«ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ». ԻՆՉ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ՄԻՐԶՈՅԱՆԸ ԵՎ ԻՆՉ Է ԱՌԱՋ ՄՂՈՒՄ ԱԼԻԵՎԸ
Հանրային հեռուստաընկերության կազմակերպած բանավեճերի ընթացքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փորձել է հանգստացնել հանրությանը՝ անդրադառնալով Բաքվի կողմից ակտիվորեն առաջ մղվող, այսպես կոչված, «ադրբեջանցիների վերադարձի» թեմային։ Նախարարի խոսքով՝ այդ հարցը միջազգային մակարդակով վաղուց փակված է, քանի որ ադրբեջանցիները կամավոր հեռացել են Հայաստանից և փոխհատուցում ստացել:
Այս պնդման հետ դժվար է վիճել։ Ավելին, ցանկալի կլիներ, որ հենց այդպես էլ լիներ:
Սակայն խնդիրն այն է, որ միևնույն ժամանակ պաշտոնական Երևանը շարունակում է հայ հանրությանը համոզել, որ եթե Հայաստանը հետևողականորեն բարձրացնի արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը, Ադրբեջանը հնարավորություն կստանա խոսելու ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին:
Եվ այստեղ պարզ հարց է առաջանում:
Եթե թեման գոյություն չունի, ապա ինչո՞ւ է պաշտոնական Երևանը վախենում դրա ակտիվացումից: Եթե այն փակված է, ապա ինչպե՞ս կարող է բացվել:
Մինչդեռ բավական է ծանոթանալ ոչ թե հայկական, այլ վերջին տարիների ադրբեջանական հանրային հռետորաբանությանը։
Դեռևս 2023 թվականին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ուղղակիորեն հայտարարեց, որ «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» Հայաստան վերադառնալու իրավունք ունի, քանի որ ադրբեջանցիներն այնտեղից արտաքսվել են 1980-ականների վերջին։ Ընդ որում, խոսքը ոչ թե հասարակական գործչի անձնական կարծիքի, այլ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնական ներկայացուցչի մասին է:
Նույն թվականին պետական ակտիվ աջակցությամբ ստեղծված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պահանջեց ապահովել ադրբեջանցիների վերադարձը Հայաստան՝ միջազգայնորեն պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի շրջանակներում, որը կներառի վերահսկողության և երաշխիքների մեխանիզմներ։ Կազմակերպությունն ուղղակիորեն հայտարարեց, որ այդ հարցը դիտարկում է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության անհրաժեշտ պայման։
Ավելին, խոսքն արդեն վաղուց առանձին հայտարարությունների մասին չէ:
Նշված կառույցի պաշտոնական կայքում հրապարակված է մի ամբողջական «Վերադարձի հայեցակարգ», որն իրենից ներկայացնում է քաղաքական փաստաթուղթ՝ նվիրված «ներկայիս Հայաստանի տարածքից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ, արժանապատիվ և խաղաղ վերադարձի» ապահովմանը։ Այլ կերպ ասած՝ գոյություն ունի ոչ միայն կարգախոս, այլև դրա հետագա առաջմղման համար մշակված գաղափարախոսական բազա։
Հաջորդող տարիներին այս քաղաքականությունը ոչ միայն չդադարեց, այլև հետագա զարգացում ստացավ:
2025 թվականի մայիսին նույն կազմակերպության ներկայացուցիչները Հայաստանին մեղադրեցին վերադարձի հարցը քննարկելուց հրաժարվելու մեջ և հայտարարեցին միջազգային հարթակներում այդ իրավունքի համար պայքարը շարունակելու մտադրության մասին։ Նույն թվականի սեպտեմբերին կազմակերպության ղեկավար Ազիզ Ալեքպերլին կրկին հայտարարեց, որ վերադարձի իրավունքի ճանաչումը միջազգային իրավունքի պահանջ է և պետք է իրագործվի ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։
Այսպիսով՝ ստիպված ենք արձանագրել ակնհայտը:
Կարելի է վիճել նման պահանջների իրավական հիմքերի առկայության կամ բացակայության շուրջ։ Կարելի է դրանք համարել քարոզչություն, քաղաքական տեխնոլոգիա կամ հոգեբանական ճնշման տարր։ Բայց անհնար է պնդել, թե հարցն ընդհանրապես գոյություն չունի։
Այն գոյություն ունի առնվազն որպես պաշտոնապես առաջ մղվող ադրբեջանական քաղաքական հայեցակարգ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղղակիորեն հայտարարում է «բռնի տեղահանված ադրբեջանցիների» իրավունքների մասին:
Այդ պատճառով էլ տարակուսանք է հարուցում հայկական կողմի դիրքորոշման մեկ այլ առանձնահատկություն:
Եթե Երևանն իսկապես համոզված է, որ նման պահանջները զուրկ են միջազգային-իրավական հիմքից, ապա ինչո՞ւ է հայկական դիվանագիտությունը հարյուր հազարավոր արցախահայերի՝ իրենց տները վերադառնալու իրավունքը դնում մի քաղաքական նախագծի հետ նույն հարթության վրա, որը հենց հայկական կողմն անհիմն է համարում;
Չէ՞ որ վերջին տարիների պատմությունը ցույց է տալիս. ադրբեջանական պահանջների մեծ մասը սկիզբ է առել հենց որպես քաղաքական հայեցակարգ:
Ամեն ինչ սկսվում էր միջազգային հարթակներում քննարկումներից: Դրան հաջորդում էին համաժողովները, բանաձևերը, փորձագիտական բանավեճերն ու հասարակական կազմակերպությունների ներգրավումը: Այնուհետև պահանջը տեղափոխվում էր բանակցային օրակարգ: Եվ միայն դրանից հետո էր սկսվում դրա գործնական իրականացումը:
Ուստի խնդիրն ամենևին այն չէ, թե այսօր տեղի է ունենում ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում, այլ այն, թե արդյոք այսօր պայմաններ են ստեղծվում վաղը նման պահանջների միջազգային լեգիտիմացման համար:
Իսկ դա, ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, նշանակում է, որ ադրբեջանական հերթական պահանջի լեգիտիմացումից հետո ընդամենը ժամանակի հարց է, թե երբ Նիկոլ Փաշինյանը դրա իրագործումը հայ հանրությանը կմատուցի որպես անխուսափելի քայլ՝ «հանուն խաղաղության»։


