ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵԳՆԱՆՔԸ. ՀԱՂԹԱՆԱԿ՝ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻՑ ՀԵՏՈ
Արևմտյան մամուլը երբեմն հետաքրքիր բացահայտումների առիթ է տալիս, հատկապես երբ անդրադառնում է Հայաստանին։ Այդ ժամանակ հանկարծ պարզվում է, որ սևը սպիտակ է, պարտությունը՝ հաղթանակի յուրատեսակ դրսևորում, իսկ այն քաղաքական գործիչը, որի կառավարման տարիներին Հայաստանը կորցրեց Արցախը, կարող է ներկայացվել որպես հաջողակ բարեփոխիչ և հեռատես պետական գործիչ։ Հենց նման տպավորություն է թողնում «The Guardian» -ի հրապարակումը, որը նվիրված է Նիկոլ Փաշինյանի հերթական ընտրական հաջողությանը։ Սակայն առավել ուշագրավն այստեղ բրիտանական թերթի գնահատականները չեն։ Արևմտյան մամուլը, բնականաբար, առաջնորդվում է սեփական քաղաքական պատկերացումներով և տարածաշրջանի վերաբերյալ իր ընկալումներով։ Շատ ավելի ուշագրավ է մեկ այլ հանգամանք․ Փաշինյանն արդեն վաղուց դադարել է թաքցնել իր իրական քաղաքական հայեցակարգը, մինչդեռ հայկական հասարակության զգալի մասը կարծես այլևս չի նկատում նրա հնչեցրած մտքերի իրական բովանդակությունն ու հետևանքները։
Իրականում զարմանալու պատճառ չկա։ Արևմտյան հեղինակները Հայաստանի շուրջ ընթացող գործընթացները դիտարկում են իրենց շահերի և աշխարհաքաղաքական առաջնահերթությունների տեսանկյունից։ Զարմանալ պետք է այն փաստի վրա, որ հենց Հայաստանում շատերն այլևս չեն արձանագրում տեղի ունեցած արժեքային շրջադարձի խորությունը։ Դեռևս մի քանի տարի առաջ Արցախի կորուստը կընկալվեր որպես ազգային աղետ, որը անխուսափելիորեն առաջ կբերեր պատասխանատվության հարց։ Այսօր նույն իրադարձությունը ներկայացվում է որպես ինչ-որ նոր, «լուսավոր» ապագայի ճանապարհին անհրաժեշտ քայլ։
Հենց այդ համատեքստում առանձնակի ուշադրության է արժանի Նիկոլ Փաշինյանի այն միտքը, որը մեջբերում է «The Guardian» -ը․ «Ամենակարևորն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս եկավ հակամարտության թակարդից»։ Փորձենք հասկանալ այս ձևակերպման իրական իմաստը։ Թերթը այն ներկայացնում է որպես քաղաքական հեռատեսության և ռազմավարական մտածողության դրսևորում։ Սակայն այստեղ առաջանում է միանգամայն բնական հարց․ ի՞նչն էր այդ «թակարդը»։ Արցախը՞։ Ազգային-ազատագրական պայքա՞րը։ Տասնյակ հազարավոր զոհերի հիշատա՞կը։ 1994 թվականի հաղթանա՞կը։ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավո՞ւնքը։ Թե՞ այն ամբողջ արժեքային և գաղափարական համակարգը, որի հիմքի վրա կառուցվել է հայկական պետականությունը վերջին երեք տասնամյակների ընթացքում։
Մինչդեռ խոսքը ոչ պատահական վրիպման, ոչ էլ համատեքստից կտրված արտահայտության մասին է։ Սա պետության ղեկավարի գիտակցված և ծրագրային հայտարարությունն է, որը արտացոլում է ոչ թե պահի ազդեցությամբ արտաբերված միտք, այլ տարիների ընթացքում ձևավորված քաղաքական հայեցակարգ։ Բավական է հիշել 2019 թվականի օգոստոսը, երբ նույն Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այդ ժամանակ այս խոսքերը ներկայացվում էին որպես պետական մտածողության գագաթնակետ։ Իշխանությունը հասարակությանը համոզում էր, որ Արցախը հայկական աշխարհի անբաժանելի մասն է, իսկ Արցախի ճակատագիրը՝ Հայաստանի ճակատագրի շարունակությունը։ Վարչապետը խոսում էր Արցախի ապագայի մասին այնպես, ասես խոսեր Հայաստանի ապագայի մասին։
Անցել է ընդամենը մի քանի տարի։ Եվ ահա նույն այդ մարդը փաստացի իր ձեռքբերումներից մեկն է համարում Արցախից հրաժարումը։ Այստեղ առաջանում է մի հարց, որից հնարավոր չէ խուսափել․ այս երկու դիրքորոշումներից ո՞րն էր անկեղծ։ Այն, որը հնչում էր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, թե՞ այն, որը այսօր արևմտյան մամուլիը ներկայացնում է որպես քաղաքական հասունության և պետական իմաստության դրսևորում։ Քանի որ երկուսն էլ միաժամանակ ճշմարիտ լինել չեն կարող։
