ՊԵՏԱԿԱՆ ՔԱՈՍԻՑ ՄԻՆՉև ՓՈՂՈՑԱՅԻՆ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԲԱԺԱՆԱԾ «ԱՆՀԵՏԱՑԱԾ» ԶԵՆՔԵՐԻ ԱՐՅՈՒՆՈՏ ՀԵՏՔԵՐՈՎ
44-օրյա պատերազմի ողբերգության մասին այսօր արդեն այնքան է խոսվել, որ թվում է՝ այլևս հնարավոր չէ նոր շերտեր բացահայտել այդ աղետի մեջ։ Սակայն իրականությունն այն է, որ պատերազմի շուրջ յուրաքանչյուր նոր հիշեցում ոչ թե փակվող վերք է, այլ հերթական բացահայտումը պետական կառավարման աննախադեպ փլուզման մասին։ Եվ որքան հեռանում ենք 2020-ի աշնանից, այնքան ավելի հստակ է դառնում՝ խոսքը միայն պարտված պատերազմի մասին չէ։ Խոսքը պետության կազմաքանդման, պետական ինստիտուտների գիտակցված ոչնչացման և դրա հետևանքների մասին է, որոնք մինչ օրս սպանում են մարդկանց արդեն խաղաղ պայմաններում։
Բոլորը հիշում են այն խայտառակ տեսարանները, երբ կանոնավոր զորահավաքի, ռազմական դրության պայմաններում խիստ կառավարման և բանակային ուղղահայաց ենթակայության փոխարեն Նիկոլ Փաշինյանը գրեթե ֆեյսբուքյան «ինքնագործունեության» ռեժիմով կոչ էր անում կամավորներին մեկնել ռազմաճակատ՝ իրենց հետ վերցնելով զրահաբաճկոն, սաղավարտ, նույնիսկ՝ «ընտրելով հրամանատար»։ Պետությունը, որն ուներ բանակ, Գլխավոր շտաբ, զորամասեր և ռազմական կառավարման համակարգ, փաստացի հրաժարվել էր սեփական գործառույթներից։
Արդյունքում ստեղծվեցին անկանոն զինված խմբեր, որոնք մեծամասամբ որևէ զորամասի չէին կցվում, չէին գործում միասնական հրամանատարության ներքո և հաճախ պարզապես նետվում էին առաջնագիծ՝ առանց կապի միջոցների, առանց կոորդինացման, առանց կոնկրետ մարտական առաջադրանքի։ Մարդկանց բաժանվում էին հրազեն ու փամփուշտներ, բայց ոչ՝ ռազմական կառավարում։ Նրանց ուղարկում էին մահվան՝ առանց հակատանկային միջոցների, առանց հակաօդային պաշտպանության, առանց նույնիսկ տարրական քողարկման։
Սա պարզապես սխալ չէր։ Սա պետական մակարդակով կազմակերպված քաոս էր, որի հետևանքը դարձան հազարավոր զոհեր։
Սակայն պատերազմի մասին քննարկումների մեջ մի հանգամանք կա, որի վրա մինչ օրս բավարար ուշադրություն չի դարձվել։ Եվ այդ հանգամանքը կարող է ունենալ ոչ պակաս քրեական, եթե ոչ՝ ավելի ծանր հետևանքներ։ 2021 թվականի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, անձամբ խոստովանեց, որ պատերազմի օրերին իր որոշմամբ բնակչությանը զանգվածաբար զենք է բաժանվել՝ առանց պատշաճ վերահսկողության և հաշվառման։
Հանրությունը դա ընկալեց որպես հերթական պոպուլիստական հայտարարություն։ Բայց իրականում խոսքը սարսափելի բովանդակություն ունեցող խոստովանության մասին էր։
Ավելին՝ 2024 թվականի սեպտեմբերի 12-ին կառավարության նիստում նույն Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.
