«ՆԻԿՈԼԸ ՑՄԱՀ ՆՍՏԵԼՈՒ Է ԲԱՆՏՈՒՄ». ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆԸ՝ ԸՆՏՐԱԿԵՂԾԻՔՆԵՐԻ, ԵՎ ԻՇԽԱՆԱԶԱՎԹՄԱՆ ՄԱՍԻՆ

Ազատամարտիկ, «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման ներկայացուցիչ Ալբերտ Բազեյանը hayeli.am-ի եթերում խիստ գնահատականներ է հնչեցրել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների, իշխանությունների գործողությունների և հետընտրական զարգացումների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցածը չի կարելի անվանել ազատ ու արդար ընտրություն, քանի որ ամբողջ գործընթացն ուղեկցվել է ընտրական օրենսգրքի և Սահմանադրության կոպիտ խախտումներով։

Բազեյանի գնահատմամբ՝ իշխող ուժը դեռևս ընտրություններից ամիսներ առաջ սկսել էր ապօրինի քարոզարշավը՝ պետական լծակներն օգտագործելով քաղաքական առավելություն ստանալու նպատակով։ Նա պնդում է, որ ընդդիմադիր գործիչների, ազատամարտիկների և պահեստազորի զինվորականների նկատմամբ հարուցված քրեական գործերն ու ձերբակալությունները քաղաքական նպատակ էին հետապնդում՝ իշխանության վերարտադրումն ապահովելու համար։ Ազատամարտիկի համոզմամբ՝ գործող իշխանությունները կատարում են Ադրբեջանի նախագահի պահանջները, իսկ Սահմանադրության փոփոխության նախաձեռնությունը բխում է ոչ թե Հայաստանի շահերից, այլ Բաքվի օրակարգից։

Բազեյանը նաև կասկածի տակ է դրել ընտրությունների պաշտոնական արդյունքները՝ հայտարարելով, որ բազմաթիվ ընդդիմադիր ուժերի քվեաթերթիկներ փչացվել կամ սխալ են հաշվարկվել։ Նրա խոսքով՝ հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեպքում վերահաշվարկի արդյունքում արձանագրվել է լրացուցիչ 140 ձայն, ինչը, ըստ նրա, վկայում է համակարգային խախտումների մասին։ Նա պնդում է, որ իշխանությունները շտապել են հաղթանակ հայտարարել այն ժամանակ, երբ ձայների զգալի մասը դեռ չէր հաշվարկվել, ինչը, ըստ Բազեյանի, քաղաքական ճնշում էր ընտրական գործընթացի վրա։

Ազատամարտիկը առանձնահատուկ ուշադրություն է հրավիրել նաև զինվորների մասնակցության հարցին։ Նրա խոսքով՝ զինծառայողներին կազմակերպված կերպով տարել են ընտրատեղամասեր և ուղղորդել քվեարկության ընթացքում, ինչը, նրա գնահատմամբ, զինվորների ընտրական իրավունքի կոպիտ խախտում է։ Նա խիստ քննադատել է նաև բանակի և երկրապահ կառույցների ղեկավարությանը՝ պնդելով, որ նրանք քաղաքականացվել են և չեն կատարել իրենց հիմնական առաքելությունը՝ երկրի սահմանների պաշտպանությունը։

Խոսելով հետընտրական հնարավոր զարգացումների մասին՝ Բազեյանը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը կանգնած են կարևոր ընտրության առաջ։ Նրա խոսքով՝ նրանք կամ պետք է խորհրդարանում պայքարեն իշխանությունների դեմ, կամ հրաժարվեն մանդատներից և համազգային անհնազանդության շարժում սկսեն։ Նա ընդգծել է, որ «Հայոց աշխարհազորը» պատրաստ է աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք նպատակ ունեն հեռացնել, իր բնորոշմամբ, «ապազգային և թրքամետ իշխանություններին»։

Բազեյանը անդրադարձել է նաև հայ-ռուսական հարաբերություններին և Հայաստանից Ռուսաստան արտահանման շուրջ ստեղծված խնդիրներին։ Նա նշել է, որ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով տուժում են շարքային քաղաքացիները, գյուղացիներն ու արտադրողները։ Միաժամանակ նա քննադատել է նաև Ռուսաստանի քայլերը՝ ընդգծելով, որ քաղաքական տարաձայնությունների պատճառով չպետք է վնաս հասցվի հայ ժողովրդին։

Ամենակոշտ հայտարարությունները վերաբերում էին անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Բազեյանը պնդել է, որ վարչապետը «ուզուրպացրել է իշխանությունը» և ապագայում պատասխանատվության է ենթարկվելու օրենքի ամբողջ խստությամբ։ Նրա համոզմամբ՝ պատասխանատվության հիմք են ոչ միայն ընտրական գործընթացում թույլ տրված, իր խոսքով, խախտումները, այլև 2020 թվականի պատերազմը, Արցախի կորուստը և Հայաստանի տարածքային զիջումները։

«Ես պատասխանատու եմ իմ բոլոր հայտարարությունների համար։ Քաղաքացիական պայմանագիրը խախտել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունն ու Սահմանադրությունը։ Նիկոլ Փաշինյանը ապօրինաբար զավթել է իշխանությունը և դրա համար պետք է պատասխան տա։ Նիկոլը չի մարսելու իր արածները։ Նա գնալու է ցմահ նստելու բանտում»,- հայտարարել է Ալբերտ Բազեյանը։

Միևնույն ժամանակ նա կոչ է արել ընդդիմադիր ընտրողներին չհուսահատվել՝ հիշեցնելով Ուինսթոն Չերչիլի հայտնի խոսքերը, ըստ որոնց՝ «ոչ մի հաղթանակ վերջնական չէ, ոչ մի պարտություն ճակատագրական չէ, կարևորն առաջ շարժվելու կամքն է»։ Բազեյանի համոզմամբ՝ քաղաքական պայքարը Հայաստանում դեռ նոր է մտնում իր վճռորոշ փուլը։