Առավել ուշագրավ է այն, որ 2019 թվականին Փաշինյանը բազմիցս հայտարարում էր, թե Արցախի անվտանգությունը Հայաստանի պետական քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է։ Նա խոսում էր Արցախի ազատամարտի արդյունքները պահպանելու անհրաժեշտության մասին, շեշտում էր Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման կարևորությունը և ներկայացնում այդ ամենը որպես Հայաստանի Հանրապետության պաշտոնական քաղաքական գիծ։ Այդ տարիներին նման հայտարարությունները հնչում էին որպես անքննելի ճշմարտություններ։ Այսօր, սակայն, նույն նպատակները որակում են որպես պատմական բեռ, որը խանգարել է պետության զարգացմանը։
Սակայն հակասությունները վաղուց դարձել են ներկայիս վարչապետի քաղաքական ձեռագրի անբաժանելի մասը։ 2018–2019 թվականներին նա կտրականապես մերժում էր բոլոր այն մեղադրանքները, թե պատրաստվում է «հանձնել Ղարաբաղը»։ Նման պնդումները նա անվանում էր անհեթեթություն, քաղաքական շահարկում կամ բացահայտ զրպարտություն։ Այսօր, փաստորեն, նրա ամբողջ քաղաքական հայեցակարգը կառուցված է այն գաղափարի վրա, որ Արցախից հրաժարումը ոչ միայն անխուսափելի էր, այլև օգտակար Հայաստանի համար։ Այն, ինչ տարիներ առաջ ներկայացվում էր որպես կեղծիք, այժմ դարձել է պետական քաղաքականության պաշտոնական հիմնավորում։
Ցանկացած երկրում, որտեղ դեռ պահպանվում է ազգային հիշողության և պատմական արժանապատվության նկատմամբ տարրական հարգանքը, նման հայտարարությունները քաղաքական ցնցում կառաջացնեին։ Պատկերացնենք թեկուզ մեկ ակնթարթով, որ Ֆրանսիայի նախագահը հայտարարեր՝ Էլզասի և Լոթարինգիայի կորուստը իր քաղաքական ձեռքբերումներից մեկն է։ Կամ որ Լեհաստանի վարչապետը Վարշավայի ապստամբությունը բնութագրեր որպես սխալ, որը խոչընդոտել է երկրի զարգացմանը։ Նման գործչի քաղաքական կարիերան նույն պահին կավարտվեր։ Հայաստանում, սակայն, վարչապետը ոչ միայն շարունակում է պաշտոնավարել, այլև հասարակության որոշ շրջանակների կողմից արժանանում է ծափահարությունների։
Առավել խոսուն է Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որը հնչեց ընտրություններից կարճ ժամանակ առաջ։ Նա Արցախի վերադարձի համար պայքարը չշարունակելու որոշումը անվանեց իր ամենամեծ ձեռքբերումներից մեկը։ Հենց ձեռքբերու։ Ոչ թե ծանր ընտրություն, ոչ թե պարտադրված փոխզիջում, ոչ թե ողբերգական անհրաժեշտություն, այլ ձեռքբերում։ Այս ձևակերպման մեջ ամփոփված է գործող իշխանության ամբողջ գաղափարախոսությունը։ Մեր առջև արդեն ոչ թե պարտությունից հետո վնասների նվազեցման քաղաքականություն է, այլ հենց պարտությունը քաղաքական հպարտության առարկա դարձնելու փորձ։
Ժամանակին Լևոն Տեր-Պետրոսյանը փորձում էր հասարակությանը համոզել, որ հանուն խաղաղության և տնտեսական զարգացման անհրաժեշտ է հրաժարվել Արցախից։ Այդ գաղափարը լայն աջակցություն չստացավ, և հասարակության զգալի հատվածը այն մերժեց։ Նիկոլ Փաշինյանը, սակայն, շատ ավելի հեռու է գնացել։ Նա ոչ միայն իրականացրել է նույն քաղաքական գիծը, այլև փորձում է այն ներկայացնել որպես հաջողության պատմություն։ Ավելին՝ նա հասարակությանը համոզում է, որ հենց Արցախից հրաժարվելն է Հայաստանին ազատություն տվել։ Այս տրամաբանությունը, անկեղծ ասած, եզակի է։ Եթե այն ընդունենք որպես քաղաքական մտածողության չափանիշ, ապա ցանկացած պարտություն կարելի է ներկայացնել որպես հաղթանակ, իսկ ցանկացած կապիտուլյացիա՝ որպես դիվանագիտական հաջողություն։
