ԴԱՎԻԹ ԻՇԽԱՆՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԲԱՔՎԻ ԲԱՆՏԻՑ․ «ԱՅՍ ԴԱՏԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԵՎ ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ Է»

Բաքվում պահվող Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հանդես է եկել ուշագրավ և ծանրակշիռ հայտարարությամբ՝ անդրադառնալով իր և մյուս հայ գերիների նկատմամբ իրականացվող դատավարություններին, մարդու իրավունքների խախտումներին և Հայաստանի հանրությանը փոխանցելով դիմադրության ու միասնության կոչ։

Իշխանյանի խոսքը հնչել է այն բանից հետո, երբ տեղեկություն էր տարածվել, որ Ռուբեն Վարդանյանը դիմել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով այցելել իրեն Բաքվի բանտում։ Դավիթ Իշխանյանը նշել է, որ չի կարող ասել՝ արդյոք Հայաստանի օմբուդսմենը կունենա բավարար վճռականություն և պատասխանատվություն այցելելու ոչ միայն Վարդանյանին, այլև մյուս պահվող հայերին։ Նրա խոսքով՝ նման այցը հնարավորություն կտա անմիջականորեն ծանոթանալու այն խախտումներին, որոնք տեղի են ունեցել թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ընթացքում։

Իշխանյանը շեշտել է, որ ամբողջ գործընթացը ընթացել է մարդու իրավունքների, միջազգային իրավունքի նորմերի, ինչպես նաև Ադրբեջանի սեփական քրեական դատավարական օրենսգրքի կոպիտ խախտումներով։ Նա նաև հայտնել է, որ դատարանում իրեն ամբողջությամբ չեն թույլ տվել ներկայացնել վերջին խոսքը․ ըստ նրա՝ կարողացել է հնչեցնել նախատեսված ելույթի միայն 30-40 տոկոսը։

Սակայն նույնիսկ այդ պայմաններում նա հասցրել է հնչեցնել այն միտքը, որն այժմ կրկին ուղղում է հայ ժողովրդին․

«Այս դատը բացված չէ 15 հոգու դեմ, այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ՝ հստակ նպատակներով և հեռահար ռազմավարությամբ»։

Իշխանյանի խոսքով՝ նման կասկածներ ունեցել է դեռ քննության ընթացքում, սակայն դատավարության ժամանակ դրանք վերածվել են համոզմունքի։ Նա վստահություն է հայտնել, որ ժամանակը ցույց կտա իր խոսքերի ճշմարտացիությունը։

Դավիթ Իշխանյանը նաև հայտնել է, որ վերջերս իրենց այցելել է Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան։ Այդ այցի ընթացքում նա փոխանցել է նախապես պատրաստած նամակ, որը երկար ժամանակ չէր կարողացել հանձնել տարբեր պատճառներով։ Նամակում հիմնական խնդրանքը վերաբերում էր դատավճռի ամբողջական տարբերակները ընտանիքին փոխանցելուն։

Նրա խոսքով՝ ադրբեջանական օմբուդսմենը խոստացել է միջնորդել, որպեսզի առնվազն ադրբեջաներեն տարբերակը փոխանցվի ընտանիքին։ Միևնույն ժամանակ Իշխանյանը բանավոր դիմել է նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին՝ կոչ անելով պաշտոնապես պահանջել և ստանալ ինչպես մեղադրական ակտերի, այնպես էլ դատավճռի ամբողջական հայերեն և ադրբեջաներեն տարբերակները՝ դրանք փոխանցելով իր հարազատներին։

Ուղերձի ավարտին Դավիթ Իշխանյանը դիմել է հայ ժողովրդին՝ հորդորելով պահպանել ոգին, կամքը և միասնականությունը։

«Այս ծանր ժամանակներին միայն կցանկանամ մեր ժողովրդին ոգու, կամքի և միասնության ուժ։ Պինդ եղեք»։

Բաքվում պահվող հայ գերիների հարցը շարունակում է մնալ ոչ միայն իրավական, այլև քաղաքական և հումանիտար կարևորագույն խնդիրներից մեկը։ Իշխանյանի այս ուղերձը հերթական անգամ ուշադրություն է հրավիրում այն պայմանների վրա, որոնցում անցկացվում են դատավարությունները, և ընդգծում ինչպես միջազգային արձագանքի անհրաժեշտությունը, այնպես էլ ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությունը։

Հանրային տրիբունալի անունից մեր զորակցությունն ու բարեմաղթանքներն ենք հղում Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարությանը և բոլոր հայ ռազմագերիներին։

Պինդ եղեք։ Հայ ժողովուրդը չի մոռացել ձեզ։ Լիահույս ենք և հավատում ենք, որ ի վերջո արդարությունը կվերականգնվի, իսկ բոլոր հայ գերիները կվերադառնան տուն։