ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ․ ՀԱՎԱՏԱՑԵՔ, ՈՐ ԱՄԵՆ ՄԵԿԻՍ ՁԱՅՆԸ ՇԱՏ ԿԱՐևՈՐ Է

Լրագրողների հետ զրույցի ընթացքում գրող և հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը խոսել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, ժողովրդի հոգեվիճակի և առաջիկա ընտրությունների կարևորության մասին՝ կոչ անելով քաղաքացիներին ակտիվ մասնակցել քաղաքական գործընթացներին։

«Ինչու փոխվեց մեր ժողովրդի հունը, ինչու հաղթանակները դարձան անցյալ», — ասել է նա՝ խուսափելով թեման մանրամասն զարգացնելուց, սակայն ընդգծելով, որ հասարակությունը չպետք է կորցնի սեփական արժանապատվությունն ու հավատը։

Տեր-Գուլանյանը հիշեցրել է հայ ժողովրդի պատմական դերը՝ նշելով․

«Դու աշխարհի հնագույն ազգերից մեկն ես, եթե ոչ ամենահինը։ Դու ես ստեղծել առաջին անգամ բրոնզը, պղինձը, գինին, վարժեցրած ձիերը»։

Նրա խոսքով՝ հասարակությունը չպետք է ապրի «վիրավորված ազգի» հոգեբանությամբ․

«Հպարտությունը ունեցիր մեջդ, գետնաքարշ չդառնանք, խեղճ, աշխարհից վիրավորված»։

Գրողը հատուկ կոչով դիմել է երիտասարդներին՝ մասնակցել ընտրություններին․

«Հավատացեք, որ ամեն մեկիս ձայնը շատ կարևոր է։ Գնացեք ընտրության և ընտրեք ում ուզում եք, սակայն մարդու, որը կարող է բերել այդ ամենի սրբագրությանը»։

Անդրադառնալով գործարար Սամվել Կարապետյանին՝ Տեր-Գուլանյանը նշել է, որ առաջին անգամ է անձամբ հանդիպել նրան, սակայն ստացել է դրական տպավորություն։

«Շատ բարձր տպավորություն ունեմ։ Առաջին անգամ այդ մարդու ձեռքը սեղմեցի», — ասել է նա։

Նկարագրելով Կարապետյանին՝ Տեր-Գուլանյանը հավելել է․

«Ինքը շատ փափուկ է խոսքի մեջ, արտահայտությունների մեջ, բայց ներսում շատ կարծր է։ Առաջացնում է շատ փափուկ մարդու տպավորություն, բայց երբ հարցերին պատասխանում է, զգում ես, թե ինչքան հզոր կարծրություն կա ներսում»։

Զրույցի ավարտին նա ընդգծել է․

«Այդ մարդուն չես կարող չհավատալ»։