ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ՀԱՇՎԵՏՈՒ ԲԱՔՎԻՆ. ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԹԱՎՇՅԱ» ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունեցին Հայաստան նոր քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշում՝ ճանապարհ հարթելով վերջնական հաստատման համար, որը ակնկալվում է՝ կլինի հաջորդ շաբաթ՝ ԵՄ արտգործնախարարների նիստում»,- հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Դե ինչ, պատկերն ավելի քան բնութագրական է: Հայաստանը եռանդուն քայլերով մտնում է մի տեղ, որտեղից սովորաբար դուրս են գալիս արդեն ոչ սեփական կամքով։ Եվ անում է դա այնպիսի խանդավառությամբ, կարծես խոսքը բեկման, այլ ոչ թե օտար խաղի մեջ սովորական ներգրավման մասին է։

Այսպիսով՝ ի՞նչ ունենք գործնականում: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը նամակ է ուղարկում Բրյուսել՝ իբր, օգնեք, արագ արձագանքման խումբ ուղարկեք։ Եվրամիությունը, անշուշտ, «դժկամությամբ» համաձայնում է։ Էլ ինչպե՞ս չհամաձայնել, երբ խոսքը վերաբերում է առնվազն երկու տարի մանդատով երկիր մուտք գործելու հնարավորությանը՝ երկարաձգման հեռանկարով, ներքին քաղաքականությանը, ընտրություններին, հետընտրական գործընթացներին և, ուշադրություն, նույնիսկ հնարավոր սահմանադրական հանրաքվեին հասանելիությամբ:

Թվակազմը՝ 20-30 աշխատակից։ Ոչ թե զբոսաշրջիկներ կամ դասական իմաստով դիտորդներ, այլ անվտանգության ոլորտի մասնագետներ, վերլուծաբաններ, մարդիկ, ովքեր աշխատում են տեղեկատվության հետ։ Այսինքն՝ փաստացի ստեղծվում է մի կառույց, որը Հայաստանի «ներքին խոհանոցի» մասին ավելին կիմանա, քան բուն հայկական ինստիտուտները։ Եվ սա կոչվում է «օգնություն»:

Հիմա ավելացնենք աշխարհագրությունը։ Հայ-իրանական սահման՝ մոտ 44 կիլոմետր Փոքր հատված, բայց ռազմավարական կարևորություն ունեցող։ Միակ պատուհանը դեպի Իրան։ Իսկ ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ՝ լարվածություն, Հորմուզի նեղուց, համաշխարհային էներգետիկայի համար ռիսկեր։ Եվ Եվրամիությունը, որն առանց այդ էլ էներգետիկ ճգնաժամի մեջ է, հանկարծ մեծ հետաքրքրություն է ցուցաբերում այս ուղղության նկատմամբ։ Զուգադիպությո՞ւն։ Դե, իհարկե:

Այսինքն՝ առաքելությունը հետևելու է ոչ միայն Երևանում կայանալիք ընտրություններին։ Այն հետևելու է Իրանին, տարանցումներին, այն ամենին, ինչը կապված է հայ-իրանական պետական սահմանի իրանական հատվածի հետ։ Հայաստանն այս դեպքում պարզապես հարթակ է։ Հարմար, հասանելի, մի ղեկավարությամբ, որը պատրաստ է ավելի լայն բացել դուռը:

Հետո ավելի հետաքրքիր է դառնում:

Եվրամիությունը հարկ է համարում Ադրբեջանին բացատրել, թե ինչ է անում Հայաստանում։ Ոչ թե Երևանին բացատրել (դա ինքնին հասկանալի է), այլ հենց Բաքվին։ Որպեսզի, Աստված չանի, «սխալ մեկնաբանություններ» չառաջանան։ Այսինքն՝ Հայաստանի վերաբերյալ որոշումն ուղեկցվում է թշնամի երկրի առջև հաշվետվությամբ։ Սա արդեն նույնիսկ ակնարկ չէ, այլ՝ ախտորոշում:

Ընդ որում, սա առաջին անգամը չէ։ Սահմանին գործող ԵՄ առաքելությունը (EUMA), հենց եվրոպացիների խոստովանությամբ, պարբերաբար տեղեկացնում է Ադրբեջանին, թե ուր է գնում և ինչ է պատրաստվում դիտարկել։ Իսկ խաղաղության պայմանագրի նախագծում ընդհանրապես գրված է՝ ոչ մի երրորդ ուժ սահմանին։ Կստորագրեն՝ առաքելությունը կհեռացվի։ Բայց քանի դեռ չեն ստորագրել, կարելի է մտնել ևս մեկ անգամ՝ ավելի խորը և ավելի հիմնավոր։

