեմ է Հայաստանի տարածքով անցնող ցանկացած արտատարածքային միջանցքի։ Իրանական պաշտոնյաները շեշտել են, որ Սյունիքը Հայաստանի ինքնիշխան տարածքի մասն է և չի կարող վերածվել արտաքին կառավարման օբյեկտի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել էր նման նախագծերում ամերիկյան կառույցների ներգրավման վտանգների մասին, իսկ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բացահայտ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի կողմից աջակցվող միջանցքի իրականացումը կարող է ուժեղացնել ՆԱՏՕ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում և լրացուցիչ բաժանարար գիծ ստեղծել Իրանի ու Ռուսաստանի միջև։

Սակայն այսօր Թեհրանի՝ իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները կարող են էապես սահմանափակվել։ Իրանի տարածքում ամերիկյան նոր հարվածների և Իսլամական Հանրապետության պատասխան գործողությունների մասին հաղորդագրությունները վկայում են, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը կրկին մտնում է սրման փուլ։ Եթե այս գործընթացը շարունակվի, Թեհրանը ստիպված կլինի իր հիմնական ռեսուրսները կենտրոնացնել սեփական անվտանգության ապահովման վրա։ Իսկ դա նշանակում է, որ Սյունիքի կարգավիճակի փոփոխության ամենահետևողական հակառակորդներից մեկը կարող է ժամանակավորապես կորցնել իր համար անցանկալի սցենարների իրականացումը կանխելու ակտիվ հնարավորությունը։

Պակաս վտանգավոր չի թվում նաև ուկրաինական գործոնը։ Չնայած հնարավոր բանակցությունների մասին բազմաթիվ խոսակցություններին՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը ոչ միայն չի մարում, այլև ձեռք է բերում նոր ծավալներ։ Ռուսաստանի ենթակառուցվածքների նկատմամբ հարվածներն ավելի ու ավելի զգայուն են դառնում։ Միաժամանակ ՆԱՏՕ-ն շարունակում է մեծացնել աջակցությունը Կիևին, իսկ Դոնալդ Թրամփի խոստումը՝ Ուկրաինային տրամադրել Patriot համալիրների արտադրության լիցենզիա, ինչպես նաև Եվրամիության բազմամիլիարդանոց օգնության փաթեթները , վկայում են հակամարտության հետագա ձգձգման նախապատրաստության մասին։

Հարավային Կովկասի համար սա անմիջական նշանակություն ունի, քանի որ որքան ավելի շատ ռեսուրսներ է Ռուսաստանը ստիպված ծախսում ուկրաինական ուղղությամբ, այնքան ավելի սահմանափակ են դառնում նրա հնարավորությունները՝ արագ արձագանքելու այլ տարածաշրջաններում առաջացող ճգնաժամերին։

Այս ֆոնին անհնար է ուշադրություն չդարձնել այն տեղեկատվական արշավին, որը վերջին ամիսներին ծավալվում է Հայաստանի ներսում։ Իշխանամերձ և արևմտամետ «փորձագետները», բազմատեսակ դրամաշնորհային կառույցներն ու իշխանությանը սպասարկող մեկնաբանները փաստացի փորձում են հասարակության մեջ ձևավորել այն համոզմունքը, թե Ռուսաստանի պարտությունը ուկրաինական ճակատում մոտ ապագայի հարց է։ Հայ հասարակությանը հետևողականորեն ներշնչվում է այն միտքը, որ Ռուսաստանը, իբր, կանգնած է ռազմական պարտության շեմին, որին անխուսափելիորեն կհետևեն տնտեսական փլուզումը, ներքաղաքական քաոսը և հետխորհրդային տարածքում ազդեցության արագ կորուստը։ Նման կանխատեսումները ներկայացվում են ոչ թե որպես հնարավոր գնահատականներից մեկը, այլ որպես գրեթե կանխորոշված և արդեն իսկ իրականություն դարձող սցենար։

