«ՄԵԶ ԽԱԲՈՒՄ ԵՆ». ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԸ՝ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ, ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ ՆՈՐ ԽԱՂԻ ՄԱՍԻՆ
2026 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում ամենաթեժ քննարկումներից մեկը դարձել է մանդատների ընդունման հարցը։ Մինչ մի շարք քաղաքական ուժեր փորձում են հիմնավորել խորհրդարան մտնելու անհրաժեշտությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը պնդում է, որ հասարակությանը հերթական անգամ փորձում են համոզել ընդունել արդեն իսկ ձախողված քաղաքական սցենարը։
Մարուքյանի գլխավոր թիրախներից մեկը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նրա համոզմամբ՝ վերջին օրերին հանրապետական շրջանակների վարքագիծը ցույց է տալիս, որ նախկին իշխանությունների ազդեցությունը ոչ միայն չի վերացել, այլ շարունակում է ուղղորդել ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող գործընթացները։
«Ես ցույց տվեցի հայ ժողովրդին, թե ինչպես էր Սերժ Սարգսյանը դատարանի առջև պաշտպանում Նիկոլ Փաշինյանին։ Չեմ հիշում նման բացահայտ դեպք, երբ Սերժ Սարգսյանն այդպիսի ձևով պաշտպաներ Նիկոլ Փաշինյանին», - հայտարարել է Մարուքյանը՝ պնդելով, որ հենց դրանից հետո իր դեմ սկսվել են համակարգված հարձակումներ հանրապետական շրջանակներից։
Մարուքյանի գնահատմամբ՝ հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները նախընտրական ամբողջ քարոզարշավի ընթացքում կոշտ հարձակումներ էին գործում Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի հասցեին, սակայն գրեթե չէին անդրադառնում Սերժ Սարգսյանին։
«Սաղ քարոզարշավի ժամանակ Նիկոլն ասում էր՝ Ռոբերտը պետք է նստի, Սամվելը պետք է նստի, Գագոն պետք է նստի։ Սերժ Սարգսյանի մասին ոչ մի բան չէր ասում», - նշել է Մարուքյանը՝ ակնարկելով նախկին և ներկա իշխանությունների միջև հնարավոր քաղաքական պայմանավորվածությունների մասին։
ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՆԵՐՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ «ՓՐԿԻՉՆԵՐԻ» ԴԵՐՈՒՄ
Մարուքյանի քննադատության երկրորդ առանցքային հասցեատերերը 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հեղինակներն են։ Հատկապես նա անդրադառնում է նախկին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմ համարվող սահմանադրագետ Վարդան Պողոսյանին, որը վերջին օրերին հանդես է եկել ընդդիմության կողմից մանդատներն ընդունելու օգտին։
Մարուքյանի կարծիքով՝ այստեղ առկա է ակնհայտ հակասություն։ Եթե հենց Սահմանադրության հեղինակներն են այսօր հայտարարում, որ միայն ընտրություններով Հայաստանում իշխանափոխություն հնարավոր չէ, ապա դա նշանակում է, որ իրենք փաստացի խոստովանում են իրենց իսկ ստեղծած համակարգի թերությունները։
«Այս մարդը գրել է Սահմանադրություն, որով հնարավոր չէ իշխանությունը փոխել։ Փաստորեն ինքն է պնդում, որ Հայաստանն այն երկիրը չէ, որտեղ ընտրություններով իշխանություն է փոխվում», - հայտարարել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ եթե իշխանափոխության համար անհրաժեշտ են փողոցային ճնշումներ, զանգվածային բողոքի ակցիաներ և քաղաքական ճգնաժամ, ապա հարց է առաջանում՝ ինչու էր 2015 թվականին ստեղծվում հենց այդպիսի սահմանադրական համակարգ։
«Ինչի՞ եք այդպիսի մեխանիզմներ գրել։ Ինչի՞ եք գրել փակ քվեարկություններ, ինչի՞ եք ստեղծել այնպիսի համակարգ, որտեղ ընդդիմությունից ձայներ կարող են գողանալ», - հարցադրում է անում Մարուքյանը։
ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՇՈՒՐՋ «ՆՈՐ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ»
Ընդդիմության մի մասը մանդատների ընդունումը հիմնավորում է այն պնդմամբ, որ խորհրդարանում հնարավոր կլինի ապագայում ձևավորել նոր քաղաքական մեծամասնություն և նույնիսկ իմպիչմենտի գործընթաց սկսել Նիկոլ Փաշինյանի դեմ։
Մարուքյանը նման սցենարը որակում է անիրատեսական։
«Ասում են՝ ՔՊ-ից ուղիղ ութ մանդատ է պետք լինելու, որ մեկ տարի հետո Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ անեն։ Սա լուրջ քաղաքական ծրագիր չէ, սա մարդկանց հերթական անգամ հույս վաճառելու փորձ է», - նշում է նա։
Ըստ Մարուքյանի՝ եթե ընդդիմադիր ուժերն իսկապես վստահ են, որ ընտրությունները կեղծվել են, ապա պետք է հրաժարվեն մանդատներից և կասկածի տակ դնեն ողջ գործընթացի լեգիտիմությունը։ Իսկ եթե ընտրությունները չեն կեղծվել, ապա պետք է բացահայտ հայտարարեն այդ մասին։
«Եթե կեղծվել է՝ ասեք կեղծվել է և մանդատները մի վերցրեք։ Եթե չի կեղծվել՝ դուրս եկեք ու շնորհավորեք Նիկոլ Փաշինյանին։ Բայց այս երկուսի արանքում քաղաքական խաղեր մի տվեք ժողովրդին», - հայտարարել է նա։
«ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՐԵՆ»
Մարուքյանի համոզմամբ՝ մանդատների շուրջ այս ամբողջ քննարկման հիմքում ոչ թե Հայաստանի ապագան է, այլ նախկին քաղաքական էլիտաների ինքնապահպանման բնազդը։
Նրա խոսքով՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության որոշ շրջանակներ զբաղված են սեփական ազդեցության, սեփական տնտեսական և քաղաքական շահերի պաշտպանությամբ։
«Այս ամենը իրենց լափածի, թալանածի, կերածի պաշտպանության մասին է։ Ոչ ոք ձեր մասին չի մտածում», - ասել է նա։
Մարուքյանը պնդում է, որ հասարակությանը կրկին փորձում են համոզել հավատալ նույն մարդկանց, որոնք վերջին տարիներին բազմիցս ձախողվել են։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմադիր ընտրազանգվածը հերթական անգամ կանգնած է ընտրության առաջ՝ շարունակել վստահել հին քաղաքական կենտրոններին, թե պահանջել նոր քաղաքական պատասխանատվություն։
«Ժողովրդին փորձում են խաբել սահմանադրագետներով, փորձագետներով ու հին քաղաքական տեխնոլոգիաներով։ Բայց իրականությունը շատ ավելի պարզ է․ եթե ուզում ես փոխել իշխանությունը, պետք է նախ ազնիվ լինես սեփական ժողովրդի հետ», - ամփոփում է Մարուքյանը։


