ՕՐԵՆՔԻ ԱՌԱՋ ԲՈԼՈՐԸ ՀԱՎԱՍԱՐ ԵՆ, ԲԱՑԻ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ

,

«Թավշյա հեղափոխության» ամենահնչեղ կարգախոսներից մեկն այն էր, թե նոր Հայաստանում այլևս անձեռնմխելիներ չեն լինելու։ Օրենքը դառնալու է հավասար բոլորի համար։ Պետական ինստիտուտները կդադարեն սպասարկել իշխանության շահերը, իսկ ընտրությունները կվերածվեն քաղաքական ծրագրերի ազնիվ մրցապայքարի:

Անցել է ութ տարի։

Եվ այսօր անհնար է չարձանագրել, որ միակ մարդը, ում այդ խոստումներն այդպես էլ չվերաբերեցին, հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է։

Հետաքրքիր է բացել Ընտրական օրենսգիրքը և ծանոթանալ 23-րդ հոդվածին՝ «Վարչական ռեսուրսի օգտագործման արգելքը և նախընտրական քարոզչության սահմանափակումները»: Հոդվածն արգելում է պետական ծառայության մեջ գտնվող թեկնածուներին օգտագործել պաշտոնեական դիրքը՝ ընտրություններում առավելություններ ստանալու համար։ Արգելվում է նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված ֆինանսական, տեղեկատվական միջոցների, տարածքների, տրանսպորտային և կապի միջոցների, նյութական ու մարդկային ռեսուրսների օգտագործումը:

Թվում է, թե նորմն առավել քան հստակ է:

Սակայն 2026 թ. խորհրդարանական ընտրությունների ընթացքում պարզվեց, որ գոյություն ունի երկու Հայաստան։ Մեկում ապրում են ընտրական գործընթացի սովորական մասնակիցները, որոնց համար օրենքը պարտադիր է։ Մյուսում գոյություն ունի Նիկոլ Փաշինյանը, ով միաժամանակ վարչապետ է, իշխող կուսակցության առաջնորդը, պետական տեղեկատվական օրակարգի գլխավոր դերակատարը և վարչական ռեսուրսի բոլոր առավելությունների հիմնական շահառուն:

Կարիք չկա նույնիսկ ապացուցելու՝ արդյո՞ք պետական ռեսուրսներն օգտագործվել են հօգուտ իշխող կուսակցության: Ձևավորված համակարգի պայմաններում դրանք չէին կարող չօգտագործվել։ Պետական ապարատը, պաշտոնական տեղեկատվական հարթակները, բյուջեից սնվող հեռուստատեսությունը, ծառայողական հնարավորությունները և կառավարության ղեկավարի քաղաքական կարգավիճակը փաստացիորեն ծառայեցվում էին «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական արշավին:

Ողջ նախընտրական արշավի ընթացքում կառավարությունն աշխատում էր բնականոն ռեժիմով։ Վարչապետի աշխատակազմն աշխատում էր բնականոն ռեժիմով։ Պետական տեղեկատվական ռեսուրսներն աշխատում էին բնականոն ռեժիմով։ Հանրային հեռուստատեսությունն աշխատում էր բնականոն ռեժիմով:

Վարչական ռեսուրսը միայն պաշտոնյաները, ծառայողական մեքենաներն ու պետական ապարատը չեն։ Դա նաև տեղեկատվական մեքենա է, որի պահպանման համար վճարում են բոլոր հարկատուները, իսկ այն, չգիտես ինչու, աշխատում է բացառապես մեկ քաղաքական ուժի շահերի համար։

Հատուկ ուշադրության է արժանի «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի գործունեությունը, որը, չնայած իր անվանմանը, նախընտրական արշավի շրջանում ավելի ու ավելի քիչ էր հիշեցնում հանրային և ավելի շատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գերատեսչական հեռուստաընկերություն:

Այսպես՝ 2026 թ. մայիսի 3-ի լուրերի երեկոյան թողարկման ժամանակ տեղեկատվություն տարածվեց այն մասին, թե վարչապետի պաշտոնում ընդդիմության միասնական թեկնածուն իբր Ռոբերտ Քոչարյանն է։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այն կեղծիք որակեց և դատական հայց ներկայացրեց հեռուստաընկերության դեմ մեղադրելով զրպարտություն տարածելու մեջ։ Սակայն, ինչպես և սպասվում էր, դատական համակարգը հերթական անգամ «Քաղաքացիական պայմանագրի» շահերը պաշտպանելու նախանձելի պատրաստակամություն ցուցաբերեց:

