ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ. ՀԱՋՈՂ ՍԿԻԶԲ, ԲԱՅՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՇՐՋԱՊԱՏ
Սամվել Կարապետյանի մուտքը քաղաքական դաշտ, անկեղծ լինենք, առաջին հայացքից հաջողված էր։ Հանրության մի ստվար հատված նրա մեջ տեսավ այն ֆինանսապես անկախ, կազմակերպչական փորձ ունեցող գործչին, որը կարող էր դառնալ գործող իշխանության իրական հակակշիռը։ Սակայն վերջին շաբաթների զարգացումները ցույց են տալիս, որ այդ հաջող մեկնարկը կարող է շատ արագ վերածվել լուրջ քաղաքական խնդրի, եթե չվերանայվեն նրա թիմի ձևավորման սկզբունքները։
Խնդիրն այն է, որ Սամվել Կարապետյանի քաղաքական նախագծի շուրջ աստիճանաբար հավաքվում են այնպիսի դեմքեր, որոնց անունները հասարակության լայն շրջանակներում ասոցացվում են ոչ թե նոր որակի քաղաքականության, այլ հին, վարկաբեկված, մերժված համակարգի հետ։ Խոսքը միայն Սերժ Սարգսյանի կամ նրա փեսա Միքայել Մինասյանի հետ սերտաճած անհատների մասին չէ։ Տարբեր մարզերից ու համայնքներից ահազանգեր են ստացվում, որ հանրապետականի երբեմնի տեղային «բդեշխները» ակտիվորեն ներգրավվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական աշխատանքներում։
Եվ այստեղ արդեն հարցը ոչ թե բարոյականության, այլ մաքուր քաղաքական հաշվարկի դաշտում է. այդ մարդիկ կարող են ոչ թե ձայներ բերել, այլ տանել հազարավոր ձայներ։
Այսօր արդեն դժգոհություններ են հնչում այն քաղաքացիների կողմից, որոնք սկզբնական շրջանում պատրաստակամ էին իրենց աջակցությունը հայտնել Սամվել Կարապետյանին, սակայն այժմ, տեսնելով նրա շուրջ հին համակարգի վերակենդանացման վտանգավոր միտումը, որոշում են ընդհանրապես չմասնակցել ընտրություններին։ Այսինքն՝ տեղի է ունենում ամենավտանգավորը՝ սեփական էլեկտորատի հիասթափեցումը։
Օրինակներից մեկը առավել քան խոսուն է։
Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն՝ Բյուրականի նախկին գյուղապետ, հանրապետական Զարզանդ Բաբայանը՝ առավել հայտնի Զառ մականունով, այսօր ակտիվ ներգրավված է Սամվել Կարապետյանի նախընտրական աշխատանքներում՝ որպես տեղային պատասխանատու։ Մինչդեռ Բյուրականում նրա անունը տարիներ շարունակ կապվել է գյուղացիներից ապօրինի ճանապարհով հողերի օտարման, աճուրդների միջոցով կոպեկներով սեփականաշնորհումների, ինչպես նաև թմրադեղերի շրջանառության մասին խոսակցությունների հետ։
Հատկանշական է նաև, որ նույն անձը ժամանակին ակտիվ աջակցություն է ցուցաբերել Աշտարակի ներկայիս ՔՊ-ական քաղաքապետին ընտրությունների ժամանակ, որի շուրջ ևս շրջանառվում են նմանատիպ համբավեր։ Զարզանդ Բաբայանի նկատմամբ հարուցված են եղել մի շարք քրեական գործեր՝ կապված գյուղացիների հողերի ապօրինի զավթման հետ, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր նա շարունակում է մնալ պատասխանատվությունից դուրս։
Ինչո՞ւ։ Պատասխանը, ցավոք, վաղուց հայտնի է։
Քանի դեռ իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանն է, Սերժ Սարգսյանի տարիներին ձևավորված բազմաթիվ տեղային ճնշող մեխանիզմների ներկայացուցիչներ իրական պատասխանատվության չեն ենթարկվելու։ Այդ համակարգը ոչ թե քանդվել է, այլ պարզապես փոխել է իր արտաքին քաղաքական գույնը։
Բայց այստեղ առավել տարակուսելի է մեկ այլ հանգամանք. ինչպե՞ս է նման անցյալ ու նման համբավ ունեցող անձը հայտնվում Սամվել Կարապետյանի քաղաքական թիմի պատասխանատուների շարքում։
Ո՞վ է խորհուրդ տալիս Սամվել Կարապետյանի դաշինքի ղեկավարությանը օգտվել հասարակության մեջ բացասական ընկալում ունեցող մարդկանց «ընտրածառայություններից»։ Ո՞վ է համոզում, որ այսպես կոչված տեղային ազդեցիկների միջոցով հնարավոր է զանգվածային աջակցություն ապահովել։
Սա խորագույն մոլորություն է։
