ԻՆՉՈ՞Ւ ԿԸՀ-Ն ԳԻՇԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՐԵՑ ՁԱՅՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ՝ ԻՆՉՊԵՍ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ. ՏԻԳՐԱՆ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանը «5-րդ ալիքին» տված հարցազրույցում հայտարարել է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում և հատկապես քվեարկության գիշերը տեղի ունեցած գործընթացները բազմաթիվ հարցեր են առաջացնում։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը փորձել է «դե ֆակտո պարտությունը վերածել դե յուրե հաղթանակի», իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքի որոշ դրվագներ հիշեցնում են Մոլդովայում տեղի ունեցած վիճահարույց ընտրական գործընթացները։

Քոչարյանի խոսքով՝ ամենամեծ հարցերից մեկն այն է, թե ինչու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթանակի մասին հայտարարեց այն ժամանակ, երբ հաշվարկված էր քվեաթերթիկների ընդամենը մոտ 10 տոկոսը։

«Եթե հաշվված է ընդամենը 10 տոկոսը, ինչպե՞ս կարելի է հայտարարել վերջնական հաղթանակի մասին։ Սա քաղաքական տեխնոլոգիա է, որի նպատակն էր ստեղծել արդեն կայացած արդյունքի տպավորություն»,– նշել է նա։

Մեդիա փորձագետը զուգահեռներ է անցկացրել Մոլդովայի նախագահական ընտրությունների հետ՝ հիշեցնելով, որ այնտեղ ևս ձայների հաշվարկի ընթացքում ընտրական համակարգի աշխատանքը մի պահ դադարել էր, ինչից հետո հրապարակված տվյալները կտրուկ փոխել էին ընդհանուր պատկերը։

«Մոլդովայում 50 տոկոս արձանագրություններ էին հաշվվել, իրավիճակը իշխանության համար այնքան էլ լավ չէր, հետո համակարգը դադարեց աշխատել, իսկ վերագործարկումից հետո հայտնվեց արդեն բոլորովին այլ պատկեր։ Հայաստանում էլ տեսնում ենք, որ սկզբում հրապարակվում էին մեկ թվեր, հետո՝ այլ, հետո գործընթացը փաստացի կանգ առավ, իսկ արդեն դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի մասին»,– ասել է Քոչարյանը։

Նրա գնահատմամբ՝ առանձնապես կասկածելի է այն հանգամանքը, որ ԿԸՀ-ն մի փուլում դադարեցրել էր տվյալների բնականոն հրապարակումը, իսկ Երևանի մի շարք ընտրատարածքների արդյունքները ժամեր շարունակ չէին հայտնվում ընդհանուր բազայում։

«Երբ 1,5 միլիոն մասնակցից հաշվված է ընդամենը 220 հազար քվե, հետո համակարգը փաստացի դադարում է նորմալ տվյալներ տրամադրել, սա չի կարող հարցեր չառաջացնել։ Ինչ-որ բան տեղի է ունեցել այդ ժամերին»,– նշել է նա։

Քոչարյանը չի բացառել, որ որոշ տեղամասերից ստացված արձանագրությունների և կենտրոնացված համակարգ մուտքագրված տվյալների միջև եղած տարբերությունները կարող են վկայել ոչ թե տեխնիկական սխալների, այլ կազմակերպված միջամտության մասին։

Նրա համոզմամբ՝ ընտրությունների գիշերը ընդդիմությունը թույլ տվեց ռազմավարական սխալ՝ չկարողանալով արագ արձագանքել իշխանության գործողություններին և հասարակությանն առաջարկել իր օրակարգը։

«Դու կարող ես հաղթել, բայց չկարողանալ պաշտպանել քո հաղթանակը»,– ընդգծել է մեդիա փորձագետը։

Քոչարյանը նաև պնդել է, որ նույնիսկ պաշտոնապես հրապարակված արդյունքների պարագայում «Քաղաքացիական պայմանագիրը» չի ստացել ընտրողների մեծամասնության աջակցությունը, քանի որ ընտրողների ավելի քան 50 տոկոսը չի քվեարկել իշխանության օգտին։

Նրա կարծիքով՝ ընտրություններից հետո իշխանությունը ոչ թե ուժեղացել է, այլ հայտնվել է լեգիտիմության լուրջ ճգնաժամի առջև, որի հետևանքները դեռևս ամբողջությամբ չեն դրսևորվել ոչ ներքաղաքական, ոչ էլ արտաքին քաղաքական հարթակներում։