ՀՈՒՆԻՍԻ 7-Ը ԿՈՐՈՇԻ ԱՄԵՆ ԻՆՉ՝ ԿԱՄ ՍԱՌԸ ՀԱՇՎԱՐԿ, ԿԱՄ ԴԱՌԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ԱՐԴԱՐԱՑՈՒՄՆԵՐԻ

Ընդունված է ասել՝ կամ սովորում ես ուրիշների սխալների վրա, կամ քո սեփական սխալներից ես դասեր քաղում՝ վնասներ կրելով։ Բայց մեր դարավոր, առավելապես վերջին հարյուր տարվա պատմությունը ցույց է տալիս, որ մենք անգամ մեր սխալներից չենք կարողանում դասեր քաղել։

1918–1921 թվականներին հայ հասարակությունը, հավատալով արևմուտքից ուղղորդվող էլիտային, նրանց մանդատ տվեց՝ Հայաստանը դեպի Արևմուտք ուղղորդելու համար։ Արդյունքում ստացանք պատերազմ, սով, տարածքային մեծ կորուստներ։ Այս ամենին գումարվեց համաճարակը, ինչի պատճառով 1918-1921 թթ․ մոտ 170 հազար մարդ մահացավ միայն Երևանում։

Հետագայում, չնայած որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը աննախադեպ առաջնթաց էր գրանցել բոլոր ոլորտներում, հայ հասարակությունը կրկին հավատաց արևմուտքից ուղղորդվող անկախականներ կոչվածներին։ Սեփական նախաձեռնությամբ երկրի ուղղությունը կրկին փոխվեց դեպի Արևմուտք։ Արդյունքում քայքայվեց տնտեսությունը՝ իր բոլոր ճյուղերով, ընկավ կրթական և գիտական համակարգը, ծնելիությունը իջավ պատմական նվազագույնի։ Դրան գումարվեց արտագաղթի ազդեցությունը, և բնակչության թիվը կտրուկ կրճատվեց։

Անկախականների պատմած հրաշալի կյանքին հավատացող մոլորված հասարակությունը հայտնվեց մութ ու ցուրտ տարիների մեջ։

Միակ ձեռքբերումը Արցախն էր, այն էլ՝ աշխարհաքաղաքական որոշ փոփոխությունների շնորհիվ։ Բայց քանի որ Արևմուտքը չէր նախատեսում Հայաստանը՝ Արցախով, իր կամակատարների միջոցով հասավ Արցախի վերջնական կորստին։

Այսօր արդեն, երբ որոշ չափով, շնորհիվ Ռուսաստանի ներդրումների և նրա հետ համագործակցության, Հայաստանը ունի հնարավորություն ինքնուրույն գործելու և առաջընթաց գրանցելու, կրկին արևմտյան քարոզչությունը հայ հասարակությանը ուղղորդում է՝ սեփական նախաձեռնությամբ կրկին մանդատ տալ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի կարողանան հասնել վերջնական նպատակին՝ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելուն։

2026-ի հունիսի 7-ի ընտրությունները հերթական ընտրություններ չեն։ Հայ հասարակությունը պետք է գնա ընտրելու՝ Արևմուտքից ուղղորդվող կամակատարներին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի կողմից ուղղորդվող որոշ ուժերի, կամ ընտրի իշխանության, ով չի պատրաստվում Հայաստանը դարձնել մանրադրամ Արևմուտքի համար՝ ի դեմս Քոչարյան Ռոբերտի և Սամվել Կարապետյանի։

Սպասվող ընտրությունները որոշիչ են լինելու ոչ միայն ներքին խնդիրների կարգավորման տեսանկյունից, այլ առաջին հերթին՝ Հայաստանի գոյության հարցն է դրված։

Արդեն հնչել է Ռուսաստանի կողմից առաջին պաշտոնական հայտարարությունը, ըստ որի՝ հնարավոր է փակվի Հայաստանի հետ օդային սահմանը։ Կարևոր է հասկանալ՝ սա կարող է լինել ոչ թե միակ սահմանափակումը, այլ հարաբերությունների վատթարացման շղթայական գործընթացի սկիզբը։ Բայց, նույնիսկ եթե սահմանափակումը սահմանափակվի միայն օդային հաղորդակցության փակմամբ, դա արդեն բավական է, որպեսզի Հայաստանը հայտնվի ծանր տնտեսական իրավիճակում։

Ռուսաստանի կողմից օդային ճանապարհի փակումը (կամ Հայաստանի կողմից հնարավոր պատասխան քայլերը՝ եվրոպական ինտեգրման շրջանակում) կունենան լուրջ տնտեսական և լոգիստիկ հետևանքներ, քանի որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ կազմելով արտաքին առևտրի շրջանառության ավելի քան 40%-ը։

Տարբեր հաշվարկներով՝ մինչև 6 միլիարդ դոլարի կորուստ կլինի տարեկան՝ միայն օդային սահմանի փակումից։ Ավիատոմսերի գների զգալի աճ՝ երկարացված երթուղիների պատճառով, ինչը ուղիղ հարվածելու է հասարակության գրպանին։ Երևանը կկորցնի ներկայիս իր դերը՝ որպես տարանցիկ օդային հանգույցի, քանի որ Երևանը ներկայումս հանդիսանում է նաև տրանզիտ՝ Եվրոպա թռչող ռուսների համար, գումարած՝ շաբաթական հարյուրավոր ուղիղ չվերթների կրճատում։

Օդային սահմանի փակումը նշանակում է նաև Վերին Լարսի անցակետի գերբեռնվածություն, հերթերի գոյացում, ինչի պատճառով ցամաքային ճանապարհով Ռուսաստան արտահանվող գյուղմթերքը կարող է ուղղակի փչանալ։

Ռուսաստանից եկող զբոսաշրջիկները կազմում են Հայաստան եկող զբոսաշրջիկների մեծ տոկոսը։ Թռիչքների բացակայությունից կտրուկ անկում կապրի տուրիզմը, ինչին կհետևի շղթայական անկում․ հյուրանոցային, ռեստորանային բիզնեսը ոչ միայն կտուժի, այլ մի մասը ուղղակի կփակվի, ինչը, իր հերթին, նշանակում է աշխատատեղերի կրճատում։

Այս ամենը ցույց է տալիս, որ խոսքը պարզապես ավիացիոն սահմանափակման մասին չէ․ սա կարող է վերածվել լայնածավալ տնտեսական ճգնաժամի։ Իրադարձությունների զարգացումը արդեն կախված է հայ հասարակության որոշումից հունիսի 7-ին․ եթե կրկին անգամ հայ հասարակությունը սխալ որոշում կայացնի, ապա դժվար չէ կռահել, թե ինչ իրավիճակում է հայտնվելու Հայաստանը հունիսի 8-ից սկսած։