Այժմ գլխավոր հարցը՝ իսկ Ռուսաստանն ինչպե՞ս պետք է արձագանքի այս ամենին։ Որպես հավանության նշան՝ ուսին թփթփացնելո՞վ։

Վլադիմիր Պուտինը բավական հստակ հասկացրեց՝ վերակողմնորոշման խաղն անվճար հաճույք չէ։ Ուզո՞ւմ եք փոխել ուղղությունը՝ խնդրեմ, բայց այդ դեպքում մի զարմացեք, եթե փոխվեն փոխգործակցության պայմանները։ Ալեքսեյ Օվերչուկն էլ ավելի ուղիղ ասաց՝ տնտեսական հետևանքներ լինելու են:

Իսկ այժմ թվերը՝ առանց պատրանքների: Ռուսաստանը Հայաստանի արտաքին առևտրի շուրջ 35-40%-ն է։ Գազը՝ մատակարարումների ավելի քան 70%-ը։ Դրամական փոխանցումները՝ ՀՆԱ-ի մինչև 10-12%-ը։ Հայաստանի ՀՆԱ-ն կազմում է մոտ 25-30 միլիարդ դոլար։ Հեռացրեք կամ նույնիսկ պարզապես կրճատեք այս հոսքերը, և տնտեսությունը կսկսի ճաքեր տալ:

Եվ չէ՞ որ արդեն սկսում են։ Ինչ-որ տեղ բեռն են կանգնեցրել, ինչ-որ տեղ ստուգումներն ուժեղացել, ինչ-որ տեղ պայմանները խստացրել։ Առայժմ մեղմ ձևով՝ ակնարկներով։ Բայց գործիքակազմը ցուցադրված է։ Եթե պետք լինի՝գործի կդնեն բոլոր լծակները:

Եվ ահա այս պայմաններում Հայաստանի իշխանությունները խաղադրույք են կատարում Եվրամիության վրա։ Մի կառույցի, որը հետապնդում է իր սեփական շահերը՝ էներգիա, լոգիստիկա, Ռուսաստանի զսպում, Իրանի մոնիթորինգ։ Հայաստանն այս սխեմայում ոչ թե գործընկեր է, այլ տարր։ «Ծախսվող նյութ»՝ եթե իրերն իրենց անուններով կոչենք։

Իսկ այդ ընթացքում երկրի ներսում պատմում են «անվտանգության ամրապնդման» մասին։ Դե իհարկե։ Անկախություն, որի պայմաններում քո տարածքում նստած է արտաքին առաքելություն՝ քաղաքական գործընթացներին հասանելիությամբ, իսկ առանցքային որոշումները քննարկվում են քո թշնամու հետ։ Շատ համոզիչ է:

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական արկածախնդրություն։ Ընդ որում՝ բավականին պարզունակ։ Մի քանի աթոռի վրա նստելու փորձ՝ չունենալով ո՛չ ռեսուրսներ, ո՛չ կշիռ, ո՛չ էլ ամրության պաշար։ Այն հույսով, թե «բախտներս կբերի»

Չի բերի:

Որովհետև, երբ Եվրամիությունը լուծում է իր խնդիրները, նա մտածում է իր մասին: Երբ Ռուսաստանն արձագանքում է սպառնալիքներին, նա նույնպես մտածում է իր մասին: Իսկ դրանց արանքում հայտնվում է մի երկիր՝ խոցելի տնտեսությամբ ու լոգիստիկայով, արտաքին հոսքերից կրիտիկական կախվածությամբ և ծայրաստիճան անկայուն տարածաշրջանային միջավայրով:

Եվ ահա սա է այս ամբողջ պատմության գլխավոր հետևանքը. Հայաստանն ավելի ու ավելի արագ է վերածվում մի դաշտի, որտեղ ուրիշներն են խաղում: Եվ որքան ավելի ակտիվորեն են ներկայիս իշխանությունները շարունակում այս ուղեգիծը, այնքան ավելի քիչ են երկրի հնարավորությունները ՝ գոնե ինչ-որ կերպ ինքնուրույն վերահսկելու տեղի ունեցող իրադարձությունները: