ՀԱԿԱԱՐՑԱԽՅԱՆ ՓՍԻԽՈԶԸ ՈՐՊԵՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՌԵՍՈՒՐՍ

Երեկվա օրը, առանց չափազանցության, կարելի է անվանել նիկոլական իշխանության «ամենաբերքառատ» օրերից մեկը՝ արցախցիների նկատմամբ ատելություն բորբոքելու առումով։ Ընդ որում, այդ «բերքը» քաղվում էր բացահայտ մոլուցքով, գրեթե մոլագար համառությամբ, ասես խոսքն արդեն ոչ թե նախընտրական քարոզարշավի, այլ հայ ժողովրդի մի ստվար հատվածի նկատմամբ քաղաքական վրեժխնդրության մասին է:

Ամեն ինչ սկսվեց համացանցում տարածված մի տեսանյութից, որտեղ դիմակավորված ինչ-որ անձինք ովքեր խոսում էին արցախյան բարբառով, սպառնում են Նիկոլ Փաշինյանին։ Այս էժանագին ու կասկածելի ներկայացումն ինքնին, հնարավոր է, միայն նողկալի տարակուսանք հարուցեր, եթե չհետևեր Փաշինյանի արձագանքը։ Որովհետև հենց դա դարձավ գլխավոր իրադարձությունը:

Վարչապետը ոչ թե պարզապես «դատապարտեց սպառնալիքները», այլ ընկավ իր սովորական քաղաքական հիստերիայի մեջ, որը նրա շրջապատն ու սպասարկող քարոզչամեքենան հետո փորձում են ներկայացնել որպես «էմոցիոնալություն», «անկեղծություն» կամ նույնիսկ «բնավորության ուժ»։ Իրականում, սակայն, երկիրը կրկին տեսավ մի մարդու, ով վաղուց կորցրել է պետական պատասխանատվության և մարդկային ինքնատիրապետման տարրական զգացումը:

Հիստերիայի մեջ ընկած՝ նա բացացիորեն բղավում էր.

«Գիտեք ինչո՞ւ են դիմակներով…որովհետև հենց դիմակները հանեն, տեսնելու ենք, որ սրանք մեր զինվորներին թողած, տակները լցրած փախածներն են… ՉԵՄ ԲԱՑԱՌՈՒՄ, ՈՐ ՆԱԵՎ ԹԻԿՈՒՆՔԻՑ ԿՐԱԿԱԾՆԵՐՆ ԵՆ…»։

Այսինքն՝ արդեն առանց որևէ ակնարկի։ Արդեն բաց տեքստով։ Արցախցիները հերթական անգամ հանրությանը ներկայացվեցին որպես վախկոտներ, դավաճաններ, դասալիքներ, հայ զինվորների մահվան գրեթե մեղսակիցներ:

Եվ սա ասում էր մի մարդ, ում օրոք Արցախը հանձնվեց։ Մի մարդ, ում օրոք հազարավոր հայ ընտանիքներ մահվան գույժեր ստացան կամ մինչ օրս չգիտեն իրենց որդիների ճակատագիրը։ Մի մարդ, ում օրոք պետությունը չկարողացավ կամ չցանկացավ պաշտպանել սեփական քաղաքացիներին։ Մի մարդ, ով այսօր փորձում է սեփական քաղաքական ու պատմական պատասխանատվությունը խլացնել փողոցային ագրեսիայով:

Փաշինյանական ներկայացման պատճառներից մեկն Արցախի թեման է, որը Նիկոլ Փաշինյանի համար մնում է ամենացավոտն ու ամենակործանարարը։ Այստեղ է կենտրոնացած նրա դեմ ուղղված գլխավոր մեղադրանքը։ Հենց այստեղ են փլուզվում նրա բոլոր քարոզչական թեզերը, խոսակցությունը «նախկինների», «բարեփոխումների», «ապահովագրության» կամ ուղիղ եթերում հերթական շոուների վրա շեղելու բոլոր փորձերը։ Այդ պատճառով էլ իշխանությունն այդքան կատաղի փորձում է արցախցիներին դարձնել հանրային դժգոհության և ատելության թիրախ։ Սա, համաձայնեք, իշխանության հոգեբանական ինքնապաշտպանության փորձ է, որը հրաշալի հասկանում է, թե որտեղ է գտնվում սեփական պատմական դատավճռի աղբյուրը։