Մինչդեռ նման տեղեկատվական գիծը միանգամայն հստակ քաղաքական նպատակադրում ունի։ Փաստացի հասարակական կարծիքը նախապատրաստվում է Հայաստանի ղեկավարության հետագա հակառուսական որոշումներին։ Քաղաքացիներին նախապես առաջարկվում է համակերպվել այն մտքի հետ, որ եթե Ռուսաստանը, իբր, դատապարտված է պարտության, ապա Երևանը պարտավոր է արագացված տեմպերով հեռանալ Մոսկվայից և նոր հովանավորներ փնտրել։ Արդյունքում հայ-ռուսական հարաբերությունների հետագա քայքայմանն ուղղված ցանկացած քայլ սկսում է ներկայանալ ոչ թե որպես իշխանությունների սուբյեկտիվ քաղաքական ընտրություն, այլ որպես «նոր պատմական իրականությունից» բխող անխուսափելի արձագանք։

Առանձնապես մտահոգիչ է այն հանգամանքը, որ նման տեխնոլոգիան արդեն կիրառվել է նախկինում։ Բավական է հիշել 2022 թվականը։ Ուկրաինական ուղղությամբ ռուսական բանակի մի շարք անհաջողություններից հետո հայկական տեղեկատվական դաշտը բառացիորեն հեղեղվեց հրապարակումներով և մեկնաբանություններով, որոնք խոսում էին Ռուսաստանի մոտալուտ թուլացման և Հայաստանի արտաքին քաղաքականության հրատապ վերակողմնորոշման անհրաժեշտության մասին։ Հենց այդ ժամանակ էլ Նիկել Փաշինյանը նախաձեռնեց Արցախի հարցով բանակցային գործընթացը ռուսական միջնորդական հարթակից եվրոպական հարթակ տեղափոխելու քայլերը։ Այդ օրերին հասարակությանը ևս համոզում էին, թե Մոսկվան կորցնում է իրավիճակի վրա ազդելու հնարավորությունները, մինչդեռ եվրոպական մեխանիզմները կարող են ապահովել անվտանգության ավելի հուսալի երաշխիքներ։ Այս քաղաքականության արդյունքներն այսօր բոլորին են հայտնի։ Արցախը այլևս չկա, իսկ արևմտյան միջնորդների բազմաթիվ խոստումներն ու հավաստիացումները չկանխեցին իրադարձությունների ողբերգական զարգացումը։ Հետևաբար Ռուսաստանի մոտալուտ փլուզման և Հայաստանի վերջնական աշխարհաքաղաքական շրջադարձի անհրաժեշտության մասին այսօրվա խոսակցությունները միանգամայն օրինաչափ հարցեր են առաջացնում։ Այսօրվա հռետորաբանությունը չափազանց շատ է հիշեցնում այն խոսույթը, որը նախորդել էր ժամանակակից հայկական պատմության ամենածանր պարտություններից մեկին։

Հենց այստեղ է ծագում այն հարցը, որը շատերը նախընտրում են չբարձրաձայնել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե այս կամ այն պատրվակով Ադրբեջանը սկսի ռազմական գործողություն և փորձի վերահսկողություն հաստատել Հայաստանի հարավային հատվածի նկատմամբ։ Այդ դեպքում ի՞նչ կտեսնենք։ Ցավոք, մենք արդեն որոշակի փորձ ունենք։ 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Հայաստանի ղեկավարությունը հակված չէ այնպիսի քայլերի, որոնք սովորաբար ձեռնարկում է արտաքին ագրեսիայի ենթարկված պետությունը։ Այդ ժամանակ չհայտարարվեց համընդհանուր զորահավաք, չհայտարարվեց ռազմական դրություն, իսկ իշխանությունների արձագանքը հիմնականում սահմանափակվեց դիվանագիտական դիմումներով և տեղեկատվական հայտարարություններով։

Չկան որևէ երաշխիքներ, որ նման իրավիճակում այսօր իրադարձությունները այլ սցենարով կզարգանան։ Ավելին, միանգամայն հավանական է, որ Երևանը կրկին դիմի ՀԱՊԿ-ին։ Սակայն հարցն այն է, թե արդյոք այդ դիմումը կլինի իրական օգնություն ստանալու նպատակով, թե հերթական խորհրդակցությունների համար։ Վերջին տարիներին հայկական իշխանությունները գործնականում արել են ամեն ինչ՝ քայքայելու հարաբերություններն այն կազմակերպության հետ, որի անդամ է շարունակում մնալ Հայաստանը։ Ցուցադրական դեմարշները, հրապարակային մեղադրանքներն ու ՀԱՊԿ-ի անօգուտ լինելու մասին մշտական հայտարարությունները բնականաբար հանգեցրել են վստահության խոր ճգնաժամի։