«44-օրյա պատերազմից հետո ունենք անհետացած զենքի մեծ քանակ»։
Այսինքն՝ երկրի վարչապետը նախ ընդունում է, որ ահռելի ծավալի զենք է բաժանվել անկանոն կերպով, իսկ հետո փաստում է, որ այդ զենքերի զգալի մասը պարզապես անհետացել է։
Եվ այստեղ արդեն սկսվում է ամենահետաքրքիրը։
Որտե՞ղ են այդ զենքերը։ Ո՞ւմ ձեռքում են հայտնվել դրանք։ Քանի՞ միավոր զենք է անհետացել։ Կա՞ հաշվառում։ Կա՞ պատասխանատու։ Եվ վերջապես՝ արդյո՞ք վերջին տարիներին Հայաստանում արձանագրված հրազենային հանցագործությունների աճը կապ չունի հենց այդ «անհետացած» զինանոցների հետ։
Վիճակագրությունը խոսում է ինքն իր փոխարեն։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ միայն 2023 թվականի առաջին ութ ամիսներին հրազենի և ռազմամթերքի կիրառմամբ արձանագրվել է 44 հանցագործություն, իսկ 2024-ի նույն ժամանակահատվածում այդ թիվը հասել է արդեն 68-ի։ Սա պարզապես թվաբանական աճ չէ։ Սա պետության ներսում զինված քրեական միջավայրի ընդլայնման ցուցանիշ է։
Երբ օրը ցերեկով կրակում են փողոցներում, երբ սպանությունները դառնում են առօրյա քրոնիկոն, երբ հրազենը վերածվում է կենցաղային վեճերի «լուծման» միջոցի, հարց է առաջանում՝ այդ զենքերը որտեղի՞ց։
Մերձավանի աղմկահարույց դեպքերը այդ մղձավանջի ամենատեսանելի դրսևորումներից են։
2025 թվականի փետրվարի 5-ի գիշերը հարձակում իրականացվեց Մերձավանի վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա։ Արդյունքում զոհվեց 29-ամյա Գրիգոր Օհանյանը, վիրավորվեց ընտանիքի ընկերը։
Մի քանի ամիս անց՝ սեպտեմբերի 23-ին, կրկին Մերձավանում կրակոցներ հնչեցին։ Երկու զոհ, մեկ վիրավոր։ Սպանվածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն էր։
Եվ հիմա գլխավոր հարցը․
Կարո՞ղ է արդյոք անաչառ և իրական քննության պայմաններում պարզվել, որ 2020 թվականի պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առանց հաշվառման բաժանված և հետագայում «անհետացած» զենքերից մի մասը այսօր օգտագործվում է Հայաստանում սպանությունների, հաշվեհարդարների և զինված հանցագործությունների ժամանակ։
Если эта версия подтвердится хотя бы частично, то мы будем иметь дело с ситуацией, когда преступная государственная безответственность продолжила убивать людей и после войны.
Եվ ամենասարսափելին այն է, որ այս հարցերի պատասխանները, հավանաբար, վաղուց հայտնի են իշխանությանը։ Բայց քանի դեռ չկա իրական քննություն, քանի դեռ 44-օրյա պատերազմի ամբողջ քաղաքական և քրեական պատասխանատվությունը չի բացահայտվել, Հայաստանի քաղաքացիները շարունակելու են սպանվել անհետացած զենքերի կիռարմամբ։
Քանի՞ սպանություն դեռ պետք է տեղի ունենա, որպեսզի իրավապահ համակարգը վերջապես համարձակվի ձեռք տալ այս թեմային։ Քանի՞ «անհետացած» ավտոմատ պետք է նորից կրակի Հայաստանի փողոցներում, որպեսզի հասարակությունը հասկանա՝ 2020-ին Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ միայն պարտվեց պատերազմում, այլ նաև ներսից ականապատեց սեփական երկիրը։
Բայց այս ամենը հավերժ չի շարունակվելու։ Գալու է քաղաքական պատասխանատվության ժամը, երբ իշխանափոխությունից հետո բացվելու են ոչ միայն պատերազմի, այլ նաև անհետացած զինանոցների բոլոր մութ էջերը։ Եվ այդ ժամանակ շատերը ստիպված են լինելու պատասխանել ոչ թե ֆեյսբուքյան ուղիղ եթերում, այլ ԱԱԾ նկուղներում՝ մարդկային կյանքերի, արյան և պետությունը քրեական քաոսի վերածելու համար։