The «The Guardian» -ի հոդվածում Փաշինյանը ներկայանում է որպես առաջնորդ, որը հայ ժողովրդին առաջարկում է նայել դեպի ապագա և չմնալ անցյալի գերին։ Առաջին հայացքից այս միտքը կարող է գրավիչ թվալ։ Սակայն խնդիրը բնավ անցյալի և ապագայի միջև ընտրությունը չէ։ Խնդիրը պատասխանատվությունն է։ Խոսքը այն մարդու մասին է, որը 2019 թվականին Ստեփանակերտում հայտարարում էր. «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այդ ժամանակ այդ խոսքերը նրան քաղաքական միավորներ էին բերում, ընկալվում էին որպես հայրենասիրության և պետական մտածողության դրսևորում։ Այսօր նույն մարդը փաստացի պնդում է ճիշտ հակառակը։ Բայց այդպես էլ չի բացատրում հասարակությանը, թե այս երկու իրար բացառող դիրքորոշումներից որն էր իրականում սխալ։
Կա նաև մեկ այլ մեջբերում, որն արժանի է իր պատվավոր տեղը գտնել քաղաքական ցինիզմի դասագրքերում։ Արցախի հայաթափումից հետո Փաշինյանը հայտարարեց, թե էթնիկ զտում տեղի չի ունեցել, քանի որ մարդիկ տարածաշրջանը լքել են սեփական կամքով։ Դժվար է հիշել մեկ այլ արտահայտություն, որը նման ցավ և վրդովմունք առաջացներ հենց արցախցիների շրջանում։ Ավելի քան հարյուր հազար մարդ չհեռացավ իր հայրենիքից ավելի հարմար կյանք փնտրելու նպատակով։ Նրանք հեռացան պատերազմից, շրջափակումից, սովից և ֆիզիկական անվտանգության իրական սպառնալիքից հետո։ Սակայն իշխանությունը նախընտրեց այն մեկնաբանությունը, որն առավել հարմար էր իր քաղաքական օրակարգի համար։
Արևմտյան փորձագետները հաճախ հիացմունքով են խոսում Փաշինյանի՝ հասարակ մարդկանց հետ հաղորդակցվելու ունակության մասին։ Հնարավոր է՝ այդ գնահատականների մեջ ճշմարտության որոշ բաժին կա։ Սակայն քաղաքական գործչի արժեքը չի որոշվում սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութերի քանակով, TikTok-ում հավաքած դիտումներով կամ տեսախցիկի առաջ սրտիկ պատկերող ժեստերով։ Քաղաքական գործիչը գնահատվում է իր գործունեության արդյունքներով։ Իսկ արդյունքներն այս դեպքում չափազանց խոսուն են։ Բոլոր այն խոստումների, հայտարարությունների և «նոր դարաշրջանի» մասին հնչեցվող հավաստիացումների ֆոնին Հայաստանը կորցրել է Արցախը, հայտնվել է հասարակական աննախադեպ պառակտման պայմաններում, կանգնել է մշտական արտաքին քաղաքական անորոշության առաջ և շարունակում է կախված մնալ նույն արտաքին ուժային կենտրոններից, որոնցից կախված էր նախկինում։
Ուշագրավ է նաև այն, որ նույնիսկ «The Guardian» -ի զրուցակից արևմտյան փորձագետները հարկադրված են խոսել իշխանության չափազանց ավտորիտար բնույթի մասին։ Սակայն այդ ձևակերպումը չափազանց մեղմ է իրականությունը նկարագրելու համար։ Գործնականում խոսքը մի համակարգի մասին է, որտեղ պետական ինստիտուտները աստիճանաբար երկրորդ պլան են մղվում՝ իրենց տեղը զիջելով մեկ մարդու քաղաքական կամքին։ Հենց այդ պատճառով էլ ընտրություններից առաջ ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները ավելի ու ավելի շատ հարցեր են առաջացնում նույնիսկ այն դիտորդների մոտ, որոնք ավանդաբար բարեհաճ են վերաբերվել Փաշինյանին։ Իսկ երբ հաղթանակից անմիջապես հետո վարչապետը սկսում է խոսել իր հիմնական քաղաքական հակառակորդների ձերբակալման անհրաժեշտության մասին, ակամա տպավորություն է ստեղծվում, որ ժողովրդավարության մասին խոսակցությունները սկսում են կատարել բացառապես դեկորատիվ դեր։
Վերջիվերջո, The «The Guardian» -ի հոդվածը հետաքրքիր է ոչ այնքան նրանով, որ գրվել է Փաշինյանի մասին։ Այն հետաքրքիր է նրանով, որ ակամայից ցուցադրում է Հայաստանի գլխավոր պարադոքսը։ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտության և «հակամարտության թակարդից ազատագրվելու» մասին հայտարարության միջև ամփոփվել է ոչ միայն մեկ մարդու քաղաքական էվոլյուցիան, այլ նաև ժամանակակից Հայաստանի ամբողջ գաղափարական դրաման։
Եվ այս դրաման ունի նոր ազգային ողբերգություն դառնալու բոլոր հնարավորությունները։
Ժամանակն է, որ հայ ժողովուրդը սթափվի։
Քանի դեռ ուշ չէ։