Բայց հատկանշական դարձավ մեկ այլ բան:

Շուտով պարզվեց, որ հենց այդ տեսանյութի գործով ձերբակալվել է ոմն Արթուր Օսիպյան, ով քաղաքական շրջանակներում քաջ հայտնի է որպես փաշինյանական համակարգում աշխատած պրոֆեսիոնալ սադրիչ։ Եվ այստեղ այս ամբողջ պատմությունը բոլորովին այլ երանգ ստացավ:

Որովհետև չափազանց շատ հարցեր են առաջանում:

Արդյո՞ք իշխանությունը չէ այս տեսանյութը պատրաստողը: Արդյո՞ք իշխանությունը չէ գիտակցաբար հանրությանը հրամրցրել այս պարզունակ, բայց հուզականորեն հագեցած սադրանքը: Արդյո՞ք իշխանությունը չէ հիմա այն օգտագործում արցախցիների նկատմամբ ատելություն բորբոքելու և սեփական արմատականացված ընտրազանգվածը մոբիլիզացնելու համար:

Չէ՞ որ տեխնոլոգիան ցավալիորեն ծանոթ է։

Սկզբում ստեղծվում է սադրանքը, հետո կազմակերպվում հիստերիան, այնուհետև հանրությանը հրամցվում նախապես նշանակված «ներքին թշնամին»։ Իսկ դրանից հետո իշխանությունը սկսում է ձևացնել երկրի փրկիչ՝ այն սպառնալիքից, որն ինքն իսկ ծնել է:

Այդ պատճառով էլ չափազանց կարևոր է վերլուծաբան Հակոբ Բադալյանի մեկնաբանությունները։ Նրա խոսքով՝ եթե այս տեսանյութը արհեստական բանականության կողմից ստեղծված կեղծիք չէ, ապա այն ամեն դեպքում ձեռնտու է բացառապես Նիկոլ Փաշինյանին։ Ավելին, Բադալյանն ուղղակիորեն հայտարարեց. եթե որևէ մեկի գլխով առհասարակ անցել է պատրաստել նման տեսանյութ, ապա «այդ գլուխը դատարկ է, կամ այդ գլուխը իշխանական է»։

Դժվար է վիճել։

Որովհետև այս տեսանյութը որևէ քաղաքական օգուտ ընդդիմությանը չի տալիս։ Ո՛չ մի։ Փոխարենը իշխանությունն այն օգտագործում է զարմանալի արագությամբ ու արդյունավետությամբ՝ հիստերիա, սպառնալիքներ, «ղարաբաղյան ռևանշիզմի» մասին գոռում-գոչյուններ, արցախցիներին պետության համար գրեթե հավաքական սպառնալիք ներկայացնելու փորձեր։

Եվ մինչ Փաշինյանը հերթական անգամ բեմադրում էր իր հանրային պոռթկումները, ընդդիմության արձագանքը կոշտ էր և միանշանակ:

Ինչպես հայտնում է «Товарищ генерал» տելեգրամյան ալիքը , «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը տեղի ունեցածն անվանել է հայ ժողովրդի ամոթալի ու խայտառակ օրերից մեկը և հայտարարել, որ Փաշինյանի հետագա մնալն իշխանության ղեկին վտանգավոր է Հայաստանի համար։ Կարապետյանի խոսքով՝ նրա կառավարման յուրաքանչյուր օրը թուլացնում է մեր երկիրը, խայտառակում է ոչ միայն մեր պետությունը, այլև հայի կերպարը:

Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքն իր հերթին հայտարարել է, որ ռեժիմը փորձում է ճնշել ազատ կամարտահայտումը, ընդդիմադիր ուժերի և այլախոհների նկատմամբ ուժի և վարչական ռեսուրսների անթույլատրելի կիրառմամբ հասնել վերարտադրության։

Իսկ Գագիկ Ծառուկյանը, մեկնաբանելով Փաշինյանի կողմից հնչած վիրավորանքները, կարճ է պատասխանել. «Ես իմ կլասը չեմ գցի ու իմ բարձունքից չեմ իջնի»: Եվ, թերևս, այսքանով ամեն ինչ ասված է:

Որովհետև խոսքը վաղուց արդեն պարզապես քաղաքական ճգնաժամի մասին չէ։ Խոսքը իշխանության արագընթաց բարոյական դեգրադացիայի մասին է։

Մեր առջև մի իշխանություն է, որն այլևս ունակ չէ համախմբել երկիրը և այդ պատճառով գիտակցաբար պառակտում է այն։ Իշխանություն, որը չի կարող հանրությանը առաջարկել ո՛չ անվտանգություն, ո՛չ զարգացում, ո՛չ արժանապատվություն, փորձում է այն պահել մշտական ներքին ատելության մթնոլորտում։ Իշխանություն, որը ազգային աղետը վերածել է քաղաքական գոյատևման գործիքի։

Ամենասարսափելին այն է, որ հակաարցախյան հիստերիան դադարում է լինել էմոցիոնալ պոռթկում։ Այն վերածվում է պետական քաղաքականության, կառավարման մեթոդի, իշխանության պահպանման գործիքի։

Այս իշխանության համար Արցախն այլևս ժողովրդի վերք չէ, հազարավոր ընտանիքների ողբերգություն չէ, ազգային աղետ չէ, այլ քաղաքական դեկորացիա, որը կարելի է օգտագործել ինչպես ուզես՝ հայերին լարել հայերի դեմ, նվաստացնել, պիտակավորել, թշնամացնել, մեղադրել, դեմոնիզացնել:

Ահա թե ինչու երեկվա օրը Փաշինյանի համար իսկապես «բերքառատ» ստացվեց՝ ատելությամբ, վիրավորանքներով, պառակտմամբ, քաղաքական գռեհկությամբ։

Սրանով, թվում էր, թե կարելի էր վերջակետ դնել ներկայիս քաղաքական իրավիճակում, եթե չլիներ մի սկզբունքային հանգամանք։ Չափազանց ակնհայտ է, որ երկիրը հասել է այն սահմանագծին, որից այն կողմ ներքին կոնֆլիկտների ու կառավարվող բևեռացման հետ կապված փորձարկումները դադարում են քաղաքական տեխնոլոգիա լինել և սկսում են գործել որպես պետականության կործանման գործոն:

Այս պայմաններում հատկապես վտանգավոր է առանց այն էլ տրավմատիզացված հանրությունը մշտական փոխադարձ բախումների ասպարեզի վերածելու փորձը՝ զուգահեռաբար անկարող լինելով երկրին առաջարկել զարգացման և հաշտեցման նվազագույն կայուն մոդել:

Ի վերջո, այսօրվա իրականությունն արձանագրում է ոչ թե պարզապես հերթական քաղաքական ճգնաժամ, այլ մի իրավիճակ, երբՆիկոլ Փաշինյանի ցանկացած հետագա արկածախնդիր քայլ անխուսափելիորեն կունենա մի գին, որն անհամաչափ է այն դիմագրավելու պետության հնարավորություններին:

 

Կարևոր տեղեկություն։

Հասարակական Տրիբունալի կայքում բացվել է Արցախի բնակիչների նյութական կորուստների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման ձևաթուղթը։

Խնդրում ենք այն Արցախի բնակիչներին, ովքեր 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Արցախի զավթման հետևանքով կորցրել են իրենց գույքը՝ անշարժ կամ շարժական ունեցվածք, կամ այլ նյութական արժեքներ, լրացնել տվյալ ձևաթուղթը և տրամադրել համապատասխան տեղեկատվություն։

Ձևաթուղթը տեղադրված է կայքի գլխավոր էջում։ Այն գտնելու համար անհրաժեշտ է էջը պտտել դեպի ներքև։

Սա անհրաժեշտ է կրած կորուստների վերաբերյալ տվյալների համակարգման, ընդհանուր պատկերի ձևավորման և հետագա վնասների փաստագրման համար։

Խնդրում ենք տեղեկատվությունը ներկայացնել հնարավորինս մանրամասն և հավաստի՝

— կորսված գույքի տեսակը,

— գտնվելու վայրը,

— մոտավոր արժեքը (եթե հնարավոր է),

— կորստի լրացուցիչ հանգամանքները,

Յուրաքանչյուր դիմում կարևոր է։