Միաժամանակ երկրի ներսում գրեթե անկասկած կգործարկվի արդեն ծանոթ տեղեկատվական արշավը։ Դրա հիմնական ուղերձը կլինի հետևյալ արտահայտությունը․ «Դաշնակիցը մեզ դավաճանեց»։ Հենց այս սցենարն է առավել տրամաբանական թվում գործող իշխանության տեսանկյունից։ Սեփական սխալների վերլուծության փոխարեն հանրությանը կրկին կառաջարկվի արտաքին մեղավորի կերպարը։ Ավելին, դժվար չէ ենթադրել, որ ռազմական ճգնաժամի ֆոնին արհեստականորեն կբորբոքվի հասարակական դժգոհության հզոր ալիք, որի գլխավոր թիրախը կլինի Հայաստանում ռուսական ռազմական ներկայությունը։ Արդյունքում կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ տարածքի մի մասի կորուստը կօգտագործվի Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական կապերի վերջնական խզման և ռուսական ռազմաբազայի դուրսբերման հարցը օրակարգ բերելու համար։

Այս համատեքստում նույնիսկ Վրաստանի Մառնեուլիում տեղի ունեցած իրադարձությունները սկսում են այլ կերպ ընկալվել։ Առաջին հայացքից խոսքը տեղական ֆերմերների և ոստիկանության միջև ընդհարման մասին է։ Սակայն Մառնեուլին գտնվում է ռազմավարական կարևոր ուղղության վրա, որը Վրաստանի տարածքով Հայաստանը կապում է արտաքին աշխարհի հետ։ Ընդ որում, շրջանի բնակչության մեծամասնությունը էթնիկ ադրբեջանցիներ են։ Եթե ճգնաժամային պահին Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ցամաքային մատակարարում կազմակերպելու անհրաժեշտություն առաջանա կամ Վրաստանի տարածքով որևէ ռեսուրս տեղափոխելու, ապա այս գործոնը կարող է բոլորովին այլ նշանակություն ստանալ։ Մեծ քաղաքականության մեջ աննշան մանրուքներ չեն լինում, հատկապես երբ խոսքը վերաբերում է լոգիստիկային և ռազմական ենթակառուցվածքներին։

Այս բոլոր գործընթացները զարմանալի կերպով հատվում են մեկ աշխարհագրական կետում՝ Սյունիքում։ Ռուսաստանը զբաղված է ուկրաինական հակամարտությամբ և բախվում է իր սահմանների շուրջ աճող մարտահրավերների։ Իրանը ներքաշված է Միացյալ Նահանգների հետ դիմակայության մեջ։ Ադրբեջանն ավելի ու ավելի ակտիվորեն առաջ է մղում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը՝ վայելելով Վաշինգտոնի քաղաքական աջակցությունը։ Հայաստանը շարունակում է հետևողականորեն քանդել հարաբերությունները իր ավանդական դաշնակիցների հետ։ Իսկ այդ ընթացքում երկրի վարչապետը խորհրդանշական վերելք է կատարում Խուստուփ՝ այն լեռը, որը վեր է խոյանում մի տարածաշրջանի վրա, որի շուրջ այսօր ծավալվում է վերջին տասնամյակների ամենավտանգավոր աշխարհաքաղաքական խաղերից մեկը։

Եզրակացությունը մտահոգիչ է։ Եթե թվարկված յուրաքանչյուր իրադարձություն դիտարկվի առանձին, կարելի է գտնել տասնյակ բացատրություններ և արդարացումներ։ Սակայն եթե դրանք դիտարկենք որպես մեկ ամբողջական պատկերի բաղադրիչներ, ակնհայտ է դառնում, որ Սյունիքի շուրջ ձևավորվում է չափազանց վտանգավոր իրավիճակ։ Ռուսաստանի և Իրանի հնարավորությունների թուլացումը, ամերիկյան ազդեցության ուժեղացումը, Բաքվի կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեմայի համառ առաջմղումը և հայկական իշխանությունների ներքին քաղաքականությունը ստեղծում են պայմաններ, որոնց դեպքում Հայաստանի հարավում լուրջ ճգնաժամի վտանգն այլևս չի կարելի համարել քաղաքական հոռետեսների երևակայության պտուղ։