ՓԱՇԻՆՅԱՆԻ «ԻՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ». ԻՐԱՎԱԿԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն «ուրախ ավտոբուսով» շրջում են երկրով մեկ՝ բաժանելով կրծքանշաններ, որոնց վրա պատկերված է Հայաստանի քարտեզը՝ Հայկական ԽՍՀ սահմաններով։ Այդ նույն կրծքանշանով նա նույնիսկ ներկայացավ Մոսկվա՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը։ Այս ժեստը, կարծես թատերական ռեկվիզիտ, խորհրդանշում է, այսպես կոչված, «Իրական Հայաստանը»։ Սակայն արտաքին ցուցադրականության հետևում թաքնված է մի հարց. որքանո՞վ է այս գաղափարն իրավական առումով հիմնավորված և ի՞նչ առնչություն ունի այն իրականության հետ։
Փաշինյանի կողմից ակտիվորեն առաջ մղվող նախաձեռնության համատեքստում ծագած մի միտք, որն առաջին հայացքից աննշան է թվում, մանրակրկիտ դիտարկման դեպքում ձեռք է բերում սկզբունքային նշանակություն։ Խոսքն այն մասին է, որ որպես «Իրական Հայաստանի» անկյունաքարերից մեկը նա հռչակում է 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագիրը, որը, ըստ նրա պնդման, սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանները։ Հենց այս նույն հռչակագրի հիման վրա Փաշինյանը 2022 թվականին Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախի տարածքը։ Թվում էր, թե հարցը փակված է։ Սակայն հենց այստեղ է ի հայտ գալիս այն էական «բայց»-ը, որը քանդում է ողջ կառուցվածքը։
Բանն այն է, որ սահմանազատման իրավական հիմքերը չեն կարող կրել միակողմանի բնույթ. դրանք պետք է լինեն նույնական և հավասարապես կիրառելի երկու կողմերի համար էլ։ Մինչդեռ, Ադրբեջանի Անկախության ակտի համաձայն, որը նրա սահմանադրական հիմքի անբաժանելի մասն է, ժամանակակից Ադրբեջանի Հանրապետությունը հռչակվում է ոչ թե Խորհրդային Ադրբեջանի, այլ 1918-1920 թթ․ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդը։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանական ԽՍՀ հենց այն վարչական քարտեզը, որի վրա հենվում է Ալմա-Աթայի հռչակագիրը, Ադրբեջանի ներքին օրենսդրության տեսանկյունից զուրկ է իրավական նշանակությունից։
Բայց սա դեռ ամենը չէ։ Ադրբեջանի Սահմանադրությունն ամրագրում է ներքին օրենսդրության գերակայությունը միջազգային պայմանագրերի նկատմամբ։ Հետևաբար՝ առաջանում է ակնհայտ և, որ հատկապես կարևոր է, անհաղթահարելի հակասություն. մի կողմից՝ հղում միջազգային փաստաթղթին, մյուս կողմից՝ պետության իրավական համակարգ, որն այդ փաստաթուղթն իր առանցքային մասով պարզապես չի ճանաչում որպես որոշիչ։
Նման իրավիճակում խոսել «իրավաբանորեն հստակեցված» սահմանազատման մասին, մեղմ ասած, հնարավոր չէ։ Ավելին, հենց այդ հայեցակարգը, որը պարոն Փաշինյանի կողմից մատուցվում է որպես «Իրական Հայաստանի» հիմք, փաստացի կառուցված է ներքուստ հակասական և անհամադրելի իրավական հիմքերի վրա։
Եվ այստեղ անխուսափելիորեն հարց է առաջանում. արդյո՞ք Հայաստանի ղեկավարությունը գիտակցում է այս հակասության ողջ խորությունը, թե՞ գործ ունենք հասկացությունների գիտակցված նենգափոխման հետ։ Քանի որ հակառակ դեպքում դժվար է բացատրել, թե ինչպես կարելի է այդքան վստահորեն վկայակոչել մի փաստաթուղթ, որը երկրորդ կողմի համար չունի այն իրավական ուժը, որը նրան վերագրվում է։
Առանձնակի ուշադրության է արժանի նաև ավելի լայն համատեքստը։ Եթե հետևենք Ադրբեջանի դիրքորոշման տրամաբանությանը, ապա խորհրդային շրջանում կայացված տարածքային որոշումները՝ ներառյալ Արցախի ընդգրկումը Խորհրդային Ադրբեջանի կազմում, նույնպես չեն կարող դիտվել որպես անվերապահորեն լեգիտիմ՝ իրավահաջորդության տեսանկյունից։ Հետևաբար՝ բացառապես խորհրդային վարչական սահմաններին հղում անելը, ինչպես դա անում է պարոն Փաշինյանը, ոչ միայն միակողմանի, այլև հայեցակարգային առումով խոցելի է թվում։
Քիչ չէ, որ Խորհրդային Հայաստանի սահմանների փաշինյանական ընկալումը, մեղմ ասած, լուրջ կասկածներ է հարուցում, գոյություն ունի ևս մեկ՝ շատ ավելի սկզբունքային պահ, որը հնարավոր չէ լռության մատնել։
