Արգիշտի Կիվիրյան․ «Նիկոլ Փաշինյանը մինչև վերջ կառչելու է իշխանությունից»

Քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունները փորձում են ժամանակ շահել ինչպես ԵԱՏՄ–ԵՄ ընտրության, այնպես էլ Մոսկվայի հետ հարաբերությունների հարցում։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Երևանից պահանջում է հստակեցնել իր արտաքին քաղաքական կողմնորոշումը։

«Մոսկվան ուղիղ տեքստով ասում է՝ դու ընտրի՛ր քո ճամբարը, դու պատերազմի ո՞ր կողմում ես լինելու»,– նշել է նա։

Անդրադառնալով ընդդիմադիրների և ռուսամետ գործիչների նկատմամբ իրականացվող հետապնդումներին՝ Կիվիրյանը պնդել է, որ իշխանությունը կարող է ձևավորել «պատանդների ֆոնդ»՝ հետագայում այն օգտագործելով քաղաքական առևտրի համար։

Խոսելով ընտրությունների մասին՝ նա կասկածի տակ է դրել ընդդիմության լավատեսությունը՝ նշելով, որ գործող իշխանությունը պատրաստ է ցանկացած քայլի՝ դիրքերը պահպանելու համար։

«Այս մարդը կդիմի ցանկացած քայլի, որպեսզի պահի իր իշխանությունը»,– հայտարարել է Կիվիրյանը՝ չբացառելով հետընտրական նոր ձերբակալություններն ու ճնշումները։

Հարցազրույցի ավարտին վերլուծաբանը համոզմունք է հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը կամավոր չի հրաժարվի իշխանությունից։

«Իշխանությունից զրկվելու պարագայում ինքը կերազի դատարանի մասին»,– ասել է նա՝ հավելելով, որ վարչապետը «ատամներով փորձելու է մինչև վերջ կառչել իշխանությունից», քանի որ հենց դրա մեջ է տեսնում իր անվտանգության հիմնական երաշխիքը։