Իհարկե, կարելի է ենթադրել, թե խոսքը պատահական սխալի մասին է։ Ինչպես պատահականություն են նաև բազմաթիվ այլ զարմանալի համընկնումներ, որոնք տեղի էին ունենում պետական հեռուստաալիքի եթերում ողջ քարոզարշավի ընթացքում։ Չգիտես ինչու, սխալները, անճշտությունները և քաղաքական մեկնաբանությունները գրեթե միշտ աշխատում էին ընդդիմության դեմ և գրեթե երբեք՝ ընդդեմ իշխանության։

Այդուհանդերձ, խնդիրը միայն լրատվական թողարկումները չեն։ Բավական է ծանոթանալ Հանրային հեռուստատեսության քաղաքական թոք-շոուներին՝ հասկանալու համար, որ պետական հեռուստաալիքը վաղուց դադարել է հանրային քննարկումների հարթակ լինել։ Շատ դեպքերում այն ավելի շուտ հիշեցնում հեռուստաստուդիա տեղափոխված քաղաքական շտաբ:

Այս առումով հատկանշական են Պետրոս Ղազարյանի մասնակցությամբ հաղորդումները։ Ցանկացած անկողմնակալ հեռուստադիտող առանց մեծ դժվարության կարող է ինքնուրույն որոշել, թե որտեղ է ավարտվում լրագրությունը և սկսվում իշխանության քաղաքական սպասարկումը։ Թեև, դատելով որոշ թողարկումներից, այդ սահմանը հատվել էր նախընտրական արշավի մեկնարկից դեռ շատ առաջ:

Եվ այս ամենն ամեն օր քաղաքական առավելություններ էր ստեղծում մեկ կուսակցության և մեկ մարդու համար։

Նույնքան խոսուն էր իրավապահ համակարգի գործունեությունը։ Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածն արգելում է պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առավելություն ստանալը։ Մինչդեռ դժվար է պատկերացնել ավելի հզոր վարչական ռեսուրս, քան այն իրավիճակը, երբ մի քաղաքական ուժ քարոզարշավ է իրականացնում ողջ պետական մեքենայի աջակցությամբ, իսկ նրա հակառակորդներն ստիպված են միաժամանակ զբաղվել քրեական հետապնդումներից, ձերբակալություններից և ուժային կառույցների ճնշումներից պաշտպանվելով:

Ողջ քարոզարշավի ընթացքում հասարակությունն ականատես էր լինում իրադարձությունների միևնույն հաջորդականությանը։ Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հիստերիկ հարձակումներից հետո ռեժիմի հակառակորդներն ավելի հաճախ էին հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում։ Ֆորմալ առումով խոսքը պետական կառույցների անկախ գործունեության մասին էր։ Փաստացի տպավորություն էր ստեղծվում, որ պետական ապարատն ավելի ու ավելի ակտիվորեն է ներգրավվում քաղաքական պայքարի մեջ՝ գործող իշխանության կողմից։ Դրա վառ վկայությունն է, օրինակ, Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը՝ Նիկոլ Փաշինյանի հրապարակային սպառնալիքներից հետո:

«ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԿԸՀ-ին կոչ էր արել պաշտոնեական լիազորությունների կոպիտ չարաշահման և բռնության կոչեր հնչեցնելու հիմքով չեղարկել վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը 2026 թ. խորհրդարանական ընտրություններին՝ որպես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի թեկնածու:

Ինչպես նախաձեռնությունը հայտնել էր ֆեյսբուքյան իր էջում, նախընտրական քարոզարշավի այս վճռական փուլում գործող վարչախումբը, կանխազգալով իր մոտալուտ պարտությունը և չբավարարվելով քաղաքական մրցակիցների հանդեպ բռնության անթաքույց կոչերով, անցել է բացահայտ ապօրինի և բիրտ բռնաճնշումների: Մասնավորապես, արձակուրդի մեջ գտնվող Նիկոլ Փաշինյանը, չունենալով որևէ պաշտոնեական լիազորություն, մայիսի 20-ին նախընտրական հանրահավաքում ուղիղ պատվեր է իջեցրել ՀՀ ԱԱԾ-ին՝ քրեական հետապնդում նախաձեռնելու «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ:

ԿԸՀ-ն որևէ կերպ արձագա՞նքեց «ՀայաՔվեի» կոչին։ Իհարկե՝ ոչ։

Եվ այստեղ արդեն ի հայտ է գալիս ոչ թե քաղաքական, այլ սահմանադրաիրավական խնդիր:

ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածում նշված է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, և ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների միջոցով: Ավելին, Սահմանադրությամբ հստակ ամրագրված է՝ իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

Հետևաբար, եթե իշխանությունը ձեռք է բերվում կամ պահվում է ազատ ընտրությունների սկզբունքի խախտման, վարչական ռեսուրսի, պետական ինստիտուտների և պաշտոնեական դիրքի չարաշահման միջոցով՝ քաղաքական առավելություններ ստանալու համար, ապա խոսքն արդեն միայն Ընտրական օրենսգրքի խախտման մասին չէ։ Այդ դեպքում անխուսափելիորեն հարց է առաջանում, թե արդյոք նման գործողությունները համապատասխանում են Սահմանադրությանը։

Ի դեպ, Հայաստանի քրեական օրենսդրությունը սահմանադրական կարգի հիմունքների խախտումը համարում է պետության դեմ ուղղված ամենածանր հանցագործություններից մեկը։ Սահմանադրական կարգի տապալումը նախատեսում է պատիժ՝ տասից տասնհինգ տարի ժամկետով ազատազրկմամբ։

Որևէ մեկը լսե՞լ է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գոնե որևէ արձագանքն այս ամենին: Միգուցե եղե՞լ են հայտարարություններ, հանձնարարականներ, ստուգումներ, ներկայացված փաստերին իրավական գնահատական տալու պահանջներ։ Միգուցե դատախազությունը, որն այդքան զգայուն է ընդդիմադիր գործիչների հայտարարությունների հանդեպ, հանկարծ հետաքրքրվել է նաև իշխանավորների՞ գործողություններով:

Ոչ մի նման բան։

Ինչպես և բազմաթիվ այլ դեպքերում, երբ խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական շրջապատի հնարավոր խախտումներին, դատախազությունը գերադասում է պահպանել վեհաշուք լռություն։ Այն նույն լռությունը, որը վաղուց արդեն դարձել է գերատեսչության ֆիրմային ոճը բոլոր այն դեպքերում, երբ ուշադրության օբյեկտ պետք է դառնար գործող վարչապետը։

 «Թավշյա հեղափոխականները» սիրում են դատողություններ անել ժողովրդավարության հաղթանակի մասին։ Սակայն ժողովրդավարությունը սկսվում է ոչ թե հաղթական ելույթներից և ոչ էլ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած թվերից։ Այն սկսվում է մի պարզ ճշմարտության ընդունումից. օրենքը կամ պարտադիր է յուրաքանչյուրի համար, կամ գոյություն ունի արտոնյալների մի խումբ, ում թույլատրված է այն, ինչ արգելված է մնացածին։

Դատելով 2026 թ. քարոզարշավի զարգացումներից՝ Հայաստանում նման խումբ գոյություն ունի։ Եվ դրա անունն է՝ Նիկոլ Փաշինյան:

Հենց այդ պատճառով 2026 թ. ընտրությունների շուրջ վեճը տոկոսների, մանդատների կամ քաղաքական համակրանքների մասին չէ։ Դա վեճ է այն մասին, թե արդյո՞ք Հայաստանում պահպանվում է ժողովրդաիշխանության սահմանադրական սկզբունքը, թե՞ գործում է ուժի իրավունքը։

Եվ եթե դա այդպես է, եթե օրենքի առաջ հավասարություն գոյություն չունի, ապա օրենսդիր իշխանության ձևավորման ժողովրդավարական ուղու տրամաբանությունն անխուսափելիորեն սկսում է փլուզվել։

Այդ դեպքում արդեն ոչ թե ինստիտուտներն են որոշում ընտրությունների ելքը, այլ սեփական քաղաքական իրավունքը պաշտպանելու ունակությունը՝ ոչ թե թղթի վրա, այլ փողոցում, որտեղ իշխանության վարչական ռեսուրսին հակակշիռ է դառնում միայն հակադարձ ուժային ճնշումը:

Արդյո՞ք ընդդիմությունն ունակ է պահել իր հաղթանակն ակնհայտ անհավասարության պայմաններում, դառնում է վերջինիս գլխավոր և, թերևս, միակ իրական փորձությունը։