Այո՛, այդ մարդիկ կարող են վերահսկել մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր ձայն։ Բայց նրանց քաղաքական գործոն դարձնելու գինը հաճախ լինում է հազարավոր հիասթափված քաղաքացիների կորուստը, որոնք չեն ցանկանում կրկին տեսնել իրենց կյանքի վրա տարիներ շարունակ ծանրացած նույն դեմքերին։
Պետք չէ մոռանալ, թե ինչ տրամադրություններ էին երկրում 2018 թվականին։
Այո՛, այսօր շատերի համար ակնհայտ է, որ հեղափոխությունը մեծապես բեմադրված գործընթաց էր։ Բայց դա չի չեղարկում այն փաստը, որ հասարակությունը փողոց դուրս էր եկել ոչ միայն Սերժ Սարգսյանին մերժելու, այլ նաև ամբողջ այն արատավոր միջավայրին վերջ տալու համար, որի առանցքում կոռուպցիան, սոցիալական անարդարությունը, տեղային բդեշխների ամենաթողությունը և մարդկանց նվաստացման մշակույթն էին։
Տարիներ շարունակ մարդիկ երկրից հեռանում էին ոչ միայն աղքատությունից կամ ավելի լավ կյանքի որոնումից դրդված։ Շատերը պարզապես փախչում էին համայնքներում ձևավորված անարդար հարաբերություններից, որտեղ օրենքից վեր կանգնած տեղային «իշխանիկները» որոշում էին քաղաքացու հողի, աշխատանքի, բիզնեսի և նույնիսկ արժանապատվության ճակատագիրը։
Հետագայում հասարակությունը հասկացավ, որ հեղափոխությունը չբերեց իրական արդարադատություն։ Ոչ նախկին գլխավոր պատասխանատուները, ոչ տեղային ճնշող օղակները պատժի չեն ենթարկվել։ Բայց դա ամենևին չի նշանակում, թե հանրային հիշողությունը ջնջվել է։
Ընդհակառակը՝ հասարակության զգալի հատվածը մինչ օրս շարունակում է մերժել Սերժ Սարգսյանի շրջապատի և նրա հետ ասոցացվող տեղային ֆեոդալների գործունեությունից ծնված բոլոր արատավոր երևույթները։
Ուստի Սամվել Կարապետյանը, եթե իսկապես հավակնում է ստանալ լայն հանրային վստահություն, պարտավոր է շատ հստակ գիծ քաշել իր և այդ անցյալի միջև։
Հակառակ պարագայում ստեղծվում է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը, որքան էլ դա պարադոքսալ հնչի, կարող է շահարկել հենց այդ հակակրանքը և լրացուցիչ ձայներ հավաքել՝ ներկայանալով որպես «հների վերադարձը կանխող» ուժ։
Սա չափազանց վտանգավոր սցենար է։
Առավել տարօրինակ է նաև, որ Սամվել Կարապետյանի ընտրացուցակում հայտնվել է Մամիկոն Ասլանյանը՝ մի անձ, որի անունը վաղուց սերտորեն կապվում է Սերժ Սարգսյանի քաղաքական և բիզնես միջավայրի հետ։ Ավելին, հայտնի են նաև նրա ջերմ հարաբերությունները Խաչատուր Քոքոբելյանի հետ, որը փոխկապակցված է գործող իշխանության տարբեր շրջանակների հետ։ Քաղաքական կուլիսներին ծանոթ մարդիկ շատ լավ գիտեն, որ այս հարաբերությունները պատահական բնույթ չեն կրում և շատ հարցերի տեղիք են տալիս։
Հետևաբար հարցը պարզ է. ի՞նչ քաղաքական նոր որակի մասին կարող է խոսք լինել, եթե նոր հայտարարված ուժի ներսում սկսում են վերարտադրվել նույն հին կապերը, նույն հին դեմքերը, նույն ստվերային պայմանավորվածությունները։
2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունները պետք է դառնան իսկապես շրջադարձային։ Բայց դրանք այդպիսին կլինեն միայն այն դեպքում, եթե քաղաքացին գնա ընտրատեղամաս՝ վստահ լինելով, որ ձևավորվող իշխանությունը ոչ թե վերաթողարկելու է նախկին մերժված համակարգը, այլ պատասխանատվության է ենթարկելու այդ համակարգի բոլոր առանցքային դերակատարներին։
Հասարակությունը նոր փաթեթավորմամբ հին դեմքեր չի ընդունելու։
Սամվել Կարապետյանը դեռևս ժամանակ ունի համապատասխան հետևություններ անելու։ Ժամանակ կա մաքրել ցուցակները, ժամանակ կա ազատվել քաղաքական բեռ դարձած տեղային «ընտրաբրիգադիրներից», ժամանակ կա հասկանալու մի պարզ ճշմարտություն՝
ժողովուրդը կարող է ներել շատ բան, բայց երբեք չի վստահի նրան, ով իր կողքին կանգնեցնում է ժողովրդի հիշողության մեջ որպես ճնշողի, թալանչու և անարդարության խորհրդանիշ մնացած մարդկանց։