Հանուն իր՝ ի սկզբանե իրավականորեն խոցելի հայեցակարգի իրագործման՝ պարոն Փաշինյանը փաստացի պատրաստ է ապամոնտաժել այն հիմքերը, որոնք հայկական պետականության և ազգային ինքնության հենասյուներն են։ Խոսքը ոչ թե մասնակի որոշումների, այլ հետևողական գծի մասին է. Սահմանադրությունից Անկախության հռչակագրին հղման հեռացում, Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ ճնշում, հանրային գիտակցությունից Արցախի և Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին հիշողության դուրսմղման փորձեր, ազգային խորհրդանիշներից հրաժարում, ինչպիսին Արարատն է, և, վերջապես, պատմության դպրոցական դասագրքերի բովանդակության համակարգային խեղաթյուրում։
Հաշվարկն այստեղ, ինչպես դժվար չէ նկատել, բավականին պարզունակ է։ Եթե իրավական կառուցվածքը չի դիմանում քննադատությանը, այն փորձում են «հարմարեցնել» իրականությանը՝ փոխելով բուն իրականությունը՝ պատմական հիշողության, ազգային գաղափարախոսության և պետական ինքնագիտակցության վերափոխման ճանապարհով։
Եվ ահա այս ամենի ֆոնին միանգամայն օրինաչափ հարց է առաջանում. իսկ ի՞նչ է անում Ադրբեջանն այդ ընթացքում։
Իսկ Ադրբեջանը, ի տարբերություն Երևանի, սեփական իրավական համակարգը Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխանեցնելու որևէ մտադրություն անգամ չի ցուցաբերում։ Ավելին, պետական մակարդակով շարունակվում է նպատակաուղղված քաղաքականություն, որն ուղղակիորեն հակասում է հռչակված «խաղաղության օրակարգին». սերմանվում է ատելություն հայկական ամեն ինչի նկատմամբ, Արցախի տարածքում հետևողականորեն ոչնչացվում է հայկական պատմամշակութային ժառանգությունը, ակտիվորեն առաջ է մղվում, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» միֆը, հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք «վերադարձի» պահանջներ են ներկայացվում, ինչպես նաև համառորեն պարտադրվում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը։
Ստեղծված իրավիճակում հատկապես ակնառու է ոչ միայն կողմերի մոտեցումների տարբերությունը, այլև դրանց սկզբունքային անհամաչափությունը։ Մինչ Հայաստանում տեղի է ունենում սեփական պետականության հիմքերի վերանայում, Ադրբեջանը հետևողականորեն ամրապնդում է իր դիրքերը՝ թե՛ իրավական, թե՛ գաղափարական հարթություններում։
Եվ այստեղ արդեն չեն պահանջվում ո՛չ հավելյալ մեկնաբանություններ, ո՛չ բարդ տեսական կառուցումներ։ Բավական է միայն համադրել փաստերը։
Իսկ փաստերը հետևյալն են. «խաղաղության» և «իրականության» մասին բարձրագոչ հայտարարությունների քողի տակ պարոն Փաշինյանը վարում է մի քաղաքականություն, որի հետևանքները բացահայտ հակազգային բնույթ են կրում։ Քանի որ սահմանադրական հիմքերի քայքայումը, պատմական հիշողության լղոզումը, ազգային խորհրդանիշներից հրաժարումը և հայկական ինքնության առանցքային տարրերի հետևողական արժեզրկումը ո՛չ դիվանագիտություն են, ո՛չ էլ պրագմատիզմ։ Դա պետության՝ որպես արժեքային և պատմական կատեգորիայի ապամոնտաժումն է։
Ընդ որում, իրավիճակի առանձնակի ցինիզմն այն է, որ այս ամենը հասարակությանը մատուցվում է որպես «միակ հնարավոր ուղի» և «պատմական անհրաժեշտություն»։ Սակայն ձեռնարկվող քայլերից և ոչ մեկը համարժեք արտացոլում չի գտնում հակառակ կողմի հայելային գործողություններում։ Ընդհակառակը՝ մի կողմի զիջումները միայն սրում են մյուս կողմի ախորժակը։
Եվ այս պատճառով այսօր արդեն հնարավոր չէ սահմանափակվել մեղմասությամբ և զգուշավոր ձևակերպումներով։ Պարոն Փաշինյանի քաղաքականությունը ոչ թե խաղաղության որոնում է, այլ միակողմանի զիջումների հետևողական լեգիտիմացում՝ իրավական առումով սնանկ փաստարկների քողի տակ։ Սա հասկացությունների գիտակցված նենգափոխում է, որի շրջանակներում ազգային շահերը զոհաբերվում են քաղաքական կոնյունկտուրային և անձնական օրակարգին։
Եվ եթե նման գիծը շարունակվի, ապա հարցն արդեն այն չէ, թե ինչպիսին կլինի «Իրական Հայաստանը», այլ այն, թե արդյոք այն ընդհանրապես կունենա այն հիմքը, որի վրա հնարավոր է պետության գոյությունը որպես այդպիսին։


